Ֆորմալ իմաստով պատմությունը կա, դեպքերի հերթականությունը հայտնի է, գործող անձինք հայտնի են եւ այլն: Բայց բովանդակային, իրական իմաստով պատմություն չկա: Խոսքն այն մասին է, թե ի՛նչ է պատմվում որպես պատմություն՝ անցյալի դեպքերի ներքին տրամաբանությունը, վերապրումը, սյուժեները: Այլ կերպ ասած՝ պատմության «կինոն»:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Պե՞տք էր արդյոք 1920-ին հանձնվել բոլշեւիկներին
(մաս Ա)
100 տարի առաջ՝ 1918-21 թթ. Հայաստանում տեղի ունեցած դեպքերը կենդանի քաղաքական դասագիրք են այնպիսի մեծ արժեքի, որ եթե նույնիսկ չլիներ, կամ չիմանայինք դրանից առաջ ու հետո տեղի ունեցածը, միայն այդ երկու տարվա դեպքերի քննական պատմությունն ունենալով՝ կարող էինք այլեւս կարիքը չունենալ քաղաքագիտության որեւէ ձեռնարկի: Ցավոք, այդ դասագիրքը դեռեւս անընթեռնելի է մեզ համար, կոդավորված է եւ գաղտնազերծված չէ:
Մենք՝ հայերս, պարտված ազգ ենք, պարտվել ենք ուղիղ 100 տարի առաջ մեր նոր պատմության ամենավճռական կռվում՝ 1920-ի հայ-թուրքական պատերազմում, եւ այդ պարտության հետեւանքների մեջ ցայսօր ապրում ենք եւ դեռ կապրենք բավականին երկար ժամանակ: Այս պարտությունը միայն մասամբ է սրբագրվել 1994-ի եւ 2016-ի Ղարաբաղյան պատերազմներում հաղթանակներով: Պարտվելը միայն ռազմական խնդիր չէ: Եվ պարտության հաղթահարումը միայն ռազմական խնդիր չէ, այլ համապարփակ՝ քաղաքական, մշակութային, գիտական, շատ ավելի լայն ու խոր, քան կարելի է պատկերացնել:
Պարտվածները նախ զրկվում են իրենց պատմությունից
Ոչ ֆորմալ իմաստով: Ֆորմալ իմաստով պատմությունը կա, դեպքերի հերթականությունը հայտնի է, գործող անձինք հայտնի են եւ այլն: Բայց բովանդակային, իրական իմաստով պատմություն չկա: Խոսքն այն մասին է, թե ի՛նչ է պատմվում որպես պատմություն՝ անցյալի դեպքերի ներքին տրամաբանությունը, վերապրումը, սյուժեները: Այլ կերպ ասած՝ պատմության «կինոն»: Ցանկացած կինո կադրերի հերթականություն է, բայց կինոն ոչ այդ կադրերն են ինքնին, ոչ էլ հենց հերթականությունը, այլ դրանց միջոցով ծավալվող, պատմվող պատմությունը ու դրա վերապրումը՝ գեղագիտական ազդեցությունը եւ տրամաբանական իմաստը: Ի՞նչ ենք զգում, ի՞նչ ենք հասկանում կինոն նայելիս: Սա է բուն պատմությունը: Նման պատմությունից մենք զուրկ ենք. մեր պատմությունը մերը չէ, մենք դա ոչ վերապրում ենք, ոչ էլ իմաստավորում, այլ գիտենք միայն առանձին կադրերն ու դրանց մոտավոր հերթականությունը, բայց բուն սյուժեն մերը չէ: Սա, կրկնեմ, պարտվածների ճակատագիրն է. պարտվածները դառնում են օտար կինոների, օտար պատմությունների մաս: Ինքնիշխանության եւ սուբյեկտ լինելու կարեւոր մասն է սեփական պատմություն ունենալը, սեփական պատում ունենալը, իսկ օտար գերիշխանության կարեւոր մասերից է օտար պատումների, օտար պատմությունների մեջ ապրելը, դրանց հավատալը, իմանալը, հղում անելը, որպես օրինակ եւ ճշմարտություն ընկալելը:
Մի փոքր օրինակ, որ ասածս շատ վերացական չհնչի: Այսօր, երբ խոսում ենք հեղափոխությունից հազար ու մի առիթով, ո՞ր մեկս է որպես օրինակ հիշում հայկական հեղափոխությունը: Վստահ եմ, որ հենց հիմա այս տողերը կարդացողների մեծ մասն անգամ չկռահեցին՝ ինչի մասին եմ խոսում, եւ դա հաստատապես իրենց մեղքը չէ: Երբ ասում ենք՝ հեղափոխություն, փորձում ենք օրինակներ բերել, մեր մտքին գալիս է ֆրանսիական, ռուսական եւ մյուս օրինակները, ինչը նորմալ է, որովհետեւ դրանք աշխարհին առավել հայտնիներն են: Բայց նորմալ չէ, որ այսօր հայաստանցիների մեծ մասը չգիտի, չի գիտակցում, որ Հայկական հեղափոխություն է անվանվել 19-րդ դարի վերջի, 20 դարի սկզբի հայկական ազատագրական շարժումը, եւ որ բացի այդ, 20-րդ դարի սկզբին հայերը համարվել են տարածաշրջանային հեղափոխությունների առաջամարտիկ ազգ՝ Ռուսաստանում, Թուրքիաում, Իրանում գործուն մասնակցությունն են ունեցել բոլոր հեղափոխական գործընթացներին: Հարցը զուտ անվանումն ու բառերը չեն՝ հեղափոխություն եւ այլն: Հարցը այդ գործընթացները որպես սեփական քաղաքական փորձ գիտակցելն ու օգտվելն է՝ դրական եւ բացասական, այդ փորձին հղում անելը, այդ փորձը որպես ուղեցույց ունենալը: Հարցը ավելի կարճ՝ ընդհատված ժառանգական շղթան է, կուտակված եւ ոչ միայն կորցրած, այլեւ մոռացված կապիտալն է: Այս եւ նման դեպքերը նկատի ունեմ պատմությունից զրկված ազգ ասելով: Մենք իհարկե գիտենք, որ եղել է ինչ-որ հայկական ազգային-ազատագրական պայքար, բայց դրա ներքին տրամաբանությունը, դրա հայացքն իսպառ կորցրել ենք:
Վերադառնանք 100 տարի առաջվան:
Ժամանակին դրանք եղել են կենդանի քաղաքական փորձ, որը նաեւ քննարկվել եւ վերլուծվել է ժամանակակիցների կողմից, օրինակ, 1920-30-ականների մամուլում՝ Սփյուռքում, թե Սովետական Հայաստանում: Որ կողմից էլ քննարկված լինեն, այս պահին էական չէ, էականն այն է, որ հենց քննարկմամբ էլ փորձն իմաստավորվում է: Բայց այդ ժամանակները վաղուց են անցել: Թե՛ Սփյուռքում, թե՛ Սովետական Հայաստանում ձեւավորվեցին պաշտոնական տեսակետներ եղածի մասին, եւ կենդանի պատմությունը վերածվեց միագիծ, մեռյալ, դատարկ շարադրանքի, հեքիաթի: Անկախ Հայաստանը ոչինչ չավելացրեց արդեն կայացած խոսակցություններին, թեեւ անկախ Հայաստանում թիվ մեկ խնդիրներից պետք է լիներ պատմության վերասեփականացումը, բայց ոչ թե այնպես, որ արդեն կայացած հայացքներից մեկնումեկը փոխառվեր, այլ միանգամայն նոր վերլուծություն, նոր խոսակցություն բացվեր: Բայց անկախ Հայաստանում նման խնդիրներ ընդհանրապես չեն դրվել եւ չեն դրվում: Մեր հանրությունը համարում է, որ ինքն ամեն բան գիտի եւ առաջ է շարժվում գծած ճանապարհներով, առանց անգամ սեփականը գտնելու փորձի: Հարցրու մերօրյա հայ պահպանողականին եւ կտեսնես, որ նրա խնդիրն ընդամենը Ստալին պապիկի ստեղծած դիսկուրսների անաղարտ պահպանումն է:
Հարցրու մյուս կողմից հայ առաջադեմին եւ կհամոզվես, որ նրա խնդիրը «քաղաքակիրթ աշխարհից» սրբությամբ եւ բառացի փոխառումն է: Ո՞ւմ է հետաքրքիր հայոց պատմությունը, հայոց քաղաքական փորձը: Դրանք չինական այբուբեն են մեր հանրային խոսքը սեփականաշնորհած այս երկու ճամբարի համար: Այս մարդիկ պետք է մի օր ազատեն բեմը, որպեսզի մենք հայերով վերջապես խոսենք իրար հետ:
Այսօր չկա կենդանի պատմություն 100 տարի առաջ եղածի մասին, եւ նույնիսկ հայոց պատմության կարեւորագույն իրադարձությունների 100-ամյա հոբելյանը չի կարող խթան լինել ծավալուն խոսակցության, այլ միայն առիթ ինչ-որ բան սկսելու փոքր անհատական եւ փոքր խմբային ջանքերով: Այսօր ունենք միայն մեռած հուշեր եղածի մասին, դեղնած թղթեր: Պատմությունը կարելի է հասկանալ միայն կենդանի քաղաքական վերլուծությամբ՝ այնպես, կարծես անցյալի դեպքերը հենց նոր են տեղի ունեցել, այնպես, կարծես վերլուծողն ինքը մասնակից է դրանց: Թղթի վրա շատ բան է վերլուծվում, բայց թղթից միայն նոր թղթեր են ծնվում, պետք է մտովի տեղափոխվենք անցյալ ու ապրենք դրա մեջ: Պետք է ոչ թե վերլուծել մեկ կամ մի քանի անգամ թղթի վրա շարադրածն ու վերաշարադրածը, «վերլուծել վերլուծությունը», այլ վերադառնալ բուն դեպքերին, նորից քանդել իրավիճակները, դրանց մասին եղած պատմությունները ու փորձել հետո նորից հավաքել դրանք:
Ի՞նչ է 1920 թվի Մայիսյան ապստամբությունը, ի՞նչ է տեղի ունեցել ուղիղ 100 տարի առաջ՝ 1920-ի մայիսին եւ դրա հետեւանքով: Բնականաբար մանրամասն պատմությունը չենք ուզում տալ, այլ դեպքերի ընդհանուր ընթացքն ու էությունը:
1920 թ. ապրիլին Ադրբեջանում հաստատվում է սովետական իշխանություն: Կարմիր բանակն անցնում է Կովկասյան շղթայից այս կողմ եւ հասնում Բաքու: Սա տեղի է ունենում գրեթե առանց դիմադրության, կայծակնային արագությամբ: Ադրբեջանի սովետականացումը մեկուսի փաստ չէր, այլ մասը Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայում ծավալվող քեմալական շարժման գործակցության, ավելի պարզ ասած՝ թուրք-բոլշեւիկյան դաշինքի, իսկ Նժդեհի եզրաբանությամբ՝ թրքաբոլշեւիզմի: Կարճ ժամանակ անց Կարմիր բանակը հասնում է մինչեւ Ղարաբաղ եւ Զանգեզուրի սահմաններ:
Ղարաբաղում այդ ժամանակ ծավալվում էր հայկական զինված գործողություն Ղարաբաղը վերջապես Հայաստանին վերամիավորելու նպատակով: Կարմիր բանակի առաջխաղացմամբ այդ գործողությունը կասեցվում է, հայկական զորքերը Դրոյի հրամանատարությամբ հետ են քաշվում: Ադրբեջանն էլ, հազիվ իրեն սովետական հայտարարած, Ղարաբաղի հարցով վերջնագիր է ներկայացնում Հայաստանի կառավարությանը:
Այստեղ մի պահ ընդհատենք դեպքերի ժամանակագրությունը եւ մի փոքր աշխարհաքաղաքական թեմայի անդրադառնանք: Հյուսիսից Այսրկովկաս մտնելու, այդ տարածաշրջանը նվաճելու տեսականորեն երեք հիմնական ճանապարհ կա՝ Աբխազիայով դեպի Արեւմտյան Վրաստան, կենտրոնից՝ Դարյալի կիրճով դեպի Թիֆլիս եւ հյուսիս-արեւելքից Դերբենդի կիրճով, Կասպից ծովի եզերքով դեպի Բաքու-Մուղանի դաշտ-Ղարաբաղ: Սրանք ճանապարհներ են, որոնք դեռ բրոնզե դարից օգտագործվել են տարածաշրջան ներխուժողների կողմից (Աբխազիայի ճանապարհը կարծես առավել հազվադեպն է): Բնականաբար ռուսական ներխուժումները նույնպես սրանց շուրջն են ընթացել: Պետրոս Մեծի ժամանակ առաջին անգամ ռուսական զորքը մտավ մեր կողմերը Դարյալի կիրճով դեպի Բաքու: Այդ անգամ ռուսները Ղարաբաղ չեն հասել, այլ արշավանքը շարունակել են դեպի հարավ՝ Իրանի խորքերը, իսկ մի քանի տարի անց հեռացել են Կովկասից այն կողմ: Ղարաբաղում հայկական եւ վրացական զորքերը նրանց սպասում էին, բայց ապարդյուն. ռուսների փոխարեն արեւմուտքից ներխուժեցին օսմանցիները: Սրա մանրամասների մեջ չենք խորանա, պարզապես նշենք, որ այս կետից էլ մեծ հաշվով սկսվում է Ղարաբաղյան հարցը: Թե ինչու եւ ինչպես, մի օր գուցե ավելի մանրամասնենք: Պարզապես արձանագրենք, որ աշխարհաքաղաքական առումով Ղարաբաղյան հարցը հենց Դերբենդ-Բաքու-Ղարաբաղ ճանապարհի հարցի ածանցյալն է: Նա, ով մտնում է Այսրկովկաս Դերբենդով եւ նպատակ ունի վերահսկողություն հաստատել տարածաշրջանում, նրան ճանապարհը տանում է Ղարաբաղ, որտեղ հայտնվում է մի կողմից Ատրպատականի (այսօրվա Իրանական Ադրբեջանի) սահմանին, մյուս կողմից՝ Երեւանի եւ Թիֆլիսի թիկունքում: Այս սցենարներում Այսրկովկասի՝ Հայաստանի եւ Վրաստանի անկախության բանալին Ղարաբաղում է: Դերբենդ-Բաքու-Ղարաբաղ ուղին տարածաշրջանը թեւանցիկ գրոհով շրջափակելու, թիկունք մտնելու ուղին է: Այս ուղով ռուսները եւս մեկ անգամ մտել են տարածաշրջան 1796 թվականին, բայց ռուսական քաղաքականության փոփոխության պատճառով նորից արագ հեռացել են:
Մյուս՝ կենտրոնական ուղին, որը Դարյալի կիրճով տանում է նախ Արեւելյան Վրաստան, այն ուղին է, որով ռուսները մտան Այսրկովկաս 19-րդ դարի սկզբին: Թիֆլիսից բացվում է միանգամից մի քանի ճանապարհ՝ դեպի Արեւմտյան Վրաստան, Գանձակ եւ Ղարաբաղ, դեպի Երեւան եւ այլն: Բայց Թիֆլիսից Այսրկովկասը նվաճելն ավելի բարդ է: Դա նման է ճակատային գրոհով ռազմական գործողության, ընդ որում՝ այս գրոհին էլ պետք է հետեւեն նոր գրոհներ տարբեր ուղղություններով: Եվ իրոք, 19-րդ դարի սկզբին տարածաշրջանի նվաճումը տեւեց տարիներ եւ ավարտվեց միայն 1828 թվականին, ընդ որում՝ մի քանի փուլ ունեցավ: Վրաստանի նվաճումից հետո ռուսները մինչեւ 1813 թ. կարողացան գրավել Գանձակը, Ղարաբաղը, Բաքուն եւ այլն, բայց Երեւանն ու Նախիջեւանը մնացին պարսկական գերիշխանության տակ եւ նվաճվեցին միայն 1827-28 թթ.: Նվաճման այս բարդ ու տեւական ընթացքի պատճառներից մեկը հենց աշխարհագրական ելման դիրքն էր Թիֆլիսից: Եվ հակառակը, Դերբենդ-Բաքու-Ղարաբաղ ուղին, որով նվաճողն արագ դուրս է գալիս Երեւանի եւ Թիֆլիսի թիկունք, կարելի է համեմատել ոչ ճակատային, թիկունքային գրոհի հետ, որն ավելի արագ արդյունք է բերում: Այս ուղին ռուսներն օգտագործեցին 1920-ին եւ արագ հաջողության հասան այդ թվում նաեւ այդ պատճառով:
Արդեն նշեցինք, որ Ղարաբաղի հարցի ակունքները պետք է փնտրել այս աշխարհագրական ռազմավարության հետ կապի մեջ: Բայց եթե նկատեցինք, մյուս երկու ուղին այսօր էլ կոնֆլիկտի գոտիներ են՝ աբխազական եւ հարավ-օսական (շատ մոտ է Դարյալի կիրճով ճամփին):
Մի փոքր էլ կանգ առնենք այս թեմայի վրա՝ փորձելով ամփոփել:
Գրեթե ամբողջ Այսրկովկասն աշխարհագրական, հետեւաբար եւ աշխարհագրական-ռազմավարական տեսակետից պետք է պատկերացնել որպես երեք մեծ գետերի երկիր՝ Ռիոնի, Քուռ եւ Արաքս: Ռիոնին մեկուսի է, նրա ավազանում Արեւմտյան Վրաստանն է, որն ընդհանրապես մեկուսի երկիր է եւ ոչ միայն աշխարհագրությամբ, այլեւ պատմությամբ, մշակույթով, նույնիսկ մարդաբանությամբ եւ գենետիկայով տարբեր է մնացյալ Այսրկովկասից, այդ թվում՝ Արեւելյան Վրաստանից (պատմության մեծ մասում Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստաններն առանձին են եղել): Իսկ մյուս մեծ գետերի՝ Քռի եւ Արաքսի ավազանները միասնական են, եւ երկուսը միասին ներառում են Արեւելյան Հայաստանը (այդ թվում՝ Արցախը, ինչպես նաեւ այսօրվա Թուրքիայի սահմաններում՝ Իգդիրը, Կարսը, Բասենի դաշտը), Արեւելյան Վրաստանի ճնշող մեծամասնությունը, ներկայի Ադրբեջանի մեծ մասը (այդ թվում՝ Նախիջեւանը), Իրանական Ադրբեջանի հյուսիսային հատվածները (այդ թվում՝ Արդաբիլը): Երեք մեծ գետերի միջին եւ ստորին հոսանքներում տարածաշրջանի մեծ դաշտերն են, ուր պատմականորեն տեղադրված են քաղաքական եւ տնտեսական կենտրոնները: Ռիոնիի հովտում Կոլխեթիի դաշտն է, Արաքսի միջին հոսանքում՝ Արարատյան դաշտը, իսկ Քռի միջին հոսանքում՝ Թիֆլիսը, Գանձակը, Շիրվանի դաշտը, Մուղանի դաշտը եւ այլն: Հասկանալի է, որ այս նույն գծերով են անցնում մեծ ճանապարհները՝ առեւտրական եւ ռազմական: Դարյալի կիրճից տարածաշրջան մտնողը հասնում է Քռի միջին հոսանքին Թիֆլիսի մոտ, եւ այդտեղից լավագույն ճանապարհն է բացվում Քռով ներքեւ՝ դեպի Գանձակ, Շիրվան, Ղարաբաղ եւ ավելի հեռու: Սա այն ճանապարհն է, որով, ինչպես ասացինք, ռուսները մտան Այսրկովկաս 19-րդ դարի սկզբին: Նրանք փաստորեն սկզբում նվաճեցին Քռի ավազանը՝ մինչեւ 1813 թ., իսկ Արաքսի ավազանի մեծ մասը կարողացան գրավել մինչեւ 1828-ը, ապա՝ 1878-ին, երբ Ռուսաստանին միացավ նաեւ Ղարսը: Սա, ինչպես նշել ենք, երկար ճանապարհն էր: Իսկ 1920 թվականին մտնելով Դերբենդի կողմից՝ նրանք միանգամից հայտնվում են թե՛ Քռի, թե՛ Արաքսի ավազանում, որով հեշտանում եւ արագանում է նվաճումը, եւ բացվում են տարբերակներ՝ գրոհել սկզբում Քռով դեպի Թիֆլիս, թե ներխուժել Արաքսի ավազանով դեպի Երեւան, որով նաեւ դուրս գալ Թիֆլիսի թիկունք եւ շրջապատել այն: Առանցքային դեր է ստանում Ղարաբաղը, որտեղից կարելի է շարունակել երկու ուղղությամբ էլ, այսինքն՝ Ղարաբաղը դառնում է ե´ւ Երեւանի, ե´ւ Թիֆլիսի բանալին: Եվ այստեղ էլ տեսնում ենք, որ չնայած Դերբենդի ռազմուղին ավելի արագ ու ագրեսիվ ընթացք է ապահովում, սակայն որոշակի դադարների տեղիք նույնպես տալիս է:
Հայաստանում բոլշեւիկյան առավել ուժեղ հենակետերից էին Քռի ավազանի մաս կազմող Ղարաբաղն ու Տավուշը, բայց Հայաստանի մեծ մասը, որն Արաքսի ավազանինն է, ունի ինքնուրույն դիմադրության որոշակի կարողություն, որն էլ 1920 թվականի ռուսական վերանվաճումը դանդաղեցնում է: Ավելին՝ առանց Արաքսի ավազանի դիմադրության հաղթահարման կայուն եւ ամբողջական չէ նաեւ Քռի ավազանի վերահսկողությունը. 19-րդ դարի սկզբին ռուսներն իրենց ապահով չէին զգում Թիֆլիսում, քանի դեռ չէին գրավել Երեւանը, իսկ 1920-ին, մինչեւ Երեւանի գրավումը, Թիֆլիսը, այսինքն՝ Քռի միջին հոսանքի հյուսիսային մասը թողեցին ազատ:
Այս ամենն այստեղ բավականին մանրամասն նկարագրելով՝ թվում է՝ շեղվեցինք բուն թեմայից, սակայն շատ կարեւոր ենք համարում մտքում ունենալ այս քարտեզը, երբ խոսում ենք 1920 թվականի դեպքերից, այդ թվում՝ Մայիսյան ապստամբությունից: Պատմությունը ոչ միայն ժամանակագրություն է, այլեւ աշխարհագրություն: Ավելին՝ առանց աշխարհագրության անիմաստ է պատմությունը, ինչը շատ հաճախ ենք մոռանում: Պատմությունը գիտություն է մարդու ու նրա գործերի մասին, «գործող մարդու» մասին, իսկ մարդը գործում է շատ կոնկրետ բնական միջավայրում, որը հաճախ էլ պայմանավորում ու սահմանում է գործունեությունը: Իսկ առանց բնական միջավայրի՝ աշխարհագրության պատմությունը կախվում է օդում եւ վերածվում պարապ հեքիաթի:
1920 թվականի ռուսական առաջխաղացման քարտեզն արխետիպային է, պատահական չէ, եւ այն միշտ պետք է մտքում ունենալ՝ հասկանալու համար շատ իրողություններ, որոնք վերաբերում են նաեւ մեր ներկային: Խոսքը բառացի կրկնությունների մասին չէ, այլ ուղիների, որոնք կարող են սահմանել արտաքուստ տարբեր, բայց էությամբ միեւնույն շարժեր:
Վերադառնանք 1920-ի մայիսին:
Ադրբեջանի սովետականացմամբ եւ Ղարաբաղում Կարմիր բանակի հայտնվելով՝ օրակարգի հարց է դառնում Հայաստանի սովետականացումը՝ փաստացի նվաճումը:
Այստեղ նույնպես պետք է մի փոքր շեղում թույլ տանք, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու դեպքերը պետք է տեղի ունենային մոտավորապես այնպես, ինչպես դրանք տեղի ունեցան: Ինչո՞ւ, օրինակ, ռուսները պետք է անպայման ձգտեին Ադրբեջանից հետո սովետականացնել նաեւ Հայաստանն ու Վրաստանը: Արդյոք հնարավոր չէ՞ր ռուսների հետ ինչ-որ կերպ պայմանավորվել, բանակցելով ինչ-որ զիջումների գնալ: Ո՛չ, հնարավոր չէր: Խնդիրը ռուսները չեն որպես այդպիսին: Ոչ միայն ռուսները, այլեւ որեւէ ավանդական կայսերական քաղաքականություն իր ազդեցության գոտում հանդուրժում է որեւէ ազգի անկախ պետությունը միայն այնքան ժամանակ, քանի դեռ ի զորու չէ ուժով վերացնել: Որեւէ պայմանագիր, իրավական նորմ այստեղ կապ չունի: Անկախությունը միայն ժամանակավորապես հանդուրժվում է, քանի դեռ չկա այլ տարբերակ: Իսկ այլ տարբերակ լինում է միայն այն դեպքում, եթե կայսերական քաղաքականությունը հանդիպում է բավականաչափ դիմադրության թե՛ տվյալ ազգի կողմից, թե՛ այլ մեծ տերությունների, այսինքն՝ վերադառնում ենք առաջին կետին՝ ստիպված է հանդուրժել անկախությունը: Այլ կերպ ասած՝ եթե կայսրության ազդեցության գոտում կա որեւէ անկախ պետություն, դա հետեւանք է կայսրության կողմից այդ անկախությունը վերացնելու անկարողությամբ: Սա օրինաչափություն է, որը գործում է նաեւ այսօր՝ անկախ այն բանից, թե անկախությունից անցել է երկու, թե երեսուներկու կամ նույնիսկ հարյուր երկու տարի: Ազգերի քաղաքական անկախությունն ինքնին լեգիտիմ չէ կայսերական տեսակետից, եւ դա կարող է միայն ժամանակավորապես հանդուրժվել: Այստեղ ոչ թե ինչ-որ մեկը վատն է, ինչ-որ մեկը՝ լավը, ինչ-որ մեկը մեղավոր է, ինչ-որ մեկը՝ անմեղ, այլ սա գրեթե «բնության» օրենք է, որը գործում է ոչ միայն գիտակցության, այլեւ բնազդի մակարդակում: Այնպես որ, եթե Ռուսաստանը վերադարձել էր արդեն Այսրկովկաս, ապա հարցը տարածաշրջանն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակիորեն վերցնելն էր:
Երկրորդ՝ պետք է նաեւ հասկանալ, որ գործ ունենալով իր ազդեցության գոտու որեւէ փոքր ազգի հետ՝ կայսրությունը հնարավորինս խուսափում է դրա դեմ ուղիղ ռազմական գործողություններից, ուղիղ նվաճումից, ուղիղ ագրեսիայից: Սա նույնպես օրինաչափություն է, որը գործել է Ռուսաստան պետության գոյությունից դարեր, նույնիսկ հազարամյակներ առաջ, եւ գործելու է, եթե մի օր Ռուսական կայսրություն չլինի այս աշխարհում: Կայսրությունները նախընտրում են ի հայտ գալ փրկիչների կամ ներսից օգնության կանչվածների դերում, անգամ իրենց կամքին հակառակ նվաճողների դերում: Բացառությունները շատ քիչ են եւ վկայում են կայսրությունների թուլացած վիճակների մասին: Համենայնդեպս 1920 թվի դեպքերը ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում ու Վրաստանում դասական օրինակներն են այն բանի, թե ինչպես ընդամենը երկու տարի կայսրությունը առաջնորդած եւ արտաքուստ հակակայսերական կարգախոսներով հանդես եկող բոլշեւիկները հրաշալի յուրացրել էին հնագույն տեխնոլոգիաները, եւ ինչպես է պետական դարավոր ավանդույթը բնազդի վերածված ավելի կարեւոր, քան վարչակարգերը:
Կայսերական քաղաքականության այս ավանդույթը՝ ուղիղ ագրեսիայից խուսափումը հետաքրքիր հետեւանքների է բերում: Անկախ ազգի հետ բախվելիս մեծ տերությունը չի կարող դրսեւորել իր ամբողջ ուժը: Իսկ սա նշանակում է, որ իրենից ավելի փոքր ազգի հետ բախվելիս մեծ տերությունը կորցնում է իր «մեծության» մի մասը, ստիպված իջնում է իրենից ավելի փոքրի մակարդակին, եթե ոչ ամբողջապես, ապա մասամբ: Մեծ տերությունը լիարժեք մեծ է այլ մեծերի հետ պայքարում: Այստեղից էլ բազմաթիվ հայտնի օրինակներ, երբ մեծի եւ փոքրի բախման մեջ հաճախ անսպասելիորեն հաղթում է փոքրը: ԱՄՆ-ի դեմ պատերազմում հյուսիսային Վիետնամը թվում էր՝ չունի շանսեր: Պարզ է, որ եթե Ամերիկան կարողանար իր ամբողջ ներուժը կենտրոնացնել Վիետնամի դեմ, ապա վիետնամցիների դիմադրությունն անհույս պետք է լիներ: Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ տարբեր պատճառներով Ամերիկան չէր կարող դա անել: Նույնը Սովետական միությունն Աֆղանստանի դեմ: Եվ սրանք ոչ թե եզակի դեպքեր են, ոչ թե բացառություններ են, այլ պարզապես առավել հայտնիները մեր սերնդի կյանքում: Պատկերավոր ասած՝ միջուկային զենք հո չե՞ս կիրառի Վիետնամի կամ Աֆղանստանի դեմ, եւ այսպես շարունակ: Իհարկե, գործընթացը միակողմանի չէ, կարեւոր է նաեւ փոքրի դիմադրողականության ուժը:
Ընդհանրապես իրապես դիմադրող ժողովրդի ուժը չի կարելի թերագնահատել, հաճախ դրա հաղթահարման միակ իրատեսական տարբերակը միայն այնպիսի ծայրահեղ միջոցն է, ինչպիսին ցեղասպանությունն է:
Մեր օրինակներում խոսքը դեռ ուղիղ գործողությունների մասին է, երբ մեծ տերությունն անմիջապես է ներքաշվում պատերազմի մեջ փոքրի դեմ: Սրանք, ինչպես ասացինք, բացառություն են ու ծայրահեղ դեպքեր, եւ որպես կանոն՝ հետեւանք են նախորդ փուլերում սխալ հաշվարկած քայլերի «մեծերի» կողմից: Ավելի կանոնավոր են անուղղակի գործողությունները: Դրանց զինանոցը բավականին պարզ է ու հայտնի: Կարելի է ասել, հիմնական երկու տիպ կա: Առաջինը՝ երկու հարեւան պետությունների առճակատումների կառավարումը, որտեղ մեծը կամ օգտվում է եղածից, կամ հրահրում է այն, որպեսզի հանդես գա հաշտարարի, խաղաղություն բերողի դերում:
Երկրորդը՝ նվաճման ենթակա տարածքում ներքին անկայունություն հրահրելը կամ եղածից օգտվելը, որպեսզի մեծ տերությունը հայտնվի արդեն կամ ներքին հաշտարարի դերում, կամ էլ ներսից կանչվողի՝ օգնողի դերում: Երկու միջոցից էլ լիուլի օգտվեցին կարմիր ռուսները 1920-ին Այսրկովկասը ենթարկելու գործում: Ոչ միայն Հայաստանի, այլեւ, օրինակ, Վրաստանի նկատմամբ: Վրաստան ներխուժելու առիթը 1921-ին, օրինակ, Լոռու շուրջ հայ-վրացական վեճն էր: Այսինքն՝ ինչպես որ Հայաստանը սովետականացվեց ոչ թե ռուսական ուղիղ ներխուժմամբ, այլ հայ-թուրքական պատերազմն առիթ օգտագործելով, նույնպես Վրաստանը սովետականացվեց վրաց-հայկական վեճը որպես առիթ օգտագործելով:
Մայիսյան ապստամբությունը, ինչպես երեւի կռահեց ընթերցողը, առաջին մեթոդի փորձն էր՝ ներքին անկայունության հրահրում, բայց նաեւ երկրորդ մեթոդի մասնակի ներգրավմամբ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի օգտագործում:
Դեռ սովետական շրջանից կարծիք կա, որ Մայիսյան ապստամբությունը եղել է բացառապես հայ բոլշեւիկների ներքին նախաձեռնությունը, որ այդ քայլն իրենք չեն համաձայնեցրել կենտրոնի հետ: Կարիք չկա այստեղ մանրամասն վերլուծել դրա մասին վկայությունները: Նման հարցերը հնարավոր չէ վերլուծել միայն վկայությունների քննությամբ: Այստեղ վճռորոշ պետք է լինի իրադարձությունների ներքին տրամաբանության վերլուծությունը: Իսկ տրամաբանությունը հուշում է, որ իբր ինքնաբուխ ապստամբության մասին պատմությունը պաշտոնական բնույթ է ստացել, մի պարզ պատճառով՝ որովհետեւ ապստամբությունը պարտվել է: Սա, ի դեպ, դաս պետք է լինի դրսի ուժով ներքին հարցեր լուծող բոլորի համար՝ պարտության դեպքում նրանց ոչ ոք տեր չի կանգնելու, որովհետեւ նրանք ոչ թե լիարժեք դաշնակից են, այլ ընդամենը գործիք, իսկ կոնֆլիկտի բուն սուբյեկտները միշտ էլ վերջում կարող են պայմանավորվել միմյանց հետ գործիքների հաշվին:
Վերադառնանք դեպքերի ընթացքին:
Մայիսյան ապստամբությունն ունեցել է միանգամից մի քանի կենտրոն, որոնցից առավել հայտնին եւ առավել ուժեղը՝ Ալեքսանդրապոլում, բայց նաեւ Կարսում, Սարիղամիշում, ներկայի Տավուշում եւ այլուր: Երեւանում ապստամբություն չի եղել: 1920-ականներին սովետական մամուլում ծավալված բանավեճերում զգացվում է, որ ապստամբ կենտրոնների ղեկավարները խիստ նեղված են եղել բոլշեւիկյան կուսակցության երեւանյան կենտրոնից, որը Կասյանի գլխավորությամբ բավականին անորոշ եւ կրավորական դեր է ստանձնել: Անձամբ ես տպավորություն ունեմ, որ Կասյանը դեմ է եղել ապստամբությանը, որի հրահանգը ստացվել է դրսից (որքան էլ հետագայում դա հերքեն վկաները), եւ չկարողանալով բացահայտ դիմադրել՝ իր կողմից ամեն բան արել է, որ ապստամբությունը տապալվի:
Պետք է ասել, ի դեպ, որ վկայություններ կան այն մասին, որ մինչեւ բուն ապստամբության ծավալվելը Դաշնակցության ղեկավարների մի մասը, օրինակ՝ Ռուբեն Տեր-Մինասյանը՝ կուսակցության այն ժամանակվա ոչ պաշտոնական առաջնորդը, հակված է եղել ռուսների հետ լեզու գտնելուն, նույնիսկ գուցե սովետականացման ինչ-որ տարբերակի՝ կոալիցիոն հիմունքներով եւ անկախության պահպանմամբ: Սա հավանական տարբերակ է, քանի որ նույն Ռուբենը 1918-ին արդեն ունեցել է բոլշեւիկների հետ գործակցության փորձ, որին մասնակցել է նաեւ Արամ Մանուկյանը: Սակայն զինված ապստամբությունը միանգամայն այլ իրավիճակ է ստեղծել երկրում, եւ պարզ է դարձել, որ բոլշեւիկները պատրաստ չեն փոխզիջումային պայմաններով գործակցությանը Հայաստանի հետ:
Ապստամբությանն ի պատասխան փոփոխվում է կառավարությունը, դադարեցվում է խորհրդարանի գործունեությունը, եւ ամբողջ իշխանությունն անցնում է, այսպես կոչված, Բյուրո կառավարությանը. երկրում հաստատվում է փաստացի կուսակցական դիկտատուրա: Մանրամասներ իմանալ ցանկացողները կարող են դիմել սկզբնաղբյուրներին. մենք այստեղ տալիս ենք միայն ընդհանուր սխեման:
Ապստամբությունը դրսից ուղիղ աջակցություն չի ստանում. սրա պատճառներն առանձին վերլուծության առիթ են, բայց տվյալ դեպքում արձանագրում ենք փաստը: Միայն նշենք, որ սա ամենեւին էլ պատճառ չէ մտածելու, թե ապստամբության հրահանգը դրսից չի եղել:
Պետք է նաեւ նշել, որ հայկական բանակի կողմից ապստամբությունը լուրջ դիմադրություն չի ստանում: Կադրային բանակի սպաները, որոնց մեծ մասը ռուսական նախկին սպաներ էին, եւ որքան էլ խորթ լինեին բոլշեւիզմին ու համակրեին սպիտակ շարժմանը, միաժամանակ Հայաստանի անկախության գաղափարի կրողները չէին եւ ի դեմս բոլշեւիկների տեսնում էին Ռուսաստանի փափագելի վերադարձը: Ապստամբությունը ճնշվում է հիմնականում տաճկահայերից կազմված եւ ղեկավարված ջոկատների օգնությամբ, որոնց կորիզը ոչ թե կադրային սպաներն ու զինվորներն էին, այլ ազատագրական պայքարի միջով անցածները՝ զինվորների ու զորավարների վերածված սովորական հայ գյուղացիներն ու մտավորականները: Սա կարեւոր է հաշվի առնել եւ հիշել մեր հետագա շարադրանքի համար:
Ապստամբության ճնշմամբ գործը չի ավարտվում: Նոր կառավարությունն անցնում է վաղուց սպասված եւ ուշացած գործողությունների՝ Հայաստանի տարածքի մաքրման եւ իրական միավորման հանրապետության դրոշի տակ: Խնդիրն այն է, որ ֆորմալ իմաստով Հայաստանի Հանրապետություն համարվող տարածքի զգալի մասն իրականում տեղական թուրքերի վերահսկողության տակ էր, այդ թվում՝ Երեւանին կպած Զանգիբասարի շրջանը (ներկայի Մասիսը), որն ինքն իրեն հռչակել էր անկախ հանրապետություն: Նախորդ կառավարություններն այս խնդիրը չէին լուծել՝ ձգձգելով ու սպասելով, թե երբ հայկական հարցը պետք է լուծում ստանա միջազգային ատյաններում: Իսկ սա նշանակում էր, որ, օրինակ, մինչ տասնյակ հազարավոր հայ փախստականներ սովամահ էին լինում փողոցներում, Հայաստան համարվող տարածքի մի զգալի մասն իր բերրի հողերով փաստացի գրավված էր մի օտար ուժի կողմից: Զանգիբասարի ճնշումը դարձավ Մայիսյան ապստամբության ճնշման ուղիղ շարունակության կարեւոր գործողություններից մեկը, որը ժամանակին համարվում էր մեծ հաղթանակ: Ընդհանրապես երկուսն էլ՝ Մայիսյան ապստամբության ճնշումն ու դրան հետեւած Հայաստանի վերամիավորումն ու մաքրագործումը պետք է դասել մեր մոռացված հաղթանակների շարքին: Չնայած հետագա դեպքերը դրա արդյունքների մի մասը վերացրին, բայց ոչ ամբողջությամբ: Օրինակ՝ Հայաստանի վերահայացումը մասնակիորեն մնաց ուժի մեջ: Այս իրադարձությունների մեջ, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետությունը նոր սկսեց դառնալ այն, ինչ պետք է լիներ՝ Հայկական պետություն:
100 տարի առաջ եղած մայիսյան դեպքերի մասին կա մի այլընտրանքային պատմական կարծիք: Ասում են, որ եթե մերոնք իբր խոհեմ գտնվեին 1920-ի մայիսին եւ հանձնվեին բոլշեւիկներին առանց դիմադրության, ապա չէին լինի հետագա պարտությունները եւ տարածքային կորուստները: Այս կարծիքն իրավունք ունի գոյության եւ տրամաբանական է թվում: Ես, սակայն, համաձայն չեմ դրա տրամաբանությանը: Եվ հենց այդ այլընտրանքի հարցն էլ պետք է քննենք հաջորդիվ:
Շարունակելի
Հեղինակ՝ Հրանտ Տէր-Աբրահամեան
Նկարազարդող՝ Դավիթ Փարթամյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։