Հայաստան

ՀՀ ԱԺ Կամ Սանտա Բարբարա Հայկական Ձևով

Քվեների քանակն ընդհանրապես կապ չունի: Ընդդիմությունը հենց նրանով է ընդդիմություն, որ իր քվեները ավելի քիչ են, հակառակ դեպքում նրանք կդառնային իշխանություն։

Արայիկ Մկրտումյան

ՀՀ ԱԺ-ն մշտապես աչքի է ընկել իր կասկածելի որակով ու աշխատանքային տրամաբանությամբ, բայց այս ԱԺ-ն որ ունենք, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Գաղտնիք չէ, որ դեռևս 2021թ. ձևավորված ԱԺ-ն, մինչև հիմա չի կարողանում լուծել առաջին հերթին մի պարզ ու կարևոր հարց՝ իշխանության և ընդդիմության նորմալ երկխոսություն, որի պարագայում էլ հնարավոր կլինի ինչ որ բան քննարկել, որոշել ու հասկանալ:


Այն, որ իշխանությունն ու ընդդիմությունը մշտապես կռվել են իրար հետ՝ հայտնի բան է, իսկ այն, որ ընդհանրապես չեն խոսում միմյանց հետ՝ այդ արդեն նորություն է: Տհաճ, ընդ որում:

Ընդդիմությունը խոստացել էր, որ իշխանությանը օր ու արև չի տալու: Սկզբում ամեն ինչ այդպես էլ եղավ: Օր չէր անցնում, որ փոխադարձ հայհոյանքներով չանցներ: Երբեմն էլ օրենսդիր կորպուսում իսպառ մոռանում էին, թե ինչի համար են հավաքվել ու սկսում էին իրար ծեծել կամ զվարճանալ միմյանց վրա շշեր նետելով, որից հետո իշխանության և ընդդիմության որևէ ներկայացուցիչ հանգամանալից բացատրում էր, որ իրենք ավազակների հետ աշխատել չեն կարող և որ իրենց քաղաքական հակառակորդը բանի պետք չէ: Հասարակությունը սկզբում զայրացած էր այդ ձեռնամարտերից ու հայհոյանքներից, հետո սկսեց ծիծաղել, հետո հուսահատվեց, որ ընդհանրապես ինչ որ նորմալ բան կլսի ԱԺ-ում, իսկ հիմա մի կողմ է թեքել իր հայացքն ու ավելի շատ դարդ է անում ապրանքների ամենօրյա թանկացումների պատճառով ու տեսակետներ հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի մասին:

Այնպես ստացվեց, որ ԱԺ-ում հիմա շատ ավելի քիչ են իրար հայհոյում ու ծեծում, քան մի քանի ամիս առաջ: Դրա փոխարեն հիմա իշխանությունն ու ընդդիմությունը «խռովել են» ու իրար հետ գրեթե չեն խոսում: Կա՛մ էներգիաներն է սպառվել, կամ  իրենք էլ են ձանձրացել մեկը մյուսից:

Այո՛, հիմա ԱԺ-ում հաճախ կռիվ չկա, ոչ թե այն պատճառով, որ իշխանությունն ու ընդդիմությունը խելքի են եկել, այլ որովհետև ընդդիմությունը շատ հաճախ չի մասնակցում քվեարկություններին կամ ցուցադրաբար լքում է ԱԺ նիստերի դահլիճը: 

Եվ հարց է առաջանում՝ «Էսպես մինչև ե՞րբ»: Ինչքա՞ն է դեռ շարունակվելու իշխանության ու ընդդիմության այս քաղաքական «Սանտա Բարբարան»(ավագ սերունդը երևի հիշում է այդ անվերջանալի սերիալը: Դա մի դժոխային երկար սերիալ էր, որի առաջին սերիաները դիտողներից ոչ բոլորը հասցրին ապրել մինչև սերիալի ավարտը: Սերիալն ունեցավ 2137 սերիա): Հենց հիմա էլ հայերը շատ են սիրում «Սանտա Բարբարա» անվանել ցանկացած երևույթ, որն արդեն անտանելիորեն ձգձգվել է ու համը դուրս եկել:

Մեր քաղաքական սերիալի այս ամիսներն աչքի են ընկնում խիստ ցածր էմոցիոնալությամբ: Մենք կարող ենք քննարկել իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, կարող ենք կանխագուշակել, գնահատել, բայց ի՞նչ անես, երբ այդ հարաբերություններն ուղղակի չկան: Երկրում ձևավորված քաղաքական ճգնաժամն անհետացավ առանց լուծում ստանալու: Երկրում քաղաքականությունն ինքը անհետացավ: Այսօր Հայաստանում քաղաքական գործընթացներ պարզապես չկան: 

Ամեն ինչ շատ պարզ է: Քննարկման դրվում է ինչ որ հարց: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը սրիկա է(կարճ ասած) ու որ ինքը չի մասնակցի այդ խայտառակությանը: Որից հետո ընդդիմադիրները լքում են նիստերի դահլիճը, իսկ իշխանությունը քվեարկում է ինքն իրեն ու վերջ: Ամեն անգամ նույն բանն է ստացվում:

Ծիծաղելի ոչինչ չկա:

Ինչպես ասում էր Բոնապարտը. «մեկ վատ գեներալն ավելի լավ է, քան երկու լավ գեներալը»: Հայաստանում այդ միտքը այդպես էլ իր իսկական իմաստով չի անցնում:

Կարող՞ղ է պատահել, որ իշխանական ֆրակցիան որևէ վատ բան է ուզում անել: Կարող է: Տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Ես ուզում եմ հասկանալ, թե որն է ընդդիմության դերը, եթե իշխանությունը ինչ կուզի կանի, ինչ չի ուզի՝ չի անի: Միայն թե չասեն, թե իշխանության քվեն ավելի շատ է, քան ընդդիմադիրներինը: Նրանք շատ լավ գիտեին այդ  ԱԺ մտնելիս: Ինչպես նաև չէին կարող չիմանալ, որ ընդդիմությունն ամենակարևոր ինստիտուտներից է ու առանց ընդդիմության իշխանությունը նեխում է, քանի որ չկա քննարկում, չկա արդյունք: Իսկ ընդդիմությունը սովորություն է դարձրել նեղանալն ու դահլիճից դուրս գալը:

Այդ դեպքում ո՞րն է ընդդիմության դերը: Ինչի՞ համար են նրանք աշխատավարձ ստանում: Նիստերին չմասնակցելու, թե չքվեարկելու: Էհ, շատերը կցանկանային մի քանի հարյուր հազար դրամ ստանալ, մանավանդ եթե դրա համար պահանջվում է նիստին չմասնակցել ու չքվեարկել:

Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր դժգոհություններ ունեն իշխանությունից, բայց ընդդիմությունը ոչ մի կերպ իր քաղաքական միսիան չի կատարում: Միայն բանավոր հայհոյախառը մունաթը քիչ է, որ մարդիկ երես թեքեն իշխանությունից ու գնան ընդդիմադիրների մոտ: Ինչո՞ւ ընդդիմությունը իշխանությանն անընդհատ պատին սեղմած չի պահում: Ինչո՞ւ ընդդիմությունը չի դառնում այն քաղաքական հուրը, որի միջով պիտի անցնի իշխանական ցանկացած օրինագիծ: Ինչո՞ւ ընդդիմությունն այն լրջությունը չունի, որ անկախ իր քվեների քանակից, իշխանությունն ուղղակի զգուշանա ավել-պակաս խոսելուց և հասկանա, որ դահլիճում նստած են մարդիկ, ովքեր 100 տոկոսանոց գնահատականներ են տալիս ու հասարակությանն էլ բացատրում են, թե ինչն ինչոց է: Ու այստեղ քվեների քանակն ընդհանրապես կապ չունի: Ընդդիմությունը հենց նրանով է ընդդիմություն, որ իր քվեները ավելի քիչ են, հակառակ դեպքում նրանք կդառնային իշխանություն:

Շատերն արդեն իրոք զզվել են հայաստանյան քաղաքական այս ճահիճից: Մերթ ելնում իրար են ծեծում, մերթ ընդհանրապես չեն խոսում իրար հետ: Հետո՞: Մանկապարտե՞զ է ինչ է: 

Եթե ընդդիմությունն իրոք գիտե, որ իշխանականները ոչ պրոֆեսիոնալներ են, որ անընդհատ հիմա ու վատ բաներ են անում, ապա ինչու ես, որպես քաղաքացի, ով շատ ուշադիր հետևում է ներքաղաքական գործընթացներին, չեմ կարողանում հասկանալ, որ ընդդիմությունը լավ ու ճիշտ բաներ է ասում, որ ես և իմ նման ևս մի քանի հարյուր հազարավոր մարդիկ գնանք և պատասխան պահանջենք ԱԺ իշխանականներից: 

Միակ բանը որ մենք տեսնում ենք այն է, որ կամ հայհոյում են իրար, կամ չեն խոսում: ԱԺ-ն իր դասական պառլամենտ իմաստով շարունակում է անկատար մնալ: Քաղաքական-գաղափարական քննարկումներ չեն արվում, ինչ որ տարբերություններ չեն առաջադրվում ու մատնանշվում: Իսկ այդ դեպքում արդեն հարց է առաջանում, թե մեր ինչի է պետք պառլամենտն ընդհանրապես: Ի՞նչ իմաստ ունի ունենալ ԱԺ, եթե այն իրականում սիմվոլիկ դեր է խաղում: Ու ի՞նչ իմաստ ունի քաղաքական տարբեր գաղափարախոսությունների ներկայությունը ԱԺ-ում եթե մենք այն չենք տեսնում, չենք զգում, չենք հասկանում: Ո՞ւր են իրոք քաղաքական բանավեճերը: Ո՞ւր են վեճերը պահպանողականների, ազատականների, սոցիալիստների միջև: Ի վերջո ինչի՞ համար են այդ մարդիկ հայտնվել ԱԺ-ում: 

Գուցե արդեն ժամանակն է, որ Աժ-ն դառնա ապաքաղաքական մի կառույց և այնտեղ խմբավորումները լինեն զուտ մասնագիտական: Ասենք լինի տնտեսագետների, գիտնականների, արդյունաբերողների, զինվորականների և այլ խմբավորումներ, որոնք երկրի կենսական հարցերը կքննարկեն մասնագիտական տեսանկյունից ու գործադիրին կտան իրենց որոշումները, որն էլ կգործադրի այդ ամենը: Գուցե ոմանք ծիծաղեն այս ամենի վրա՝ պնդելով, որ այս ամենը անհնարին և դիկտատորական է հնչում, բայց ոչ: Եթե ԱԺ-ում հավաքվում են մարդիկ ովքեր քաղաքական գաղափարախոսությամբ աչքի չեն ընկնում, քաղաքական կողմնորոշման բացառիկության ապացույցով կառավարել չգիտեն, ոչ էլ մասնագետ են, ապա ինչի՞ համար են եկել ԱԺ ընդհանրապես: Իրար հայհոյելո՞ւ: Մեր ժողովրդի մի գերակշիռ մասը իրար առավոտից երեկո հայհոյում է առանց որևէ կոպեկ խնդրելու:

Եթե ավելի լուրջ, ապա Հայասատանի պառլամենտն ամենա չկայացած կառույցն է: Հարցրեք միջին վիճակագրական քաղաքացու, թե պառլամենտում արդյո՞ք զգում է չափավոր ձախ պահպանողականի տնտեսական քաղաքականությունը կամ որքանով է ճիշտ համարում սոցիալ դեմոկրատական քաղաքականությունը տեղեկատվության հսկման պարագայում՝ համեմատած ծայրահեղ աջականների հետ, նրանք ապշած ձեզ կնայեն: Որովհետև երբեք չեն լսել այդ բառերն ու չգիտեն, որ ԱԺ-ում հավաքված մարդիկ իրենք իրեն համարում են հենց վերը թվարկված որևէ գաղափարախոսության մի մաս: Դեռ հարց է, թե արդյո՞ք ԱԺ-ում հավաքվածներն իրենք գիտեն աջ կենտրոնամետի ու ձախ ազատականի տարբերությունը ոչ միայն բառերով, այլև սկզբունքորեն:

Ու ի վերջո եթե ընդդիմությունը չկարողանա փաստել, որ ինքը ճշմարիտ է խոսում, եթե չկարողանա փաստել, որ իր ասածն ու արածը իրոք լավն է, չկարողանա ապացուցել ու հիմնավորել իր գոյության անհրաժեշտությունը, կարիքը, ապա ընդդիմություն չկա: Չկա ոչ թե ու միայն այս օրերի ընդդիմություն, այլ չկա որպես երևույթ, չկա որպես ինստիտուտ: Ցանկացած ընդդիմության նպատակը իշխանությունն է: Ընտրությունները հենց իշխանություն ստանալու համար են: Քիչ քվե ստացածները դառնում են ընդդիմություն և փորձում արդեն ԱԺ-ում ապացուցել, որ իրենք էին արժանի իշխանություն լինելու: Իսկ որն է մե՛ր ընդդիմության նպատակը՝ իշխանությո՞ւն, թե իշխանափոխություն: ԱՅդ բառերի տարբերությունն ահռելի է:

Բայց ինչպես ասում են, ասելը մի բան է, անելը՝ լրիվ ուրիշ, իսկ փողերը, հայտնի բան է, հոտ չունեն:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *