Մենք փորձառու ենք կայսրությունների հետ շփվելու հարցում: Մեզ դժվար է զարմացնել ուժով: Ի վերջո մենք կորցրել ենք ավելի շատ, քան դուք երբևէ ունեցել եք: Դուք առաջին կայսրությունը չեք, ով ծնվել է մեր աչքի առաջ:
Ռուսաստան, Մոսկվա՝ Կրեմլ
ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինին
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հաշվի առնելով այս օրերին աշխարհում և մասնավորապես Անդրկովկասում և Արևելյան Եվրոպայում կատարվող գործընթացները, նկատի ունենալով միութենական պետության մասին շրջանառվող խոսակցությունները, մենք որոշեցինք մեր ընդհանուր ասելիքը հասցեագրել Ձեզ:
Իմ հայրենակիցներից մեկը տարիներ առաջ հիմարություն ունեցավ Ձեզ նամակ գրելու, որտեղ փորձեց Ձեզ ծանոթացնել հայոց ու ռուսաց պատմության հատման որոշ կետերին ու բացատրել, թե ինչն է օգտակար Ռուսաստանի համար, ինչն է օգտակար Հայաստանի համար: Նա իր երկար ու ձիգ նամակում կես-խնդրողական, կես-համոզող տոնով փորձում էր աղերսներ գտնել Հայաստանի ու Ռուսաստանի շահերի միջև և պատմական բազմաթիվ, որքան հետաքրքիր, այդքան էլ անօգուտ փաստերով ու մեջբերումներով համոզել կամ հավատացնել ազնիվ և միամիտ տողեր:
Դրանից հետո Ձեր անունով պատասխան-նամակ շրջանառվեց հայկական մամուլում(որն իհարկե Դուք չէիք գրել, բայց եթե գրեիք, այնքան էլ հեռու չէր լինի այդ նամակից), որտեղ հանգամանալից ու պարզորոշ կերպով մի շարք պատասխաններ տրվեցին շատ հայերի հուզող հարցերի՝ այդ թվում և Արցախի, ինքնորոշման, ռուսական օգնության և այլնի մասին:
Ստիպված ենք խոստովանել, որ այդ պատասխանները զուրկ չեն տրամաբանությունից, բայց բավական կիսատ են: Մենք չենք փորձի Ձեզ ինչ որ բան համոզել կամ սովորեցնել, կամ ցույց տալ, թե ինչն է օգտակար Ռուսաստանի համար, ինչը՝ ոչ: Դա ոչ պատշաճ թեթևամտություն կլիներ մեր կողմից, քանի որ ինքներդ շատ ավելի լավ եք հասկանում ձեր օգուտն ու վնասը:
Մենք ևս:
Դուք ճիշտ եք այն առումով, որ Ռուսաստանը կայսրություն է և ունի իր կայսերական շահերը: Մենք լիովին կիսում ենք այն կարծիքը, որ ռուսական զինվորները պիտի և կկռվեն միայն հանուն Ռուսաց շահերի: Մենք նաև հասկանում և ընդունում ենք, որ ռուսական շահերը ռուսների համար այնքան թանկ են, ինչքան ամերիկյանը՝ ամերիկացիների, հայկականը՝ հայերի: Այդ իսկ պատճառով էլ, ընդունելով հանդերձ, որ Ռուսաստանն ունի իր կայսերական շահերը, մենք ուզում ենք վերահաստատել, որ Հայաստանն էլ ունի իր ազգային շահերը: Դուք իհարկե հասկանում եք, որ ռուսական կայսերական ու հայկական ազգային շահերը կարող են չհամընկնել: Այնպես ինչպես Ռուսաստանն է պատրաստ պայքարել իր շահի համար, այնպես էլ Հայաստանը՝ իր:
Իհարկե մենք գիտենք, որ ժողովուրդների բարեկամություն և պետությունների հարաբերություն ասվածն իրարից շատ հեռու և հաճախ հակադիր բևեռներ են, այդ իսկ պատճառով էլ լիահույս ենք, որ Ռուսաստանը մեզնից չի նեղանա և չի փորձի հանդիմանել, եթե մենք հայկական շահերն ավելի կարևորենք, քան հայ-ռուսական բարեկամությունը: Ճիշտ այնպես, ինչպես և մենք չենք կարող Ձեզ արգելել հետապնդել Ձեր իսկ շահերը:
Երեկ Դուք Ձեր ելույթում խոսեցիք Ուկրաինայի՝ արհեստական պետություն լինելու, Լենինի և ապակոմունիստականացման մասին: Շեշտեցիք 1921-ը, երբ Լենինը ստեղծեց Ուկրաինա պետությունը: Իհարկե մենք մի փոքր այլ կարծիք ունենք այդ մասին և ավելի շատ հակված ենք այն մտքին, որ Ուկրաինան ստեղծեց ոչ թե Լենինը, այլ Գերմանիան, որը նույնիսկ հետաքրքիր արտահայտություն ունի այդ մասին, բայց դա էական չէ: Էականն այն է, որ Դուք խոսեցիք Լենինի և նրա ու կուսակիցների կողմից կատարած անհեռատես քայլերի մասին: Խոսքը ոչ միայն Ուկրաինայի, այլև Հայաստանի մասին է: Վստահ ենք, որ Դուք քաջածանոթ եք պատմությանն ու գիտեք 1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի մասին:
Մենք ևս գիտենք, թե ինչ կատարվեց: Մենք նաև հիշում ենք, որ երբ դուք զբաղված էիք ձեր գործերով՝ հեղափոխությամբ Ռուսաստանում, մենք, չնայած բոլոր դժվարություններին ինքներս անկախություն ձեռք բերեցինք, շատ ծանր գնով և փորձում էինք ոտքի կանգնել: Մեզ մոտ ստացվեց, մինչև այն պահը, երբ դուք ձեր շահը համարեցիք կործանել մեր հանրապետությունը և մեր հողերը կիսեցիք թուրքերի հետ: Դուք այդ ժամանակ ստեղծեցիք մի քանի արհեստական պետություններ, որոնցից մեկի դեմ հիմա կռվում եք և որը ձեր իսկ ազգի մի մասն է, և ևս մի քանիսը, որոնցից մեկը ձեզ հետ ամեն ինչում համաձայն է(Բելառուս) և մյուսը, որի հետ 2020թ. նորից կիսեցիք մեր հայրենիքի մի մասը:
Երբ Դուք երեկ երեկոյան հայտարարեցիք, որ Ուկրաինան 1921թ. է ստեղծվել Լենինի կողմից, ուրախ ենք, որ պետական անվտանգության կոմիտեի նախկին աշխատակիցն այդքան լավ գիտե պատմությունը և հարց առաջացավ, թե արդյո՞ք հիշում եք, որ Լենինը ևս մեկ արհեստական պետություն ստեղծեց մեզ մոտ, որը ահա 100 տարի է, ինչ խանգարում է մեզ ապրել:
Մենք հասկանում ենք, որ դուք կայսրություն եք, իսկ կայսրությունները պետք է ծավալվեն կամ մեռնեն: Բայց մենք իրավացի կլինենք, եթե չուզենք, որ ծավալվեք նաև մեր հաշվին, ինչպես մինչև հիմա է եղել:
Թյուրիմացություններից խուսափելու համար նշենք նաև, որ մեր ազգային շահը մեզ ստիպում է հիշել ոչ միայն ռուսներին, այլև եվրոպացիներին, քանի որ մենք պատմական որոշ պահերի միամիտ ենք եղել հավատալու, որ ազգային ու կրոնական բարեկամությունը կարող է պետական շահից առավել լինել: Թերևս այդ ներելի թերություն է մեզ, որ պետություն երկար ժամանակ չենք ունեցել և մոռացել ենք պետության ու հայրենիքի տարբերությունների մասին, բայց այժմ մենք ունենք պետություն և գիտենք, թե մեր շահը ինչ է պահանջում մեզնից:
Հարգելի՛, Վլադիմիր Վլադիմիրի, թող մեր այս տողերը կասկածի տեղիք չտան, որ հայերը ռուս ազգի հետ թշնամություն են փնտրում: Ո՛չ: Մենք ճանաչում ենք ռուս ազգին, ծանոթ ենք նրա մեծություններին, հարգում ենք այդ մեծ ժողովրդին: Եվ իհարկե հասկանում եք, որ հարգելով ռուսներին մենք շարունակում ենք սիրել նաև մեզ: Եվ այդ մեզնից պահանջում է ավելի շատ մեր շահերը պաշտպանել, քան ձեզ:
Այո՛, ցավոք ձեր տիրապետության վերջին 70 տարիների ընթացքը մեզ բավական թուլացրել է և մենք հարկ եղածի պես չկարողացանք մեր անկախությունն իրացնել, թեև ազատագրեցինք մեր հայրենիքի մի հատված՝ Արցախը: Եթե ձեր կայսրության համար Արցախը միայն հողակտոր է, ապա մեզ համար՝ հայրենիք, և Դուք անձամբ հասկանում եք, որ մենք շարունակելու ենք պայքարել մեր պետության ու հայրենիքի համար:
Թույլ տվեք նկատել, որ Ռուսաստանը կայսրություն է և այդ կայսրությունը հայրենիք է տարբեր ազգերի համար: Մենք չենք ցանկանում լինել այդ հայրենիքի մի մասը, քանի որ ունենք մերը՝ Հայաստանը: Թող մեծախոսություն չթվա, բայց մեր, հազարամյակներով ձգվող պատմությունն ու կենսափորձը մեզ իրավունք է տալիս չհամաձայնվելու և ընդդիմանալու նույնիսկ ձեզ: Իհարկե այս պահին մենք չունենք անհրաժեշտ չափով ուժ և դա մասամբ ձեր շահով է պայմանավորված, իսկ մեծամասմամբ մեր իսկ մեղքով, բայց մի շտապեք Հայաստանը պարտված համարել: Մենք չափից ավելի շատ ենք տառապել, որպեսզի մեկ պարտությամբ հանձնվենք: Ի վերջո մարդկային պատմության ամենից հզորների հետ ենք ապրել, երբեմն նրանք ճնշել են մեզ, երբեմն՝ որոնել մեր բարեկամությունը, երբեմն՝ ենթարկվել մեզ: Հիմա նրանցից ոչ ոք չկա: Մենք փորձառու ենք կայսրությունների հետ շփվելու հարցում: Մեզ դժվար է զարմացնել ուժով: Ի վերջո մենք կորցրել ենք ավելի շատ, քան դուք երբևէ ունեցել եք: Դուք առաջին կայսրությունը չեք, ով ծնվել է մեր աչքի առաջ: Գիտեք, որ երկրագնդի դիրքն ու ֆիզիկական պայմանները անհնարին են դարձնում հավերժական ամեն ինչի հնարավորությունը: Հավատացեք, որ ամեն ժամանակ մի որևէ կայսրություն իրեն իրավունք է տվել տնօրինելու փոքր ժողովուրդների կյանքը և պահանջել, որ այդ փոքր ժողովուրդները հաշտվեն կայսերականության հետ: Ժամանակներն անցել են, իսկ կայսրություններից մնացել են հուշեր և մեր փորձը:
Մենք չենք ցանկանում որ այս ամենը Ձեզ համար սպառնալիք կամ թշնամական հնչի: Սա փաստ է, իսկ փաստը, ինչպես նշել է ձեր տաղանդավոր գրող Բուլգակովը, ամենից համառ երևույթն է աշխարհում:
Մենք միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ Դուք, լինելով քաջատեղյակ դիվանագետ, չեք ուզում ճանաչած լինել հայ ժողովրդի իրական չափերը: Հայաստանը Բելառուս կամ Ադրբեջան չէ: Մենք մեր պետականությունը կերտել ենք մեր կենսապահանջից ելնելով, այլ ոչ թե նվեր ստանալով ձեր կայսրության կոմունիստ ղեկավարներից: Հուսով ենք, որ Դուք հաշվի կառնեք այդ, եթե առաջիկա ժամանակներում մենք այնքան հնազանդ չլինենք, ինչպես Բելառուսը: Մեր ժողովուրդն այսօր ապրում է աշխարհի շատ երկրներում և մենք լավ ենք ճանաչում ոչ միայն ձեզ, այլև աշխարհի մյուս հզորներին: Բնականաբար մենք ունենք մեր համեմատություններն ու հաշվումները:
Հայաստանը այսպես թե այնպես ապրելու է որպես անկախ պետություն: Մենք դանդաղ, բայց հաստատ քայերով գտնում և փակում ենք մեր ճեղքերը, թեև այդ շատ ծանր է նստում մեզ վրա: Բայց մենք արդեն հասկացել ենք, որ կայսերական բարեկամությունը փոփոխական է և այլևս չենք կարող հուսալ, որ ռուսական նավը մեզ միայնակ չի թողնի, երբ հերթական անգամ ձեր կայսերական շահը պահանջի կտրուկ փոփոխություններ:
Այո՛, Դուք հավանաբար միամտություն կհամարեք, որ մենք այդքան շատ ենք խոսում աբստրակտ արժեքների մասին: Ինչ արած, մենք արևելյան ժողովուրդ ենք և մեզ համար ամենից կարևորը հոգևոր արժեքներն ու սեփական աստվածների հետ ներդաշնակ լինելն է: Այդ պատճառով մենք երբեմն կորցնում ենք իրականության զգացումը, բայց ոչ երբեք իրականությունը: Հավատացեք, որ մենք մի քանի հազար տարում սովորել ենք ամենակարևորը ՝ գոյատևելու մեծ գաղտնիքը:
Չենք զլանա ևս մեկ անգամ բարեկամաբար հիշեցնել, որ ԽՍՀՄ-յան ժամանակներն անցել են: Դժվար է այդ ընդունել, բայց հավատացեք մեզ ու մեր փորձին, ամեն ինչ իր ժամանակն ունի: ԽՍՀՄ-ի ժամանակն անցել է: Աշխարհը փոխվում է և ինչքան շուտ են ազգերը հասկանում այդ, այնքան ավելի հեշտ է լինում նրանց համար:
Մենք մի քիչ դժվար ենք սովորում, բայց երբեք չենք մոռանում:
Եվ վերջում մի բարեկամական խորհուրդ: Մի վախեցեք ժողովրդավարությունից: Մտրակի իշխանությունը կարճ է: Իսկ Դուք հիմա մտրակ եք թափահարում բոլորի դեմ: Չենք կասկածում, որ մոտ օրերս Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կճնշվի, որպեսի ստիպված լինի համաձայնվել ձեզ հետ, բայց ինչպես արդեն նշեցինք, ամեն ինչ իր սկիզբն ու ավարտն ունի: Այդ մեզ սովորեցրել են տարբեր կայսրություններ, որոնց վիթխարի փառքը համեմատական է եղել իրենց զարհուրելի անկմանը: Որևէ պատճառ չկա, որ ռուսական կայսրությունն ավելի լավը կամ ճշմարիտ համարվի, քան մինչ այս եղածները: Դուք ձեր երկիրը նաև ինչ որ առումով համարում եք Երրորդ Հռոմեական կայսրություն, իսկ ժողովրդական իմաստությունն ասում է, որ մահացածի անունը երեխային տալը վատ նշան է:
Հաղորդեք մեր ողջույնները ռուս ժողովրդին՝ հույսով, որ ավելի լավ ժամանակներում մենք կհանդիպենք որպես ժողովուրդներ, քանի որ պետական կարգավիճակներում՝ մենք տարբեր ուղիներով ենք գնում:
Մեր Ուղին
22.02.2022
Հայաստան՝ Երևան: