Հայաստան

Հանրապետություն

Խորհրդարանում մեծամասնություն չունեցող Դաշնակցության համար կարեւոր էր ցույց տալ, որ վայելում է ժողովրդի վստահությունը, ուստի փորձում էր համախմբել ուժերը եւ ակտիվ քարոզչություն իրականացնել։

1918թ. դեկտեմբերին Երեւանում տեղի են ունենում քաղաքային խորհրդի՝ դումայի ընտրությունները։

Հիմնական քաղաքական ներկայացուցչական մարմինը՝ Հայաստանի խորհուրդը, չէր ձեւավորվել ընտրությամբ, այլ կազմավորվել էր Ազգային խորհրդի անդամների թիվը եռապատկելով։ Երեւանի քաղաքային դումայի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 1917թ., եւ ներկայացուցիչները կամ, ինչպես այն ժամանակ էին ասում, ձայնավորներն ընտրվել էին մեկ տարի ժամկետով։ Այժմ կարգը փոխվել էր, եւ դուման գործելու էր 4 տարի ժամկետով։

Դումայի ընտրություններում հիմնական պայքարն ընթանում էր Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայ ժողովրդական կուսակցության միջեւ, թեեւ երկուսն էլ գործող կոալիցիոն կառավարության կազմում էին։

«Սեւ քարոզչություն» եւ փոխադարձ մեղադրանքներ

Դումայի ընտրությունից երկու շաբաթ առաջ «Զանգ» թերթը, որի խմբագիրը ՀՅԴ առաջնորդներից Սիմոն Վրացյանն էր, գրում էր, որ ժողովուրդն անտարբեր է ընտրությունների նկատմամբ, իսկ քաղաքական պայքար ընդհանրապես չի նկատվում։

«Զանգ», 1 դեկտեմբերի, 1918թ., թիվ 75

«Թե՛ հասարակական խավերը, եւ թե՛ քաղաքական կուսակցություններն անտարբեր են ու սպասողական վիճակի մեջ։ Կուսակցություններից Հ. Ժողովրդականն է միայն, որ, ինչպես ասում են, Թիֆլիսից առատ փողեր է բերել եւ այդ փողով փորձում է միբիլիզացիայի ենթարկել իր «բանակները»՝ կամենալով փողով ձեռք բերել քաղաքային ինքնավարության աթոռները։ …Քաղաքային ընտրությունների շուրջ մեր հասարակության ցույց տված անտարբերությունը վերին աստիճանի դատապարտելի է։ Ավելի պախարակելի եւ ցավալի է կուսակցությունների թույլ վերաբերումը»։

Խորհրդարանում մեծամասնություն չունեցող Դաշնակցության համար կարեւոր էր ցույց տալ, որ վայելում է ժողովրդի վստահությունը, ուստի փորձում էր համախմբել ուժերը եւ ակտիվ քարոզչություն իրականացնել։ «Երեւանի դաշնակցական ընկերները պետք է գիտակցեն, թե ինչպիսի կարեւոր նշանակություն ունեն ներկա ընտրությունները եւ ամբողջ թափով նետվեն նախընտրական պայքարի մեջ»,- գրում էր «Զանգը»։

Հայ ժողովրդական կուսակցությունը Երեւանի իրավիճակը համարում էր աղետալի եւ մեղադրում ՀՅԴ-ին:

«Ժողովուրդ», 8 դեկտեմբերի, 1918թ., թիվ 42

«Այդ քաղաքական կուսակցությունը անկարող է իր էությամբ եւ իր կազմով խաղաղ շինարար աշխատանքի։ Եվ չնայած մեծ խոստումներին, Դումայի դաշնակցական մեծամասնությունը ոչ միայն չլավացրեց քաղաքի դրությունը, այլ շատ ավելի վատթարացրեց, այնպես որ շատերը սկսեցին ափսոսալով հիշել ցարական ռեժիմի ժամանակ եղած Դումայի գործունեությունը»։

«Հարուստների» եւ «աղքատների» շահերի պաշտպաններ

Ընտրություններին ընդառաջ փոխադարձ մեղադրանքները շատանում էին եւ աստիճանաբար վերաճում «հարուստների» եւ «աղքատների» շահերը պաշտպանող քաղաքական ուժերի պայքարի։ Քանի որ Հայ ժողովրդական կուսակցությունը ազատական գաղափարների կրող էր, նախընտրական քարոզչության շրջանում այն ներկայացվում էր որպես «բուրժուաների» կուսակցություն։ Ի հակակշիռ՝ Դաշնակցությունը հանդես էր գալիս որպես աշխատավորների մասին մտածող քաղաքական միավոր։

«Զանգ», 15 դեկտեմբերի, 1918թ., թիվ 80

«Եթե հաղթի բուրժուական կողմը, այսինքն՝ Հայ Ժողովրդական կուսակցությունը, այդ ապացույց կլինի մեր աշխատավոր տարրի տհասության. դրանով քաղաքի չունեւոր մասը մի քանի տարով ճորտ կդառնա սպեկուլյանտների եւ շահագործողների։ Եթե հաղթի աշխատավորությունը, քաղաքիս դեմոկրատիան իր ձեռքը կառնի քաղաքի բարգավաճման գործը։ Այսօրվա ընտրությունները շահագործող բուրժուազիայի եւ շահագործվող աշխատավորության պայքարն է»։

Դաշնակցության դեմ հանդես էին գալիս նաեւ ձախակողմյան կուսակցությունները՝ էսէռներն ու սոցիալ-դեմոկրատները։ Էսէռները Երեւանում թռուցիկներ էին տարածում, որտեղ կոչ էին անում մարդկանց իրենց ձայնը չտալ Դաշնակցությանը եւ «ազատվել հայ հերոսների տիրապետությունից»։ Ի պատասխան՝ Դաշնակցությունը էսէռներին մեղադրում էր հայ աշխատավորների շահերին դավաճանելու եւ հակադաշնակցական քարոզչություն իրականացնելու համար. «15 թեկնածու ունեք հավաքած փողոցից ու երեկվա հակադաշնակցականներից, դումայի համար։ Դադարեք վրդովելուց հայ նահատակների շիրիմները եւ հայ հերոսամարտի հերոսներին հանգիստ թողեք»։

Հայ ժողովրդական կուսակցությունն իր հերթին քաղաքացիներին իրազեկում էր, որ թեեւ Դաշնակցությունը հանդես է գալիս աշխատավորների պաշտպանության լոզունգներով, սակայն իրականում չի մտածում հասարակ մարդկանց մասին։ Որպես ասվածի հիմնավորում՝ «Ժողովուրդ» թերթը հրապարակում էր հացի մեկ ֆունտի գինը 20 կոպեկով բարձրացնելու քաղաքային իշխանությունների որոշումը։

Նախընտրական շրջանում Երեւանի գործող իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները տեղավորվում էին հակադաշնակցական քննադատության տրամաբանության մեջ. ՀՅԴ ցուցակի երկրորդ համարը Երեւանի քաղաքապետ Թադեւոս Տոշյանն էր։ Քաղաքապետը պատասխանատու էր ոչ միայն քաղաքի կարգուկանոնի, մաքրության, անվտանգության, այլեւ մթերքի որակի ու պատշաճ մատակարարման համար։ Իսկ Երեւանում այս առումով իրավիճակը ծայրահեղ ծանր էր՝ հանրապետության տնտեսության ընդհանուր աղետալի վիճակը չէր կարող չանդրադառնալ քաղաքային կառավարման վրա։

«Մեկը հարցնի դեմոկրատիայի անունից խոսող պարոնին. «Պարոն, ի՞նչ ընդհանուր բան կա կուսակցության եւ քաղաքը մաքրելու ու լուսավորելու, կամ քաղաքում նոր փուռեր բանալու մեջ, որ խեղճ քաղաքացին մի քառորդ հաց ստանալու համար 4-5 ժամ չկանգնի այս ցուրտ ժամանակ, հերթ չպահի, ցրտահար չլինի»։ Փոխանակ այստեղ քաղաքի շահերից այդչափ երկար ու բարակ խոսելու, փոխանակ նեղ կուսակցական վեճեր մեջտեղ բերելու, մի քիչ նեղություն քաշեին եւ Աստաֆյան փողոցի վրա գտնվող գիմնազիայի համար կառուցվող շենքը կարգի բերեին ու գաղթականներին այնտեղ տեղավորեին… կամ եթե նույն շենքի առաջ գտնվող վիհը տախտակով կամ մի այլ բանով պատեին, որ քաղաքացին մոտով անցնելիս մեջը չընկներ եւ գլուխն ու ոտքը չկոտրեր»,- գրում էր «Ժողովուրդը»։

Նորերը շարունակում են հին աշխատելաոճը

Քննադատության մեջ զգալի տեղ ուներ նաեւ դժգոհությունն անարդարությունից ու կաշառակերությունից։ Համաճարակային հիվանդությունների տարածման պատճառով սննդամթերքի խիստ վերահսկողությունը, հացի եւ գյուղատնտեսական այլ ապրանքների պակասությունը, միլիցիայի աշխատողների ցածր վարձատրությունը նպաստավոր պայմաններ էին ստեղծում կաշառակերության եւ օրինազանցության համար։ Ընդդիմությունը նշում էր, որ թեեւ հեղափոխությունից ու ցարական կարգերի վերացումից հետո բազմաթիվ պաշտոնյաներ փոխվեցին, սակայն նորերը շարունակում են հին աշխատելաոճը։

«Ժողովուրդ», 6 դեկտեմբերի, 1918թ., թիվ 41

«Ինչո՞ւ ծածկել եւ չխոստովանել այն ճշմարտությունը, որ միլիցիայից հին ռեժիմի մարդիկ, որպես միապետականներ եւ կաշառակերներ, դուրս շպրտվեցին, իսկ նրանց փոխարինեցին մեծ մասամբ այնպիսինները, որոնք առաջիններին գերազանցեցին։ Ինչո՞ւ բացարձակ չհայտնել, որ եթե գորոդովոյները գաղտնի էին կաշառք վերցնում, միլիցիոները սակարկում է։ Ինչո՞ւ հրապարակավ չհայտնել, որ 1-ին թաղամասի կոմիսարի օգնական Եղիշե Բաբայանը «հոտած միսեր» եւ «նեխած պոմիդոր» փնտրելու ժամանակ մաքուր մսերն էլ է տանում իր եւ յուրայինների մեջ հավասար բաժանելու։ Իսկ երբ տերը համարձակվում է ասել, որ պոմիդորը նոր է, նա՝ հրամայում է անմիջապես «արեստավատ» անել «քուրդ գաղթականին»։ Ղանթարի տակ հացը քննության ենթարկելիս 112-րդ միլիցիոները 2 ֆունտ հաց եւ 3 ռուբլի կաշառք առնելով, թույլ է տալիս, որ խմոր հացը ծախվի»։

Թերթելով 100 տարի առաջ հրատարակված մամուլի էջերը՝ հանդիպում ենք հնարքների, որոնք կիրառվում են նաեւ այսօր։ «Ժողովուրդ» թերթը տպագրել էր նախորդ՝ 1917թ. ընտրություններում Դաշնակցության խոստումները, ապա կետ առ կետ նշել, թե դրանցից որն ինչպես է իրականացվել։ Օրինակ՝ 1917-ին հաց, լույս եւ ազատություն խոստման դիմաց գրված էր. «Ավազոտ հաց, գիշերային խավար եւ մաուզերավորների ու լիազորների բռնակալություն», իսկ «պրոգրեսիվ եկամտային հարկ»-ի դիմաց նշված էր. «Դատարկ խոստում, որ նույնիսկ չեն փորձել իրագործել»։

Ընտրությունների արդյունքները

Քաղաքային դումայի ընտրությունները տեղի են ունենում դեկտեմբերի 15-ին։ Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուների ծավալուն ցուցակը (թիվ 1) գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը։ Իրենց թեկնածությունը դրել էին Թադեւոս Տոշյանը, Նիկոլ Աղբալյանը, Սիմոն Վրացյանը եւ ուրիշներ։ ՀԺԿ-ի ցուցակում (թիվ 2) էին Սամսոն Հարությունյանը, Միքայել Պապաջանյանը, Արտաշես Էնֆիաճյանը, Արմենակ Եկարյանը եւ ուրիշներ։

Երեւանի դումայի ընտրությունների քվեարկության համար քաղաքում կազմակերպվել էր 9 տեղամաս՝ քաղաքային վարչության, իգական դպրոցի, գավառական դատարանի, Գայանյան դպրոցի, Ս. Հռիփսիմեի գիմնազիայի, ռուս-թաթարական դպրոցի, Կոնդի Ս. Հովհաննեսի դպրոցի, քաղաքային դատարանի եւ Նորքի դպրոցի շենքերում։

1918թ. դեկտեմբերի 11-ին խորհրդարանի որոշմամբ Երեւանում ապրող բոլոր գաղթականներին եւ արեւմտահայերին ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվում։

Ընտրությունից երեք օր անց քվեարկության արդյունքները հրապարակվում են. ՀՅԴ-ն ստանում է 3832 ձայն՝ 42 տեղ, ՀԺԿ-ն՝ 1249 ձայն՝ 14 տեղ, էսէռները ստանում են 3, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 1 տեղ։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *