Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

Պայքարի մեջ հասունացած հայոց թագավորն այս ծուղակի մեջ ընկնելու ցանկություն սակայն բնավ չուներ: Ի տարբերություն մազքութների արշավանքի, ուր նրանց գործողությունները կայծակնային էին, այստեղ նա որոշեց գործել դանդաղ, զգուշորեն ու համբերատար:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը

Մաս վերջին. Մեծ այլընտրանքը

Մազքութների դեմ գումարված զորքը գլխավորեց անձամբ հայոց արքան:
Այդ որոշումն ուներ իր անհարմարությունները. Պապի բացակայությամբ կարող էին խնդիրներ ծագել երկրի կենտրոնական մասերում, սակայն մյուս կողմից թագավորը մտահոգություն ուներ, որ բանակում լայն կապեր ունեցող բյուզանդական խմբակցությունը կարող է խարդավանքների դիմել հենց մարտնչող զորքում, ինչից խուսափելու համար անհրաժեշտ էր արքայի անմիջական ներկայությունը: Մազքութները մահացու թշնամի չէին, հայոց զորքը նրանց բազմիցս հաղթել էր, եւ որպես կանոն՝ նրանց դեմ պատերազմներում թագավորներն անձամբ չէին մասնակցում՝ վստահելով այդ գործը սպարապետներին: Բայց Պապը հասկանում էր, որ այս անգամ խոսքը սովորական ավազակային արշավանքի մասին չէր, այլ դա մասն էր ավելի լայն մի գործողության՝ կրակայրիչ, որով ուզում էին վառել մեծ կրակը: Դրա համար կարեւոր էր գործել արագ ու վճռական: Նույնիսկ ժամանակավոր անհաջողության իրավունք չկար: Թագավորն անգամ չսպասեց, որպեսզի ամբողջ զորքը հավաքվի, քանի որ դա կարող էր տեւել բավականին երկար. անցյալի փորձից հայտնի էր, որ քոչվոր մազքութների թեթեւ հեծելազորը կարող է հասնել երկրի կենտրոնական մասերն ու թալանել ավելի արագ, քան հայոց երկրի տարբեր կողմերից կհասցնի հավաքվել հայոց ամբողջ բանակը: Նույնիսկ այս դեպքում, մինչ Պապի բանակը ճամփա դուրս եկավ, մազքութները հասցրին ավերել հայոց ծայր-արեւելքի գավառները եւ Արաքսի հոսանքով առաջ շարժվելով ընթանալ դեպի Նախիջեւան:

Վճռական բախումը տեղի ունեցավ Մեղրիի ձորի մուտքի մոտ, ուր հայոց բանակը սպասում էր մազքութների հիմնական զորքին, որը շտապում էր անցնել կիրճը՝ ներխուժելու Նախիջեւանի դաշտ եւ ապա սփռվելու Արարատյան դաշտով մեկ, ուր հարուստ ավար կար:

Ճակատամարտում հայոց զորքը հաղթեց, բայց որոշ կորուստներ ունեցավ, ինչը հետագայում առիթ դարձավ նոր մեղադրանքների հայոց արքայի դեմ բյուզանդական ցանցի կողմից:

Թագավորական բանակի արագ գործողություններն անսպասելի էին ոչ միայն մազքութների, այլեւ բյուզանդական կուսակցության համար: Նրանց հաշվարկով պատերազմը պետք է ավելի երկար տեւեր, կորուստներն ավելի մեծ պետք է լինեին: Ինչպես Խոսրով թագավորի ժամանակ էր եղել, մազքութները պետք է հասցնեին ներխուժել Արարատյան դաշտ եւ զգալի ավեր հասցնել այստեղ մինչեւ հեռանալը, ինչը պետք է դժգոհության ու անվստահության առիթ դառնար երիտասարդ թագավորի նկատմամբ՝ իբր նա ի զորու չէ ապահովել երկրի պաշտպանությունը, իբր սպարապետի տան հետ գժտվելով՝ հարցականի տակ է դրել Հայքի անվտանգությունը, իսկ իր ժողովրդական բանակի ծրագրով վտանգում է ավանդական հայոց կարգը: Այս ալիքի վրա պետք է փորձեին լուրջ խռովություն բարձրացնել, որը ծավալվելու դեպքում կարող էր իր շուրջը միավորել հայոց իշխաններից նրանց, ովքեր տատանվում էին, թե պայքարի ո՛ր կողմին միանային՝ կախված մեկի կամ մյուսի դիրքերի ուժեղացումից կամ թուլացումից: 

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԵՏԵՎԱԾ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնացված եւ մեծ ապստամբությունը, որի գլուխ պետք է կանգնեին Մամիկոնյանները, եւ որը պետք է ընդգրկեր երկրի արեւմուտքն ու կենտրոնը, հնարավոր չեղավ իրականացնել: Այդուհանդերձ փորձ արվեց կյանքի կոչել որոշ չափով իմպրովիզացված պլան Բ-ն: Ըստ այդմ՝ չնայած հայոց զորքը հաղթել էր, եւ բացառությամբ երկրի ծայր-արեւելքի՝ թշնամին չէր հասցրել լուրջ ավեր գործել, սակայն պետք է փորձ արվեր եղածն էլ ներկայացնել հնարավորինս բացասական գույներով՝ իբր կորուստներն աններելի մեծ են եղել մարտի դաշտում, կարելի էր ավելի քիչ կորուստներով դուրս գալ իրավիճակից, արեւելքում ավերածությունները չափազանց շատ են եղել, Պապի նոր բանակը լավ չի կռվել եւ այլն:

Այս մեթոդով բյուզանդացիք փորձում էին ռազմական դաշտում չեղած պարտությունը ստեղծել, այսպես ասած, աննյութական, քարոզչական ու քաղաքական դաշտերում, որի նպատակը նույնն էր՝ հող նախապատրաստել արքայի դեմ մեծ խռովություն նախապատրաստելու համար «հանուն հայրենիքի փրկության»:

Այդուհանդերձ, բյուզանդական կուսակցությունը, ավելի լավ քայլ չունենալով, ստեղծված իրավիճակում դիմում է վերջին վճռական միջոցին: Մեծ ապստամբության փոխարեն նրանք այժմ դիմում են տեղական խռովության կազմակերպմանը՝ հույս ունենալով, որ դա կարող է լինել այն կայծը, որից կարող է բռնկվել մեծ կրակը: Պալունիների փոքր իշխանական տունը, որի կալվածքները Տարոնում էին, եւ որը փաստացի կախվածության մեջ էր Մամիկոնյաններից, չնայած իրավականորեն առանձին ինքնիշխան տուն էր, բարձրացնում է խռովության դրոշը՝ գրավելով Տարոնի մի քանի հայտնի սրբություն ու ամրանալով այնտեղ: Այս խռովությունը դժվար չէր ճնշել զուտ ռազմական տեսակետից, սակայն քաղաքական ու բարոյական գինը կարող էր բավականին բարձր լինել: Նախ՝ ինքնին ներքին պատերազմի փաստը անխուսափելի զոհերով անհրաժեշտաբար ապակայունացնելու էր իրավիճակը, ստվերելու Պապի թագավորությունը, թուլության տպավորություն էր ստեղծելու: Բացի այդ, խռովությունը նոր եւ հարմար առիթ էր դառնալու հակաքարոզչության. Պալունիներն ունեին լավ ու հավատարիմ զինվորների համբավ եւ մյուս կողմից բավականաչափ միամիտ էին, որպեսզի ներգրավվեին բյուզանդական խարդավանքների մեջ: Վերջապես խռովության ճնշման դեպքում անխուսափելի էր Տարոնի՝ համահայկական նշանակության սրբությունների վնասումը, որը երկակի-եռակի անընդունելի էր դարձնում այս «հեշտ» հաղթանակի գինը:

Պայքարի մեջ հասունացած հայոց թագավորն այս ծուղակի մեջ ընկնելու ցանկություն սակայն բնավ չուներ: Ի տարբերություն մազքութների արշավանքի, ուր նրանց գործողությունները կայծակնային էին, այստեղ նա որոշեց գործել դանդաղ, զգուշորեն ու համբերատար: Սա մեկ այլ տեսակի խաղ էր եւ այլ տեսակի ռիսկ: Դանդաղ գործելը կարող էին շփոթել թուլության հետ, բայց դա այս պարագայում ավելի նախընտրելի էր սեփական ձեռքերով արյունոտ բռնակալի անուն եւ ներքին պատերազմներում հաղթողի կասկածելի դափնիները վաստակելը:

Խռովության օջախը շրջափակվեց երեք կողմից (չորրորդ կողմը Սասնա լեռներն էին հարավում, որոնք թողնվեցին բաց՝ որպես խռովարարների նահանջի ճանապարհ), բայց խռովարարների դիրքերը գրոհի չենթարկվեցին: Գործողությունը ղեկավարում էր Բագրատունյաց իշխանը՝ առավել համբերատարը, խոհեմը եւ միաժամանակ համառը հայոց մեծամեծների մեջ:

Պապի որոշումը՝ արագ եւ արյունալի ճնշման փոխարեն պաշարել խռովարարներին, ինքնին իմաստազրկեց խռովության ամբողջ ծրագիրը, որի ամբողջ հաշվարկը հենց արյունալի ճնշումն ու դրա հետեւանքներն էին: Շրջափակված խռովարարներն անգործության էին մատնված: Գրոհել արքայական զորքերի վրա՝ չէին կարող, բայց իրենց վրա էլ գրոհող չկար: Խռովարարների հոգեբանական անկումն ու ներքին վեճերն անխուսափելի էին ստեղծված իրավիճակում: Երկու ամիս տեւած պաշարումից հետո նրանք հանձնվեցին թագավորի ողորմածությանը:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՀՅՈՒՍՎԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

 Պապը հերթական հաղթանակը տարավ: Բայց բոլոր հաղթանակները, որոնք նա տանում էր երկարատեւ հեռանկարում, միայն մոտեցնում էին վերջնական պարտությունը: Այդպիսին էր կայսրության դեմ դաժան պայքարի տարօրինակ օրենքը՝ հաղթել ճակատամարտերում եւ արդյունքում պարտվել պատերազմում:

ԱՄԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԷՐ ՄՈՏԵՑՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ԱՎԵԼԻ ԷՐ ՍՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

Գահ բարձրանալու պահից Պապը միայն հաղթանակներ էր տանում՝ սկսած այն պահից, երբ Ներսեսի մահից հետո սկսեց իրացնել եկեղեցական ռեֆորմը մինչեւ մազքութների պատերազմը եւ Պալունիների խռովությունը: Բայց այդ հաղթանակները, որքան էլ փայլուն լինեին, միայն խորացնում էին պայքարը եւ ավելի անխուսափելի դարձնում վերջնական՝ անփառունակ անկումը: Եվ այստեղ չկար ոչ մի կախարդանք կամ մոգություն: Կար միայն տրամաբանություն, որի տարբերությունը «սովորական» տրամաբանությունից թվացյալ էր: Աշխարհակալ ուժի եւ իր էությամբ ազգային թագավորության անհավասար պայքարում ավելի թույլի ուժերը սպառվում եւ մաշվում էին անկախ հաղթանակից եւ պարտությունից, համակարգը քայլ առ քայլ կորցնում էր իր կայունությունը, մինչեւ մի օր գար վերջնական քայքայումը: Կարճ տարածության վրա սպառումը չէր զգացվում, բայց երկարատեւ մարաթոնում կաթիլները միանալով ծով էին դառնալու: Այսպես հաղթանակները գումարվելով անսպասելիորեն մի օր վերածվելու էին… պարտության: Աշխարհակալ ուժը կարող է իրեն թույլ տալ տեղական պարտություն, բայց նա հաղթում է, եթե պայքարն ընթանում է ի՛ր նախընտրած տեմպով, ի՛ր նախաձեռնությամբ եւ ի՛ր կանոններով:

Այսպես մազքութների դեմ տարած հաղթանակն էլ, Պալունիների խռովությունն էլ, չնայած չհասան իրենց նպատակներին, ձախողվեցին, բայց ավելացրին եւս մի քանի միավոր անկայունություն, թուլություն, քայքայում Պապի թագավորությունում: Ու քանի որ կայսրության կարողությունները նման դեպքեր կազմակերպելու համար անսպառ էին, դրանց անվերջ կրկնումը մի օր բերելու էր նպատակի իրացման:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ

 Սակայն հաղթանակի հնարավորությունը կար: Դա առաջին հայացքից նույնքան պարադոքսալ էր, որքան հաղթանակներից հյուսվող պարտությունը: Հաղթելու համար հայոց արքան պետք է փոխեր պայքարի կերպը՝ անվերջ պաշտպանությունից, տեւական դիմադրությունից, դանդաղ, կոտրտված տեմպից, դավադրական փակությունից դեպի բաց, լիարժեք, մեծ՝ «իսկական» պատերազմ: Պապին պետք էր, որպեսզի կայսրությունը բաց պատերազմի մեջ մտնի իր հետ, այլ ոչ թե անվերջ դավադրություններ հյուսելով մաշեցնի իրեն, թեկուզեւ հաջողակ դիմադրության մեջ:

Իհարկե, ավելի քան տարօրինակ է թվում, որ ավելի թույլը, որը պարտվում է ավելի մեծին տեւական պայքարում, կարող է հաղթանակի հասնել եւ նույնիսկ ձգտել այդ նույն՝ ավելի ուժեղի դեմ բաց ու մեծ պատերազմի:

Իրականությունը սակայն այն է, որ բաց պատերազմի դեպքում կտրուկ ավելանում է դրա ընթացքի եւ արդյունքի վրա ազդող այլեւայլ գործոնների թիվը, ավելանում է այն որակների քանակն ու բազմազանությունը, որն անհրաժեշտ է ներգրավել պայքարի համար, հետեւաբար կարեւոր է դառնում ոչ միայն պարզ թվաբանությունը, այլեւ ոչ այնքան ճշգրիտ հաշվարկելին՝ ոգեւորություն, քաջություն, խորամանկություն, վերջապես՝ բախտ եւ պատահականություն: Այս՝ շատ ավելի բարդ խաղում հնարավորությունների բաժինն ունի նաեւ քանակապես ավելի թույլը:

Մեծ պատերազմը չի կարող նաեւ լինել անվերջ երկար, նույնիսկ աշխարհակալ ուժի համար, եւ որոշ դեպքերում հատկապես նրա համար անհրաժեշտաբար պետք է ունենա ողջամիտ ժամկետային սահմաններ: Մեծ տերություն, առավել եւս աշխարհակալ ուժ, նշանակում է ոչ միայն մեծ կարողություններ, այլեւ մեծ խնդիրներ: Մեծի նույնիսկ թուլություններն են մեծ: Կայսրությունը չի կարող իր ամբողջ ուժերը լարել մեկ՝ իրենից փոքր թշնամու դեմ, այլ անհրաժեշտաբար պետք է ուժերի զգալի մասը խնայի հնարավոր այլ ուղղություններով հարվածներից պաշտպանվելու համար:

ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿՌՎԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՓՈՔՐԻ ՀԵՏ, ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ, ԱՅԼ ԻՆՔՆ ԷԼ ՈՐՈՇ ԻՄԱՍՏՈՎ ՓՈՔՐԱՆՈՒՄ Է:

Ավելի մեծ է նաեւ մեծ տերության ներքին լարումը, ներքին հակասությունները, որոնք կարող են պայթել պատերազմի դեպքում:

Պապը չուներ երաշխիք, որ կարող էր հաղթել իր մտահղացած մեծ պատերազմում, բայց եթե ընդհանրապես կային հաղթելու հնարավորություններ, ապա դրանք այստեղ էին, այլ ոչ թե անվերջ տեւող հակադավադրական դիմադրության մեջ, ընդհատակյա, ոչ պաշտոնական պատերազմում: Նրան պետք էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի բյուզանդացիները ստիպված լինեին դիմել բաց ռազմական գործողությունների, այլ ելք չունենային: Դրանով հայոց արքան իրավիճակի նախաձեռնությունն ու վերահսկողությունը վերցնում էր իր ձեռքը: Այնքան էլ հեշտ բան չէր կայսրությանը ներգրավել բաց պատերազմի մեջ: Բյուզանդացիները չունեին նման ցանկություն՝ հասկանալով, որ որքան էլ իրենց սարքած դավադրությունները հերթով տապալվեն, բայց իրավիճակը, միեւնույն է, զարգանում է իրենց ուզած ուղղությամբ: Բայց Պապին պետք էլ չէր սովորական սադրանք:

Դրա ծրագիրը կար՝ մշակված Պապի եւ Հրահատի երկար զրույցներում:
Նրանք որոշել էին Մեծ Հայքում պետական կրոն հռչակել միհրականությունը, եւ բացի այդ, հատուկ թագավորական հրամանով Մեծ Հայքը հռչակել ազատության երկիր. բոլոր նրանց համար, ովքեր իրենց կրոնական հայացքների համար հալածվում էին այլ երկրներում, Հայաստանը բացում էր իր դռները, պատրաստ էր դառնալ նրանց տունը՝ պայմանով, որ նրանք էլ, հարգելով Մեծ Հայքի ինքնիշխանությունը, չեն փորձի պարտադրել իրենց դավանանքը երկրին:

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐՈՆԸ

– Թագավորությունը պետք է ունենա իր հավատքը, իր կրոնը: Մեկ թագավորություն – մեկ հավատք, մեկ կրոն, ոչ թե մեկ կրոն՝ բազմաթիվ թագավորություններ: Առանց սեփական կրոնի թագավորությունն անլիարժեք է, թերի, կիսատ,- սկսեց իր խոսքը Հրահատը:

Բավական չէ միայն անկախացնել եկեղեցին: Որքան էլ անկախ, ինքուրույն, ազգային դարձնես այն, միեւնույն է, իր էությամբ այն մնում է մեկ այլ պետության, մեկ այլ օրգանիզմի գործիք, անդամ: Ընդունելով մի «տիեզերական» կրոն՝ դու օտարում ես քեզնից, քո թագավորությունից մի բարձրագույն ոլորտ՝ մարդու եւ երկնքի հարաբերությունների ոլորտը՝ թույլ տալով, որ դա տնօրինի, մեկնաբանի մեկ այլ իշխանություն՝ եկեղեցին, որը թագավորություն է դառնում քո թագավորության մեջ:

Նույնիսկ եթե մի օր կայսրությունը վերանա աշխարհի երեսից, քանի կա եկեղեցին՝ մարդկային բարձրագույն ձգտումների, մտքերի, գաղափարների, զգացումների, հարաբերությունների մեկնաբանման եւ կարգավորման մենաշնորհի ձգտող կառույցը, կայսրությունը կենդանի է մնալու՝ է՛լ ավելի վտանգավոր իր աննյութական, ուրվականային, անորսալի գոյությամբ:

Սկսելով երկնքից՝ նրանք իջնելու են ավելի ու ավելի ներքեւ, ավելի ու ավելի երկրային տեղեր: Քեզնից օտարվելու է ոչ միայն երկնքի հետ հարաբերությունը, այլեւ քո փոխարեն որոշվելու է ճիշտ ու սխալի, լավ ու վատի, ընդունելիի եւ անընդունելիի ամբողջ ծավալը՝ քո կյանքի բոլոր օրենքները:

Թագավորությունը ոչ միայն պետք է ունենա իր կրոնը, այլեւ թագավորությունը հենց սկսվում է երկնքի հետ հարաբերությունից, դրանց ինքնուրույնությունից: Երկինքը ոչ միայն անմահ աստվածներն են, այլեւ քո եւ քո տերության մեջ ապրողների մտքերը, ձգտումները, նպատակները:

Կամ կան բազմաթիվ աստվածներ եւ ուրեմն՝ բազմաթիվ թագավորություններ, բազմաթիվ ուղիներ ու ճշմարտություններ, կամ կա մեկ Աստված, մեկ ճշմարտություն, մեկ ուղի, հետեւաբար՝ միայն մեկ թագավորության իմաստ: Պատահական չէ հեթանոս բառը, որը նշանակում է ազգեր, ժողովուրդներ: Ազգերի, ժողովուրդների՝ բազմության, բազմաթիվության սկզբունքը նույնն է բազմաստվածության հետ, որը հանելով ժխտում ենք նաեւ բազմազանության բարձրագույն հիմնավորումը: Մեր իրական կռիվն այստեղ է: Եթե այդ կռվի մեջ չմտնենք, եթե չնախաձեռնենք դա՝ պարտված ենք դարերի մեջ եւ դարերի համար:

Բայց եթե մտնում ենք այս կռվի մեջ, կռվում ենք ոչ միայն մեզ, այլեւ բոլոր ազգերի ու ժողովուրդների համար՝ հանուն բազմասկզբունքայնության: Մեր կռիվն այլեւս միայն մերը չէ, այլ բոլորինը, եւ մենք կոչ ենք անում բոլորին միանալ դրան, եւ մեր կողմից է տիեզերական մի ուժ՝ անմահ աստվածների անվերջ բազմությունը, ամեն թագավորության, ամեն ազգի, ամեն քաղաքի սեփական աստվածներ ունենալու, սեփական հայացք ունենալու իրավունքը: Միայն այսպես է հնարավոր հաղթել կայսրության դեմ կռվում՝ վերածելով այն տեղականից տիեզերականի:

ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ

– Առաջարկում ես վերադառնալ հին կրոնի՞ն, անարգել մեծ պապիս՝ Տրդատի հիշատա՞կը:

– Նախ՝ Տրդատի հիշատակը չի անարգվում. նա արել է այն, ինչ արել է՝ ելնելով իր ժամանակի պահանջներից ու իրավիճակից: Նրա ժամանակ դեռ հայտնի էլ չէր, թե ինչ բան է համաշխարհային կրոն կոչվածը: Եվ վերջապես, եթե խոսքն անարգանքի մասին է, ապա նա էլ ուրեմն անարգել է իր «հեթանոս» պապերի հիշատակը եւ շատ ավելի մեծ չափով: Խոսքը հարգանքի եւ անարգանքի մասին չէ: Ճիշտ հակառակը՝ շարունակած կլինես Տրդատի գործը. նա նոր կրոն հռչակեց՝ մտածելով ամրացնել Հայքի թագավորությունը, դու էլ նույնը կանես՝ նույն նպատակով, կլինես մի նոր Տրդատ՝ նրա արածի խորքին, էությանը, ոչ թե մակերեսին հետեւելով: Հավատարիմ լինելը ավանդույթին ոչ թե դա կապկելն ու կուրորեն կրկնելն է, այլ ավանդույթի կենդանի զարգացումն է փոփոխվող պայմաններում:

Բայց ես չեմ էլ առաջարկում վերադառնալ նախատրդատյան կրոնին: Ի վերջո այդ կրոնը գոնե իր հիմնական անուններով՝ հայկական էլ չէր, այլ Իրանից փոխառած, թեեւ հայկական բովանդակություն վերցրած: Պաշտում էինք Արամազդին, Անահիտին, Վահագնին, որոնց անունները պարսկական էին, չնայած իրականում շարունակվում էր այդ անունների տակ հայկական ավելի հին պաշտամունքը: Աստվածների արձաններ ձուլելու, կուռքեր պաշտելու եւ տաճար կառուցելու ավանդույթը նույնպես մերը չէր, այլ փոխառել էինք թե´ մենք, թե´ պարսիկները Միջագետքից: Կարիք չկա դրան վերադառնալու:

Ես ընդհանրապես չեմ խոսում ժողովրդի պաշտամունքի մասին: Դա միշտ նույնն է մնում՝ անուններն են փոխվում: Վահագն են անվանում, թե սուրբ Կարապետ, Անահիտ, թե սուրբ Մարիամ՝ պաշտամունքը եւ սրբությունները նույնն են մնում: Մենք խոսում ենք թագավորական կրոնի մասին, որի իմաստը ոչ թե տեղական, ժողովրդական պաշտամունքն է, այլ արտաքին աշխարհի նկատմամբ երկրի ինքնիշխանության հաստատումը:

Այսօր Հիսուսի կրոնից ինքնանպատակ հրաժարվելու հարց չենք դնում: Մեր նպատակն է՝ մեր հռչակմամբ շահող դիրքում հայտնվել այն մեծ պատերազմում, որը վարում ենք: Դրա համար մենք պետք է այնպիսի հավատք հռչակենք, որը խոսի ոչ միայն մեր՝ հայերիս, այլեւ օյկումենի հետ, իսկ մեր ժողովուրդը ձեւը կգտնի դա հարմարեցնելու իր պաշտամունքին ու սրբություններին:

Միհրի անունը ծանոթ է ու հարազատ ե՛ւ մեզ, ե՛ւ պարսիկներին, ընդհանրապես արեւելքում՝ մինչեւ հեռավոր հնդիկներ, եւ արեւմուտքում՝ մինչեւ Իսպանիա, Բրիտանիա ու Գերմանիա, ուր եղել են ու դեռ կան Միհրի սրբությունները: Միհրի պաշտամունքը հասկանալի է, պարզ ու մարդամոտ: Կայսրության մեջ էլ դեռ բավականին հետեւորդներ ունի, որոնք այժմ հալածանքների ու ճնշումների են ենթարկվում, բայց որոնք պատկանում են հռոմեական բարձր ու կրթված խավին: Միհրի պաշտամունքն այլատյաց չէ, այն չի ժխտում ու հետապնդում այլոց, որովհետեւ չի ելնում մեկ եւ միակ ճշմարտության, մեկ եւ միակ սկզբունքի մասին պատկերացումից: Նույնիսկ քրիստոնյաները կարող են գտնել դրա մեջ հարազատ ու ծանոթ տարրեր: Այն հեշտությամբ իր մեջ կարող է միացնել, ձուլել հին կրոնները, հին աստվածների պաշտամունքը եւ մյուս կողմից նոր ուսմունքները: Մենք կունենանք ոչ թե մեկ՝ բոլորի համար պարտադիր դավանանք, այլ միհրականության ընդհանուր անվան տակ այլազան ուղիներ, մեկնություններ՝ մի ծաղկուն դաշտ բոլոր գույնի ծաղիկներով, որի միասնությունը կլինի ոչ թե միագույնությունը, այլ դաշտի ընդհանրությունը, որից աճում են ծաղիկները:

Մենք կվառենք Միհրի լուսավոր պաշտամունքի փարոսը բոլորի համար, ովքեր տենչում են ազատություն՝ ազգեր, քաղաքներ, հալածյալ համայնքներ, անհատներ: Կտանք բոլորին այն դրոշը, այն բարձր հիմնավորումը, որն այդքան պակասում է կայսերական բռնատիրության դեմ պայքարում: Ազգերի, համայնքների, անհատների առանձին-առանձին, պառակտված պայքարը, որը չունի իր բարձր մակարդակը՝ կրոնականը, հավատքայինը, եւ հենց դրա համար էլ մնում է տեղական, առանձնացված սահմանների մեջ, կվերածվի միասնական կռվի, առանձին հոսանքները կմիանան մեծ օվկիանոսին եւ կկործանեն անազատությունը: Արդեն ոչ թե մենք, այլ կայսրությունն է ստիպված լինելու պաշտպանվել: Նրանք չեն կարող անպատասխան թողնել մեր այս քայլը: Ստիպված կլինեն բաց պատերազմի դիմել, բայց այդ պատերազմում արդեն մենք կունենանք մեր դաշնակիցները եւ կայսրության սահմանների երկայնքով, եւ դրանից ներս: Միհրական սրբազան պատերազմ հանուն ազատության…

Հայքը վաղուց սիրում եւ պաշտում է Միհրին՝ ոչ միայն թագավորները, այլեւ իշխաններն ու շինականները: Միհրի անունը միավորում է ազգերին՝ Հնդկաստանից մինչեւ Իսպանիա ու Գերմանիա, բայց մենք՝ հայերս, այդ մեծ միհրական տարածքի ուղիղ կենտրոնում ենք եւ կարող ենք դառնալ միհրականության սրբազան հայրենիքը, ուր կհանդիպեն իրար Արեւելքն ու Արեւմուտքը: Մենք կմիավորենք մարդկությունը ոչ թե բռնապետությամբ, այլ սրբությամբ ու լուսավոր ուսմունքով: Միհրականության շուրջ ազգերի դաշինքի մեջ ոչ ոք չի ձգտի նվաճել, ոչնչացնել մյուսի թագավորությունն ու իշխանությունը: Միհրի պաշտամունքը չի ժխտում այլ աստվածների պաշտամունքը, այլ ընդունում է դրանք իր մեջ կամ էլ իրեն հավասար, համազոր, հարազատ: Միհրն ու Վահագնը, Միհրն ու Յուպիտերը, Միհրն ու Զեւսը չունեն իրար հետ կռիվ, այլ միայն փոխլրացում եւ համատեղ գոյություն, քանի որ ընդունվում է բազմաթիվ, այլ ոչ թե մեկ ու միակ սկզբունքի գոյությունը: Մեկ սկզբունքի թույնը, որը հիմքն է բռնապետության, կվերանա աշխարհից: Ազգերի ազատ դաշինքում յուրաքանչյուրը կպաշտի իր Միհրին իր ուզած ձեւով եւ Միհրի ընկեր մյուս աստվածներին՝ նույնպես իր ուզած ձեւով: Պատերազմներն ու վեճերը ազգերի միջեւ երբեք չեն վերածվի բացարձակ թշնամության եւ կավարտվեն արժանապատիվ խաղաղությամբ:

Բայց Հայքը կունենա այս նոր դաշինքում պատվավոր կենտրոնի տեղը: Հրեաստանի պես փոքր ու աննշան թագավորությունը կարողացավ բոլորին պարտադրել իր պատմությունը՝ շնորհիվ կրոնի: Մենք՝ հայերս, ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի, բայց որպես միհրական աշխարհի կենտրոն՝ կունենանք մեր հարգանքն ու պատիվն ազգերի մեջ որպես ուխտատեղի, որպես ընտանիքի ավագ եղբայր: Այս ամենը կարող է լինել…

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ

– Բայց եթե մեր նպատակն է ազատության հայրենիք դառնալ, ինչո՞ւ ենք ընդհանրապես հռչակում մեկ հավատք, մեկ կրոն, ավելի ճիշտ չէ այդ դեպքում պարզապես հռչակենք Հայքն ազատ դավանանքի տարածք եւ ընդունենք բոլոր հալածյալներին:

– Ոչ, դա սխալ ճանապարհ է: Նուրբ, բայց հիմնավոր տարբերություն կա երկուսի միջեւ. մի բան է հռչակել թագավորական, պետական կրոն եւ դրա հետ մեկտեղ ազատ դավանանքի իրավունք տալ օտար երկրներից գաղթած հալածյալներին, այլ բան է հռչակել կրոնական ազատություն առանց սեփական պաշտոնական հավատքի հռչակման:

Առաջին դեպքում ազատությունը պատրանք է: Հռչակելով ազատություն, բայց չունենալով սեփական հավատք, սեփական հայացք, դու հանձնում ես քո երկիրը քեզնից դուրս եղած ուժերի մրցակցությանը: Դու հրաժարվում ես քո թագավորության, ինքնիշխանության կարեւոր մասից: Ձեռքերդ ծալած եւ անտարբեր հետեւում ես, թե ինչպես են տարբեր խմբեր միմյանց դեմ պայքարում քո ժողովրդի տարբեր հատվածներն իրենցով անելու համար: Ազատության փոխարեն դու ստանալու ես դրա հակապատկերը՝ կորցնելու ես քո թագավորության ամբողջականությունը, ինքնուրույնությունը: Չի կարող թագավորությունը հրաժարվել մարդկային առավել բարձր դրսեւորումներից՝ մտքից, հավատքից, զգացմունքներից, գաղափարներից, եւ համարել իրեն ազատ ու ինքնիշխան՝ զբաղվելով միայն առօրյա կառավարմամբ: Նման ազատությունը կեղծիք է եւ սեփական տարածքի հանձնում, սեփական տարածքում այլ թագավորությունների գոյության թույլատրում: Դա կլինի ազատություն բոլորի համար, բացի քեզնից: Բոլորը կմրցեն բարձրի համար, երկնքի համար, բացի քեզնից, որովհետեւ դու ինքնակամ կհրաժարվես դրանից: Ու մի օր երկիրն այլեւս քոնը չի լինի, որովհետեւ երկիրը նրանն է, ումը երկինքն է:

Բայց միանգամայն այլ պատկեր ես ստանում, եթե հռչակելով սեփականը՝ դու նաեւ շնորհում ես ազատություն այլ հայացքների համար: Նրանք ազատ ապրում եւ գործում են քո տարածքում, հարաբերությունների մեջ մտնում քոնի եւ միմյանց հետ, փոխառում միմյանցից, խոսում միմյանց հետ, բայց առանց խառնվելու ու առանց խախտելու միմյանց սահմանները: Եթե դու բավականին ուժեղ ես, ապա կարող ես դիմանալ եւ հզորանալ այդ հավասար պայմաններով մրցակցության մեջ: Հալածյալները հավաքվում են քեզ մոտ, շնորհակալ եւ հավատարիմ եմ դառնում քեզ, բայց նրանք չեն գրավում քո տարածքը, չեն սպառնում քո ինքնուրույնությանը, չեն տիրանում քո սեփականությանը, չեն գրավում քեզնից բարձր դիրք քո իսկ տիրույթում…

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԴՌՆԵՐԸ

Հայոց մեծամեծները, ավագները, իշխանները, նախարարները, ազատները, ռամիկների ու շինականների ներկայացուցիչները, հոգեւորականությունը շտապում էին Հայոց մեծ ժողովին, որը հրավիրել էր հայոց արքան եւ հայոց տիկինը, եւ որը պետք է որոշեր Միհրի պաշտամունքը նոր հայոց կրոն հռչակել: Ուրախ էին բոլորը: Հայ ազնվականությունը, հայոց զորքը երբեք սրտով կպած չէին Հիսուսի անհասկանալի ու օտարոտի ուսմունքին: Հայոց շինականներն առանց թագավորական հրամանի էլ շարունակում էին պաշտել հին սրբությունները, որոնց մեջ Միհրը կամ Մհերը առանցքային դեր ուներ: Բայց եւ հայոց հոգեւորականների մեծ մասը նախկին քրմական ազգերից ու տոհմերից ոչ միայն ոչինչ չուներ, այլեւ միայն ուրախ էր վերադառնալ իր պապերի սիրած աստվածներից մեկի պաշտամունքին: Բոլորն ուրախ էին նոր ազատության համար, ամեն մեկն իր տեղում նորից կարող էր հանգիստ, առանց թաքնվելու եւ ավելորդ ձեւականությունների պաշտել իր սիրած աստվածությունը, որոնց հետ Միհրը թշնամի չէր, այլ ընկեր ու հարազատ: Միայն երկրի ճնշող փոքրամասնությունը՝ օտարացած բուն հայկականից կամ էլ հենց օտար ծագում ունեցող, կարող էր դժգոհել թագավորական նոր որոշումից: Բայց նույնիսկ բյուզանդամետ իշխանների ընդդիմությունն այդ որոշմանը սրտանց կողմ չէր, նույնիսկ նրանց վրա Պապի շրջադարձային որոշումն ազդել էր այնպես, որ պատրաստ էին մոռանալ ամեն բան եւ նորից լծվել հավատարիմ ծառայությանը. բոլորն էլ միայն ստիպողաբար, ձեւական եւ չհասկանալով էին դավանում Տրդատի ընդունած կրոնը: Նոր փոփոխությունը բնական էր, ոգեւորող, նոր աշխարհ բացող. դա զգում էին բոլորը…

Մեկ այլ հատուկ որոշմամբ՝ Մեծ Հայքը հռչակվում է ազատ երկիր բոլորի համար, ում հավատամքը հալածվում է եւ ճնշման ենթարկվում: Բոլորին պատրաստ է հյուրնըկալել հայոց արքան…

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այստեղ վերջանում կամ ավելի շուտ անսպասելիորեն ընդհատվում է Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը: Կարող էր լինել իհարկե շարունակությունը, եւ այն կա հեղինակի սեւագրերում: Կա ռազմական գործողությունների պատմությունը իր հետաքրքիր մարտավարական եւ ռազմավարական զարգացումներով: Բայց մեծ հաշվով հիմնականն արդեն ասված է: Անցումը միհրականության այս հոդվածաշարում առաջադրված բոլոր բարդ խնդիրների լուծումն է՝ երջանիկ լուծումը: Սա նոր աշխարհի՝ ոչ միայն նոր Հայաստանի սկիզբն է: Իսկ շարունակությունը կարող էր լինել նոր աշխարհի պատմություն, այնպիսին, ինչպիսին կլիներ առանց պետական եւ հոգեւոր բռնակալության, որից մարդկությունը, ի հեճուկս դարի պատրանքների, չի ազատվել ցայսօր, եւ որի ազատման բանալին չկա:

Միհրականության հռչակումից հետո դեպի Հայաստան են ուղղվում սկզբում հարյուրավոր, ապա հազարավոր, վերջապես տասնյակհազարավոր փախստականներ՝ դրանց թվում գիտնականներ, ազնվականներ, հմուտ զորավարներ Բյուզանդական կայսրության տարբեր տեղերից, հաճախ Հայաստանի ծայրահեղ հեռու հատվածներից: Բոլորն ուզում են վայելել ազատության քաղցր համը, որը նրանց խոստացել էր Պապը՝ հիրավի Մեծի անուն վաստակած արքան: Նույնիսկ քրիստոնյա այլադավան համայնքները շտապում էին Պապի հովանո ներքո եւ ստանում ապաստարան մի պայմանով, որ իրավունք չունեն տարածելու կամ պարտադրելու իրենց հավատքն այլոց: Ամեն մեկն ազատ է դավանել իր հավատքը՝ չմիջամտելով հայոց կրոնի մեջ: 

Պարսից արքան իր ողջույններն է ուղարկում հայոց թագավորին, նրա տիկնոջն եւ ամենայն հայոց զորքին: Հեռավոր երկրներից, ցեղերից ու ազգերից գալիս են դեսպաններ, որոնց հետ կնքվում են դաշինքներ, այդ թվում օսթգոթերի հզոր ցեղի ներկայացուցիչները, որոնց բանակը մոտ էր կայսրության մայրաքաղաքին եւ պատրաստ էր գրոհել նրա վրա: Սկսվում է իրագործվել ազգերի մեծ դաշինքը երազատեսությունը Միհրի հովանավորությամբ եւ հանուն ազատության:

Դրությունը կայսրության համար անտանելի է դառնում: Միայն հազարների գաղթը Հայաստան ինքնին առիթ էր պատերազմ սկսելու: Բայց այժմ արդեն ոչ թե հռոմեացիք, այլ հայերն էին ունենալու դաշնակիցներ այդ պատերազմում, այդ թվում հենց կայսրության ներսում: Երբ սկսվեց պատերազմը, եւ երբ հայերը գրանցեցին առաջին հաջողությունները, ապստամբությունների օջախները մեկը մյուսի հետեւից սկսեցին ծագել հենց կայսրությունում: Միհրականությունը հատկապես լայն տարածում ուներ բյուզանդական բանակում:

Սրան ավելանում է օսթգոթերի եւ այլ գերմանական ցեղերի արշավանքները կայսրության արեւմտյան տարածքների ուղղությամբ: Բացվում է պատերազմի երկու ճակատ՝ ընդդեմ Հռոմի: Կոստանդնուպոլիսը պաշարվում է այն պահին, երբ հայոց զորքը, անցնելով հակահարձակման, ներխուժում է բյուզանդական տարածքներ՝ Եփրատից արեւմուտք: Իրավիճակից ազդվում են պարսիկները, որոնք միանում են միհրական սրբազան պատերազմին: Բյուզանդական բանակում իսկ թե՛ տեղացիները, թե´ գերմանացի վարձկանները սկսում են մտածել հանուն բռնապետության իրենց արյունը թափելու իմաստի մասին: Հռոմեական բանակը սկսում է քայքայվել: Դարավոր բռնապետությունը ընկնում է: Ժողովուրդներն ազատություն են ստանում: Վերականգնվում են կործանված թագավորություններն ու ազատ քաղաքները Փոքր Ասիայում, Հունաստանի հին եւ փառավոր ազատությունը, իրենց ինքնուրույն են հռչակում Գալիան, Բրիտանիան, Իսպանիան եւ բոլոր մնացածները:

Ազատված ժողովուրդները շնորհակալ են Միհրին, որի զորությանն են վերագրում տեղի ունեցած անհավատալի հրաշքը եւ Մեծ Հայքին ու նրա արքային, որոնք համարձակություն եւ իմաստնություն ունեցան Միհրին կյանքի կոչել հանուն ազատության: Եվ ամեն 5 տարին մեկ, ի հիշատակ ժողովուրդների ազատագրման, ուխտագնացները հասնում են Պապի երկիրը՝ տոնելու համար Միհրի եւ ազատության մեծ տոնը:

Անցնում են դարեր ու հազարամյակներ եւ լուսավոր ու ազատասեր միհրականության հիմքով արագ զարգանում եւ աճում է համամարդկային նոր մշակույթն ու նոր քաղաքակրթությունը: Եվ մարդիկ հիշում են հայոց Պապ արքայի հիշատակն աշխարհի բոլոր անկյուններում որպես ազատարարի եւ հիմնադրի նոր աշխարհի, որը հասավ դրան առանց որեւէ մեկին ստրկացնելու ու նվաճելու, այլ միայն հանուն իր թագավորության ազատության, եւ որը ոչ մեկին չպարտադրեց մեկ ճշմարտություն ու մեկ ուղի, այլ միայն հռչակեց իրենը եւ հնարավորություն տվեց մյուսներին ազատ դավանելու բազմաթիվ ճշմարտություններ եւ ընթանալու բազմաթիվ ուղիներով: Որովհետեւ միայն շատ նեղմիտ ուղեղը կարող է մտածել, որ այս անծայրածիր աշխարհում ու տիեզերքում հնարավոր է միայն մեկ սկզբունք, մեկ ճշմարտություն, մեկ աստված, մեկ թագավորություն, մեկ ճանապարհ, եւ տեղ չի մնում բազմաթիվ այլ հնարավորությունների համար:

Դարերի ընթացքում այս նոր փիլիսոփայությունը՝ բազմասկզբունքայնության փիլիսոփայությունը, կոչվեց «ազգերի ուսմունք» կամ յուրացնելով թշնամիների տված անունը՝ նոր «հեթանոսություն»: Ազգը սկզբնական իմաստով նշանակում է ճյուղավորում, տարբերակում, այլեւայլություն՝ «ազգի-ազգի»՝ այլեւայլ, տարբեր: Ազգերի ուսմունքը նշանակում էր տարբերակման, տարբերության, տարբեր ճյուղերի եւ ուղիների հնարավորության մասին ուսմունք: Այդ փիլիսոփայության հիմամբ գոյացած մարդկային մշակույթը՝ քաղաքականից մինչեւ արվեստ ու գիտություն, մինչեւ տնտեսություն, միանգամայն տարբեր եւ ավելի արագ տեմպով զարգացող էր, քան պլատոնական եւ քրիստոնեական մեկ սկզբունքի հիմամբ աճածը: Դրա հիմամբ մարդկությունը շատ ավելի արագ, քան մեր իրական աշխարհում, բնակեցրեց նաեւ Տիեզերքը՝ մեր մոլորակը, ապա եւ մեր աստեղային համակարգից դուրս ու ավելի հեռուներ: Եվ ամեն տեղ ստեղծեց նորանոր, տարբերվող, անվերջ ճյուղավորվող, «ազգի-ազգի» մշակույթներ ու աստվածներ:

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *