Հայաստան

ՀԱՊԿ-ից Դուրս Գալու Ռիսկերը

Ասվածի համատեքստում պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ին անդամակցության շարունակումը ինքնին ռիսկ է, միաժամանակ որեւէ օգուտ Հայաստանին չի բերում:

Հովսեփ Խուրշուդյան

Իմ վերլուծականը Nouvelles d’Arménie-ում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մեթոդաբանության, անհրաժեշտ քայլերի եւ հնարավոր ռիսկերի կառավարման վերաբերյալ /ֆրանսերեն/: Հայերենը՝ ստորեւ: Չափելու համար այն ռիսկերը, որն իր մեջ պարունակում է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից նախ պետք է հասկանալ, թե որոնք են Ռուսաստանի նպատակները Հայաստանում եւ, ընդհանրապես տարածաշրջանում եւ ինչով են դրանք արտահայտվում:Իմ կարծիքով դրանք են. 1. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տնտեսական եւ ռազմական համագործակցությունը խորացնելու միջոցով փորձել վերջիններին հեռու պահել Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացումից եւ ներառել ընդհուպ միասնական տնտեսական եւ մաքսային գոտու՝ ԵԱՏՄ-ի մեջ, ինչը մեկ անգամ չէ, որ հռչակվել է դեռ մինչեւ Ուկրաինայի դեն Ռուսաստանի ագրեսիան: Այդ ճանապարհով Ռուսաստանը փորձում է խորացնել ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի, ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ արդեն առկա ճեղքերը, միաժամանակ կրեմլյան կլեպտոկրատիկ ամբողջ վերնախավը կշարունակեր սնվել Բաքվի շռայլ ՙՙնվիրատվություններից՚՚, որոնք, ըստ տարբեր գնահատականների, տարեկան մի քանի միլիարդ դոլարի են հասնում: Հիշեցնենք, որ այդ խոշոր ֆինանսական հոսքերի լվացումը ապահովելու համար անմիջապես արցախյան պատերազմի 3-րդ՝ 44-օրյա փուլից հետո Ադրբեջանում բացվեց ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի մասնաճյուղը: Մի բան, որը խիստ բացառություն է Ադրբեջանի համար, որը ամեն բան անում է օտարերկրյա բանկերին սեփական երկրում աշխատել թույլ չտալու ու ֆինանսական շուկայի վերահսկողությունը ամբողջությամբ Ալիեւ-Փաշաեւ կլանների վերահսկողության տակ պահելու համար: Այդ եռակողմ համագործակցության խորացման նշաններից էր նաեւ այն, որ ի պատասխան ամերիկյան եւ արեւմտյան այլ երկրների պատժամիջոցների, որի արդյունքում Թուրքիային ոչ միայն չեն մատակարարվում հակաօդային համակարգեր, շատ այլ զինատեսակներ եւ տեխնոլոգիաներ այլ անգամ այդ երկիրը դուրս թողնվեց Ֆ-35 ինքնաթիռների ծրագրից ու նաեւ հարցականի տակ է նոր Ֆ-16-երի մատակարարումը եւ հների արդիականացման ծրագիրը, Էրդողանը սկսեց ռազմական ոլորտում շոշափելի շարժ դեպի Ռուսաստան՝ գնելով վերջինից Ս-400 ՀՕՊ համակարգեր: 2. Որպես առաջին կետի արդյունք դուրս մղել Արեւմուտքին տարածաշրջանից, հատկապես՝ Հարավային Կովկասից, կամ, առնվազն թույլ չտալ վերջինին ամրապնդել իր արդեն առկա դիրքերը տարածաշրջանում: 3. Թույլ չտալ Իրանի էներգակիրների՝ գազի եւ նավթի տարանցում Հայաստան-Վրաստան-Եվրոպա երթուղով: Նման ենթակառույցների կառուցման հնարավորությունը մեծացել է հատկապես Արեւմուտք-Իրան միջուկային գործարքի վերագործարկման հնարավորությանը զուգահեռ: Դա լիովին կչեզոքացներ Ռուսաստանի գազա-նավթային շանտաժի ազդեցությունը Եվրոպայի վրա, միաժամանակ քաղաքական եւ տնտեսական առումով շեշտակիորեն կուժեղացներ Հայաստանը եւ Վրաստանը եւ կթուլացներ վերջինների կախվածությունը Ռուսաստանից: Կրեմլը այս նպատակին հասնելու ուղիներից մեկը տեսնում է հայկական տրանսպորտային հյուսիս-հարավ, արեւմուտք-արեւելք խաչմերուկի վրա լիակատար վերահսկողություն ստանալու մեջ: Այստեղ Ռուսաստանի շահերտը եւս համընկնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ: 4. Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքերով հետեւողականորեն թուլացնելով Հայաստանը՝ հասնել վերջինի կլանմանը առնվազն Ռուսաստան-Բելառուս դաշինքում, կամ անգամ միացնել Ռուսաստանին: Ընդ որում Հայաստանի ու Արցախի համար այնպիսի գոյաբանական սպառնալիքներ պետք է ստեղծվեին, որպեսզի վերջիններն իրենք խնդրեին միանալ Ռուսաստանին որպես փրկության միակ եւ վերջին հնարավոր միջոց: Մի բան, որի մասին արդեն բաց տեքստով ֆրանսիական France 2 հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս ծրագիրը նոր չէ եւ դրա գլխավոր բաղադրիչ ՙՙԼավրովի պլան պլյուս՚՚-ի մասին դեռ 2016-ին ՀՀ ԱԺ ամբիոնից հրապարակային արտահայտվել է այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս պլանը պետք է ամբողջությամբ հաջողվեր, քանի որ Հայաստանի նախորդ երկու նախագահները ամեն բան արել էին Հայաստանին ամբողջությամբ Ռուսաստանի ազդեցության, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ կապանքների մեջ գցելու համար: Դրա վերջին արարը 2013-ին Սերժ Սարգսյանի կողմից ԵՄ-ի հետ ասոցացված համաձայնագրի եւ դրա մաս կազմող DCFTA համաձայանգրի ստորագրումից հրաժարվելն էր: Հիշեցնեմ, որ դրանք բանակցվել էին 2009-ից, ամբողջությամբ համաձայնեցվել եւ պատրաստ էին ստորագրելուն, սակայն Հայաստանի այն ժամանակվա նախագահը մեկ օրում հրաժարվեց Հայաստանի արտաքին տնտեսաական դիվեսիֆիկացման այդ կարեւոր հնարավորությունից եւ 180 աստիճանով փոխելով վեկտորը՝ որոշեց ստորագրել Ռուսաստանի գլխավորած մաքսային միության՝ ԵԱՏՄ-ի մեջ մտնելու համաձայնագիրը՝ կուլուարներում արդարանալով Կրեմլից եկած հուժկու ճնշմանը դիմակայելու անհնարինությամբ: Այն ժամանակ իր մարդիկ խոսում էին այն մասին, որ Պուտինը իբր սպառնացել է, որ եթե Հայաստանը միանա ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, ապա Ռուսաստանը թույլ կտա Ադրբեջանին, որին արդեն շուրջ 4 մլրդ դոլարի զենք ու զինամթերք էր վաճառել, հարձակվել Արցախի վրա եւ չի աջակցի Հայաստանին: Այսպիսով, ԵԱՏՄ-ին միանալը ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բացատրում էր անվտանգային նկատառումներով, թեեւ ԵԱՏՄ-ն բացառապես տնտեսաակն համագործակցության միավորում է, իսկ Հայաստանը արդեն ՀԱՊԿ անդամ էր, ուներ Ռուսաստանի հետ մի շարք ռազմական համագործակցության պայմնագրեր, այդ թվում՝ բազայի մասին, որը ներառում է Հայաստանի թե՛ արեմտյան եւ թե՛ արեւելյան սահմանների պաշտպանությունը, համատեղ զորախմբի մասին, համատեղ ՀՕՊ-ի մասին ու եւս շուրջ մեկ տասնյակ նմանատիպ պայմանագրեր ռազմական ոլորտում:5. Ստեղծելով տարածաշրջանային խնդիրները բացառապես տարածաշրջանային երկրների միջոցով լուծելու տեղական քաղաքական-տնտեսական ֆորմատ՝ ներառելով դրանում Իրանը, լիավոին դուրս թողնել Արեւմուտքին Հարավային Կովկասին: Այդ ֆորմատը պետք է լիներ 3+3 –ը, որը, սակայն մերժեց Վրաստանը, իսկ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ այդ ֆորմատում պատրաստ են քննարկել միայն այն խնդիրները, որոնք չեն քննարկվում այլ ֆորմատներում: Իսկ քանի որ նման խնդիր գոյություն չունի, դա նշանակում էր, որ Հայաստանը դե ֆակտո հրաժարվում էր արդյունավետ մասնակցություն ցուցաբերել 3+3 ֆորմատի գործունեությանը: Այսպիսով՝ Հայաստանին թուլացնելու, Հայաստանի շահերի եւ տարածքների հաշվին Թուրքիային եւ Ադրբեջանին իրեն մոտեցնելու Կրեմլի պլանը հստակ էր եւ հետեւողականորեն իրականացվում էր դեռ 2007թ.-ից, երբ Ադրբեջանին առաջին անգամ մատակարարվեցին նորագույյն Ս-300 Ֆավորիտ հակաօդային համակարգերը: Մինչդեռ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեռ 2007-ին հնչած պահանջներին իշխանությունները հակադարձում էին, որ ՀԱՊԿ-ում մնալը, ապաեւ ԵԱՏՄ-ին միանալը Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխիքներն են, այն է՝ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին, հարձակվել իր մերձավորագույն ռազմական եւ տնտեսական դաշնակցի վրա: 2016-ը ցույց տվեց, որ դրանք սին պատրանքներ էին, ավելին, ամեն բան խիստ հակառակն էր. Ռուսաստանը օգտագործելու էր Հայաստանի կախվածությունը իրենից, լիակատար ինտեգրվածությունը իր ռազմական եւ տնտեսաակն համակարգերում, որպեսզի հնարավորություն չտար Հայաստանին օգտվել Արեւմուտքի օգնությունից՝ Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում, արդյունքում՝ վերջինին ՙՙփրկելու՚՚ դիմաց պահանջելով անկախությունից եւ ինքնիշխանությունից հրաժարում եւ Բելառուս-Ռուսաստան դաշինքին միացում, իսկ Հայաստանն ու Արցախը զոհաբերելու դիմաց Ադրբեջանից պահանջելով մտնել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ: Մի բան, որը կստացվեր, եթե Հաայստանը լիակատար ջախջախված լիներ եւ ստիպված լիներ հանձնել Ադրբեջանին եւ ռուսներին նաեւ ՙՙԶանգեզուրյան միջանցքը՚՚, որը մտնում էր Պուտինի կողմից Ալիեւին խոստացված զոհաբերվող հայկական շահերի այն փաթեթի մեջ, որը սկսել էր մատուցվել դեռ 2016թ.-ից: Պատահական չէ, որ երբ Կրեմլի էմիսարները՝ Ժիրինովսկին, Դուգինը, այլ փորձագետներ բաց տեքստով եւ հրապարակային հիշեցնում էին Ալիեւին, որ Ռուսաստանը գործարքի իր մասը կատարել է՝ զոհաբերել է իր ռազմավարական դաշնակից Հայաստանը, եւ Հիմա Ալիեւի հերթն է իր մասը կատարել՝ մտցնել Ադրբեջանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ՝ Ալիեւը հակադարձում էր, որ դեռ իրեն խոստացված բաներ կան, որը Մոսկվան չի կատարել, ակնհայտորեն ակնարկելով ՙՙԶանգեզուրյան միջանցքն՚՚ ու ՙՙանկլավների վերադարձը՚՚: Փաստորեն 1994թ.-ից ի վեր Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած երրորդ ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի պայմաններում, որում հակառակորդի ուժերը գերակա էին՝ ներառելով թուրքական ավիացիաի, ԱԹՍ-ների, հատուկ ջոկատայինների անմիջական մասնակցությունը, Սիրիայից թուրքոման ջիհադիստ վարձկանների ներգրավվումը, Պակիստանի եւ Իսրայելի ռազմական եւ քաղաքական օժանդակությունը, միայն հայ զինվորների հերոսական դիմադրությունն էր, որ հնարավորություն տվեց Հայաստանին պահպանել իր ռազմաքաղաքական դիրքերը գոնե այնքանով, որ հնարավոր լինի դիմակայել Կրեմլի պահանջին՝ բավարարել Ալիեւի բոլոր ցանկությունները: Պատերազմից հետո ընկած ժամականահատվածում Ռուսաստանի այս քաղաքականությունը իր հերթական ապացույցները ստացավ, երբ Ադրբեջանի երեք անգամ՝ 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 15-ին եւ 2022թ. սեպտեմբերի 12-ին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք եւ գրավեց պաշտոնական տվյալներով 50 քառակուսի կիլոմետր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 100 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք, պատճառելով հարյուրավոր զոհեր զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում, գերեւարելով տասնյակ հայերի, պատճառելով մեծ ավերածություններ, իրագործելով բազմաթիվ ռազմական հանցագործություններ, որոնց զգալի մասը արձանագրված են: Բոլոր այս դեպքերում Ռուսաստանը անմիջականորեն կամ ՀԱՊԿ-ի միջոցով ոչ միայն որեւէ օժանդակություն չցուցաբերեց Հայաստանին, այլ միակն էր ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամներից, ով անվանեց Ադրբեջանի ագրեսիան ՙՙդելիմիտացիայի ընթացքում առաջ եկող դժվարություններ՚՚՝ փաստացի բացահայտ արդարացնելով եւ աջակցելով Ադրբեջանին եւ ցույց տալով, որ վետո կկիրառի ցանկացած որոշման դեմ, որը պատժամիջոց կսահմանի Ադրբեջանի հանդեպ՝ վերջինի ագրեսիայի համար: Ավելին՝ ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ Հայաստանի ՀԱՊԿ-ի մյուս ՙՙդաշնակիցները՚՚, ի տարբերություն արեւմտյան առաջատար երկրների, անգամ չդատապարտեցին Ադրբեջանի զորքերի իրականացրած ռազմական հանցագործությունները՝ գերիների, այդ թվում՝ կանանց հանդեպ անմարդկային վերաբերմունքը, կտտանքները, նրանց գնդակահարությունը եւ մարմինների անարգումը: Մյուս կողմից՝ պարզ դարձավ, եւ այդ մասին բաց տեքստով հայտարարեցին թե՛ Հայաստանի եւ թե՛ ԱՄՆ իշխանությունները, որ Հայաստանի տարածք Ադրբեջանի սեպտեմբերի 12-ի ներխուժումը կանգնեցվեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Եւ միայն Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանն էր, ով ԱՊՀ օրերս տեղի ունեցած գագաթաժողովում պնդում էր, որ դա սուտ է եւ որ Ռուսաստանն է կանգնեցրել ռազմական գործողությունները: Ալիեւը նաեւ գանգատվում էր ԱՊՀ դիկտատորներին, որ Հայաստանը տարածաշրջան եւ ՀԱՊԿ-ի տարածք է հրավիրել Եվրոպային՝ ի դեմ վերջինի քաղաքացիական դիտորդական առաքելության: Այս ամենին պետք է ավելացնել, որ վերջերս ՀՀ վարչապետի ելույթից պարզվեց, որ Ռուսաստանը խաբել է Հայաստանին եւ 2020թ. պատերազմից հետո պայմանագրով պարտավորվելով զենքի խոշորածավալ մատակարարումներ իրականացնել /ինսայդերական մեր տարբեր աղբյուրներ խոսում են 600 մլն.- 1 մլրդ դոլար սպառազինությունների մասին/՝ չի կատարում այդ պարտավորությունները եւ ոչ էր վերադարձնում է գումարը, ինչը թակարդի ազդեցություն է թողնում Հայաստանի վրա, որը չունենալով մեծ ֆինանսական ռեսուրսներ այժմ սահմանափակված է անգամ այլ տեղերից անհրաժեշտ ծավալի զենք գնելուց: Ասվածի համատեքստում պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ին անդամակցության շարունակումը ինքնին ռիսկ է, միաժամանակ որեւէ օգուտ Հայաստանին չի բերում. 1. Չի ապահովում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ՝ առավելեւս Արցախի անվտանգությունը, հակառակը՝ փակուղի եւ անվտանգային տեսանկյունից անայլընտրանքության իրավիճակ ստեղծելով Հայաստանի համար՝ ավելի է մեծացնում Ռուսաստանի հնարավորությունները Ադրբեջանի հարձակումների միջոցով Հայաստանին մղելու հրաժարվել սեփական ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից: 2. Հնարավորություն չի տալիս Հայաստանին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բարձր տեխնոլոգիական զենքեր գնել ու նաեւ առավել լիարժեքորեն օգտվել Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ռազմաքաղաքական աջակցությունից. 3. Հնարավորություն չի տալիս Հայաստանին լիարժեքորեն օգտվել 2018թ.-ին Թավշյա հեղափոխության արդյունքում ձեռբերված ժողովրդավարական երկրի կարգավիճակից, քանի որ Հայաստանը Արեւմուտքում դիտվում է որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից եւ կցորդ: Տարօրինակաբար այդ կերպարը ստեղծելու գործում մեծ է ադրբեջանական քարոզչության, դիվանագիտության եւ լոբբիզմի դերը, որը Արեւմուտքում ամենուրեք տարածում է, որ Հայաստանը Կերմլի կցորդն է, իսկ Ռուսաստանում եւ Իրանում ներկայացնում է Հայաստանը որպես Արեւմուտքի գործակալ տարածաշրջանում:ՀԱՊԿ-ց դուրս գալու ռիսկերը վերաբերում են Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցներին: Դրանք են. 1. Ներհայաստանյան խժդժությունների կազմակերպում՝ իր վերահսկվող 5-րդ շարասյան միջոցով. Կարծում եմ սա Կրեմլին չի հաջողվի, քանի որ իր մշտական դավաճանությունների ֆոնին՝ իր հավատարիմ քաղաքական ուժերի հեղինակությունը եւ ազդեցությունը Հայաստանում այնքան է թուլացել, որ նրանք չեն կարող գեներացնել որեւէ լուրջ քաղաքական գործընթաց, որը կհակազդեր Հայաստանի դուրս գալուն ՀԱՊԿ-ից: 2. Տնտեսաակն պատժամիջոցներ. a. Գազի գնի թանկացում. սա հնարավոր է հակակշռել Իրանից գազի ներմուծմամբ, որի հնարավորությունները առկա Իրան-Հայաստան գազատարի հզորությունները տալիս են: Նավթի մատակարարումների դիվերսիֆիկացիան ընդհանրապես խնդիր չէ՝ քանի որ արդեն կան պահեստային ուղիներ Իրանից, ինչպես նաեւ Ռումինիայից՝ Փոթիի նավահանգստով: b. Միջուկային վառելիքի մատակարորումների դադարեցում. Սա կարելի է գնել այլ երկրներից, այդ թվում, օրինակ՝ Ֆրանսիայից: Այժմ Հայկական ատոմակայանը վերալիցքավորված է եւ նրանում վառելիքը կհերիքացնի մեկ տարվա համար: c. Հայկական ապրանքների ներմուծման արգելք Ռուսաստան. Այս ռիսկը կարելի է կառավարել այդ ապրանքները լաստանավով դեպի ԵՄ ուղղորդելու միջոցով: ԵՄ-ն արդեն ունի նման փորձ, երբ 2013-ին Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Մոլդովայի ապրանքների, հատկապես՝ գինիների դեմ այն բանից հետո, որբ Մոլդովան միացավ ԵՄ ասոցացման համաձայնագրին եւ մաքսային միությանը: Այն ժամանակ ԵՄ-ն թույլատրեց մոլդովական գինիների ներմուծումը, բացառության կարգով հետաձգելով դրանց ստանդարտների համապատասխանության բերելը եվրոպականին: d. Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիների հետապնդումներ, նրանց արտաքսում Հայաստան: Սա իր մեջ պարունակում է ոչ միայն ռիսկ, այլեւ հնարավորություն, քանի որ Ռուսաստանում այժմ աշխատում են հենց այն մասնագիտություններ ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնց կարիքը արագ աճող հայկական տնտեսությունը այժմ շատ ունի: e. Առաջին անհրաժեշտության ռուսական մթերային մատակարորումների դադարեցում /ցորեն, շաքարավազ/: Դրանք այլ տեղերից, թեկուզեւ փոքրինչ ավելի թանկ գնով ներմուծելու հնարավորությունները եւս առկա են: Այսօր արդեն Հայաստանում սպառվող շաքարավազի զգալի մասը պատրաստվումմ է տեղում՝ Հվ. Ամերիկայից ներմուծվող շաքարեղեգից: f. Վերջապես, եթե ԵՄ-ի՝ դեռ 2021թ.-ին խոստացած ֆինանսական օժանդակության՝ դրամաշնորհային-վարկային 2,7 մլրդ եվրո փաթեթը ավելի արագ սկսի իրականացվել՝ Հայաստանը կկարողանա էապես նվազեցնել տնտեսաական ցնցումների ռիսկերը: 3. Ռազմական ճնշումներ. a. Ինչպես արդեն նշել ենք, Ռուսաստանը՝ չունենալով սահման Հայաստանի հետ՝ կարող է ռազմական ճնշում գործադրել վերջինի հանդեպ բացառապես Ադրբեջանի, մասամբ էլ՝ Թուրքիայի միջոցով: Երկու դեպքում էլ ժամանակը ցույց է տվել, որ եթե ԱՄՆ-ը, Արեւմուտքը վճռական քաղաքական պաշտպանության տակ վերցնի Հայաստանը, ապա անգամ արեւմտյան ռազմական միջամտության կարիք չի լինի՝ թույլ չտալու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ: Համենայնդեպս, արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստանը չէ, որ զսպում է կամ կանգնեցնում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: Որպես Արեւմուտքի զսպիչ դիվանագիտական դերակատարության բաղադրիչ՝ ԵՄ 50 հոգանոց քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որն արդեն սկսել է տեղակայվել ՀՀ-Ադրբեջան սահմանին, կարող է ընդլայնվել եւ տեղակայվել նաեւ ՀՀ-Թուրքիա սահմանին:b. Ռուսական ռազմաբազայում առկա զինվորների թվաքանակը, որը վերջերս նաեւ էապես նվազեցվել է՝ Ուկրաինական ռազմաճակատ տեղափոխվելու հետեւանքով՝ ի վիճակի չէ ռազմական ինտերվենցիա իրագործել Հայաստանում: Ճիշտ ռազմական նախապատրաստական աշխատանք տանելու շնորհիվ հնարավոր լինի չեզոքացնել նաեւ օդանավակայանների միջոցով Ռուսաստանից դեսանտային գրոհայինների միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու վտանգը: c. Այդուհանդերձ, ամենամեծ ամենամեծ ռիսկը մնում է Կրեմլի կողմից Ալիեւի ռեժիմին հրահրելը նոր ագրեսիայի Հայաստանի դեմ, կամ Արցախում ռուս ՙՙխաղաղապահների՚՚ կողմից հայ բնակչության պաշտպանության կտրուկ դադարեցումը, որի արդյունքում Ադրբեջանը կարող է անցնել հարձակման եւ հայկական ինքնապաշտպանական ուժերի անհավասար լինելու հետեւանքով էթնիկ զտում իրականացնի Արցախի հայ բնակչության հանդեպ, մնում է ամենամեծ ռիսկը: Ինչպես տեսնում ենք թե՛ մեկը եւ թե՛ մյուսը այս կամ այն չափով արդեն տեղի են ունենում: Եւ հակառակը՝ Արեւմուտքի միջամտությունն է, որ կանխում կամ դադարեցնում է Ադրբեջանի ագրեսիվ էքսպանսիոնիստական քաղաքականությունը: Մինչդեռ, եթե նման ագրեսիան Ադրբեջանը նախաձեռնի այն պայմաններում, երբ Հայաստանը հռչակի իր դուրս գալը ՀԱՊԿ-ից եւ Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական համագործակցության ծավալման խորապատկերին, ակներեւաբար Արեւմուտքի կողմից Ալիեւի բռնապետական ռեժիմի վրա արդեն գոյություն ունեցող ճնշումը էլ ավելի կմեծանա եւ ավելի արդյունավետ կլինի: Այլ պարագայում՝ Ադրբեջանի հաջողությունը վատ նախադեպ կլինի այլ երկրների համար՝ թե՛ նրանց, որոնք կուզեն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից եւ միանալ Արեւմուտքին, եւ թե՛ նրանց, ովքեր կուզեյին ճնշել իրենց հարեւանների նման մղումները: Այսինքն՝ կնշանակի Ադրբեջանի հաղթանակ Արեւմուտքի հանդեպ: Թույլ կտա՞ Արեւմեւտքը նման բան ադրբեջանական տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի դիմաց /Եվրոպայի գազի սպառումը տարեկան 500 մլրդ խորանարդ մետրից ավելին է/: Կարծում եմ՝ ոչ: Մանավանդ որ Արեւմուտքի առանցքային դերակատարները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան չեն հանդիսանում ադրբեջանական գազի սպառողներ:

Գրառումը՝ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *