ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ազգայնականության Մասին Մաս 2

Ե՛վ ազգայնականությունը, և՛ հայրենասիրությունը` անձի կամ խմբի նվիրվածությունն են սեփական ազգին:

Արայիկ Մկրտումյան

Ըստ ազգայնականության հայտնի տեսաբան Է.Սմիթի ազգայնականությունը լինում է երկու հիմնական տիպի՝ տարածքային և էթնիկ։ Տարածքային ազգայնականությունը հիմնվում է քաղաքացիության հայեցակարգի վրա, իսկ էթնիկը՝ գենետիկ միասնության։ Է.Սմիթն այս երկու տիպերը, իր հերթին, բաժանում է երկու ենթատիպերի, որոնք տարանջատվում են մինչանկախացման և հետանկախացման շրջաններին բնորոշ դրսևորումներով։ Այսպես. Տարածքային (կամ քաղաքացիական) ազգայնականության երկու ենթատիպերն են

• մինչանկախացման շրջանի տարածքային ազգայնականությունը նպատակ ունի օտար նվաճողներին վտարել սեփական տարածքից, ստեղծել նոր ազգային պետություն։ Այս ազգայնականությունը կրում է հակագաղութային բնույթ

• հետանկախության շրջանի տարածքային ազգայնականության նպատակն է ստեղծել նոր «տարածքային ազգ»նորաստեղծ պետականության սահմաններում։ Սա ինտեգրացիոն ազգայնականություն է:

Էթնիկ ազգայնականության երկու ենթատիպերն են՝

• մինչանկախացման շրջանի էթնիկ ազգայնականությունը հիմնված է էթնիկ և գենետիկ ընդհանրության հայեցակարգի վրա, նպատակ ունի անջատվել խոշոր քաղաքական միավորումից և սեփական տարածքում հիմնել նոր քաղաքական «էթնո-ազգ»։

• հետանկախության շրջանին բնորոշ էթնիկ ազգայնական շարժումների հիմքում նույնպես ընկած է էթնիկ և գենետիկ ընդհանրության հայեցակարգը, բայց այն նպատակ ունի արդեն գոյություն ունեցող պետական միավորման տարածքից դուրս ապրող իրեն ազգակից խմբերին ներառել իր կազմի մեջ ստեղծելով մեկ հզոր ազգային պետություն։ Այս ազգայնականությունը կոչվում է նաև համաազգայնականություն, օր.՝ համաթուրանականություն, համասլավոնականություն և այլն:

    Միաժամանակ, քաղաքացիական (կամ տարածքային) և էթնիկ ազգայնականությունների մասին խոսելիս, Է.Սմիթը նշում է, որ իրենց դրսևորումներում «մաքուր» քաղաքացիական կամ «մաքուր» էթնիկ ազգայնականություն չկա, «ցանկացած ազգայնականություն ունի ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ էթնիկ տարրեր՝ տարբեր չափերով ու տարբեր ձև երով»։

    Իսկ ազգայնականության տեսաբան Ջ.Բրեյլիի մոտ ազգայնականությունը դասակարգման է ենթարկվել` ելնելով պետականության հանդեպ այդ շարժման ունեցած դիրքորոշումից։ Նա առանձնացնում է ազգայնականության երեք տիպ. անջատողական՝ ուղղված գոյություն ունեցող պետությունից անջատվելուն, բարեփոխական՝ ուղղված գոյություն ունեցող պետությանն ավելի ազգային բնույթ տալուն, միավորող (իռեդենտիկ)՝ ուղղված մի քանի պետությունների միավորմանը կամ որև է պետության մի մասի միավորմանն այլ պետությանը։

Ուսումնասիրողներից Մ.Հեչթերն առանձնացնում է ազգայնականության չորս տիպ.

1.                  Պետականաստեղծ ազգայնականություն (State-building nationalism), երբ պետությունը գիտակցաբար իրականացնում է մշակութային տարբեր տարածքների կամ հանրույթների ձուլման քաղաքականություն` միատարր պետականություն ստեղծելու նպատակով (որպես օրինակ կարելի է բերել «օսմանյան ազգի», «սովետական ժողովրդի» կամ «ամերիկյան ազգի» կերտման, թերև ս չհաջողված, գործընթացները):

2.                  Ծայրամասային (գավառական) ազգայնականություն (Peripheral nationalism)։ Այս տիպը ծայրամասերում ապրող մշակութային կամ այլ առանձնահատկություններ ունեցող հանրույթների կենտրոնից անջատվելու ձգտումն է՝ սեփական ինքնավարությունը կամ պետությունը ստեղծելու նպատակով (օրինակ, Քվեբեկը՝ Կանադայից, Կատալոնիան՝ Իսպանիայից, Շոտլանդիան՝ Անգլիայից, Աբխազիան և Հարավային Օսիան՝ Վրաստանից և այլն):

3.                  Իռեդենտիկ ազգայնականություն (Irredentist nationalism), երբ որև է պետություն ցանկանում է իր տարածքը մեծացնել ի հաշիվ իրեն սահմանակից պետության, որտեղ բնակվում են իր արյունակից էթնիկ հանրույթները (օրինակ՝ Հյուսիսային Իրանում բնակվող ադրբեջանցիները Ադրբեջանի համար, նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող թյուրքալեզու ազգությունները Թուրքիայի համար և այլն):

4.                  Միավորող ազգայնականություն (unification nationalism), երբ երկու քաղաքականորեն անջատ, բայց մշակութային տեսակետից իրար նման միավորներ ձգտում են քաղաքական միավորման մեկ պետականության սահմաններում (օրինակ՝ տրոհված գերմանական իշխանությունների միավորումը մեկ պետության սահմաններում՝ 1871թ., Իտալիայի միավորումը՝ 1860թ., ներկա փուլում ՀՀ և ԼՂՀ վերամիավորումը և այլն):

Փաստորեն, ուսումնասիրողների մոտ ազգայնականության դասակարգումը տարբերվում է դասակարգման համար որդեգրած չափորոշիչների բազմազանությամբ։ Եթե Է.Սմիթն առաջնորդվում է ազգայնականության հայեցակարգային հիմքերով, Ջ.Բրեյլին՝ պետականության հանդեպ ունեցած դիրքորոշմամբ, ապա Մ.Հեչթերը՝ շարժման նպատակներով։ Այդուհանդերձ, մեթոդաբանական այս բազմազանությունը մեծապես հարստացնում է ազգայնականության տեսական ուսումնասիրությունը:

Ե՛վ ազգայնականությունը, և՛ հայրենասիրությունըանձի կամ խմբի նվիրվածությունն են սեփական ազգին: Տարբերությունն այն է, որ ազգայնականությունը լրացվում է ազգային ինքնագիտակցության տարրերի վերլուծության ու վերհանման վրա հիմնված գաղափարաբանություններով, որոնք ընդգծում և առաջնային են համարում սեփական ազգի արժեքներն ու շահերը, քաղաքական ու մշակութային բոլոր իրողությունները դիտում են, նախ և առաջ, այդ արժեքների ու շահերի տեսանկյունից, ըստ այդմ էլ ծրագրում են համազգային գործունեությունը կամ հակազդեցությունը:

    Եթե ազգը ճնշված է և անիրավված, գտնվում է ինքնապաշտպանական դիրքերում, ապա ազգայնականությունը և հայրենասիրությունը ձուլվում են` ծնունդ տալով հայրենիքի ազատության և բարօրության համար պայքարին, ընդհուպ մինչև անձնազոհության դիմելը:

  Աշխարհաքաղաքական այլ միջավայրերում և իրավիճակներում, երբ սեփական ազգի ընտրյալության կամ առավելության մասին հավատալիքները կամ հատուկ մշակված տեսությունները փորձում են պարտադրել ենթական ազգերին, սեփական ազգի բարօրությունը նվաճել այլազգիների դաժան շահագործման, ճնշումների և նույնիսկ ոչնչացման միջոցով պետք է խոսել այլևս ո՛չ թե ազգայնականության, այլ ընդամենը ազգայնամոլության ու ֆաշիզմի մասին: 

Եթե մենք փորձենք համեմատական անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության հասցեին հնչող նացիստա-ֆաշիստական էությանը, համեմատել գերմանական նացիզմի, իտալական ֆաշիզմի և հայկական ազգայնականության միջև, մեր համար շատ հարցեր շատ ավելի պարզ սկզբունքներով հայտնի կդառնան, քանի որ մենք արդեն իսկ խոսեցինք ազգայնականության տարբեր տեսակների ու դրևսորումների մասին:

Եվս մի կարևոր ու էական տարբերություն: Ազգայնականության բոլոր ձևերը, ինչքան էլ կտրուկ կամ բարդ լինեն ընկալման ու դրսևորման տեսանկյունից, միևնույն է այն հակադրվելու է բոլոր տեսակի գլոբալիզմներին, լինի այն խորհրդային, տեխնոլոգիական թե կայսերական: Ռուս-ուկրաինական պատերազը պետք է նաև այս տեսանկյունից դիտարկել:

Հաջորդ մասերում մանրամասն կքննարկենք ֆաշիզմի և ռասիզմի դրույթները, ավելի լավ պատկերացումներ կազմելու համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *