Հայաստան

Ինքնախաբեությունը Որպես Հայրենասիրություն

Եթե ընդդիմությունը իրոք հայրենասեր ընդդիմություն է, ապա նա պետք է օգներ իշխանությանը հենց սկզբից ու միանգամից հող հանձնել-չհանձնելու պրովոկացիայով չսկսեր իր քաղաքական պահվածքը։

Աղասի Թադևոսյան

FactorTV-ի հյուրն է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել այս օրերին տիրող իրավիճակին: Քննարկվել է, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը և նաև այն, թե ինչ վերաբերմունք ու պահվածք ունեն այս կամ այն քաղաքական ուժերը:

Աղասի Թադևոսյանը նշեց, որ շատ ցավալի է, որ նման լրջագույն ժամանակաշրջանում քաղաքական վերնախավերն իրադրությանը համարժեք չեն։ Իրենց արարքներին, իրենց բանավեճին շատ բարդ է ասել «բանավեճ»՝ չափազանց անլուրջ խոսքային կռիվներ են։ Եվ բարդ է հասկանալ, թե այսպիսի բարդագույն ժամանակաշրջանում Հայաստանի համար այդքան կարևոր խնդիրն ինչպես կարող է լուծում ստանալ, որովհետև քաղաքական վերնախավերն են այդ լուծումը տալիս։

Խոսելով իշխանություն-ընդդիմություն երևույթների մասին, պրն. Թադևոսյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը ևս բավական մեծ չափով մանիպուլյատիվ պահվածք ու գործողություններ ունի, բայց նրանք այս պահին ավելի անկեղծ են իրենց պահվածքում և դիրքորոշման մեջ: Այսօր քաղաքական մեծամասնությունը ուզում է պահել իր իշխանությունը և ստիպված է դրա համար նաև զբաղվել այն խնդիրներով, որը կենսական նշանակություն ունի Հայաստան պետության համար:

Որպես օրինակ խոսելով ընդդիմության մասին, ազգագրագրետն անդրադարձավ ընդդիմության պահվածքին որպես սկզբունք, ասելով, որ եթե ընդդիմությունը իրոք հայրենասեր ընդդիմություն է, ապա նա պետք է օգներ իշխանությանը հենց սկզբից ու միանգամից հող հանձնել-չհանձնելու պրովոկացիայով չսկսեր իր քաղաքական պահվածքը: Այն տպավորությունն է, որ անգամ պատերազմի ժամանակ ընդդիմությունը դեմ չէր, որ այդ պատերազմում քաղաքական վերնախավը պարտություն կրեր: Նոյեմբերի 9 գիշերը լույս 10-ին, ընդդիմության ներկայացուցիչներից են նաև մասնակցել ջարդել-փշրելու գործունեությանը: Ինչո՞ւ էին դա անում, որովհետև ունեին իշխանությունը հետ բերելու, սեփական ունեցվածքը հետ բերելու խնդիր: Ընդդիմության և հայ ժողովրդի շահերը չեն համընկել:

Համեմատության համար, թե ինչով են տարբերվում ասյօրվա իշխանությունն ու ընդդիմությունը, Աղասի Թադևոսյանն ասաց, որ ինքը որպես քաղաքացի անցել է 1988-ից սկսած բազում շարժումների միջով՝ և՛ ազգային, և՛ քաղաքացիական, կարող է ասել որ ընդդիմությունն ու իշխանությունն անհամարժեք ուժեր են։ Ընդդիմությունը բացարձակապես զբաղված է միայն ու միայն մանիպուլացնելով իրավիճակը, և դա չափազանց անլուրջ է: Պետք չէ սեփական ինքնախաբեությունը հայրենասիրության տեղ վաճառել:

Ինչ վերաբերվում է ինտեգրացմանը, իսկ ընդդիմությունը սիրում է ասել ինտեգրացիա, այդ ամենը հենց պետության ողնաշարը ջարդող դավաճանական պահվածք է, թող իզուր ինտեգրացիա բառով չփորձեն ներկայացնել այն ռեալ գաղութացման վտանգը, որ այսօր ունենք: Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում կասկած չկա սեփական ինքնիշխանության մասին:




Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *