Հայաստան

Ինքնության Հարցը

Մաս 6

 «Ակօս»-ում ինքնության թեմայի շուրջ ուսումնասիրությունները հետզհետե դառնում էին ավելի համարձակ՝ վերածվելով և՛ թուրքական իշխանությունների, և՛ նրանց արբանյակների մտահոգության առարկա: 

Էլինա Միրզոյան

Ծավալված բողոքի և քննադատության ալիքը որոշակի արդյունք ունեցավ և ապրիլի 1-ին տեղի ունեցած հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մ. Աքշեները «ցավ» հայտնեց հայ հայրենակիցներին վիրավորելու համար: Այդուհանդերձ, նման դեպքերը Թուրքիայում բազմաթիվ են, իսկ դրանք պարսավողները՝ քիչ:

Այդ դեպքը, սակայն, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները «Ակօս»-ում շատ կարևոր մի նոր զարգացման մասին էին վկայում, որը հետագայում ծավալվելու էր և լայն մասշտաբներ ընդգրկելու: Մասնավորապես, սա առաջին քայլերից էր, որն ուղղակի կամ անուղղակի նպաստեց, որպեսզի հայկական թեմատիկան ընդլայնի իր սահմանները և, բացի թուրքահայ մամուլի զգուշավոր անդրադարձներից, իր որոշակի տեղը զբաղեցնի թուրքական մամուլի միջոցներում, և այս հարցում «Ակօս»-ի ու Հ. Դինքի դերը իրականում բավականին մեծ է: Ավելի ուշ նա կրկնելու էր և հստակեցնելու պարբերաթերթի հիմնադրման կարևոր նպատակներից մեկի մասին իր տեսակետը. «Խոսիլ հայութեան խնդիրներու մասին Թուրքիոյ հանրութեան առջեւ, իրենց հասկցած լեզուով, քանի որ, այդ օրերուն «Հայ» բառը հասած էր նոյնիսկ հայհոյանքի աստիճանին, ամէն օր, հեռուստակայաններու եւ թերթերու մէջ, քաղաքական անձնաւորութիւններու եւ մտաւորականներու բերնէն: Հայուն հասցէին զանազան անարգանքներ եւ ամբաստութիւններ կ’ըլլային: Նաեւ մեր համայնքային կեանքին մէջ, գագաթնակէտին հասած էր պետական ճնշումներուն ստեղծած դժուար կացութիւնը, երբ մեր ձեռքերէն կալուածները կ’առնուէին եւ դպրոցներու մէջ ճնշում կար: Այս կացութեան մէջ կը մտածէինք, թէ պէտք է Թուրքիոյ ժողովուրդին փոխանցենք մեր հարցերը եւ իրենց հասկցած լեզուով անոնց գիտակցութեան յանձնենք, թէ ի՞նչ տեղի կ’ունենայ եւ թէ ո՞վ է հայը: Մենք մեզ պաշտպանելու համար մէջտեղ եկած թերթ ենք»:

Հ. Դինքն անդրադառնում է «երկու ինքնությունների» թեմային, սակայն այլ կտրվածքով. ըստ նրա՝ թուրքահայը այսօր կանգնած է ինքնության երկվության առաջ, և երկու ինքնություն ու երկու գիտակցություն կրող է: Թեև նա թուրքաբնակ է, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, սակայն ծագումով հայ է: Բացի այն, որ նա Թուրքիայի հայկական համայնքի մասնիկ է, միևնույն ժամանակ բարոյապես Հայաստանի և Սփյուռքի մասնիկն է: Երկու իրականություններից բխած իր խոսքերը հաճախ ուղղվում էին իր իսկ դեմ` կամ որպես ազգի կամ պետության դավաճանի: Նման գնահատականը արդյունք էր երկու ժողովուրդների և երկու երկրների որոշակի գաղափարական դիրքորոշումների: Ի վերջո, նա տալիս է այդ վիճակի թեկուզ փոքր-ինչ կոպիտ, սակայն որոշակիորեն դիպուկ գնահատականը. «Հայերն իրենց հոգեխեղման, իսկ թուրքերը մտագարության ախտանիշներով հիվանդներ են»: Նա, սակայն, առաջարկում է իր սեփական օրինակով այդ երկու ինքնությունների միջև ներդաշնակություն ստեղծել. «Երկու ինքնութիւններս, զորս երբեք փոխելու նպատակ չունիմ եւ հակառակ անոր որ ահաւոր ցաւ մը եւ նաեւ պատիւ կ’զգամ անոնց տէր ըլլալով, աւելցնեմ որ յաջողած եմ այդ զոյգ ինքնութիւններու միջեւ ներդաշնակ միասնութիւն մը ստեղծելու»:

«Ակօս»-ում ինքնության թեմայի շուրջ ուսումնասիրությունները հետզհետե դառնում էին ավելի համարձակ՝ վերածվելով և՛ թուրքական իշխանությունների, և՛ նրանց արբանյակների մտահոգության առարկա: Սակայն այդ թեմայի շրջանակներում ամենաաղմկահարույց բացահայտում-ուսումնասիրությունը առնչվում է Թուրքիայի խորհրդանիշներից մեկին՝ առաջին կին ռազմական օդաչու և հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր աղջկան` Սաբիհա Գյոքչենին: 2004 թ. փետրվարի 6-ին «Ակօս»-ում լույս է տեսնում Հ. Դինքի և Տիրան Լոքմագյոզյանի հոդվածը` «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» վերտառությամբ: Հոդվածում հեղինակները բացահայտում են, որ թուրքական ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը նաև թուրք ազգայնականության ոգեշնչման աղբյուրներից էր, իրականում Հայոց ցեղասպանության որբուհիներից է` Խաթուն Սեբիլջյան անունով, ում Մուսթաֆա Քեմալը որդեգրել է և տվել ռազմական կրթություն: Հ. Դինքը և Տ. Լոքմագյոզյանը գտել էին Խաթուն Սեբիլջյան-Գյոքչենի հայաստանաբնակ ազգականներին, ովքեր մի շարք մանրամասներ էին պատմել լեգենդար օդաչուի և նրա իրական ինքնության մասին: Հոդվածն օրեր անց արտատպվել է նաև թուրքական մամուլում և դարձել Թուրքիայի՝ այդ օրերի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ նյութը: Այս առիթով քննադատությամբ հանդես եկան բազմաթիվ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, մինչև անգամ Թուրքիայի ԶՈՒ  Գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ ասված էր՝ վերոնշյալ հոդվածն ուղղված է թուրքական պետականության հիմնասյուների դեմ: Հարկ է հատկապես առանձնացնել այն, որ կտրուկ հայտարարությամբ հանդես եկան ծայրահեղ ազգայնամոլական կուսակցություններն ու կազմակերպությունները. «Ակօս»-ի առջև տեղի ունեցավ «գորշ գայլերի» բազմամարդ բողոքի հանրահավաք, որտեղ հստակ նշվեց. «Դի՛նք, դու մեր թիրախն ես»: Կան հիմնավոր կարծիքներ, որ հենց այդ հոդվածը դարձավ նրա համար ճակատագրական, քանի որ նա դրանով անդրադառնում էր թուրքական կեղծ և պարտադրված ինքնությանը, որի խարխլումը միանշանակ վտանգ է պետականության համար: Ի վերջո, 2007 թ. հունվարի 19-ին հենց վերոնշյալ ծայրահեղական կազմակերպությունների երիտասարդ անդամների կողմից տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանությունը:

Այսպիսով, հայ ինքնության որակների պահպանման և տեսական քննության փորձը «Ակօս» պարբերաթերթում նորովի մոտեցումներով է դրսևորվում: Կարելի է ասել, որ այն համարձակ խոսքի ճանապարհ բացեց՝ դրսևորելով հստակ ծրագրային ուղղություն: Պոլսահայ մյուս թերթերի համեմատությամբ` այս հարցում ևս «Ակօս»-ը անհամեմատ համարձակ է: Ազգային ինքնության շուրջ վիճաբանություններից և հարցադրումներից շատերն էին վախենում. «Թուրքիա, թրավմաներու երկիր մըն է: Մարդիկ՝ կամ լռութիւն պահած են եւ կամ ալ իրադարձութիւնները ծածկած, սուտ խօսած են»: Սակայն Դինքն առաջնորդվում էր այն վճռական մոտեցմամբ, որ «ինքնութիւնները հարցադրելու և զանոնք հասկնալու ժամանակն» է: Այս նպատակի համար նա սկզբունք էր ընդունում միմյանց հասկանալու ցանկության մեկնակետը. «Եթէ մեր ինքնութիւնները լաւ հասկնանք, ա՛յն ատեն միայն զիրար պիտի հասկնանք»:

Շաբաթաթերթը դիմում է ինքնության ընկալման, ճանաչման և բացահայտման բազմազան, նորովի և որ ամենակարևորն է՝ վերլուծական մոտեցումների քննությանը, տպագրում, համեմատում ու համադրում է ազգային ինքնության ընկալման և նրա ձևափոխման ուղիները: Այս ուղղությամբ «Ակօս»-ը նոր շարժում սկզբնավորեց` ճանապարհ բացելով «ինքնության ճգնաժամ» ապրողների համար:

Էլինա Միրզոյան

Բ.գ.թ., թուրքագետ, սփյուռքագետ, բանասեր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *