Հայաստան

Երևանը Փորձում Է Ժամանակ Շահել

Միակ անգամը, որ քննարկվել է Արցախի միացումը Հայաստանին, Քի Ուեսթն էր, որն էլ սակայն իր մեջ ընդգրկում էր Մեղրիի փոխանակման հարցը:


Հակոբ Բադալյան

FreeNews-ի հյուրն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Զրույցի հիմնական թեման եղել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ միջազգային հանրությունը մեզնից ակնկալում է, որ մենք մի փոքր իջեցնենք մեր նշաձողերը Արցախի կարգավիճակի հետ կապված:

Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ հայտարարությունն անակնկալ չէր այն բոլոր մարդկանց համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են բանակցային գործընթացին և տեղեկացվածություն ունեն, թե ընդհանրապես ինչպես է ընթացել այդ ամենը: Այստեղ շոկի ազդեցության մասին խոսելն այնքան էլ հարմար չէ ու հիմնական խնդիրը ոչ թե հայտարարությունն է, այլ այն, որ հասարակությունը որպես այդպիսին լայն քննարկումներ երբեք չի արել այդ հարցով, չի տեղեկացվել և հիմնականում Հայաստանում բավական ցածր մակարդակ կա այդ թեմայի մասին տեղեկացվածությամբ: 

Հիմնականը, որ այստեղ կարևոր է, այն է, որ ի վերջո պետական ամբիոնից հայտարարվում է այն, ինչև միշտ էլ քննարկվել է, և հենց դա է հասարակական լայն զանգվածներին շփոթմունքի մատնել: Իսկ քաղաքական ուժերը ոչ թե պիտի փորձեն պարզապես հայտարարությունների մակարդակով խուսափել պատասխանատվությունից, այլ իրոք հանրային քննարկումներ սկսեն և հստակ ու պարզ խոսեն հասարակության հետ:

Հակոբ Բադալյանը նշեց, որ բանակցություններում երբեք էլ Արցախի անկախության հարց չի քննարկվել, գրեթե բոլոր բանակցություններում Արցախի կարգավիճակը ենթադրել է վերադարձ Ադրբեջանի կազմ: Միակ անգամը, որ քննարկվել է Արցախի միացումը Հայաստանին, Քի Ուեսթն էր, որն էլ սակայն իր մեջ ընդգրկում էր Մեղրիի փոխանակման հարցը: Քի ՈՒսեթը, որ այսպես ասած ամերիկյան «ոճով» առաջարկ էր չընդունվեց, իսկ դրանից հետո միշտ էլ Արցախի հարցը քննարկվել է այդ համատեքստում:

Հակոբ Բադալյանը նշեց, որ հիմա Երևանը ամենակարևորը, որ պիտի անի, խուսափի բեկումնային որոշումներ ընդունելուց: Ընդհանուր առմամբ դրա անհրաժեշտությունը հիմա չկա էլ ու Երևանին պետք է ժամանակ շահել, հասկանալու համար, թե ապագան ինչ ուրվագծեր է ստանում:

Մենք պետք է հասկանանք, որ Կովկասից չեն հրաժարվել ո՛չ Արևմուտքը, ոչ էլ Ռուսաստանը, բայց մեր ակնկալիքները ԵՄ-ից, չափից ավելի շատ են: ԵՄ-ն չունի չի ունենալու այն դերը, որ մենք ակնկալում ենք:: Արևմուտքը միայն փորձում է մնալ խաղի մեջ ու առայժմ ավելի շուտ դիտորդի դերում է:

Հակոբ Բադալյանը հետաքրքիր անդրադարձ արեց, ասելով, որ Ռուսաստանում իշխանափոխության ժամանակ հարց էր դրված, թե Ելցինի իշխանությունը որ թևին պիտի փոխանցվի, ավելի լիբերալ, թե պահպանողական: Ընտրությունը կատարվեց պահպանողականների օգտին: Արևմուտքը Կովկասի հարցը թողեց ռուսական պատասխանատվության տակ: Ռուսները չէին կարող հրաժարվել այդ հարցից, բայց տանել ևս չեն կարողանում: Հիմա միջազգային հանրությունը գերզբաղված է Ուկրաինայով: Ոչ միայն նրա համար, որ դա պատերազմ է, այլև այն, որ այդ պատրազմը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների տանող մի երևույթ է, որի հետևանքներն անկասկած զգացվելու են նաև այստեղ: Հենց դրա համար էլ մենք առայժմ պետք է փորձենք ժամանակ շահել:

Արցախի նախագահի հայտարարությունը առ այն, որ Արցախը գուցե սկսի ուղիղ շփում Ռուսաստանի հետ, Հակոբ Բադալյանը ասաց, որ չի բացառվում, որ Արցախի այդ տրամադրությունները գուցե ուղղորդվեն Ռուսաստանից: Ու նաև այս ամենը լավ շանս է, որ Հայաստանը և Արցախը դադարեն մեկը մյուսի քաղաքական կցորդը լինել և ավելի լայն հնարավորություններ ունենան քաղաքական ճկունության առումով: Մի բան, որ ցանկանում է նաև ԵՄ-ն:

Հիմա շատ կարևոր է նաև սերդնափոխությունը Արցախում: Հակոբ Բադալյանն ասաց, որ այնտեղ հրաշալի երիտասարդ սերունդ կա, բայց դեռևս չափից ավելի քիչ ու փոքր են այդ փոփոխությունները մինչդեռ այդ ամենը շատ է պետք: 

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *