ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վերջին Ասուլիսը

Ռուսաստանը ստիպում է, որ իրենից պարտք վերցնենք ու այդ գումարով իրենից զենք գնենք: Անկրկնելի է ուղղակի:

Մեր Ուղին

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամլո ասուլիսով հանդես եկավ: Հիմնական ասելիքն այն էր, ինչ սովորաբար ասում են բոլոր քաղաքական գործիչները՝ արդարացնել սեփական անձն ու գործունեությունը և մեղադրել մյուսներին: Ցավոք ՀՀ քաղաքական գործիչներն այդպես էլ չհասկացան, որ սեփական սխալների ընդունումը ոչ թե թուլության նշան է, այլ պրոֆեսիոնալիզմի: Ինչևէ: Չխորանանք այդ ամենի մեջ: Ռոբերտ Քոչարյանն ի թիվս այլ բաների ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք չէ, ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց չէ, այն աշխատում է և բերել էր Ղազախստանի օրինակը: Նաև այն, որ ՀԱՊԿ-ում պետք է մնալ, պետք է շարունակել աշխատել, բայց հույս չդնել անվտանգային հարցերով: Այսինքն ՀԱՊԿ-ում մնալն իչմաստ չունի, բայց եկեք մնանք:

Ռոբերտ Քոչարյանը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը շատ հարցերում չի կարող ավելին անել, քան մենք սպասում ենք, քանի որ տարածաշրջանում ուժեղացել է Թուրքիան և հնարավոր չէ հաշվի չառնել այդ ամենը: Խեղճ Ռուսաստան:

Տպավորությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է մեղմացնել ու նվազեցնել Ռուսաստանի անգործության ու արհամարհական վերաբերմունքի հարցերը: Տպավորությունն այն է, որ ավելի շատ խոսքը գնում էր ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի մասին և մենք էլ պարտավոր ենք հասկանալ, որ Ռուսաստանը խնդիրներ ունի: Ու տպավորությունն այն էր, որ խոսողը ոչ թե ՀՀ նախագահն է եղել, այլ ռուսական ռազմական հրահանգիչը: 

Այո՛, Ռուսաստանը շատ մեծ խնդիրներ ունի: Հետո՞ ինչ: Ռուսաստանն ինքն է իր գլխին հավաքել այդ խնդիրները: Ստացվում է, որ եթե ռուս-թուրքական համագործակցության արդյունքում հայերը ոտքի տակ են ընկնում, ապա մենք պիտի հասկանանք ու ընդունենք, որ դե Ռուսաստանը ևս խնդիրներ ունի: Կամ առնվազն անհասկանալի էր ՀԱՊԿ-ում մնալ, բայց անվտանգային առումով հույս չդնելու պահը: Ինչի՞ համար մնալ մի կառույցում, որը ենթադրում է ռազմական համագործակցություն, բայց չունենալ այդ ռազմական աջակցությունը: ՀԱՊԿ-ը ոչ միայն մեռյալ, այլև անիմաստ կառույց է, որում Ռուսաստանը իր կեղտոտ սպիտակեղենը պարզաջրում է, ողջ կեղտը վայելում են «դաշնակիցները», իսկ որ ավելի վատ է՝ Հայաստանը մասնավորապես: Մենք արդեն երկար տարիներ է ինչ ինչ վայելում ենք ՀԱՊԿ-ի լռությունը և արդեն բավական է: Իհարկե հասկանալի է, որ Հայաստանի համար չափազանց բարդ կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալ, որ Ռուսաստանը երբեք Հայաստանին ազատ չի թողնի, որ մենք պարտադրված ենք ռուսների հետ բարեկամություն անելու, բայց ի՞նչ անհրաժեշտություն կա արդարացնելու Ռուսաստանին ամենուր և անընդհատ: Ո՞ր մի դաշնակիցն է այդպես վարվում, ինչպես նրանք: Պարոն Քոչարյանն ասում է, որ ռուսները կօգնեն մեր բանակը վերականգնել:

Ո՛չ: Ռուսներն առաջինն են, որ ամեն կերպ կխանգարեն հայոց բանակի հզորացմանը:  Եվ պետք չէ խոսել, թե Ռուսաստանը Հայատանին էժան գնով զենք է վաճառում: Ռուսաստանը ստիպում է, որ իրենից պարտք վերցնենք ու այդ գումարով իրենից զենք գնենք: Անկրկնելի է ուղղակի: 

Ռուսաստանին ուժեղ Հայաստան պետք չէ, ե՞րբ ենք այդ ամենը հասկանալու: Եվ ինչո՞ւ է այս ամենից հետո Քոչարյանը կրկին ամեն կերպ փորձում արդարացնել Ռուսաստանին: Կամ եթե մեղավոր չէ, ապա ինչո՞ւ են աընդհատ փորձում սրբագրել ռուսական ներկայությունը հայոց կյանքում:

Ապա փորձեք հիշել, թե քանի՞ անգամ է օգնել Ռուսաստանը Հայաստանին: Սկսած Իսրայել Օրուց՝ Ռուսաստանը միայն խորհուրդներ է տալիս, խոստումներ, խոստումներ: Եվ մենք արդեն քանի հարյուր տարի է զբաղված ենք ռուսական շահերը պաշտպանելով այստեղ: Առաջին հանրապետությունն ապրում էր, քանի դեռ Ռուսաստանն այստեղ չէր: Հենց վիճակը կայունացավ, նորից եկավ Անդրկովկաս ու ՀՀ-ն կործանվեց: Զարմանալի օգնություններ են:

Ու այդպես միշտ: Եվ ամեն անգամ մեղավոր են «երախտամոռ հայերը», մեղավոր է ցարը, մեղավոր է վատ փոխարքան, մեղավոր է բոլշևիկը, կոմունիստը: Մեղավոր են բոլորը՝ բացի ռուսական պետությունից: 

Ու հիմա Քոչարյանն ասում է, որ Ռուսաստանը կօգնի վերազինվել: Ոչ , ևս մեկ անգամ ոչ: Ասում է, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ում: Ինչի՞ համար: Որպեսզի երբ Ռուսաստանը նորից միջազգային մակարդակով կեղտոտ հարց սկսի, հայերը որպես պետություն կանգնեն նրանց կողքին, այո՞:

Մի՞թե պարզ չէ, որ քանի հայերն ու ռուսները բարեկամներ են, սեղանի հաշիվը փակելու է Հայաստանը: Մի՞թե պարզ չէ, որ քանի դեռ ռուսները «մեծ եղբայր» են, ապա մենք միշտ ստիպված ենք լինելու հնազանդ այո ասել ռուսական ավանտյուրային:

Ի վերջո մի՞թե պարզ չէ, որ Հայաստանը բարեկամներ չունի, իսկ Ռուսաստանը որպես դաշնակից էլ բանի պետք չէ: Ռուսաստանը միայնակ է մնացել: Նրա հետ քիչ թե շատ լուրջ շփումներ ունեն Չինաստանն ու Իրանը, այն էլ միայն ամերիկյան ու եվրոպական վախից: Ի՞նչ գործ ունի այս ամենում Հայաստանը, եթե ղեկավարը ռուսն է:

Արցախի պատերազմի ժամանակ ռուսական խորհուրդները գործ չդարձան, իսկ զինադադարից հետո մի քանի ժամ պետք եկավ, որ ռուսական զորքերը մտնեն Արցախ: 

Ու ամենից տխուրն այն էր, որ Քոչարյանը ոչ միայն ռուսներին նորից սրբացրեց, այլև ոչ մի խոսք չեղավ սեփական սխալների մասին: Ոչ մի տառ, ոչ մի ակնարկ: Մեղավոր են բոլորը՝ բացի իրենից ու ռուսներից:

Դե իսկ առաքելական եկեղեցու ներկայացուցչին ՀՀ նախագահ նշանակելն էլ արդեն ծաղր է: Ծաղր է հենց պետություն ինստիտուտի նկատմամբ: 

Ողջ ելույթը լի էր հակասություններով ու իրարամերժ խոսքերով: Ու այդպես էլ պարզ չէր, թե ինչ է ուզում ասել: Հերթապահ նախադասություններ, որոնք չասելու դեպքում ավելի լավ կլիներ:

Քոչարյանի ելույթը պարզապես սպիտակ աղմուկ էր, իսկ բառերը գործիք, որով սրբեցին լռությունը, ոչինչ ավելին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *