ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Մեր Ուղին»-ի հարցազրույցը պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ

Հայկական քաղաքական ուղղության և կազմակերպության անհրաժեշտության մասին

Պարոն Տէր-Աբրահամյանը ծավալուն մեկ պատասխանով անդրադարձել է մեր բոլոր հարցերին և դրա համար մենք հարցերից թողել ենք ամենակարևորը:

Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահմյանին տվել ենք հետևյալ հարցը.

  • Պարոն Տէր-Աբրահամյան, Վերջին ամիսներին սկսեց շրջանառվել խոսակցություններ Երրորդ Ուղու մասին: Մարդիկ ի՞նչ նկատի ունեն Երրորդ Ուղի ասելով: Ի՞նչ ակնկալիքներ:

Պատասխան:

-Ես մի քիչ անսպասելի տեղից կսկսեմ, և մի փոքր ծավալուն կպատասխանեմ ձեր հարցին՝ բաժանելով այն հատվածների:

Մեզ պետք է ոչ թե Երրորդ, այլ Առաջին ուղի, առաջին ուղղություն: Սրա մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ, բայց ուզեցի միանգամից շեշտել այս միտքը՝ ոչ թե երրորդ, այլ առաջին ուղղություն:

Ես հասկանում եմ ինչի են մարդիկ խոսում երրորդ ուղղությունից: Նրանք նկատի ունեն, որ այսօր Հայաստանում կա երկբևեռ քաղաքական հակադրություն այսպես կոչված ներկաների ու նախկինների միջև, բայց շատ-շատերս՝ մարդիկ և խմբեր, իրենց տեղը չեն գտնում այդ երկբևեռ քարտեզում: Եվ այստեղից տրամաբանորեն բխում է երրորդի ցանկությունը:

ա. Երրորդ ուղղության համաշխարհային փորձից

Պետք է ասել, որ երրորդ ուղղության գաղափարը հարուստ պատմություն ունի՝ նկատի ունեմ նաև համաշխարհային փորձը: Խնդիրն այն է, որ քաղաքական պայքարը մանավանդ իր գագաթնակետային պահերին միշտ էլ ձգտում է երկբևեռ համակարգերի՝ Կարլ Շմիդթի ձևակերպմամբ քաղաքական պայքար ընկեր-թշնամի համակարգ է, և բնական է, որ դա ձգտում է երկբևեռության (հետաքրքիր է, որ Շմիդթն ինքը հենց երրորդ ուղղության ներկայացուցիչ է համարվում): Մյուս կողմից՝ այդ երկվությունից դուրս մնացած խմբերում միշտ ձգտում է առաջ գալիս երրորդ ճանապարհի: Հաճախ էլ հենց այդ երրորդ ճանապարհին են ծնվում առավել հետաքրքիր, ինքնուրույն, ստեղծագործական քաղաքական գաղափարներն ու նախագծերը, որովհետև երրորդ դիրքը որպես կանոն առավել ազատ են կաղապարներից, դոգմաներից:

Օրինակ, 20-րդ դարի համաշխարհային քաղաքականության մեջ երկբևեռ համակարգ էր ձևավորվել ուր իրար հակադրված էին համաշխարհային սոցիալիստական և համաշխարհային լիբերալ ուղղությունները: Բայց միաժամանակ այս հակադրության շրջանակում երրորդ ուղղության բազմաթիվ՝ հաջող և ձախորդ նախագծերի փորձեր են եղել: Օրինակները՝ մեծ և փոքր շատ կարելի է բերել: Բայց վերադառնանք մեր իրավիճակին:

բ. Այսօրվա հիմնական ուղղությունները սպառված են և ասելիք ու անելիք չունեն

Մի կողմից, ուրեմն, պարզ է, թե ինչու է այսօր շատերի մոտ կարիք զգացվում երրորդ ուղղության: Որովհետև բավականին լայն հանրային շերտեր իրենց շահերն արտահայտված չեն տեսնում այսօրվա հայաստանյան երկու հիմնական ուղղություններից որևէ մեկի կողմից: Ես նույնիսկ ենթադրում եմ, որ այն Հայաստանի մեծամասնությունն է: Բայց ինչո՞ւ եմ ասում առաջին ուղղություն է պետք ոչ թե երրորդ: Սա ըստ իս մի քիչ նուրբ բայց շատ կարևոր թեմա է:

Որովհետև իրականում առաջին և երկրորդ ուղղություններ չկան:

Երրորդը կարող է լինել միայն, եթե իրապես կան առաջինն ու երկրորդը: Իսկ դրանք, կրկնեմ չկան՝ դրանց գոյությունը պատրանք է, կեղծիք է: Ֆորմալ իմաստով, անվանապես միայն գոյություն ունեն, բայց դատարկ են, բովանդակազուրկ են: Մեկ տարի է անցել պարտությունից, ի՞նչ ռեալ ելքի ծրագիր է առաջարկվել երկրի համար: Ոչ թե սովորական, առօրյա ինչ որ ծրագիր կամ դատարկ կարգախոսներ՝ այլ երկիրը պարտության հետևանքներից, ճգնաժամից հանելու իրական մեծ ծրագիր՝ որտեղ կլինեն մի կողմից մեծ հեռանկարային նպատակներ, մյուս կողմից՝ ամեն բան կլինի շատ կոնկրետ: Չկա նման ծրագիր, չկա նման բանավեճ: Դատարկությունը չի կարող համարվել ուղղություն:

գ. Մինչև 2020 թվի Հայաստանն անդառնալիորեն անցած է

Երկիրը ծանրագույն պարտություն է կրել, բայց լավագույնը ինչ կարողացավ առաջարկել մեզ կուսակցական դաշտն իր հիմնական ուղղություններով, դա տրագիկոմիկ էժան մի սցենար էր՝ ամեն մեկը պնդեց, որ ինքը կապ չունի պարտության հետ, այլ միայն մյուսներն են մեղավոր: Ու պարտությունն առիթ դարձավ այլանդակ աթոռակռվի: Ինչպե՞ս կարելի է երբևէ ներել այդ պահվածքը:

Իսկ իրականությունն այն է, որ 2020 թվին պարտվեց ամբողջ հայկական քաղաքական դաշտը՝ իր բոլոր ներկաներով ու նախկիններով: Դա ոչ միայն սոսկ ռազմական պարտություն էր, այլ բոլորի քաղաքական վերջը: Այլևս կարևոր ու հետաքրքիր չէ, թե որ չափով ինչ էր արել կամ չէր արել:

Անդառնալիորեն վերջացավ այն Հայաստանը, որը եղել էր մինչև 2020 թվականի աշուն: Բայց ցավոք կարողացան իրենց կենդանի մեռյալ գոյությունը մեզ պարտադրել: Կրկնեմ, սակայն, դա պատրանք է, որովհետև այն ինչ ներքուստ մեռած է, այլևս չի կարող ապրել: Կարող է կյանքի պատրանք ստեղծել՝ նույնիսկ դիակները մահվանից հետո յուրահատուկ կյանք ունեն՝ շարժվում են, ձայներ են հանում, փրկվում են և այլն: Դա կարող է տևել նույնիսկ մի քանի ամիս տարի՝ մինչև վերջնական հանգստանան: Բայց Ավետարանի խոսքով՝ մի փնտրեք կենդանին մեռյալների մեջ, և՝ թող մեռելները թաղեն իրենց մեռելներին:

դ. Նոր ուղղությունը պետք է տա բովանդակություն և լինի համախմբող

Մեզ պետք է ոչ թե երրորդ, այլ առաջին ուղղություն:

Ի՞նչ է առաջին ուղղությունը:

Այն նախ՝ պետք է տա բովանդակություն՝ պարտության իրական գնահատական, ներկա իրավիաճակի գնահատական, և կարևորը՝ Ելքի ծրագիր:

Այն պետք է հարուցի իրական, բովանդակային բանավեճ, քննարկում, դուրս բերի այս ճահճից: Զարհուրելի է, որ նույնիսկ այսպիսի պարտությունից հետո մենք չենք ցնցվել, շարունակում ենք ապրել այնպես կարծես մի շարքային իրադարձություն է եղել կամ կարծես հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն ավելի կարևոր են քան նոյեմբերի պարտությունը: Մեզ տարան դեպի այս ճահիճը, հանրությանը պարտադրեցին ապատիկ վիճակ: Հանրությունը խաղից դուրս մնաց, իրեն անզոր զգաց, որովհետև անկազմակերպ էր:

Հաջորդը՝ առաջին ուղղությունը պետք է լինի իր էությամբ համախմբող, կազմակերպող:

Այն չպետք է լինի կուսակցություն, այլ պետք է ձգտի լինել սկզբում համախմբող հարթակ, ցանց, իսկ հեռանկարում նկատի ունենալ լայն, զանգվածային շարժում: Այն պետք է համախմբի հանրության տարբեր շերտերին, տա նրանց խոսք, ապա և ազատի հանրության մեջ քնած էներգիան, ներուժը: Իսկ այն որ մեր ազգի մեջ մեծ ներուժ կա ապացուցեց հենց պատերազմը, որին հայ ժողովուրդն արձագանքեց շատ լայն կերպով՝ որպես իր պետությանը հավատարիմ, իր իրավունքների համար պայքարել ու զոհաբերող պատրաստ ժողովուրդ: Հիմա դա մոռացվել է: Բայց իրականում ժողովրդական այդ զարթոնքը, էներգիան սարսափելի անտաղանդ կերպով չօգտագործվեց: Մարդիկ մտածեցին, որ կարող են ազատագրական, իր էության ժողովրդական պատերազմ վարել հենվելով ոչ թե ժողովրդական զարթոնքի, այլ բանակի պրոֆեսիոնալների վրա, կարծես պատերազմը միայն ռազմական գործողություն է, այլ ոչ թե նախ՝ քաղաքական երևույթ:

ե. Ժողովրդականություն

Իմ սփյուռքահայ ընկեր Կայծ Մինասյանը սիրում է խոսել Արամ Մանուկյանի ուղղության մասին: Նա այդպես է կոչում Երրորդ ուղղության իր նախագիծը: Սա շատ հետաքրքիր, ճիշտ, մոբիլիզացնող անվանում եմ համարում, որի մասին երկար կարելի է խոսել, բայց այստեղ մի առիթով եմ միայն հիշատակում՝ ժողովրդական պայքարի, ինքնակազմակերպման առիթով: Եթե մեկն ինձ հարցնի, թե միայն մեկ նախադասությամբ նկարագրելու դեպքում ո՞րն է Արամի գաղտնիքը, ես կասեմ՝ ժողովրդականությունը, ժողովրդական ինքնակազմակերպումը, ժողովրդական պայքարը: Ի հակադրություն այսօրվա ռենեգատ ինտիլգենտիայի, Արամը հին, դասական մտավորականության ներկայացուցիչ էր, որի դավանանքն էր անսահման հավատը սեփական ժողովրդի ուժերին՝ պայմանով որ դա կազմակերպված լինի: Իսկ այսօրվա ռենեգատ ինտելիգենտիան իր ժողովորդին նախընտրում է կոչել ժեխ: Սա ծայրահեղ հակառակն է այն ավանդույթի, որը մեզ ժառանգել է մեր նախորդ սերնդի մտավորականությունը: Ես ինքս ինձ չեմ սիրոմ դասել մտավորականության շարքերին, բայց եթե մեկն ինձ համարի այդպիսին, ապա ինձ համար էական է այս շեշտը՝ լինել ոչ թե այսօրվա, այլ Արամի սերնդի մտավորականության ժառանգորդը, որի դավանանքը ժողովրդականությունն է:

զ. Հայկական քաղաքականություն

Առաջին ուղղությունը պետք է լինի հայկական:

Սա թվում է ինքնին պարզ մի բան: Բայց սա լրջագույն խնդիր է, կարելի է ասել՝ մեխն է այս նախագծի: Մոտ 140 տարի անց՝ առաջին հայկական քաղաքական կազմակերպության ստեղծումից հետո, մենք նորից կարիք ունենք հայկական քաղաքական կազմակերպության: Ոչ թե կուսակցության, այլ կազմակերպության: Երրորդ հանրապետության քաղաքական դաշտը ձախողվել է ամբողջովին ու անդառնալի: Չեմ խոսում առանձին փոքր ուժերի մասին, որոնք կարող են բարենպաստ պայմաններում հիմքերից մեկը դառնալ նոր հայկական քաղաքական ուղղության և կազմակերպման՝ հեռանկարում նոր քաղաքական դաշտի: Բայց խոշոր բոլոր ուժերը ձախողվել են և այդ ձախողման վկայականը 2020 թվականի պատերազմի արդյունքներն էին:

Ավելին կա: Ոչ միայն պարզապես ձախողվել են, այլ անհամարժեք մեծ է դրանցում արտաքին ազդեցությունը: Շատերը պարզապես արտաքին ուժերի ազդեցության գործակալներ են և վերահսկվում են դրսից: Մյուսներն էլ որոնք անմիջապես չեն արտաքին գործակալներ, չունեն իրավիճակին համարժեք քաղաքական գիտակցություն: Խնդիրն, ուրեմն, ավելի խորն է քան զուտ արտաքին ազդեցությունը կամ արտաքին գործակալ լինելը: Մենք չունենք իրապես հայկական քաղաքականություն:

Հայկական քաղաքականությունն այն է, որ մի կողմից հասկանալով ու գնահատլեով միջազգային քաղաքական իրավիճակի ամեն ներկա փուլը, երկիրն առաջնորդում է այդ փոփոխվող իրավիճակին համապատասխան, իսկ մյուս կողմից՝ իր նպատակները ձևակերպում է ելնելով կոնկրետ հայկական խնդիրներից, կոնկրետ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից, և միաժամանակ էլ հենվում է հայկական քաղաքական ժառանգության և ավանդույթի վրա: Մենք այսօր չունենք նման քաղաքականություն, նման առաջնորդում: Մենք այսօր նորից պետք է քաղաքական ազգ դառնանք, որը չենք: Այսօր նման ենք սոսկ մի ազգաին համայնքի, որը պետություն և քաղաքականություն անվան տակ ունի զուտ վարչարարական կառավարում, ընթացիկ կարգավորումներ, բայց չկա մեծ առաջնորդում, մեծ նպատակադրում:

Մյուս կարևոր հանգամանքը: Հայկական քաղաքական ուղղությունը պետք է զերծ լինի արտաքին ազդեցություններից, պետք է հենվի բացառապես հայկական ներուժի վրա, բացառապես հայկական հենք ունենա:

Այսինքն՝ միայն գիտակցությունը քիչ է, պետք է նաև համապատասխան ռեսուրսային հենք, որը պետք է լինի հայկական: Սա չի բացառում արտաքին շփումները: Ճիշտ հակառակը՝ միայն իրապես հայկական ուժ ստեղծելով, մենք կկարողանանք նաև համարժեք և արդյունավետ շփումների մեջ մտնել արտաքին ուժերի հետ՝ բոլոր ուղղություններով: Ընդհուպ մինչև, օրինակ, Թուրքիայի քաղաքական և հանրային դաշտի հետ: Բայց բնականաբար նաև բոլոր մյուսների՝ Ռուսաստան, Իրան, Եվրոպա, ԱՄՆ, Վրաստան և այլն և այլն: Անհնար է առանց սեփական կազմակերպված ինքնության համարժեք շփման մեջ մտնել արտաքին աշխարհի հետ:

Ես նույնիսկ ավելի հեռուն կգնայի ու կասեի, որ եթե հասնենք հայկական քաղաքական ուժի ստեղծմանը, ապա այն կարող է մի պահի իր ասելիքն ու անելիքն ունենա, իր դերն ունեն ոչ միայն Հայաստանի, այլ գոնե տարածաշրջանային մակարդակում: Մենք սրա փորձն ունենք: Իրա ժամանակին, օրինակ, 20-րդ դարի սկզբում Դաշնակցությունը ռեգիոնալ ուժեր, որը ոչ միայն հակամարտում էր, այլ որոշ պահերի համագործակցում էր թուրք, քուրդ ուժերի հետ, Իրանի և Ռուսաստանի քաղաքականությանն էր մասնակցում: Մենք նաև պետք է և կարող ենք գտնենք դաշնակից ուժեր Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:

է. Հայկական քաղաքական կազմակերպության խնդիրը պատմական տեսակետից

Հայկական քաղաքական ուժի խնդիրը շատ խորն է արմատավորված պատմության մեջ:

Պատմականորեն մենք մի քանի փորձ ենք ունեցել հայկական քաղաքական ուժ ձևավորելու, իսկ ավելի լայն՝ քաղաքական դաշտ: Բոլոր փորձերն էլ ունեցել են իրենց հաջողության փուլերը, բայց ի վերջո ձախողվել են: Ամենա տևական փորձը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր: Հիշեցնեմ, որ ի սկզբանե դա ոչ թե կուսակցություն էր, այլ հենց դաշնակցություն՝ այսինքն միություն, հեղափոխականների միություն: Բայց Դաշնակցությունն էլ հենց սկզբից իր մեջ խնդիր ուներ, այդպես էլ չլուծված երկվություն: Սա երկար թեմա է, չեմ կարող հիմա լիարժեքորեն բացել: Բայց Դաշնակցությունը հռչակելով իրեն հեղափոխական կազմակերպություն, մինչև վերջ էլ չկարողացավ ազատվել իր լիբերալ ակունքներից, և նորից ու նորից ընկավ հայկական հարցի ոչ հեղափոխական՝ դիվանագիտական, այսինքն՝ օտարի ուժով լուծելու ծուղակը: Հեղափոխական ուղղության իմաստն էր՝ պայքարը սեփական ուժերով: Դաշնակցության մեջ պայքարեցին այս երկու ուղղությունները՝ հեղափոխական-ժողովրդականը և դիվանագիտական-լիբերալը: Փորձեր արվել են Դաշնակցությանը բերել մաքուր հայկական գիտակցության, օրինակ, դեռևս 1920-ականերին Ռուբեն Դարբինյանը գրեց իր «Հայ քաղաքական մտքի դեգերումները» շարքը «Հայրենիք» ամսագրում: Ի վերջո, 1960-ականերից սկսվեց Դաշնակցության գրավման գործընթացը արտաքին ուժերի կողմից: Եվ Դաշնակցությունը որպես առաջատար հայկական ուժ, որպես առաջին ուղղություն այսօր արդեն չկա: Բայց մնացել է գաղափարն ու ժառանգությունը, որը պետք է օգտագործել:

Մեկ այլ փորձ Հայոց համազգային շարժումն էր: Սա էլ ներուժն ուներ վերածվելու հայկական առաջին ուղղության, և մի պահ թվում էր, որ այդպիսն էր: Բայց նորից չստացվեց՝ տարբեր պատճառներով: Լինելով իր էությամբ ժողովրդական ազգային-դեմոկրատական շարժում, ՀՀՇ-ն ի վերջո չկարողացավ իր այդ էությունը վերածել գիտակցության, և ինքն իրեն հռչակեց լիբերալ կուսակցություն: Լիբերալ կուսակցությունն ինքնին վատ բան չէ, բայց դա հաստատապես համազգային շարժում չէ, ոչ էլ առաջին հայկական ուղղություն՝ համարժեք հայկական քաղաքական փորձի, որի էությունը ազգային-դեմոկրատական է:

Այլ փորձեր էլ կարող ենք հիշատակել: Օրինակ, Սովետական Հայաստանում ձևավորվեց Ազգային Միացյալ կուսակցությունը: Սրա հիմքով կարող էր հետագայում ձևավորվել բաղձալի հայկական ուղղությունը: Բայց այդպես չստացվեց: ԱՄԿ-ից ծնված ուժերն անկախ Հայաստանում՝ Հայրիկյանի ԱԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը և մյուսները, ինչպես գիտենք չվերածվեցին այդ առաջատար ուժի, և ՀՀԿ-ի դեպքում սա դեռ մեղմ է ասած, ցավոք:

2008-ի շարժումը, որից ձևավորվեց Հայ ազգային կոնգրեսը նույնպես չլուծեց այդ խնդիրը: Նույն կերպ և 2018-ի հեղափոխությունը չվերածվեց համաժողովրդական կազմակերպված շարժման, իսկ ՔՊ-ն մնաց սովորական կուսակցություն: Չնայած և Կոնգրեսի և ՔՊ-ի անունների մեջ նույնպես արտացոլված է ձգտումը չլինել սովորական կուսակցություն, այլ լայն միավորումներ: Օրինակ, հիշում եմ, երբ դեռ 2007-ին Նիկոլ Փաշինյանի և մյուս մեր ընկերների հետ քննարկում էինք քաղաքական կազմակերպության ստեղծման գաղափարը, ապա Նիկոլի գաղափարն էր, որ դա լինի իր ասելով՝ «քաղաքացիների կուսակցություն», այսինքն՝ ունենա համաժողովրդական բնույթ, փաստացի ոչ կուսակցական: Իր այդ գաղափարը նա իրացրեց ավելի ուշ, արդեն առանց մեզ, անունը մնաց, բայց ի վերջո ստացվեց ևս մեկ կուսակցություն:

Այսօր նորից նույն կոտրված տաշտակի առաջ ենք:

Հայկական քաղաքական կազմակերպությունը չկա՝ 140 տարվա փորձերից հետո: Նորից նույն խնդիրը պետք է լուծենք:

Սա մեր ազգի ապագայի համար կենսական խնդիր է՝ կամ կունենանք քաղաքական կազմակերպություն և գիտակցություն կամ որպես անկախ ազգ չենք կարող գոյատևել՝ ամեն արտաքին տեկտոնական փոփոխություն վերջ է տալու մեր պատրանքային անկախությանը:

Սկբզնական փուլում պետք է լայն համախմբում, կազմակերպում, գիտակցություն, իսկ հետագայում այդ լայն համախմբումից պետք է ձևավորվի արդեն բազմաբևեռ և որակապես նոր, գերանցապես հայկական քաղաքական դաշտը: Բայց սկիզբը պետք է դրվի համախմբմամբ: Միայն տարիներ անց այդ համախմբումը կարող է բաժանվել առանձին՝ երկու-երեք ուղղությունների:

ը. Տարածաշրջանային աշխարհաքաղաքական հեղափոխությունը և մեր դիրքը

Հաջորդ կարևոր խնդիրը:

Նոր ուղղությունը պետք է համապատասխանի և համարժեք լինի Հայաստանի շուրջ արտաքին իրավիճակին: Սա ոչ թե կարևոր, այլ գերկարևոր խնդիր է՝ այսօր Հայաստանում չկա այդ համարժեքությունը, և դա է մեր, համարձակվեմ ասել, մեր ամենա լուրջ խնդիրը, թեև սերտորեն կապված մյուս մատնանշածս խնդիրների հետ: Ինչպես Նժդեհն էր ասում՝ «նայում է հայն աշխարհին, նայում է, ու չի հասկանում»: Խոսքը և ընդհանուր հասկանալու մասին է, և իրավիճակային:

2010-ականներից Մերձավոր Արևելքը՝ մեր մեծ տարածաշրջանը սկսեց փոթորկվել՝ մենք չհասկացանք կապը մեզ հետ, և կանխատեսումներ չարեցինք: Ռուսաստանն ակտիվորեն մտավ մերձավորարևելյան խաղի մեջ, Թուրքիան նույնպես լիովին նոր դեր ստանձնեց՝ համեմատած 1990-ականների աշխարհի հետ: Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սրվեցին, ռուս-թուրքական հարաբերությունների նոր ցիկլ սկսվեց, մենք շարունակեցինք ապրել այնպես, կարծես այդ ամենը մեզ կենսականորեն չի վերաբերում: Առնվազն ռեգիոնալ գեոպոլիտիկ հեղափոխության փուլ սկսվեց 2010-ականներին, էլ չեմ ասում, որ ընդհանրապես միջազգային հարաբերությունների ճգնաժամային և ապակայունացման փուլի մեջ մտանք, որի ավարտը ու լուծումը դեռ չի երևում: Եվ երբ այդ հեղափոխությունը հասավ մեր դուռը 2016-ի ապրիլյան պատերազմով, դա էլ առիթ չեղավ, որպեսզի վերանայենք մեր կարծրացած, իներցիոն պատկերացումները: Վերջապես, առավել զարհուելին՝ նույնիսկ 2020-ի պատերազմն ու պարտությունը ցնցման առիթ չեղավ: Հանրությունը չի մեղավոր: Հանրությունը պատրաստ էր թարմ հետքերով վերապրելու, ցնցվելու և նորոգվելու, այդ ներուժը կար: Բայց ներուժն իրացնող, դրան գիտակցություն տվող չկար:

Ցայսօր մեծ հաշվով չենք հասկանում ինչ եղավ և ինչ է շարունակվում լինել:

Մինչև հիմա գերակայում է այն ընկալումը, որ եղածն ընդամենը մի հայ-ադրբեջանական բախում էր, հայ-ադրբեջանական հարց էր: Այլ ոչ թե մասն ավելի մեծ պատկերի: Եթե վերջնական հասկանանք մեծ պատկերի խնդիրը, կհասկանանք, նաև որ ոչինչ չի ավարտվել: Գործընթացը, որի մի մասն էր ընդամենը հայ-ադրբեջանական վերջին պատերազմը շարունակվում է: Փաստացի շարունակվում է նաև պատերազմը՝ պարզապես այլ ձևերով, ոչ ծավալուն ռազմական բախման ձևերով: Ռեգիոնալ մեծ հեղափոխությունը չի ավարտվել, և իրավիճակը չի կայունացել: Չի կայունանալու այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական ճշտված չեն նոր դիրքերը, նոր ուժային բալանսները, նոր ազդեցության գոտիների բաժանումը, նոր ստատուս-քվոն: Հինը չկա, նորը դեռ չի կայացել: Եվ ով սա չի տեսնում, չի հասկանում, նա Է լինելու այս խաղի մշտական տուժողը, մշտական օբյեկտը՝ չկա շանս պարզապես գլուխն ազատելու, փախչելու, «խաղաղվելու»: Կամ խաղում ես, կամ պարտվում ես շարունակ: Այսինքն՝ 2020 թվի նոյեմբերով ոչինչ չի ավարտվել: Մենք դա զգում ենք, տեսնում ենք ամեն օր: Բայց գգալը քիչ է, պետք է հասկացություն:

թ. Հայաստանի անկախության հարցը

Գործընթացները, որոնք ընթանում են մեր շուրջ, կարող են բերել նոր արտահայտված ճգնաժամերի:

20 թվի պատերազմով չեն լուծվել բոլոր հարցերը, որոնք դրված են եղել պատերազմը սանձազերծողների կողմից: Օրինակ, տեսնում ենք, որ անընդհատ դրվում է սահմանազատման խնդիրը, միջանցքի խնդիրը: Դրանք պետք է լուծվեին պատերազմով, բայց չեն լուծվել:

Բայց պետք է հասկանանք, նաև թե սրա տակ ինչ է թաքնված: Ինչո՞ւ այդքան շտապողականություն սահմանազատման հարցում, ոչ միայն Ադրբեջանի, այլև, օրինակ, Ռուսաստանի կողմից: Մենք կարող ենք միայն ենթադրել, բայց անհնար է այս հարցը չդնել: Ի՞նչ պետք է հետևի ենթադրյալ սահմանազատմանը:

Կամ եթե Հայաստանը մերժում է միջանցքի գաղափարն, իսկ Ադրբեջանը պնդում է այն, ապա մերժումն ու պնդումը ի՞նչ ուժային հիմքով են ապահովված: Եթե մի բան մերժում ես, պետք է պատրաստ լինես մերժումդ հարկ եղած դեպքում ուժով պաշտպանել: Եվ հակառակը՝ եթե մի բան պնդում ես, նույնպես պետք է պատրաստ լինես դա հարկ եղած դեպքում ուժով ապահովել: Թվում է նույնիսկ այս պարզագույն մակարդակը մենք չենք ուզում հասկանալ:

Շատերն են, թերևս, զգում, որ օդում կախված է ընդհուպ մինչև Հայաստանի ֆորմալ անկախության հարցը օրակարգ մտնելու խնդիրը: Եվ գուցե սա է պատճառը սահմանազատման հարցում ռուսների նախաձեռնողականության: Ի՞նչ պետք է հետևի սահմանազատմանը՝ արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի առավել խորքային ինտեգրումը ռուսական ազդեցության գոտի՝ նոր պայմաններով: Եվ Հայաստանի դեպքում, արդյո՞ք դա Միութենական պայմանագրի ձևաչափ է ենթադրում: Չմոռանանք, որ ռուսական զորքն Արցախում է, իսկ դա նշանակում է, որ Արցախյան հարցը շարունակում է մնալ հզոր լծակ ռուսների ձեռքում՝ կառավարելու համար, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի գործընթացները: Ավելին՝ դա նշանակում է մեկի կամ մյուսի այս կամ այն կողմ «սխալ» շարժումը նոր պատերազմի վտանգ է:

Ճշտված չի նաև Թուրքիայի նոր դերը տարածաշրջանում: Ճշտված չեն նաև Իրանի, Արևմուտքի հարցերը: Այս բոլորը դեռ կայացման փուլում է: Իսկ մենք մեզ խաբում ենք «խաղաղության դարաշրջանի» չգիտես ինչ հիմքեր ունեցող հղացքով, կամ էլ կոմունիկացիաների բացման հեռանկարով, կարծես, այդ բացում-փակումը մեր ձեռքն է: Չնայած պարզ են կոնցեպտուալ հիմքերը՝ խաղաղության դարաշրջանը կամ Քոչարյանի «արժանապատիվ խաղաղությունը» մի թարգմանություն միայն կարող է ունենալ՝ ռուսական պլանի իրականացումը՝ Այսրկովկասում նոր տիպի գերիշխանություն սահմանելու և Հայաստանի անկախության նույնիսկ ֆորմալ կարգավիճակի հարցականի տակ դնելը: Խաղաղությունն այստեղ միայն խաբուսիկ բառ է, պլպլան էտիկետկա է, իսկ իրականությունը կայսերական նոր նախագծի իրացումն է: Մենք «խաղաղության դարաշրջան» տեսել ենք Սովետական Միության մեջ, գիտենք դրա գինը, ու գիտենք, որ դրա վերջը նոր պատերազմն է:

Կայունությունն, ուրեմն խաբուսիկ է: Ցանկացած պահի խաբուսիկ ներքին կայունությունը կարող է խախտվել, քանի դեռ տեկտոնական շարժումները տարածաշրջանում շարունակվում են: Ցանկացած պահի կարող են նոր ճգնաժամեր ու նոր փլուզումներ ու «երկրաշարժեր» լինեն:

ի. Ճգնաժամային պահին իրավիճակին տեր կանգնելու նպատակը

Հետևաբար երկու ռազմավարական գերխնդիր կա:

Առաջինը՝ պատրաստ լինել «իքս պահին», «իքս օրվան»:

Հայաստանում պետք է կազմակերպվի լայն քաղաքական հոսանք, որը պատրաստ լինի նոր ճգնաժամի պահին տեր կանգնել իրավիճակին, իր վրա վերցնի պատասխանատվությունը, իր ուսերին կրի բեռը:

2020-ի նոյեմբերին այդպիսի հոսանք չկար, և դա առանցքային դարձավ իրավիճակի զարգացման համար: Նոր ճգնաժամերին ընդառաջ այդպիսի հոսանք պետք է լինի: Եվ այդ հոսանքը պետք է ինքն իրեն կերտի, կազմակերպի հենց սկզբից այդ գիտակցությամբ:

Սա բանալի կետ է: Եթե այսօր քաղաքական որևէ նոր հոսանք ձևավորվի՝ առանցքում ունենալով հաջորդ ընտրություններին մասնակցելու խնդիրը, դա մեռած նախագիծ է, մեռած հոգեբանություն է: Ոչ թե ընտրություններին չպետք է մասնակցել՝ ըստ անհրաժեշտության, այլ չպետք է դա դառնա առանցքային նպատակ որևէ քաղաքական հոսանքի ձևավորման համար: Սա մի քիչ բարդ թեմա է, քանի որ գերակայում է այն պատկերացումը, որ քաղաքական պայքարի կիզակետը հենց ընտրություններն են: Բայց դա նախ սխալ է ինքնին: Քաղաքական ուժը նախևառաջ բովանդակություն, օրակարգեր ստեղծելու համար է, հետո պայքարի համար է՝ հանուն իր պետության և ազգի անկախության, վերջապես՝ հանրային շահերի արտահայտման համար է: Սրանք նպատակներն են, իսկ ընտրությունները տեխնիկա են: Ընտրությունների կարելի է մասնակցել կամ չմասնակցել ըստ հանգամանքների, դրանք միայն գործիք են: Դրանք քաղաքական կյանքի կենտրոնը չեն: Բայց սա դեռ տեսությունն է: Ավելի կարևոր է մեզ համար այսօրվա մեր իրականությունը: Մենք պետք է պատրաստվենք նախ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների, այլ պատասխանատվության ստանձման՝ պետության, հայրենիքի, ժողովորդի, ազգի համար իքս պահին: Սա լրիվ այլ հոգեբանություն է, լրիվ այլ մարդկային տիպ է ենթադրում, լրիվ այլ աշխատանքային և կազմակերպչական փիլիսոփայություն: Իմ պատկերացրած Առաջին ուղղությունը, հայկական ուղղությունը հենց այդ հոգեբանության կրողը պետք է լինի, և այդ փիլիսոփայության:

լ. Անկախականների դաշինքը

Հաջորդը, որը բխում է նախորդ խոսակցությունից:

Մեզ պետք է ոչ թե ընդհանրապես համախմբում, այլ շատ կոնկրետ սահմաններում համախմբում՝ անկախության գաղափարի իրական կրողների համախմբում: Բայց ոչ թե խոսքով կրողների, այլ այնպիսինների, ում համար անկախությունը անանցանելի սահման է, կարմիր գիծ է, կյանքի իմաստ է: Ով պատսրատ է ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել իր նվիրվածությունը: Այդպիսի համախմբում այսօր օդի ու ջրի պես պետք է մեր երկրին, որովհետև, եթե գա պահը երբ հարցը դրվի, կտեսնենք, որ շատերը, ովքեր երդվում էին անկախության անունով, կգտնեն բազմաթիվ «բայցևսակայններ», հիմնավորելու համար իրենց հրաժարումն անկախությունից կամ էլ պարզապես կլռեն:

Ես հիշում եմ մինչև հիմա իմ զարմանքը՝ երբ 30 տարի առաջ պաշտոնապես փլուզվեց Սովետական Միությունը, որին խոսքով այդքան սիրողներ կային, գեթ մեկ հոգի ամբողջ այդ ահռելի տարածքում դուրս չեկավ գոնե փողոց՝ բողոքարկելու իր սիրելի պետության փլուզումը, գեթ մեկ հոգի պատրաստ չեղավ իր կյանքը տալ հանուն այդ պետության: Հետագա տարիներին շատերը շատ բաներ գուցե ասեցին և արեցին: Բայց կոնկրետ պահին՝ 1991-ի դեկտեմբերին ոչ մեկը չեղավ հրապարակ դուրս եկող կամ մի գործողություն անող հանուն Սովետական Միության: Ես ինքս երբեք չեմ սիրել Սովետականը, համարել եմ ինձ դրա թշնամի, պատրաստվել եմ պայքարի դրա դեմ ամենավաղ տարիքից: Բայց ես ապշած էի, որ հակառակ ճամբարում չգտնեց այդ «մեկ տղամարդը» կամ «մեկ կինը»: Իսկ ես հիշեցնեմ, որ նույն 1991-ի գարնանը Սովետական միության բնակչության մեծամասնությունը քվեարկել էր Սովետական միության պահպանմանը կողմ՝ համապետական հանրաքվեում: Դա ահռելի քանակ էր մարդկանց: Բայց այդ ահռելի քանակից ոչ մեկի համար սա փաստորեն կյանքի ու մահվան հարց չէր, նույնիսկ մի բողոքի գործողության հարց չէր: Ինձ համար պետության անկենսունակության ավելի մեծ չափորոշիչ չկա: Ես ուզում եմ վստահ լինել, որ եթե գա նմանատիպ իրավիճակ Հայաստանի համար, մենք կունենանք ոչ թե մեկ, այլ 1000 մարդ:

Ուրեմն, խնդիրը, անկախության գաղափարի կրողների համախմբումն է: Դրանք հաստատապես կան, բայց ուժ պետք է դառնան՝ միավորվելով: Այս խնդիրը ձևակերպում է իմ նոր ընկերներից Արուսյակ Հայրապետյանը ասելով, որ պետք է միավորվեն «սուվերենիստները»: Անխտիր բոլորը չպետք է միավորվեն, այլ միայն նրանք, ում համար սահմանը, դրոշը, կարմիր գիծն ինքնիշխանությունն է:

Մյուս կողմից՝ համախմբումը պետք է լինի լայն: Ինքնիշխանության դրոշի ներքո կարող են լինել գաղափարների, մոտեցումների տարբերություններ, որովհետև նպատակը մի նոր կուսակցություն ստեղծելը չէ, որը պետք է ունենա կոնկրետ գաղափարախոսություն:

խ. Ձգտել իշխանության՝ առաջնորդման և գերակայության

Ուրեմն, Հայկական առաջին ուղղություն՝ պատրաստ իր վրա պատասխանատվություն վերցնելու իքս պահին, և ինքնիշխանության գաղափարը կրողներին համախմբող:

Ի՞նչ մնաց:

Մնացին դեռ շատ հարցեր:

Բայց այս պահին միայն մեկ՝ առավել կարևորի մասին:

Առաջին ուղղություն հասկացությունը, պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը ենթադրում է ինքնին, որ առաջին ուղղությունը պետք է ձգտի լինել իշխանություն:

Բայց ի՞նչ իմաստով իշխանություն:

Պաշտոնական իշխանության ձգտելը հարցի միայն տեխնիկական կողմն է: Դա չէ էությունը: Մեզանում, ցավոք իշխանություն բառը հասկանում են միայն այդ նեղ, տեխնիկական իմաստով: Այստեղից էլ, ի դեպ, 2018-ի հեղափոխության փաստացի տապալումը, որովհետև հեղափոխությունը նույնացվեց պաշտոններ ստաձնելու հետ, իշխանությունը՝ պաշտոնական իշխանության հետ: Պաշտոնականը չեմ ժխտում դա մասն է իմ ասածի, պարտադիր մասը: Բայց դա, կրկնեմ, էությունը չէ:

Իշխանությունը՝ շատ հին ու իրականում բազմիմաստ հայերեն բառը: Քանի որ հայերենի խորքերին չենք տիրապետում, չենք ընկալում նաև այդ բառի ողջ հարուստ իմաստային դաշտը: Ի դեպ, այս խնդրի վրա առաջինն իմ ուշադրությունը դեռևես տարիներ առաջ ուշադրություն դարձրեց իմ ընկեր Վահե Գրիգորյանն՝ այժմ ՍԴ դատավոր:

Իշխանությունը նյութական երևույթ չէ, դա չես կարող ձեռքերով շոշափել, առավել ևս ինչպես մեզանում ընդունված է ասել՝ վերցնել: Իշխանությունը հոգևոր երևույթ է, որը դժվար է հստակ սահմանել, նկարագրել: Դա ազդեցությունն է, կարողությունն է, ներուժը, այդ բոլորի չափը: Մեկը կարող է իշխանություն ունենալ միայն իր հեղինակությամբ: Սա իշխանության ձև է: Մյուսն՝ իր նյութական կարողություններով: Եվ այսպես շարունակ՝ նայած, թե որքանի ազդեցություն կարող ես գործել քո ունեցածով: Հին հայերենում իշխել նշանակում է՝ ազդել, կարողանալ, համարձակվել: Օրինակ գրաբարով՝ «ինչպե՞ս ես իշխում այդպես խոսել» նշանակում է՝ «ինչպե՞ս ես քեզ կարողություն վերագրում, համարձակվում խոսել այդպես»: Նույն իմաստը պահպանված է որոշ բարբառներում, օրինակ, Մշո բարբառում: Իշխանությունն, ուրեմն, ազդեցության, կարողության չափն է: Այս իմաստով ձգտել իշխանության նշանակում է ձգտել ազդեցության, գերակայության:

Առաջին ուղղությունը իշխանություն դառնալու իր ճանապարհին, պետք է սկզբում ձևավորի փաստացի իշխանություն՝ գերակայություն ձևավորելով այն բոլոր ոլորտներում, որոնցում դա հնարավոր է: Ազդեցություն բովանդակության, ասելիքի, գաղափարների, օրակարգերի հարցում, ազդեցություն, որը պետք է ձգտի գերակայության, փաստացի գերիշխանության: Դա ստեղծագործական, կառուցողական աշխատանք է, ոչ թե հեղաշրջման տեխնիկա: Նույնը՝ ազդեցություն գործողություններով, դիրքորոշումներով, հեղինակության ստեղծմամբ և հաստատմամբ: Այս ոլորտում ազդեցության կուտակումը բերելու է նաև նյութական կարողությունների կուտակման:

Փաստացի իշխանություն դառնալով, փաստացի գերակայություն ստեղծելով՝ պաշտոնական իշխանության խնդիրը դառնում է արդեն ժամանակի և հարմար պահի հարց:

Պետք է նախ դառնալ իրապես առաջնորդող ուժ՝ սա գերխնդիր է:

Առաջնորդումն է իրական քաղաքական նպատակը՝ ուղղություն սահմանելը, ցույց տալը, սեփական օրինակով դրան հավատարմություն ցուցաբերելը, որից հետո մարդիկ սկսում են լսել քեզ, սպասել քո խոսքին և գործին, ուժ տեսնել քո մեջ: Իսկ ուժին հետևում են:

Այստեղ է նաև Առաջին ուղղություն անվանման խորքային իմաստը: Առաջինը պետք է ձգտի հենց իրապես առաջին լինելու, առաջնորդելու:

ծ. Մարդկային ռեսուրսը և կյանքի կետերը մեր հանրային ասպարեզում

Իսկ ո՞րտեղից վերցնել առաջին ուղղություն ստեղծելու հանրային ռեսուրսը:

Քաղաքականությունը արվեստ է:

Բայց ինչպիսի՞ արվեստ:

Ուժի, ուժերի հետ աշխատելու արվեստ, ուժային աշխատանք (սա շատ լավ բացատրում է գերմանացի փիլիսոփա Հանս Ֆրայերը Մաքիավելիին նվիրված իր աշխատանքում):

Կենսունակ քաղաքական հոսանք ստեղծելու համար, նախ պետք է գտնել այն ուժը, այն էներգիան, որը պետք է դառնա դրա հենքն ու շարժիչ ուժը: Ցանկացած հանրություն ունի թաքնված ներուժ, որը կազմակերպման դեպքում, սկսում է աշխատել և արդյունք տալ: Պետք է գտնել կյանքի, կենդանիի կետերը մեր հանրության մեջ, ուժային դաշտերը: Ո՞րտեղ կա առավել ներուժ կուտակված, հումք, որը կարող է դառնալ վառելիք նոր գործթընացի:

Այդպիսի մի քանի կետ եմ տեսնում պոտենցիալ:

Առաջինը՝ պատերազմի մասնակիցներն են: Պատերազմը մեզ բերեց պարտություն, բայց նաև նվիրեց անգնահատելի մարդկային ռեսուրս՝ մասնակիցների այն հատվածը, որն իրապես կռվող տեսակն էր և ինքն իրեն դրսևորեց որպես այդպիսին: Ապացուցեց իր նվիրումն ու ուժը:

Մյուս կետը, որտեղ պարտավոր ենք փնտրել՝ դեռևս իրենց չդրսևորած երիտասարդ, եթե կուզեք, լուսանցքային խմբերն են: Լուսանքից բառից չպետք է վախենալ: Երբ օրգանիզմի կենտրոնում կյանք չկա կամ այն քիչ, հաճախ, պետք է փնտրել կենսունակությունը սահմաններին, եզրերին, լուսանցքներում:

Վերջապես պետք է փնտրել և գտնել այն անհատների և խմբերի մեջ, որոնք իրենց դրսևորել են որպես հանրության ակտիվ անդամներ վերջին տարիներին, բայց այս կամ այն պատճառով չեն կազմակերպվել որպես ազդեցիկ ուժ, դուրս են մնացել այսօրվա խոշոր համարվող, բայց անկենդան հոսանքներից: Դրանք կարող են լինել ավելի փոքր քաղաքական միավորներից մինչև ՀԿ-ներ, փորձագետներ, և պարզապես ակտիվ մարդիկ, որոնք հստակ դիրքորոշումներ են հայտնել, հատկապես պատերազմի ժամանակ իրենց հայրենիքին հավատարիմ են մնացել, բայց այսօր իրենք խաղից դուրս են:

կ. Բացառող սահմանները

Մյուս կողմից պետք է գծենք նաև բացառող սահմանները:

Ինքնին պարզ է, որ դրանցում են բոլոր խոշոր քաղաքական ուժերը, հատակպես երբևէ իշխող դիրք ունեցած: Դրանցում կարող են լինել  կան առանձին արժանի անդամներ, բայց որպես ամբողջություն, դրանք անդառնալի փչացած են, և մնացել են անցյալում:

Մյուս չափորոշիչը՝ անհատներ և խմբեր, որոնք պատերազմի ընթացքում, այսինքն երկրի համար առավել կարևոր, ճգնաժամային պահին իրենց երկիմաստ են դրսևորել, միանշանակ չեն կանգնել հայրենիքի պաշտպանության գաղափարի կողմը: Լինելով հանրային դեմքեր՝ լռել են կամ էլ ընկել են ծակ փիլիսոփայության գիրկը, այն դեպքում երբ պետք էր պարզ ու միանշանակ դիրքորոշում: Այստեղ ես ներում չունեմ նույնիսկ անկեղծ մոլորյալների համար: Գուցե խիստ թվամ, բայց չի կարող նման մոլորումը պատահական լինել: Եթե մարդու համար միարժեք չէ, թե երբ քո երկրի վրա հարձակվում են, դու այլ անելիք չունես քան երկրիդ պաշտպանության գաղափարին ու գործին անմնացորդ նվիրվելը՝ ինչով կարող ես, եթե մարդու համար այս իրավիճակում կան տարբերակներ, ապա այդ մարդու արժեքային հիմքը կասկածելի է՝ նույնիսկ, եթե ինքն առանց հասկանալու է ընկել հոսանքի մեջ կամ ինքն իրեն պատկերացնում է որպես աշխարհի հայրենասեր, անկախական ու չգիտեմ էլ ինչ: Որքան լայն ու համախմբող պետք է լինենք մի կողմից, նույնքան էլ չներող ու չմոռացող՝ մյուս:

Այսքանը նոր ուղղության սկզբունքների մասին: Իսկ որո՞նք են կոնկրետ նպատակները: Սա արդեն առանձին խոսակցություն է, որը առիթ կունենանք ծավալելու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *