Ընթանում է բարդ ու բազմաշերտ խաղ ամբողջ աշխարհում
Հակոբ Բադալյան
Վրաստանը եռօրյա լռությունից հետո արտահայտեց իր դժգոհությունը 3+2-ին իր դրոշի առկայության համար, ասելով, որ դժգոհությունը փոխանցել է դիվանագիտական խողովակով: Երեք օր Վրաստանը լուռ էր այդ թեմայով: Պատճառը թերեւս այն է, որ պետք էր հասկանալ, թե ինչպես բողոքել, որովհետեւ հազիվ թե կազմակերպիչները գնային այդպիսի որոշման առանց Վրաստանի հետ նախապես քննարկած լինելու:
Վրաստանը 3+3-ին իր դիրքորոշման համար Հայաստանում քիչ է մնում դառնա «Ազգային հերոս», իսկ իրականում որեւէ կասկած չկա, որ վրացիները եւս քննարկումների մեջ են ու Վրաստանի արտգործնախարար Զալկալիանին մի քանի շաբաթ առաջ շատ պարզ ասել էր այդ մասին՝ չենք կարող դուրս մնալ գործընթացներից:
Վրաստանը սերտ հարաբերություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Վրաստանի հարաբերություն ունի Իրանի հետ: Վրաստանը նաեւ ուղիղ դիվանագիտական հաղորդակցություն ունի իր գլխավոր «պրոբլեմ» դիտվող Ռուսաստանի հետ: Իսկ այդ 3+3-ը միայն բանակցային սեղանը չէ, որ հաշվես ով կա շուրջը, ով չկա: Թեեւ մեր հասարակական-քաղաքական միջավայրում մեծ մասամբ հենց դրանով էլ զբաղված ենք:
Պարզապես վրացիները սեղանի շուրջ առերեւույթ չկան բացառապես ներքին պատճառներով:
Հայաստանի պարագան այլ է, Հայաստանը չունի իր «գլխավոր խնդիր» Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության հնարավորություն: Ըստ այդմ 3+3-ի գործընթացը, կրկնեմ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, այլ ոչ հաստատված, կնքված ինչ որ ձեւաչափ, որը քաղաքական որոշումների ռեգիոնալ ատյան է, Հայաստանի համար կարող է լինել խաղի տարածության ընդլայնման հնարավորություն, առաջին հերթին հենց հայ-թուրքական ուղիղ կոմունիկացիայի խնդիր հետապնդելու առումով: Իսկ, որ այդ կոմունիկացիան Հայաստանի համար կարեւոր է, կարծիքս արտահայտել եմ բազմիցս:
Ի դեպ, հենց այդ իմաստով ուշադրության է արժանի այն, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, թե առաջիկայում Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերության կարգավորման համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: Պարզ չէ, թե դա երբ տեղի կունենա, կամ կունենա, թե ոչ, ինչ պայմաններով, ինչ տրամաբանությամբ եւ այլն, բայց թերեւս ավելորդ չէ ուշադրության արժանացնել այն, որ այդ մասին Չավուշողլուն հայտարարում է 3+2-ի այդ նախնական հանդիպումից հետո:
Ընդ որում, զավեշտն այն է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման որեւէ խոսակցության դեմ արտահայտվում են նաեւ ուժեր, որոնք իբրեւ թե արտահայտվում են Ռուսաստանի գերիշխանության դեմ: Այն դեպքում, երբ Հայաստանի հանդեպ ռուսական գերազդեցության գործնական հիմքը ըստ էության Թուրքիայի հետ հարատեւ թշնամությունն ու այդ կերպ թուրքական ագրեսիայի՝ Հայաստանի համար անկառավարելի սպառնալիքի հարատեւությունն է: Ընդ որում, դա խոստովանում են նույնիսկ ռուսաստանցի հեղինակավոր պատմաբան-քաղաքագետները:
3+3-ը Հայաստանի համար ռի՞սկ է: Իհարկե ռիսկ է: Հայաստանն ու աշխարհը այսօր, եւ մեծ հաշվով արդեն տասնամյակ այն վիճակում են, որ մեզ համար ոչ ռիսկային բան թերեւս չկա: Բայց մենք որեւէ քաղաքական գործընթացի որեւէ կերպ ներգրավում ենք, թե ոչ, դրանից ռիսկերը չեն նվազում, այլ հակառակը՝ զարգանում են անկախ մեզանից, անկախ մեր՝ դրանք որեւէ կերպ կառավարելու գոնե փորձից:
Ընթանում է բարդ ու բազմաշերտ խաղ ամբողջ աշխարհում, մինչդեռ դրան զուգահեռ համառորեն փորձ է արվում հայության հավաքական գիտակցությունը այդ ամենի հանդեպ սեւ ու սպիտակի մեջ տեղավորելու համար:
Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։