Մեծ հավանականությամբ, Թուրքիան ստացել է որոշակի բաներ, և հազիվ թե ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ շրջադարձային դիտվող Վեհաժողովից առաջ գնար Թոււրքիային սպառնալու ճանապարհով: Առավել ևս, որ իրավիճակն էլ այնպիսին չէ, որ ԱՄՆ-ն իրեն թույլ տա այդ շռայլությունը, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այն ռեգիոններում, որտեղ էական խաղացող է Թուրքիան:
Հակոբ Բադալյան
Թուրքիան Հանեց Արգելափակումը, Ալիևը Մնացել Է Գծերի Միջև, Ինչ Կասի Պուտինը
Հունիսի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիան հանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության առնչությամբ իր արգելափակումը: Դրա վերաբերյալ պայմանավորվածությունը կայացել է Մադրիդում ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ՝ Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի ղեկավարների և ՆԱՏՕ ԳՔ մասնակցությամբ քննարկման արդյունքում: Առաջին հարցը, որ այդ տեղեկությունից հետո եկել է բոլորի մոտ, այն է, թե ինչ է ստացել Թուրքիան դրա դիմաց: Թերևս կասկած չկա, որ առանցքային նշանակություն է ունեցել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցը, որը նախորդել է այդ քննարկմանն ու համաձայնությանը: Թուրքիան ստացել է զգուշացում և դրանից հետո համաձայնել է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությա՞նը, թե՞ Թուրքիան Բայդենից ստացել է իր համար կարևոր հավաստիացումներ թե թուրք-ամերիկյան հարաբերության, թե միջազգային այլ հարցերի վերաբերյալ: Դրա պատասխանը հնարավոր կլինի շոշափել առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում, տեսնելով, թե ինչ քայլեր կանի Թուրքիան այս կամ այն ուղղությամբ և որքանով դրանք կլինեն տարբեր՝ մինչ Ֆինլանդիայի ու Շվեդիայի հարցում համաձայնությունը, և դրանից հետո:
Մեծ հավանականությամբ, Թուրքիան ստացել է որոշակի բաներ, և հազիվ թե ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ շրջադարձային դիտվող Վեհաժողովից առաջ գնար Թոււրքիային սպառնալու ճանապարհով: Առավել ևս, որ իրավիճակն էլ այնպիսին չէ, որ ԱՄՆ-ն իրեն թույլ տա այդ շռայլությունը, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այն ռեգիոններում, որտեղ էական խաղացող է Թուրքիան: Բնականաբար, այդ շարքում է նաև Կովկասը, սակայն ընդգրկուն՝ մերձավորարևելյան-ծոցի գոտիների մեծ շրջանակով: Այստեղ թերևս հարկ է նկատել, որ, եթե խոսքը համաձայնության մասին է, ապա ըստ էության թուրք-ամերիկյան համաձայնության, ու պետք չէ բացառել այն, որ այդ համաձայնությունը տեղի է ունենում այն քննարկումների ֆոնին, որ ծավալվում են ռուս-իրանական տիրույթում:
Այդ առումով ուշադրության է արժանի, որ Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցից բացի, Թուրքիայի արգելափակման չեղարկմանը փաստորեն ժամանակագրական առումով նախորդել էր նաև Անկարա Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի այցը, ուր նա հանդիպել էր Չավուշօղլուի, հետո նաև Էրդողանի հետ, այն էլ լրագրողների համար փակ ռեժիմով: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Անկարան ՆԱՏՕ նոր անդամների հարցում Վաշինգտոնի հետ պայմանավորվում է ոչ միայն ՆԱՏՕ վեհաժողովին ընդառաջ, այլ նաև դրան զուգահեռ՝ Աշգաբադում տեղի ունենալիք Կասպիցի ավազանի երկրների Վեհաժողովին ընդառաջ, որոնց շարքում Թուրքիան չկա, իսկ Պուտինն այդ Վեհաժողովում ծրագրել է առանձնազրույցներ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Ռայիսիի հետ: Ընդ որում, այստեղ իհարկե մտահոգության առարկա առկա է ոչ միայն Հայաստանի համար, այն իմաստով, թե ինչ «բոնուս» կարող է ստացած լինել Անկարան իր համաձայնության դիմաց և որքանով դա կարող է վերաբերել Կովկասին: Իրավիճակն ամենևին ոգևորիչներից չէ նաև Ալիևի համար, որը նվազագույնը լոկալ իմաստով հայտնվել է ամերիկա-թուրքական և ռուս-իրանական «գծերի» միջև: Այստեղ իհարկե նա փորձում է քաղել առավելագույնը և այստեղ մտահոգության առարկան մեզ համար, որ նրան կարող են ուղղվել որոշակի առաջարկներ երկու կողմից էլ, և դրանք կարող են ներառել մեզ համար կարևոր հանգամանքներ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։