ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ռուս-Թուրքական Վանդակ

Այնպես ինչպես անհատ մարդու կյանքն է 40 տարեկանում ձևավորված նրա 20 տարեկանում ունեցած կյանքի ազդեցության  և հետևանքով, այնպես էլ ողջ ազգերի ու ժողովուրդների պատմությունը ոչ թե ավարտված հեքիաթ է, որն արդեն վերջացել է, այլ անընդհատ շարունակվող ու հստակ տրամաբանությամբ ընթացող:

Հրանտ Տէր-Աբրահամյան

Պատմաբան. Հրապարակախոս, «Մարտական Եղբայրություն» միաբանության հիմնադիր անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանը «Կողբ» հիմնադրամի կազմակերպած «Ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձ է կատարում չափազանց հետաքրքիր մի երևույթի՝ պատմության ընկալմանը: Հաղորդաշարը դեռևս երկու մաս ունի, որոնց մենք հերթով անդրադարձ կանենք: Այժմ ներկայացնում ենք այդ հաղորդաշարի առաջին մասի կարճ նկարագրություն-մենկաբանությունը:

Հրանտ Տէր-Աբրահամյանը հաղորդաշարի առաջին հատվածում ըստ էության նախաբան կատարեց՝ խոսելով պատմության ընկալման ու պատմություն երևույթի մասին: Եթե կարճ, ապա նա առավել պարզ ու հասկանալի ներկայացրեց այն, ինչ իր մեծածավալ «Հասու լինել պատմությանը» գրքում բացատրել է անգլիացի հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նախ ներկայացրեց հետաքրքիր տեսակետ այն մասին, որ պատմությունը պարզապես պատմություն չէ անցած գնացած օրերի կամ տարիների մասին և հանդիսանում է անընդհանտ շարունակվող ու չընդհատվող երևույթ: Այնպես ինչպես անհատ մարդու կյանքն է 40 տարեկանում ձևավորված նրա 20 տարեկանում ունեցած կյանքի ազդեցության  և հետևանքով, այնպես էլ ողջ ազգերի ու ժողովուրդների պատմությունը ոչ թե ավարտված հեքիաթ է, որն արդեն վերջացել է, այլ անընդհատ շարունակվող ու հստակ տրամաբանությամբ ընթացող: Այն ոչ թե պետք է մերժել ու կեղծել, այլ հասկանալ: Ճիշտ գործիքներով պատմությունը հասկանալ հեշտ է: Իսկ պատմությունը հասկանալը ոչ թե կարևոր է, այլ կենսական նշանակության հրատապ հարց: Կենսական է այնքանով, որ իր պատմությանը հասու չլինող և ոչ մի դաս չքաղող, հետևանքներ չարձանագրող ժողովուրդը կարող է ոչ թե մի քանի հարյուր, այլ նույնիսկ մի քանի հազար տարի էլ ապրել, բայց ոչինչ չհասկանալ, չգիտակցել ու չսովորել:

Պատմության ընկալման անհրաժեշտությունն այսօր պայմանավորված է այնքանով, որ  մենք անընդհատ բախվում ենք մեզ համար «տարօրինակ» համարվող երևույթների, որոնց տրամաբանությունը չենք հասկանում: Ու շատ է պատահում, որ մեզ համար բավական պարզ ու հասարակ դեպքեր ընկալվում են, ոչ թե և հատկապես պատմական հասկանալի տրամաբանությամբ, այլ առասպելաբանական ինչ որ բան, որը ոչ միայն դժվար է բացատրելի, այլև անհնար է և անիմաստ:

Այս հաղորդաշարը կրում է  «ռուս-թուրքական վանդակ» անունը ոչ պատահականորեն: Ինչպես նշեց Հրանտ Տէր-Աբրահամյանը, հողարդաշարի շրջանակներում շոշափվելու է հայ ժողովրդի վերջին երկու հարյուր տարին, իսկ ավելի հստակ այն հատվածը, երբ ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին ուղղակիորեն ազդել հայ ժողովրդի ճակատագրի վրա և մուտք գործեցին հայ ժողովրդի կենսատարածք:

Հրանտ Տէր-Աբրահամյանը հստակ նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները մեզ մշտապես հրամցվել են բավական միօրինակ ու միաշերտ: Ըստ այդ հարաբերությունների՝ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես եղել են թշնամական և հայերն այդ հարաբերություններում եղել են ռուսների «փոքր եղբոր» կարգավիճակում, ում ռուսները մշտապես փրկել են: Մինչդեռ պատմությունը միակողմանի չի կարող լինել, քանի որ դրա ընթացքի վրա ազդող բազմաթիվ դեպքեր, դեմքեր և իրադարձություններ կան:

Պատմաբանը նշեց, որ պատմության այդ ընկալման գործիքակազմը դեռ ավելի շուտ պիտի մշակված լիներ, բայց մենք դեռևս չենք սկսել ու չենք էլ պատրաստվում, մինչդեռ սկսելու դեպքում այդ ամենը մի քանի տասնամյակ կտևի:

Հրանտ Տէր-Աբրահամյանը խորհուրդ տվեց չսպասել մինչև պետական կառուցները կսկսեն որևէ բան անել: Պատկերացնենք, որ մենք ինքնակառավարվող հանրություն ենք և ինքներս պիտի ամեն ինչ անենք:

Հաղորդման հաջորդ հատվածում առավել տեսանելի և կոնկրետ փաստերի վերլուծություն կարվի, քանի որ առանց կոնկրետ փաստերի հնարավոր չէ պատմության հստակ ու տրամաբանված բացատրությունը:

Ամբողջական տարբերակը Հրանտ Տէր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *