Հայաստան

Հայաստանն Ու Սիլիկոնյան Հովիտը

Հայաստանն ունի այդ պոտենցիալը: Հայաստանն ունի այն մարդկային ռեսուրսը, որն ի վիճակի է Հայաստանը տնտեսական դժոխքից վերածել տնտեսական դրախտի:

Արայիկ Մկրտումյան

Մեզնից շատերն են լսել Սիլիկոնյան հովտի մասին, բայց ոչ բոլորը պատկերացում ունեն, թե ինչ է այդ նշանակում: Սիլիկոնյան հովիտը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում է և այնտեղ գտնվում են հազարավոր նորաստեղծ ընկերություններ, ինչպես նաև աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնները: Սիլիկոնյան հովիտը դրախտ է համարվում բիզնես գաղափարների ու ընդհանրապես նորամուծությունների կայացման համար, քանի որ այնտեղ կա ամենակարևորը՝ ուշադրություն նորության նկատմամբ: Հաշվի առնենք այն, որ ժամանակակակից աշխարհում ամենից թանկ է գնահատվում ժամանակն ու մարդկային ուշադրությունը: Եթե կաորղացար այնպես անել, որ մարդիկ իրենց ուշադրությունը հատկացնեն քեզ, ապա դու արդեն իսկ հաղթանակի կեսն ունես: Սիլիկոնյան հովիտը ոչ միայն ուղղակի նորարարական բիզնեսի ու ստարտափի կայացման ոլորտ է, այլև, ըստ էության, ամերիկյան նորամուծությունների ու ողջ աշխարհի պոտենցիալը ձգող մարմին: Սիլիկոնյան հովիտն այն հսկայական արդյունավետությունն ունի, որով ողջ աշխարհը ձգտում է դեպի այնտեղ և ունի ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական մեծ պոտենցիալ, որը հաջողությամբ կայանում է: Հյուսիսային Կալիֆորնիան ԱՄՆ հիմքերից մեկն է դարձել:

Հիմա գանք Հայաստան: Այստեղ շատ քիչ է ուշադրություն դարձվում նորարարություններին: Խոսքն իհարկե այն ակնկալիքի մասին չէ, որ այստեղ ստարտափի տենդ սկսվի, բայց ապշել կարելի է այն դանդաղկոտությունից, որ ցուցաբերվում է Հայաստանում ստարտափների ու նորարարությունների վերաբերյալ ընդհանրապես:

Նախ մի քանի համեմատություն: 2018թ. նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանն ուներ թվով հինգ աշխատող և հաջողված ստարտափ, այն դեպքում, երբ  Մոզամբիկում՝ 25, Նիգերիայում՝ 505, Պակիստանում 88, Տանզանիայում՝ 16, Ուգանդայում՝ 63, Թուրքիայում՝ 226, Ադրբեջանում՝ 145, Անգոլայում 27, Բելառուսում՝ 37:

Հասկանո՞ւմ եք, թե ինչ է սա նշանակում:

Ես հատուկ առանձնացրել եմ այս երկրները՝մի քանի պատճառով:

Մենք սովորաբար համարում ենք, որ աֆրիկյան երկրները դեռևս հին քարի դարում են ապրում, մարդակերներ են և դեռ կրակը չեն հայտնագործել: Մենք աֆրիկացիներին ընդհանրական ծաղրում ենք և նրանց մասին մեր վերաբերմունքը կամ արհամարհական է, կամ  ծաղրալից, մինչդեռ վերը նշած աֆրիկյան երկրները Հայաստանից ավելի շատ հաջողակ ու աշխատող ստարտափներ ունեն: Նույն կերպ և համեմատական տանենք մեր թշնամիներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Մենք չափից ավելի շատ ենք թերագնահատում մեր թշնամիներին ու չափից ավելի անհոգ են այնտեղ, ուր պետք է շատ ավելի մեծ մտահոգություն ունենանք: 2020թ. պատերազմը հենց դրա ապացույցն էր: Եթե 2020-ը ցույց տվեց մեր ռազմա-տակտիկան ու քաղաքական-դիվանագիտական խնդիրները, ապա վերը նշված ցուցանիշները մեր տնտեսական ցուցանիշների մասին բավական լուրջ և վտանգավոր աստիճանի խնդրահարույց են: Հայաստանում երբ խոսում ենք ստարտափի մասին, սովորաբար հասկանում են հեռախոսային ծրագրերի կամ ռոբոտաշինության, կամ որևէ նման բան, մինչդեռ ստարտափը չի նշանակում, թե անպայման ամեն ինչ պիտի տեխնոլոգիական ոլորտում տեղավորվի: Ստարտափը կարող է վերաբերվել ցանկացած ոլորտի՝ անասնապահությունից սկսած մինչև ոռոգման համակարգեր կամ պաղպաղակի արտադրություն, քանի որ ստարտափ՝ StartUp, նշանակում է սկիզբ, այսինքն սկիզբ որևէ հարցի նկատմամբ: 

Հայաստանում դեռևս չեն կարողանում գիտակցել, որ հաջող ստարտափային մշակույթը բազում հարցեր կլուծի՝ թե տնտեսապես, թե ռազմա-անվտանգային, առողջապահական և այլն, մի խոսքով ցանկացած թեմայի վերաբերյալ նորություն և նորարարություն:

Վերադառնանք Կալիֆոռնիա:

Ըստ 2006 թվականի ամերիկյան էլեկտրոնային ասոցիացիայի (AeA) կողմից կատարված հետազոտությունների Սիլիկոնային հովիտը ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների երրորդ խոշոր կենտրոն նէ Նյու Յորքի և Վաշինգտոնի կենտրոններից հետո՝ 225,300 բարձր տեխնոլոգիական աշխատատեղերով։ Ծովածոցի ամբողջ տարածքը, այնուամենայնիվ, որի մի մասն է կազմում Սիլիկոնային հովիտը, կարող է համարվել առաջինը իր շուրջ 387,000 աշխատատեղերով։ Սիլիկոնային հովիտն ունի ամենաբարձր միջին աշխատավարձը՝144,800 դոլար։ Հիմնականում բարձր տեխնոլոգիական սեկտորի շնորհիվ Սան Խոսե-Սանիվալ-Սանտա Կլարա մեգապոլիսի վիճակագրական գոտու տվյալներով այստեղ են ապրում ԱՄՆ միլիոնատերերի և միլիարդատերերի գերակշռող մասը մեկ շնչի հաշվով։ Տարածքը ԱՄՆ խոշորագույն բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ձեռնարկությունն է ։ 2009 թվականի հունվարի տվյալներով տարածքում գործազրկությունը կազմում էր 9,8 տոկոս, նախորդ ամսվա 7,8 տոկոսի համեմատությամբ։ 2011 թվականին Սիլիկոնային հովիտը ստանում էր ԱՄՆ ողջ վենչուրային ներդրումների 41 տոկոսը, իսկ2012 թվականին՝ 46 տոկոսը։

Վերը նշված թվերը գնալով աճում  են և բազմապատկում թե՛ ԱՄՆ հարստությունն ու հզորությունը, թե ստարտափերների ու նրանց հետ համագործակցողների ունեցվածը:

Այստեղ են գտնվում ընկերություններ կամ նրանց գլխամասեր, առանց որի ժամանակակից աշխարհը շատ դժվար է պատկերացնել: Պատկերը պարզ լինելու համար ներկայացնում եմ այդ ընկերություններից մի քանիսը՝

Adobe Systems, Advanced Micro Devices (AMD), Agilent Technologies, Alphabet Inc. Apple Inc. Applied Materials, Brocade Communications Systems, Cisco Systems, eBay, Electronic Arts, Facebook, Google, Hewlett Packard Enterprise, HP Inc., Intel, Intuit, Juniper Networks, KLA Tencor, Lam Research, Lockheed Martin, LSI Logic, Marvell Semiconductors, Maxim Integrated Products, National Semiconductor, NetApp, Netflix, Nvidia, Oracle Corporation, Riverbed Technology, Salesforce.com, SanDisk, Sanmina-SCI, Symantec, Tesla Motors, Visa Inc., VMware, Western Digital Corporation, Xilinx Yahoo!.

Փորձեք ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց այս ընկերությունների: Անհնար է: Անհնար է, որովհետև այս ընկերություններից շատերը դարձել են մեր առօրյայի մասը և ժամանակակից մարդու կյանքի ու աշխատանքի պարտադիր հատվածներն են: 

Այս ընկերությունները ոչ միայն ֆինանսական հաջող օրինակներ են, այլև զարգացման, մոտիվացման և նույնիսկ քաղաքական գործիքներ: Ֆեյսբուքը միայն սոցիալական ցանց չէ, որ մարդիկ իրար գրեն և խոսեն: Ֆեյսբուքն ապշեցուցիչ օրինակ է այն բանի, որ լիովին անվճար լինելով ստանում է գերշահույթ՝ գովազդի հաշվին: Ի՞նչ հնարավորություն է տալիս Ֆեյսբուքը: Շփում: Եվ մարդկանց տեղավորելով թվային իրականությունում, դրա տերերը ոչ միայն հսկայական գումարներ են աշխատում, այլև վերահսկում, ղեկավարում: Եվ այդ ամենն անվճար: Ահա թե ինչ է նշանակում հաջողակ և նորարարական միտք:

Հայաստանում սարսափելի վիճակ է այդ առումով: 

2020թ. պատերազմում պարտությունը ջրի երես հանեց այն բոլլոր խնդիրները, որ մենք ունեինք, բայց ցանկանում էինք չնկատել: Մենք ևս մեկ անգամ հասկացանք, որ առանց տնտեսության, անհնար է դիմանալ, պայքարել, իսկ տնտեսության կայացման համար հստակ և աշխատող մեխանիզմներ են պետք: Եթե Հայաստանում մարդիկ շարունակեցին ապրել արդեն անպիտան հին մեխանիզմներով ու սկզբունքներով, հայկական պետության կործանումն անխուսափելի է լինելու: 

Ես ցանկանում եմ նշել ոչ միայն խնդիրների, այլև հնարավորությունների մասին: Կարելի է ասել մեկ բառ և բոլորը կհասկանան, թե խոսքն ինչի մասին է:  

PicsArt.

Այս անունը շատերին է ծանոթ: Այն արդեն մլրդ-ոց ընկերություն է, ստեղծված հայերի կողմից; Լինելով շատ որակյալ և հետաքրքիր ստարտափ, նրա արտադրանքը շատ արագ ջերմ կողմնակիցներ հավաքեց ողջ աշխարհում: 2012 թվական` առաջին տարվա ընթացքում ծրագիրը ներբեռնել են 35 միլիոնանգամ: Սա իրոք տպավորիչ արդյունք է:

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի Սիլիկոնյան հովիտը: Հայաստանը կարող է ու պետք է դառնա զարգացած և ուժեղ: Այլընտրանք չունենք: Այլընտրանքը մահն է:

Սա նաև լավ օրինակ է, որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը: Հայաստանն ունի այն մարդկային ռեսուրսը, որն ի վիճակի է Հայաստանը տնտեսական դժոխքից վերածել տնտեսական դրախտի: Մեր միակ ռեսուրսը մենք ենք: Դա մեր անեծքն է ու մեր օրհնությունը: 

Մենք իրոք պետք է ուշքի գանք, այլապես արդեն ոչինչ չենք ունենա կորցնելու, որովհետև ոչինչ չենք ունենա՝ բառի բոլոր իմաստներով:

Եվ վերջում առաջարկում ենք ծանոթանալ բավական հետաքրքիր և խոստումնալից մի նյութի՝ Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *