16.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Պաշտո­նա­կան ճաշի ժամա­նակ կաթո­ղի­կոսն ասում է Խալի­լին. «Ինչպե՞ս ձեզ դուր եկավ Էջմիածնի շրջա­կայքը, մանա­վանդ լիճի տեսա­րա­նը։ Տեսա՞ք անթիվ հայ գաղթա­կաննե­րին, որոնք ձեր քաղա­քա­ցի­ներն են եղել։ Շնորհա­կալ եմ, որ գոնե այսքանն էլ մնա­ցել է»։

Հայաստա­նի անկա­խության հռչա­կումից հետո Կովկա­սում թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Խալիլ բեյը երկու անգամ այցե­լում է Հայաստան եւ հանդի­պում Արամ Մանուկյա­նի հետ։ Առա­ջին այցե­լությունը տեղի է ունե­նում 1918թ. օգոստո­սի 31-ին։

Հայաստանն այդ օրե­րին գրե­թե լիո­վին կտրված էր արտա­քին աշխարհից։ Ալեքսանդրա­պո­լից եկող թուրք հրա­մա­նա­տա­րին ուղեկցում էին Գերմա­նիա­յի եւ Ավստրիա­յի ռազմա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը։ Խալի­լին եւ մյուս հյուրե­րին ուղեկցե­լու նպա­տա­կով գնացքով Թիֆլի­սից Ալեքսանդրա­պոլ է գալիս Վրաստա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Արշակ Ջամալյա­նը, որին միա­նում են նաեւ Վահան Նավա­սարդյանն ու լուսա­վո­րության նախա­րար Գեւորգ Ղազարյա­նը։

Խալի­լի այցե­լությունն անսպա­սե­լի էր, եւ Երեւա­նում ստա­նա­լով այդ լուրը՝ խնդրում են Ուլուխանլու (Մասիս) կայա­րա­նում մի փոքր սպա­սել, որպեսզի պատշաճ ընդունե­լության պատրաստություն տեսնեն։ Վահան Նավա­սարդյա­նը գրում է, որ նույն պահին Ուլուխանլու է հասնում հայ փախստա­կաննե­րի ու գերի­նե­րի առա­ջին խումբը, որոնք Շիրա­կից տարվել էին Էրզրում։

«Տարագրվածնե­րի ստույգ թիվը մոտ 13 հազար էր, կոտորվել էին ամենքը եւ կենդա­նի մնա­ցել մի քանի հարյուր հոգի միայն, որոնց ահա վերա­դարձնում էին Հայաստան, «հավա­տա­րիմ» մնա­լով այդ ժամա­նակ Պոլիս գտնվող մեր պատվի­րակնե­րին տված խոստման։ Այդ դժբախտնե­րը լծվել էին դաժան աշխա­տանքնե­րի Էրզրումում ու քաղա­քի մերձա­կա վայրե­րում։ Նրանց Երեւա­նում, կարծեմ, լուսանկա­րե­ցին, այդ ահա­վոր պատկե­րից գեթ որեւէ թույլ հետք պահե­լու համար, սակայն անկասկած է, որ նրանցից ոչ ոք կենդա­նի մնաց»,- գրում է Նավա­սարդյա­նը։

Երեւա­նի կայա­րա­նում Խալի­լին դիմա­վո­րում է Արա­մը, եւ հանդիպման պահին նրանք ողջա­գուրվում են։ Նավա­սարդյա­նը գրում է, որ չի կարո­ղա­նում զսպել արցունքնե­րը՝ տեսնե­լով հայ ժողովրդի ոխե­րիմ թշնա­մի­նե­րից մեկի եւ Արա­մի հանդի­պումը։

Նազարբեկյա­նի խաչը

Ուշագրավ է նաեւ թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րի եւ գենե­րալ Նազարբեկյա­նի հանդի­պումը։ Խալիլն ու Արա­մը գնում են Նազարբեկյա­նի տուն, որտեղ վերջինս նրանց դիմա­վո­րում է զինվո­րա­կան համազգեստով՝ կրծքին ամրացրած Գեորգյան խաչը, որը ստա­ցել էր ռուսա­կան բանա­կում ծառա­յության տարի­նե­րին։

Արա­մը, ցույց տալով Նազարբեկյա­նի զինվո­րա­կան բարձրա­գույն պարգեւը, ասում է Խալի­լին.

- Իսկ գիտե՞ս, թե ինչո՞ւ է տրված այս խաչը։
- Ո՛չ,- պատասխա­նում է Խալի­լը։
- Ուրեմն գիտցիր, որ այս խաչը տրված է Դիլմա­նի տակ քեզ փառա­վո­րա­պես փախուստի մատնե­լու համար,- ժպտա­լով ավե­լացնում է Արա­մը։

Խալի­լի օգոստոսյան այցե­լության մասին որոշ տեղե­կություններ է տվել նաեւ 1918–1920թթ. Երեւա­նի պարետ Արշա­վիր Շահխա­թունին՝ գրե­լով, որ Խալի­լը շատ տպա­վորվում է նորաստեղծ հայկա­կան բանա­կի՝ հյուրե­րին դիմա­վո­րող ստո­րա­բա­ժա­նումնե­րի տեսքով եւ կարգա­պա­հությամբ։ Խալի­լը եւ գերմա­նա­կան ու ավստրիա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը ցանկություն են հայտնում հանդի­պե­լու Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սին։

Հաջորդ օրը նրանք գնում են Էջմիա­ծին եւ հանդի­պում Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գեւորգ Բ Սուրենյանցին։ Պաշտո­նա­կան ճաշի ժամա­նակ կաթո­ղի­կոսն ասում է Խալի­լին. «Ինչպե՞ս ձեզ դուր եկավ Էջմիածնի շրջա­կայքը, մանա­վանդ լիճի տեսա­րա­նը։ Տեսա՞ք անթիվ հայ գաղթա­կաննե­րին, որոնք ձեր քաղա­քա­ցի­ներն են եղել։ Շնորհա­կալ եմ, որ գոնե այսքանն էլ մնա­ցել է»։

Գաղտնի հանդի­պում. հայը չի խփի կռնա­կից

Շահխա­թունին գրում է, որ որոշ ժամա­նակ անց Խալի­լը հեռագրով դիմում է իրեն՝ Արա­մի հետ գաղտնի հանդի­պե­լու ցանկություն հայտնե­լով։ Շահխա­թունին չի նշում հանդիպման ժամա­նա­կը եւ տեղը, միայն գրում է, որ Երեւա­նի կայա­րա­նից «կես ժամ հեռու մի ամա­յի կայա­նում» էր, որտեղ իրե­նից, Արա­մից ու Խալի­լից բացի, ոչ ոք չկար։ Հանդիպման ու զրույցի նկա­րագրությունից կարող ենք ենթադրել, որ այն տեղի է ունե­ցել 1918թ. սեպտեմբե­րի 20-ից հետո։ Խալի­լը շատ նյարդայնա­ցած էր ու հուզված։ Նա ծխա­խոտ է հյուրա­սի­րում Արա­մին ու Շահխա­թունուն, սակայն երկուսն էլ հրա­ժարվում են՝ զգուշա­նա­լով, որ «միգուցե թույն պարունա­կող ծխիկներ էին»։

Խալի­լը վառում է գլա­նա­կը եւ ասում.

«Լուրե­րը մեզ համար շատ վատ են։ Անգլիա­ցիք հայե­րի հետ մեծ հարված են տվել թրքա­կան բանա­կին Արա­րա­յում։ Թուրք բանա­կը ջախջախվեց, խառնի­ճա­ղանջ խուժա­նի պես ցիր ու ցան է եղել։ Անգլիա­ցիք հետեւում են մեզ եւ մաքրա­գործում թուրք ուժե­րը։ Մենք հաշտություն ենք խնդրե­լու։ …Հաղթությունը ձերն է։ Մենք որո­շել ենք այս ճակա­տից բոլո­րո­վին հեռա­նալ եւ Էրզրում քաշվել։ Մեր քաշվե­լուց հետո դուք կարող եք գրա­վել բոլոր մեր թողած վայրե­րը։ Թերեւս Էրզրումը եւս ստիպված ենք թողնե­լու։ Այս գաղտնիքնե­րը ձեզ եմ տալիս, իբրեւ ձեր հին բարե­կա­մը»,- ասում է Խալի­լը։

(Խալի­լի խոսքում նշված Արա­րա­յի ճակա­տա­մարտը տեղի է ունե­ցել 1918թ. սեպտեմբե­րի 19-ին՝ Պաղեստի­նի Ռաֆաթ-Արա­րա բարձունքի մոտ, որտեղ ֆրանսիա­կան ու անգլիա­կան զորքե­րի հետ թուրքե­րի դեմ կռվում եւ հաղթում են հայ մարտիկները՝նորաստեղծ Հայկա­կան լեգեո­նի կազմում։ 1918թ հոկտեմբե­րի 30-ին Հունաստա­նի Լեմնոս կղզու Մուդրոս նավա­հանգստում զինա­դա­դար է կնքվում Անտանտի պետություննե­րի եւ Թուրքիա­յի միջեւ, համա­ձայն որի՝ թուրքա­կան բանա­կը պետք է հեռա­նար Անդրկովկա­սից եւ Կիլի­կիա­յից):

Կովկա­սում թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րը խնդրում էր Արա­մին նահանջի ժամա­նակ չհե­տապնդել եւ չոչնչացնել թուրքա­կան ուժե­րը. «Վախե­նում եմ, թե մեր փախուստի ժամա­նակ հայե­րը մեր կռնա­կից մեզ սպա­նեն»։

Արամն ասում է Խալի­լին, որ «հայե­րը փախչող զինվո­րին կռնա­կից չեն սպա­նի», եւ ավե­լացնում, որ իրենք փամփուշտի մեծ պակաս ունեն ու առա­ջարկում Խալի­լին հեռա­նա­լիս Կարսում եղած պահեստնե­րից փամփուշտ թողնել հայե­րին՝ փոխա­րե­նը խոստա­նա­լով ուղեկցորդներ տալ Խալի­լին Էրզրում հասնե­լու համար։ Հաջորդ օրը Խալի­լի հրա­մա­նով թիկունք է ուղարկվում Կարսի զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րը, եւ հայե­րը մի քանի սնդուկ փամփուշտ են ստա­նում։

«Երկրորդ օրն էլ եկան բավա­կա­նին սնդուկներ եւ խնդրանք՝ Արա­մին հիշեցնող իր խոստումը։ Արա­մը նույն օրն իսկ հրա­հանգ տվեց իր չորս քաջ զինվորնե­րին՝ պաշտոն հանձնե­լով նրանց, Խալիլ փաշա­յին ողջ առողջ Էրզրում հասցնե­լու»,- գրում է Արշա­վիր Շահխա­թունին։

Խոլե­րա­յի ուրվա­կա­նը

Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության ու խորհրդա­րա­նի առջեւ ծառա­ցած էին մի շարք հրա­տապ խնդիրներ, որոնց լուծումը սովից ու պատե­րազմնե­րից քայքայված պետության համար շատ դժվար էր։ Հայաստա­նում կենտրո­նա­ցել էին հարյուրհա­զա­րա­վոր փախստա­կաններ, որոնք հեղե­ղել էին տարբեր շրջաննե­րը, բայց հիմնա­կա­նում՝ Երեւանն ու Էջմիա­ծի­նը։

Ունեցվածքից, դրա­մից, տուն ու տեղից զրկված մարդիկ փորձում էին սնունդ հայթայթել՝ հաճախ պարզա­պես ոչնչացնե­լով գյուղա­ցիա­կան տնտե­սություննե­րը։ Զրկված լինե­լով տարրա­կան կենցա­ղա­յին ու սանի­տա­րա­հի­գիե­նիկ պայմաննե­րից՝ գաղթա­կա­նության շրջա­նում տարածվում էին համա­ճա­րա­կա­յին հիվանդություններ, եւ Երեւա­նի կենտրո­նում օրա­կան տասնյակ մարդիկ էին մահա­նում։

Կառա­վա­րության համար առա­ջին լուրջ խնդի­րը խոլե­րա­յի համա­ճա­րա­կի դեմ պայքարն էր, որը 1918թ. օգոստո­սին սպառնա­լից չափե­րի էր հասնում։ Օգոստո­սի 17-ին թերթե­րը գրում են, որ Երեւա­նում, Դիլի­ջա­նում եւ Ելե­նովկա­յում (Սեւան) խոլե­րա­յի 9‑ը դեպք է արձա­նագրվել, ինչը նշա­նա­կում է, որ համա­ճա­րա­կի մեծ վտանգ կա։

Խոլե­րա­յի համա­ճա­րա­կը կանխե­լու նպա­տա­կով Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նը 1918թ. օգոստո­սի 21-ին ընդունում է հատուկ օրենք։

ՕՐԵՆՔ

Խոլե­րա­յի դեմ կռվե­լու մասին.


Ընդունված է Հայաստա­նի Խորհրդի կողմից օգոստո­սի 21-ին։
Նախա­գահ՝ Սահակյան
Ավագ քարտուղար՝ Պ. Զաքարյան

1. Հայտա­րա­րել ամբողջ Հայաստա­նի տերի­տո­րիան խոլե­րա­յի կողմից վտանգված։ 2. Հայաստա­նի Խորհրդի բժշկա-սանի­տա­րա­կան մասնա­ժո­ղո­վը վարա­կիչ հիվանդություննե­րի դեմ մաքա­ռող բոլոր հիմնարկություննե­րի վրա հսկող ամե­նա­բարձր մարմինն է։

Երեւան քաղա­քի մաքրության խնդրին եւ գաղթա­կաննե­րի կենցա­ղա­յին ծայրա­հեղ վատ պայմաննե­րին ակտի­վո­րեն անդրա­դառնում էր ընդդի­մությունը՝ խիստ քննա­դա­տե­լով իշխա­նությա­նը։ Հայ ժողովրդա­կան կուսակցության «Ժողո­վուրդ» թերթը 1918թ. օգոստո­սին գրում էր, որ գաղթա­կաննե­րը լիո­վին անտեսված են, ապրում են սոսկա­լի պայմաննե­րում, ինչն էլ դառնում է հիվանդություննե­րի տարածման պատճառ։

Երեւա­նում անօ­թեւան գաղթա­կաննե­րի մեծ խմբեր էին տեղա­վորվել Անգլիա­կան այգում (հետա­գա­յում՝ 26 կոմի­սարնե­րի անվան անգի), որն այն ժամա­նակ Երեւա­նի միակ հասա­րա­կա­կան այգին էր եւ աստի­ճա­նա­բար վերածվում էր աղբա­նո­ցի ու ավերվում։

«Ժողո­վուրդ», 22 օգոստո­սի, 1918թ., թիվ 3

«Նա դարձել է բոլո­րո­վին ամա­յի ու ավե­րակ, եւ եթե այսպես շարունակվի էլի 2–3 ամիս, կփոխվի մի իսկա­կան անա­պա­տի։ Գաղթա­կա­նության ավե­րիչ հոսանքը այդտեղ եւս իր դրոշմն է դրել։ Անա­սուննե­րի անխնա կերին են հանձնված ինչպես խոտը, այնպես էլ մատաղ տունկե­րը եւ ծառե­րի ոստերն ու տերեւնե­րը։ Ամբողջ ժամա­նակ չջրվե­լուց դեղնել են տերեւնե­րը։ Ամեն ինչ ավե­րող ձեռքե­րը ջարդո­տել են ծառե­րի ճյուղե­րը։ Գետի­նը սպի­տա­կել է ինչպես Սահա­րա­յի անա­պա­տը»։

Օգոստո­սի վերջին պաշտո­նա­կան տվյալնե­րով Երեւա­նում խոլե­րա­յով հիվանդա­ցել էր 421 մարդ, որոնցից 191‑ը մահա­ցել էին։

Բնակչության զինա­թա­փումը

Հայաստա­նի համար հատկա­պես խնդրա­հա­րույց էր բնակչության շրջա­նում առկա մեծ քանա­կի զենքը, որը տնտե­սա­կան ծանր դրության եւ անիշխա­նության պայմաննե­րում նպաստում էր հանցա­գործություննե­րի աճին։ Թալա­նի, ավա­զա­կության, փողո­ցա­յին հրաձգության եւ պետա­կան իշխա­նությա­նը չենթարկվե­լու դեպքե­րը ամեն օր եւ ամե­նուր էին։ 1918թ. օգոստո­սի 16-ին Երեւա­նի քաղա­քա­յին այգում փոխհրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվում։ Ըստ մամուլի հրա­պա­րա­կումնե­րի՝ իգդիրցի­նե­րի եւ երեւանցի­նե­րի միջեւ վիճա­բա­նություն էր ծագել, եւ դեպքի մասնա­կիցնե­րը խմբե­րի բաժանվե­լով կրա­կել էին միմյանց վրա։

«Անարխիան գնա­լով մեծա­նում է ոչ թե հանրա­պե­տության խուլ ու հեռա­վոր անկյուննե­րում, այլ հանրա­պե­տության մայրա­քա­ղաք Երեւա­նում, բարձր կառա­վա­րության աչքի առաջ։ Սա ծաղր է, սա անհանդուրժե­լի է»,- գրում էր «Զանգ» թերթը՝ պահանջե­լով կառա­վա­րությունից կտրուկ միջոցներ ձեռնարկել բնակչությա­նը զինա­թա­փե­լու համար։

Զինվե­լու պսի­խոզ

Քաղա­քում կարգ ու կանոն եւ անվտանգություն հաստա­տե­լու նպա­տա­կով 1918թ. օգոստո­սի 21-ին զինվո­րա­կան նախա­րա­րությունը հրա­ման է արձա­կում, համա­ձայն որի՝ քաղա­քում արգելվում էր զենք կրե­լը։

Բնակչությա­նը զինա­թա­փե­լու հարցը այնքան օրա­կարգա­յին էր դարձել, որ ներքին գործե­րի նախա­րար Արամ Մանուկյա­նը համա­պա­տասխան օրի­նա­գիծ է ներկա­յացնում խորհրդա­րան։ Օգոստո­սի 22–27‑ը օրի­նա­գի­ծը քննարկվում է Հայաստա­նի խորհրդում։ Խորհրդա­րա­նում ներկա­յացնե­լով իր հիմնա­վո­րումնե­րը՝ Արամ Մանուկյանն ասում էր, որ վերջին տարի­նե­րի անկա­յունությունը եւ պատե­րազմնե­րը հայ ժողովրդի շրջա­նում հանգեցրել են «զինվե­լու պսի­խո­զի»։

«Շնորհիվ այսպի­սի զինվա­ծության մարդիկ սովո­րա­կան վեճե­րը լուծում են արյունով եւ սպա­նությամբ. օրի­նակ՝ Ախտա­յի (Հրազդան) շրջա­նում 1 գառան պատճա­ռով ջարդվե­ցին 3 ընտա­նիք, եւ դիակնե­րը հնար չկար թաղե­լու, եւ պետք էր ֆրոնտից 1 բատալյոն զորք բերել՝ նրանց զսպե­լու համար»,- պարզա­բա­նել էր Արամ Մանուկյա­նը (ՀՀ առա­ջին խորհրդա­րան, 1918–1919 թթ., Երեւան, 2009թ.):

Խորհրդա­րա­նի մի շարք պատգա­մա­վորներ քննա­դա­տում են օրի­նա­գի­ծը՝ համա­րե­լով այն «շտա­պո­ղա­կան»։ Նրանք իրենց դիրքո­րո­շումը հիմնա­վո­րում էին ավա­զակնե­րից, թշնա­մուց եւ քրդա­կան հրո­սակնե­րից պաշտպանվե­լու անհրա­ժեշտությամբ, եւ եթե պետությունն ի վիճա­կի լիներ պաշտպա­նե­լու իր քաղա­քա­ցի­նե­րին, ապա մարդիկ վերջին կոպե­կով զենք չէին գնի։ Արա­մը չի համա­ձայնում նաեւ այս փաստարկնե­րին՝ օրի­նակներ բերե­լով, որ քրդա­կան հարձա­կումնե­րից բնակչությա­նը պաշտպա­նել են կանո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նումնե­րը, այն դեպքում, երբ այդ մարդկանց մոտ եղել են հարյուրա­վոր հրա­ցաններ։ Օրի­նագծով առա­ջարկվում էր զենքը հանձնե­լուց խուսա­փողնե­րի համար նախա­տե­սել 3000 ռուբլի տուգանք կամ 3 ամսվա բանտարկություն։ Օգոստո­սի 27-ին խորհրդա­րա­նը շարունա­կում է քննարկումը, եւ ի վերջո, ձայնե­րի մեծա­մասնությամբ ընդունվում է Արամ Մանուկյա­նի ներկա­յացրած օրի­նա­գի­ծը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.com կայքից։

Առնչվող Հոդվածներ