Պարզ է, որ Ռուսաստանն այդ տարբերակով մեզ չէ, որ ուզում է անել լավություն, այլ ուզում է լուծել իր ռազմավարական խնդիրը Կովկասում: Միաժամանակ պարզ է, որ Վաշինգտոնի նպատակն էլ մեզ լավություն անելը չէ, այլ Կովկասին առնչվող իր խնդիրները լուծելը:
Հակոբ Բադալյան
Լրջագույն խնդրի մասին, մի քիչ երկար.
Պուտինին կարող ենք ինչ ասես ասել, բայց մեր գլխավոր խնդիրը այդուհանդերձ իրավիճակը հասկանալու փորձն է, որովհետեւ լուծումներ հնարավոր է գտնել այդպես, այլ ոչ թե ինչ ասես ասելով:
Ըստ այդմ, մինչ «վաշինգտոնյան» տարբերակի մասին Պուտինի խոսքը, այդ նույն բանը գործնականում ասել է Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամիսներ առաջ խորհրդարանի իր հայտնի ելույթում, որը վերաբերում էր «նշաձողը իջեցնելուն»: Եվ, նկատենք, այդ ելույթը ողջունել են թե ԱՄՆ, թե Եվրամիությունը: Իսկ ի՞նչ է նշանակում իջեցնել պահանջի նշաձողը, եթե ոչ՝ դիտարկել Արցախը Ադրբեջանի կազմում:
Իսկ ի՞նչն է խանգարում օրինակ Վաշինգտոնին, որեւէ պատասխանատու պաշտոնյայի, թեկուզ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մակարդակով հստակ հայտարարել, որ՝ Պուտինը ստում է կամ մանիպուլացնում, եւ «վաշինգտոնյան» տարբերակը չի ենթադրում Արցախ Ադրբեջանի կազմում:
Ենթադրում եմ, որ հնարավոր արձագանքը կարող է լինել գոյություն ունեցող ստանդարտի շրջանակում, մոտավոր հետեւյալ տրամաբանությամբ, թե Հայաստանն ու Ադրբեջանը իրենք են որոշում կագավորման տարբերակը, այլ ոչ թե առաջարկում է Վաշինգտոնը: Դա իհարկե կլինի «հեքիաթ», ով կուզի, կարող է իհարկե հավատալ դրան: Որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը իրենք երբեք չեն եկել եւ չեն գալու որոշման, նվազագույնը այն պարզ պատճառով, որ խնդիրը ունի աշխարհաքաղաքական խորքային համատեքստ եւ առնչվում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ գերտերությունների եւ ուժային կենտրոնների ռազմավարություններին ու ճակատագրերին:
Պուտինի հայտարարությունն այստեղ առաջացնում է այլ հարց: Եթե «վաշինգտոնյանը» ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում, ապա նշանակու՞մ է դա, որ «ռուսական» տարբերակը ենթադրում է հակառակը: Առավել եւս այն դեպքում, երբ Պուտինը ինքը դեռ 2020 թվականի նոյեմբերին հայտարարում էր, թե «միջազգային իրավունքի» տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:
Այստեղ սակայն պետք է նկատել նաեւ, որ նույն Պուտինը այդ նույն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին օրեր անց հաջորդած հարցազրույցում խոսում էր, որ կարգավիճակի հարցը ներկայումս քննարկելիք չէ, պետք է լուծել այլ հարցեր, մասնավորապես հումանիտար, հաղորդակցային, հետո ավելի նպաստավոր մթնոլորտում քննարկել կարգավիճակը:
Ռուսաստանը գործնականում այս գիծը պահում է մշտապես եւ հայտարարում այդ մասին պարբերաբար, որ այժմ չկա կարգավիճակի հարց քննարկելու հնարավորություն: Սրա հետ հնարավոր է չհամաձայնել մի դեպքում՝ եթե դու համաձայնում ես Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու տարբերակի հետ: Եթե մենք համաձայն ենք դրան, ապա նույնիսկ այս դեպքում հարցը լուծելը խիստ կասկածելի է, որովհետեւ ենթադրվում է տեւական ու բարդ գործընթաց, քանի որ Բաքուն գոնե հրապարակային մակարդակում կարծես թե պատրաստ է առավելագույնը «մշակութային ինքնավարության» նման մի բանի, եւ ավելին կորզելու համար անգամ կլինի շատ տեւական գործընթացի կարիք:
Եթե մենք դրան համաձայն չենք, ապա այստեղ ռուսական տարբերակը նվազագույն անհրաժեշտն է, քանի որ այն փաստացի Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն «չհամաձայնելու» տարբերակն է, այսինքն կարգավիճակի՝ ցանկացած կարգավիճակի հարց բաց պահելու տարբերակը:
Եվ այստեղ հարկ է «միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է» ձեւակերպմանը նայել թերեւս մեկ այլ տրամաբանության ներքո: Պուտինը խոսում է մի «իրավունքի» մասին, որն ինքը դրել է կասկածի տակ: Այսինքն, նա հղում է անում մի բանի, որն ինքը խախտել է բացահայտորեն, եւ սա անկասկած լավ է պատկերացնում Ալիեւը:
Պարզ է, որ Ռուսաստանն այդ տարբերակով մեզ չէ, որ ուզում է անել լավություն, այլ ուզում է լուծել իր ռազմավարական խնդիրը Կովկասում: Միաժամանակ պարզ է, որ Վաշինգտոնի նպատակն էլ մեզ լավություն անելը չէ, այլ Կովկասին առնչվող իր խնդիրները լուծելը:
Կա թեմայի վերաբերյալ ծավալվելու ահռելի նյութ, բազմաթիվ երանգներ, ինչը սակայն ֆեյսբուքյան գրառման եւ անգամ մեկ հոդվածի նյութ չէ: Բայց, այս հարցերն է, որ պետք է մանրամասն ու հանգամանալից քննարկի հայ հասարակական-քաղաքական հանրույթը, այլ ոչ թե Պուտինի չար, իսկ Բայդենի բարի, ՌԴ սեւ կամ ԱՄՆ սպիտակ լինելը: Որովհետեւ սրանք լրջագույն հարցեր են, որոնց վերաբերյալ քննարկումների «տրենդները» պետք է ձեւավորվեն ոչ թե ֆեյսբուքյան կամ յություբյան «կապիտալիզացիայի», այլ լրջագույն քաղաքական զննության կանոններով:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։