Նրանց բոլորի ցանկությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Ասենք թե հրաժարականը եղավ, իսկ հետո՞: Հենց այդ հետոն դատարկ է, չկա ոչ մի ծրագիր, նորմալ ու իրատեսական քայլերի ռազմավարություն ու բնական է, որ մարդիկ հասկանում են, որ հետոյի վերաբերյալ ոչ մի երաշխիք չկա և այդ պատճառով էլ չեն մասնակցում միտիգներին ու ցույցերին:
2020թ. պատերազմից հետո սկսված ողջ խմորումների մեջ առաջացավ մի միտք, որը շրջանառվում է մինչև հիմա՝ «երրորդ ուժ կոչվածը»: Այդ միտքն ընդհանուր առմամբ կրկնում էր այն, որ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այլ երրորդ ու թարմ որևէ ուժ: Հունիսի 20-ի ընտրությունների քարոզարշավի օրերին ավելի սրվեց այդ միտքը և ակտուալ է մինչև հիմա: Հասարակ մարդիկ իրավացիորեն բողոքում են ներկայիս ԱԺ-ից և նշում, որ երրորդ ուժ՝ այլընտրանք է պետք, հակառակ դեպքում, ոչ մի փոփոխության, այսպես կոչված փրկության շանս չկա, քանի որ եթե մնացին «նախկիններն» ու «ներկաները», էլի իրար հետ քաղաքական ֆուտբոլ են խաղալու, մեկին մերժելու համար ընտրելու են մյուսին ու քաղաքական քաոսը շարունակվելու է: Լավ, եթե միայն քաղաքական մակարդակում մնար, բայց քանի որ Հայաստանում այդ քաղաքական անկարողունակության հետևանքներն ունեն ռեալ երևութական, շոշափելի հետևանքներ, ապա էլ ավելի է մարդկանց մտքում ամրանում երրորդ ուժի անհրաժեշտության միտքը:
Հարցին ավելի էական անդրադարձ անելու համար մեկ-երկու խոսքով նշենք, որ Հայաստանում 1921թ. սկսած ոչ մի առումով քաղաքական գործընթացներ տեղի չեն ունեցել: Մինչև 1991թ. կար մեկ տոտալիտար կոմունիստական ռեժիմ, իսկ քաղաքականությունը համարվում էր վտանգավոր զբաղմունք և արգելված էր, իսկ 1991թ. հետո քաղաքականությունը դարձավ բոլորի ամենօրյա զբաղմունքը: Քաղաքականությամբ սկսեցին զբաղվել բոլորը՝ բանվորից մինչև օրենսդիր կորպուս, զինվորից մինչև հոգևորական ու հենց այդտեղ էլ ՀՀ քաղաքական դաշտը դարձավ ուրվական հիշեցնող ինչ որ բան՝ կա, բայց չի երևում: 1991թ. հետո իշխանությունը ստեղծեց իր գրպանային դեկորատիվ ընդդիմությունը, որի հետ սկսեցին քաղաքականություն խաղալ ու հիմնովին արգելակվեց քաղաքականության, որպես այդպիսին երևույթի զարգացումը: Խնդիր առաջացավ այն առումով, որ Հայաստանում կուսակցություններ սկսեցին ստեղծվել ըստ ինչ որ մեկի պահանջի ու ցանկության՝ դառնալով քաղաքական օֆշորներ: Հանցագործությունը, օլիգարխիան, կոռուպցիան, մենաշնորհը, որ հանդիսանում են Հայաստանում քաղաքականության գլխավոր ցուցիչները, որպես քաղաքական կապիտալ սկսեցին «մաքրվել» կուսակցությունների միջոցով՝ վերջիններիս վճարելով քաղաքական աղբահավաքության սպասարկման վճար: Այդպես շարունակվում է մինչև օրս: Հայաստանում քաղաքական պայքար չի ընթանում, ընթանում է անձերի կամ խմբերի կռիվ, Հայաստանում կուսակցությունները ոչ թե մրցակիցներ են հանուն ՀՀ-ի, այլ թշնամիներ հանուն անձերի և ՀՀ քաղաքական դաշտն էլ արենա է՝ հստակ արտահայտված ֆավորիտով ու աուտսայդերով: Բնական է, որ այս վիճակով որևէ առողջ քաղաքական զարգացում հնարավոր չէ ունենալ: Եվ որ ավելի վատ է, այս վիճակը ոչ միայն թուլացրեց ու այլասերեց քաղաքականությունը որպես այդպիսին, նաև թուլացրեց ու ջարդեց մտածողությունն ու եռանդը՝ ժողովրդին մեկուսացնելով քաղաքական գործընթացներից, պետականաշինությանը մասնակցելուց և ժողովուրդը դարձավ միայն հարկման օբյեկտ, որը սական այդպես էլ մասնակցություն չունեցավ պետական, հասարակական կառավարմանը և դուրս մնալով բոլոր գործընթացներից՝ մնաց անտեղյակ ու անդեմ՝ համաշխարհային քաղաքականության և դրա հետևանքով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների մասին:
Հիմա գանք «երրորդ ուժ» կոչվածին:
Երրորդ ուժ փորձեց դառնալ այսպես կոչված «Հայրենիքի փրկության կոմիտեն», 17 կուսակցությունների համատեղ ելույթը, բայց այն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, որովհետև այդ 17+ն այն էր, ինչից ժողովուրդը շատ արագ հրաժարվել էր 2018թ.: Երրորդ ուժ փորձեցին դառնալ մյուս կուսակցությունները, որոնք առերես դեմ դուրս եկան և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Այդ առանձին փոքր կուսակցություններն ու դաշինքները ևս ձախողվեցին և նրանք ամիսներ շարունակ լուռ էին, հիմա մի փոքր մասն ակտիվացել է միայն ՏԻՄ ընտրությունների համար ու ենթադրելի է, որ անհաջողություն ունեցող ուժերը կրկին երկար ժամանակով ընդհատակ կանցնեն և կփորձեն ակտիվանալ միայն որևէ քաղաքական գործընթացի ժամանակ, այսպես կոչված համընդհանուր աղմուկին մասնակցելով: Այդ կուսակցություններն ու դաշինքներն ըստ էության ֆուտբոլում հայտնի «Երկրորդ դիվիզիոնների» կարգավիճակ ունեն և ոչ մի կերպ չեն կարողանում անցում կատարել առաջին լիգա: Սովորաբար բոլոր պարտվող ուժերը միանգամից հայհոյախառը մեղադրում են հասարակությանն ու ժողովրդին՝ ցանկանալով ցույց տալ, որ իրենց պարտությունը ոչ թե սեփական թուլության ու անկարևորության, աննշանության հետևանք է, այլ հասարակության բթության ու անհասկացողության հետ: Այդ ուժերը ոչ միայն չեն կարողանում որևէ միասնական խորհրդանիշ դառնալ, այլև էլ ավելի են պառակտում առանց այն էլ քայքայված ու փտած քաղաքական ներկան:
Այդ ամենը լրացրեց այս օրերին կրկին տեղի ունեցող ցույցերն ու միաժամանակ մի քանի խմբերի կողմից կազմակերպված միտինգները, որոնք սակավամարդ են, թույլ և նույնիսկ նրանք իրար մեջ բազմաթիվ չլուծված հարցեր ունեն: Նրանց բոլորի ցանկությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Ասենք թե հրաժարականը եղավ, իսկ հետո՞: Հենց այդ հետոն դատարկ է, չկա ոչ մի ծրագիր, նորմալ ու իրատեսական քայլերի ռազմավարություն ու բնական է, որ մարդիկ հասկանում են, որ հետոյի վերաբերյալ ոչ մի երաշխիք չկա և այդ պատճառով էլ չեն մասնակցում միտիգներին ու ցույցերին:
Հասկանալի է, որ գոյություն ունեցող կուսակցություններից և ոչ մեկը չի կարող դառնալ այդ երրորդ ուժի գաղափարաբանական ու հոգեբանական հիմքը:
Ցանկանում եմ անդրադառնալ հատկապես երկու երևույթի ՀՀՇ-ին (Հայոց Համազգային Շարժում) և ՔՊ-ին (Քաղաքացիական Պայմանագիր): Այս երկու քաղաքական միավորները արտաքուստ հնարավորություն ունեին դառնալու համընդհանուր գաղափարական երևույթ, բայց նրանց քաղաքական այլասերումը շատ շուտ սկսվեց, մի շարք պատճառներով: Դրանք երկուսն էլ ձևավորվեցին համընդհանուր հուզմունքի, դժգոհության վրա: Դրանք ունեին բավարար չափով ներուժ, բայց չունեին փորձ և մեծ հեռահար նպատակներ և հասարակական-ազգային մեծ ուժից ընդամենը մեկ երկու տարում շատ արագ վերածվեցին հերթական կուսակցության: Այս պարագայում նրանց այլասերումն օրինաչափ էր, այնպես ինչպես «թերմիդորականների» այլասերումը հեղափոխական Ֆրանսիայում: Դա հենց իր՝ հեղափոխության և ըստ դրա՝ հեղափոխականների օրինաչափ այլասերումն էր, երբ ՀՀՇ-ի շարքերից շատերը միանգամից ազատարարարից վերածվեցին կոնկիստադորի, իսկ ՔՊ-ի դեպքում՝ շարունակեցին պետական բյուրոկրատական ապարատի ճահճացումը:
ՀՅԴ-ն, որը բոլոր հնարավություններն ուներ դառնալու այդ երրոդ ուժը, բայց կուսակցությունն արդեն իսկ հասցրեց այլասերվել և ընկնելով քաղաքական կարճաժամկետ բոնուսների հետևից, դարձավ խաղալիք քաղաքական դաշտում: ՀՅԴ-ն այդպես էլ չկարողացավ մոդեռնացվել ու թարմանալ, մնաց հին գործելակերպով (ոչ գաղափարի ու սկզբունքների այլ կանոնադրային տրամաբանությամբ) և այդպես էլ չկարողացավ ժամանակի փոփոխություններին հարմարվել: ԲՀԿ-ն հնարավորություն չունեցավ երրորդ ուժ դառնալու թեկուզ այն պատճառով, որ ստեղծվեց դասական ժամանակակից կուսակցական կանոնադրությամբ և հայտնի միլիոնատիրոջ հովանավորությամբ: ՀՀԿ-ն, որն իրոք լուրջ շանսեր ուներ ՀՀ-ն քաղաքականապես թարմացնելու ու դեմոկրատացնելու, միանգամից միլիտարիզացվեց ու մի կողմ դնելով հանրապետական գաղափարները, վերածվեց բյուրակրատիայի սիմվոլի:
Մյուս կուսակցություններն այնքան անուժ և անտեսանելի են, որ ոչ մի էական դեր չեն կարողանում կատարել, ուստի հասկանալի է, որ երրոդ ուժ ասվածը նրանցից չի գալու:
Ու հիմա զարմանում են, թե ինչու մարդիկ դուրս չեն գալիս փողոց:
Առաջինն ու ամենակարևորը, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ հիմքի բացակայությունն է:
Հայոց պատմության վերջին մի քանի հարյուր տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դաժան ճակատագրով պայմանավորված՝ հնարավոր չի եղել որևէ կազմակերպված խմբերի աշխատանք ապահովել, այսինքն համեմատած Եվրոպայի հետ՝ հայկական հասարակությունը չի կարողացել ստեղծել այն հիմքը, որին հենվելով հասարակությունը շարունակում է զարգացնել մտքերի ու տեսակետների բազմազանությունն ու դրա մրցակցային ձևաչափի հետևանքով կարողանում է շատ արագ գտնել իրեն անհրաժեշտ այլընտրանքները և դա անում է սեփական ներուժի, այլ ոչ թե արտասահմանյան որևէ օտար ենթամշակույթի կրկնօրինակի հիման վրա:
Հայաստանում մարդիկ սովորաբար դադարում են հույս կապել քաղաքական միավորների հետ և նայում են արդեն ՀԿ-ների, տարբեր նախաձեռնությունների, անհատ անձանց՝ փորձելով այնտեղ գտնել համընդհանուր նշանակության ինչ որ բան՝ դրա շուրջը համախմբվելու համար: Ու հենց այստեղ էլ հասունանում է հիմնական խնդիրը՝ ո՞վ կամ ի՞նչ է լինելու այդ երրորդ ուժը: Գուցե մտավորականության այն հատվածը, որը դեռ առողջ է մնացել, կամ երիտասարդության գիտական հատվածը, կամ գուցե նաև նրանք, ովքեր ռազմական առումով իրենցից ուժ են ներկայացնում: Այս գուցեները ոչ մի պատասխան չունեն: Եվ որքան էլ ազնիվ լինեն երրորդ ուղի ստեղծել ցանկացող կամ դրան հավատացող մարդիկ, ցավով պետք է արձանագրել, որ այսօր երրորդ ուղի գոյություն չունի:
Հայաստանյան հասարակության մեջ առկա փոքրիկ խմբերը, որոնք ազնիվ ցանկություններով են լեցուն հայրենիքի հանդեպ, լինելով ազնիվ և անկաշառ, մշակութորեն շատ տարբեր են միմյանցից: Նրանք բոլորն էլ ուզում են առողջ և ուժեղ Հայաստան, բայց այդ կետից բացի, մնացած բոլոր առումներով նրանց գործունեությունն ու մոտեցումները տարբեր են: Նրանք մշակութորեն չեն ճանաչում իրար: Հայկական հասարակության մեջ դաշինքի տրամաբանություն չկա: Հիշեցնեմ, որ եթե Եվրոպայում արդեն ձևավորվող և ձևավորված պետությունները պայքարում էին միմյանց դեմ պետական մասշտաբով և ունեին գաղափարական ֆունդամենտներ, ավելին այդ հասարակության մեջ արդեն իսկ կային ձևավորված, կայացած ենթակառույցներ, ապա Հայաստանը 1045թ. հետո ընկավ քոչվորների ավերջանալի արշավանքների տակ: 1045թ. առ այսօր Հայաստանում չի ձևավորվել մշակութային-ինստիտուցիոնալ քաղաքական ու դաշինքային տրամաբանություն, Հայաստանում դեռևս գործում է փակ համայնքային սկզբունքը և խմբերը պայքարում են միմյանց դեմ, նույնիսկ եթե վերջնակետը նույն է: Սա էթնոհոգեբանական ծանր խնդիր է, որը մնացել է առանց ուսումնասիրվելու և ոչ մի խնդիր չի լուծվել:
Հայաստանում երրորդ ուժ հիմա չի կարող կայանալ: Նախ գաղափարապես, իսկ հետո արդեն՝ հնարավորությունների առումով: Խոշոր խնդիր է նաև դիլետանտությունն ու սիրողական մակարդակի հմտությունները: Այսօրվա ազնիվ հայրենասերների մեջ բազմաթիվ են մարդիկ, որոնք ցանկանում են ինչ որ բան անել, բայց չգիտեն թե ինչ և ինչպես: Այլ կերպ ասած նրանք ունեն շատ բարձր մոտիվացիա, բայց ցածր հմտություններ: Խորին հարգանք այդ բոլոր ազնիվ մարդկանց, բայց միայն ազնիվ մղումները բավարար չեն: Դրանք ի վերջո հիասթափեցնում են, եթե չկա հիմք, ամուր հիմք:
Երրորդ ուժը կգա տարիներ հետո, երբ հասարակությունն այնքան կրթված, գիտակից և կամային կլինի, որ ի զորու կդառնա սեփական ուժերի սինթեզումով հիմք դնել տարբեր մոտեցումների և դա հիմնված կլինի գիտակցված տրամաբանության վրա: Դա կլինի միայն կրթության, որակյալ և հայրենական սեփական մոդելի կրթության շնորհիվ և հենված կլինի պրակտիկ փորձի և գաղափարական միասնության վրա, այժմ մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:
Հոդվածի աղբյուր` Ankaxutyun.am