ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անհատ-Հայրենիք-Պետություն

Կարելի է անընդհատ լսել, երբ ասում են, որ «Հայաստանը մեր՝ բոլորիս ընդհանուր տունն է», բայց գրեթե չես հանդիպի, որ ասեն. «Հայաստանի Հանրապետությունը մեր։ բոլորիս արժեքն է»:

Արայիկ Մկրտումյան

Խոսելով հայրենիք և պետություն եզրույթների մասին, պիտի նկատենք, որ հայկական հասարակությունն առայժմ չի կարողանում հստակորեն դրանք բաժանել միմյանցից: Հայրենիքն ու պետությունը մեզ համար ոչ թե մեկը մյուսից բխող պատճառահետևանքային երևույթներ են, այլ իրար միախառնված երկու տարբեր երևույթներ: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ մենք չենք կարողանում տարբերել հայրենիքն ու պետությունը: Իսկ դրանք շատ տարբեր են:

Այսօր հայկական հասարակությունը պետության նկատմամբ ունի կրավորական կեցվածք: Պետությունը չի ընկալվում որպես համընդհանուր սեփականություն և դրա նկատմամբ բոլոր քաղաքացիները չունեն հավասար պարտականություններ և պատասխանատվություն: Ավելին, մեր պատկերացումներում պետությունը ոչ թե մեր բոլորի ստեղծած ու պահպանվող երևույթ է, այլ ինչ որ օտար մարմին, որը պարտավոր է հոգ տանել ժողովրդի մասին:

Դրա զուգահեռ մեր հասարակությունը այլ կարծիք ունի հայրենիքի նկատմամբ և համարում է, որ ինքն է իր հայրենիքի տերը և ինքը կպաշտպանի իր հայրենիքը:

Հակասություն է առաջանում այն առումով, որ այն հայը, ով պատրաստ է մեռնել իր հայրենիք Հայաստանի համար, շատ դեպքերում թքած ունի այդ նույն Հայաստանում գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եթե հայրենիքը սիրում են ու փորձում պաշտպանել, ապա պետությունից փորձում են պահանջել:

Պետությունն այսօր ավելի շատ մենաշնորհ է, քան թե համընդհանուր արժեք: Բոլոր նրանք, ովքեր զբաղեցնում են օրենսդիր և գործադիր կորպուսը, ավելի շատ դառնում են ժողովրդից կտրված պաշտոնյաներ: Կոպիտ ասած, հայրենիքը՝ ժողովրդին, պետությունը՝ իշխանությանը:

Պետություն ասելով կա բավական տհաճ պատկերացումներ, որ պետական պաշտոնը սեփական ցանկությունները բավարարելու և հարստանալու համար է: Պետական պաշտոնյաներին սովորաբար չեն վստահում և 10-ից 5-ը համոզված են, որ պետական պաշտոնյան գող է և կաշառակեր: Շատ դեպքերում հենց այդպես էլ կա: Մարդիկ պահանջում են պետությունից, որ վերջինս հոգ տանի իր մասին, պաշտպանի իրեն, երկիրը ծաղկեցնի և միևնույն ժամանակ հենց այդ նույն մարդիկ իրենց պատասխանատու չեն համարում պետության գործունեության համար:

Զարմանալիորեն Հայաստանի համար մեռնել պատրաստ մարդը պատրաստ չէ ՀՀ-ի օրենքը կատարել, փողոցը մաքրել, կամ ծայրահեղ դեպքում՝ աղբ չթափել:

Բանն այն է, որ մենք չենք ընդունում պետությունը ոչ միայն համընդհանուր սեփականություն, մեր բոլորիս մեծ տունը, այլև շատ դեպքերում համարում ենք օտար մարմին: Կարելի է անընդհատ լսել, երբ ասում են, որ «Հայաստանը մեր բոլորիս ընդհանուր տունն է», բայց գրեթե չես հանդիպի, որ ասեն. «Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորիս արժեքն է»: Մենք ասելով պետություն, հասկանում ենք հայրենիք:

1045-ից հետ հայ ժողովուրդը դանդաղ բայց հաստատ քայլերով սկսել է մեկուսանալ պետական կառավարման ոլորտից: Նա սկսել է ապրել համայնքային կյանքով, իսկ պետության դերը շուրջ հազար տարի կատարել են օտարները: Օտարների կողմից պետական վերահսկողությունը եղել է բավական վատը: 1045-ից սկսած Հայաստանում մարդիկ ապրել են սեփական հայրենիքում, բայց տարբեր պետական միավորումների մեջ: Այդ վարչական ղեկավարությունները եղել են մեծ մասամբ թշնամի, զարգացման մակարդակով շատ ավելի ցածր և դարերով ժողովրդի հոգեբանության մեջ սկսել է ատելություն, արհամարհանք կուտակվել այդ ղեկավարության դեմ: Միևնույն ժամամակ դարերով զրկված լինելով սեփական պետական մտածողությունից ու հմտությունից, մենք 1991թ. անկախությունից հետո խուճապի մատնվեցինք, քանի որ վերևից եկող հրաման այլևս չկար, իսկ սեփականը չունեինք և պատրաստ չէինք ունենալու:

Այսօր ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը չունի պետական մտածողություն: Նրանք լավ հայրենասերներ են, բայց վատ քաղաքացիներ: Այսօր Հայաստանում օրենքի կատարումը հաճախ ընդունվում է որպես անձնական թուլություն և վախ, օրենքին ենթարկվելը շատ շատերի կողմից ուղիղ համեմատական է անձնական ստորացմանը: Օրենքը խախտելը և օրենքների վրա թքած ունենալը Հայաստանում նորմա է: Ընդ որում օրենքն արհամարհվում է ոչ թե ու միայն հասարակ քաղաքացիների, այլև հենց իշխանության ներկայացուցիչների կողմից: Հասարակությունը, ով հայհոյում է իշխանությանը, չի գիտակցում, որ իշխանությունը ոչ թե իր գլխին նշանակված օտար մարմին է, այլ սեփական ընտրության ու կամքի ներկայություն: Մարդկանց մեծ մասը ուղղակիորեն չի մասնակցում պետական կառավարմանը և պետության հետ հարաբերվելը սահմանափակվում է 4-5 տարին մեկ ընտրություններում քվեարկելով: Դրանով մարդիկ միանգամայն ազատ են համարում իրենց պետության հանդեպ պատասխանատվությունից և սկսում են իշխանություններից պահանջել՝ հակադրվելով հենց նույն իշխանությանը:

ԽՍՀՄ տարիներին ողջ միության տարածքով ծաղկող կաշառակերությունն ու գողությունը մնաց նաև հետխորհրդային երկրներում և Հայաստանում մասնավորապես: Այսօր ՀՀ-ում ապրում են մարդիկ, ովքեր ԽՍՀՄ տարիներնի սովոր էին մանր մունր կաշառքներին և գողություններին և չեն կարող փոխել իրենց հոգեբանությունն ու սկզբուքները: ԽՍՀՄ տարիները գովերգող քաղաքացիները չեն ուզում ընդունել, որ այն տարիների տնտեսապես համեմատաբար ապահովությունը ոչ թե իրենց աշխատանքի արդյուքն էր, այլ ԽՍՀՄ կայսրության հարուստ լինելը, բայց որը կործանվեց սեփական այլասերվածության հետևանքով:

Եթե ԽՍՀՄ տարիներին հրամաններն առանց քննարկվելու գալիս էին Մոսկվայից և հրաման կար կատարելու այսինչ գործը, մարդիկ ստանում էինհրաման, հումք և աշխատավարձ: Աշխատում էին առանց հարցեր տալու և նույնիսկ հետաքրքրվելու թե ինչու են կատարում այդ աշխատանքը և ինչի հաշվին: Այսօր, այն մարդիկ ովքեր իշխանություններին մեղադրում են գողության ու կաշառակերության մեջ, անձնական զրույցներում խոստովանում են, որ գրեթե բոլորը իրենց աշխատատեղերում մանր գողություններ են արել, կամ եթե նույնիսկ չեն գողացել, ապա գնել են գողացված ապրանքներ: Հարցն այն է, որ այդ ամենը այն ժամանակ գողություն չէր համարվում և սքողվում էր ավելի փափուկ ու շոյող բառերով: Հիմա չկա այդ հնարավորությունը և պետությունը չունի անվերջ աշխատատեղերի ու հումքի աղբյուր և ժողովուրդը հիմա ոչ թե պետք է սպասի հրամանին, այլ փորձի ինքն իր ուժերով ապահովել սեփական տնտեսական պահանջները: 

Երբ նայում ենք այն բանին, որ 1991թ. Հայաստանում իշխանության եկավ այն սերունդը, որոնցից շատերը հենց կոմունիստական ռեժիմի պետեր էին, խոշոր գողեր ու կաշառակերներ, հասկանալի էր, որ ոչ մի դրական-գործնական հետևանք չէին թողնելու: Իսկ ժողովուրդը, որը ևս զրկված էր սեփական պետություն ունենալու հնարավորությունից, միանգամից հայտնվեց տնտեսական կոլապսի մեջ՝ խորացնելով դարերով կուտակված բացասական գծերն ու ԽՍՀՄ տարիներից մնացած «յոլայի, մաղարիչի, խաթրով գնալու» գծերը:

Մենք կարող ենք համեմատել ՀՀ և արտերկրում ապրող, այնտեղ աշխատելու գնացող հայերին: Այն մարդիկ, ովքեր այստեղ  չեն համաձայնվում բանվորական կամ այլ սպասարկող աշխատանքներ կատարել, այդ նույն բանն անում են դրսում: Այստեղ մեծ մասամբ չեն անում ոչ միայն ցածր աշխատավարձերի, այլև ԽՍՀՄ ժառանգություն մնացած քրեական մտածելակերպի պատճառով, երբ ամոթ է համարվում, որ տղամարդը լավ սովորի, մատուցող աշխատի կամ բալետի պարող լինի: Դրսում հայերը ստիպված են լինում համաձայնվել այլ պետությունների օրենքների հետ: Առաջին հերթին խստության առումով, երկրորդ հերթին, այնտեղ տեսնելով շատ ավելի հանդարտ հոգեբանություն: Այնտեղ այդ մանր հարցերն այնքան սուր չեն, ինչքան Հայաստանում:

Հայաստանում մարդկանց վերաբերմունքը պետությանը այնպես է, ինչպես վարձակալը՝ վարձով տանը: Այստեղ լավ չէ, կգնամ ուրիշ տեղ: Մինչդեռ պետության նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի սեփականատիրոջ սկզբունքով: Ոչ թե ու միայն տիրապետելու և հարստանալու, այլ կառավարելու, խնամելու և պահպանելու ուղղությամբ:

Դրա փոխարեն մեր հասարակության շատ ներկայացուցիչներ գերադասում են պատմական Հայաստանի մասին երազներն ու երգերը: Նրանք պատրաստ են պահանջել Արևմտյան Հայաստանը՝ չիմանալով, թե ինչ են անելու հետո: Նրանք արդարացիորեն լաց են լինում Արցախի ռմբակոծված փողոցների համար, մինչդեռ մայրաքաղաք Երևանում բազմաթիվ ավերակ հատվածներ կան և մարդիկ աղբ են նետում ուր պատահի: Նույնիսկ Արցախի հարցում մենք մեզ պահեցինք, որպես ազգ ու ժողովուրդ, այլ ոչ թե պետություն: Մենք Արցախը համարում ենք հայկական հող, որովհետև այդտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են հայերը, բայց մենք Արցախի համար չպայքարեցինք պետական մասշտաբով: Հայերը պայքարեցին Արցախի համար, իսկ ՀՀ-ն՝ ոչ: Իսկ ՀՀ-ն հայերն են: Սա մի անվերջանալի շրջան է, որտեղ կարող են մոլորվել նույնիսկ ամենախելացի գործիչները: Մենք մեզ համարելով հայրենատեր, չդարձանք պետականամետ:

Հայրենիքը խնամքի կարիք չունի: Հասարակությունը պաշտում է իր հայրենիքը, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, այնտեղ լեգենդներ են, առասպելներ, երգեր, հերոսներ: Մինչդեռ պետության փողոցները պիտի մաքրվեն, հարկերը մուծվեն, իսկ մարդիկ՝ աշխատեն:

ՀՀ քաղաքացիները քաջ ծանոթ են պետական որևէ հիմնարկի հետ կապվելու կամ համայնքատիրություններից, բժշկական հաստատությունների ծառայություններից օգտվելու կամ որևէ թուղթ ստանալու տհաճ գործընթացին: Ամեն ինչ արվում է գերդանդաղ, նյարդայնացնող և անարդյունավետ: Պետական ոլորտները կիսակաթվածահար վիճակում են, շատ աշխատակիցներ ձգտում են գոնե հինգ րոպե աշխատանքից շուտ գնալ, եթե հնարավոր է աշխատանքը թերի կատարել և հանձնել կամ թողնել մեկ ուրիշի ուսերին:

Այս հասարակական ախտը բնութագրում է մեր դիրքորոշումը պետության հանդեպ:

Նույնը և մասնավոր ընկերություններում է: Այնտեղ հնարավորության դեպքում թաքցնում են հարկերը, աշխատողներին չեն գրանցում, փորձում են քիչ վճարել: Հարկ վճարելը դառնում է ոչ թե համընդհանուր սեփականության համար արվող գործ, այլ իր տեսակի ճնշում: Ցանկացած օրենք ընդունվում է դժգությամբ և խախտվում ինչքան հնարավոր է:

Սա ցույց է տալիս, որ մասնավոր հատվածը չի դիտարկում իր աշխատանքն ու գործունեությունը որպես պետության մի մաս: Ոչ, դա իր առանձին գործն է, իսկ հարկը դիտարկվում է որպես ավազակություն իշխանության կողմից:

Շատ շատերը մոռանում են, որ երկիրը պահվում է ընդհանուր միջոցներով և ընդհանուր հոգածությամբ:

Ֆրանսիացի պատմաբան, սոցիոլոգ Գյուստավ լե Բոնը, իր «Ամբոխների հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ Ֆրանսիայում կրթական համակարգը փտած է: Մարդիկ գնում են համալսարաններ, սովորում այնտեղ և հետո պետությունից աշխատատեղ պահանջում: Եվ տարիներով կուտակվում է մասնագետների մի մեծ խումբ, ովքեր աշխատանք չունեն և աճում է դժգոհությունը պետության նկատմամբ: Այս տողերը վերաբերվում են 1880-ականներին:

Այդպես է հիմա մեզ մոտ: Սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանում մարդիկ կտրված են պետությունից: Համալսարանները պատրաստում են կադրեր, մի մասն ընդ որում խիստ անորակ, որոնք չգիտեն, թե որտեղ են աշխատելու, կամ աշխատելու են թե ոչ: Իշխանությունը չի վերահսկում, թե իրեն որ մասնագիտությունից ինչ կադրեր են պետք: Ստեղծվում է քաոս, որովհետև ոչ ոք չի ուզում պետական ծանրությունը վերցնել իր վրա:

Դարերով  հայ ժողովուրդը երազել է իր պետության մասին: Նա հայրենիքի մասին երգել ու երազել է: Դա հասկանալի է, որովհետև մենք շատ երկար ժամանակ ապրում էինք շղթայված և ազատ հայրենիքը երազ էր: Բայց այսօր մենք ունենք պետություն, որը հենց այդ հայրենիքի պահպանման երաշխավորն է: Մենք շարունակում ենք երազել հայրենիքի թեմայով և մոռանում ենք իրական պետության մասին: Ճառ ասողը շատ՝ գործ անողը՝ քիչ: Մենք հիմա երգում ենք կորցված տարածքների մասին, բայց մոռանում ենք այսօր գոյություն ունեցող ՀՀ-ն:

Այսօր հայ անհատի մոտ պետությունը պարտվում է հայրենիքին: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *