Հայաստան

Ռուս Թուրքական Վանդակ

Հայերն իհարկե տեղյակ չէին, որ ռուսները ցանկանում են այդ տարածքները բնակեցնել ռուսներով, ավելի կոնկրետ՝ կազակներով: Նպատակ կար ստեղծել այսպես կոչված «եփրատյան կազակներ», որոնք պետք է Արևմտյան Հայաստանում ապահովեին ռուսական լոյալ բնակչություն։

Հրանտ Տէր- Աբրահամյան

Մաս յոթերորդ

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության համահիմնադիր Հրանտ Տէր-Աբրահամյանի «Ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարի յոթերորդ մասը:

Նախորդ անգամ մենք կանգ էինք առել՝ խոսելով 1916թ. մասին, երբ ռուսները մեծ մասամբ գրավել էին Արևմտյան Հայաստանը, որն արդեն հայաթափված էր: Այս հատվածում Հրանտ Տէր-Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչ էր կատարվում կովկասյան ճակատում հայերի հետ:

Սկսենք նրանից, որ 1915թ. վերջերին, երբ ռուսներն իրենք իրենց հաշվարկներով արդեն իսկ հասկացել էին, որ արևմտյան ճակատը կայունանում է և ռեալ հնարավորություն կա բեկում մտցնել նաև կովկասյան ճակատում, նրան սկսեցին մի գործընթաց, որը անակնկալ եղավ հայերի համար: Խոսքը գնում է հայկական կամավորական գնդերը ցրելու մասին: Դրանք այն գնդերն էին, որ կամավորական հիմունքներով ձևավորվել էին ռուսական բանակի առաջխաղացումն ապահովելու, ռուսական բանակին օգնելու համար: Ռուսները շատ լավ հասկանում էին, որ այդ կամավորական գնդերը ապագայում դառնալու են հայկական նոր ձևավորվող բանակի հիմքը և դա թույլ տալ չէին կարող: Հայկական կամավորական գնդերը ցրվեցին, և նրանց փոխարեն կազմվեցին հայկական հրաձգային գումարտակներ:

Հիմանական տարբերությունն այն էր, որ եթե կամավորական գնդերը քիչ թե շատ ինքնուրույն էին, ապա հրաձգային գումարտակները արդեն ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումներ էին ու հնարավորություն չունեին ընդհանրապես ինքնուրույն վճիռներ կայացնելու կամ սեփական նախընտրությամբ մարտ վարելու: Այնտեղ արդեն ռուսական աշխարհայացքի ու հոգեբանության կրող հայ հրամանատարներ էին:

Հայկական գործիչների համար այդ կամավորական ջոկատների ցրումը անակնկալ էր, և նրանք արդեն չէին թաքցնում դժգոհությունները, բայց ոչինչ անել հնարավոր չէր: Հրանտ Տէր-Աբրահամյանն ասաց, որ իրականում պետք չէր զարմանալ, քանի որ հայերն արդեն իսկ դրանից առաջ բավական շատ հակահայ իրադարձությունների էին ականատես եղել ռուսական վերանախավին վստահելու ու նրանց հետ հույսեր կապելու համար:

Կամավորական ջոկատների ցրումից բացի էլի մի բան կատարվեց, որ շփոթություն և ավելի մեծ զարմանք առաջացրեց հայերի շրջանում: Ռուսական կովկասյան բանակի գլխավոր շտաբի կողմից արձակված հրամանով ցեղասպանությունից փրկված արևմտահայերին արգելվեց վերադառնալ Արևմտյան Հայաստան: Որպես պատճառ առաջ քաշվեց բավական ծիծաղելի և անհասկանալի բան: Ըստ այդ պատճառաբանության՝ վերադարձող արևմտահայերը կարող էին սեփականացնել կամ յուրացնել թուրքերին ու քրդերին պատկանող հողերը և թուրքերը չէին կարողանա ապացուցել, որ այդ հողերն իրենցն են: Այս ամենը հաստատում էր, այն որ ռուսները Հայաստանը ցանկանում են ունենալ առանց հայերի: Հայերն իհարկե տեղյակ չէին, որ ռուսները ցանկանում են այդ տարածքները բնակեցնել ռուսներով, ավելի կոնկրետ՝ կազակներով: Նպատակ կար ստեղծել այսպես կոչված «եփրատյան կազակներ», որոնք պետք է Արևմտյան Հայաստանում ապահովեին ռուսական լոյալ բնակչություն: 
Ռուսները, ինչպես և 1800-ականներին, երբ մուտք էին գործում տարածաշրջան, նրանք ցանկանում էին լեզու գտնել ոչ թե հայերի, այլ մահմեդական բնակչության հետ:

Կա մի հետաքրքիր բովանդակությամբ գրություն՝ բաց թողնված ռուսական ռազմածովային դեպարտամենտից, ըստ որի իրենց առաջնային նպատակը պետք է լինի լոյալություն ապահովել մահմեդական բնակչության մոտ:

Դրանից բացի 1916թ. ֆրանսիական դեսպանին ի պատասխան, երբ վերջինս հարցնում էր, որ արդյո՞ք ճիշտ է, որ ռուսները հայերին ինքնավարություն են խոստացել, ռուսական ԱԳ նախարար Սազոնովը պատասխանում է. «Հայերի հետ խոսակցությունները բացառապես ակադեմիական մակարդակի են», այսինքն ոչ մի պարտավորվածություն, այլ տեսական մակարդակի քննարկում:

Հրանտ Տէր-Աբրահամյանը հիշեցրեց, որ առաջին համաշխարհային պատերազմում հայերին կոտորելու համար թուրքերը առաջ էին բերում պատճառ, որ իրենց քաղաքացիներ հանդիսացող արևմտահայերը ռուսական բանակի կազմում պատերազմում են իրենց դեմ:

Հրանտ Տէր-Աբրահամյանը անդրադարձավ այն բանին, որ հայերի սպասումները անկախության կամ ինքնավարության հաշվով այսպես, թե այնպես չէին արդարանալու ու ռուսական արտաքին քաղաքականությունն այդ պահին գնում էր իր նախընտրած ուղով և հավանաբար «եփրատյան կազակներ» ծրագիրը իրականություն կդառնար, եթե 1917թ. չլիներ հեղափոխությունը:

Ամբողջական տեսանյութը՝


https://www.facebook.com/koghbfoundation/videos/2137186083117492/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *