Հայաստան

Հայաստանին Ինչպե՞ս Կպատժեն

Ասել կուզի, քննարկվում է պատժից վախենալ-չվախենալու հարց, որպես հետևանք այդ կամ-կամ մտածողությանը, որը ինքնին կամ սահմանափակ պատկերացման, և միաժամանակ պատկերացումն ու մտածողությունը սահմանափակող հիբրիդ է:

Հակոբ Բադալյան

Ինչ է կատարվելու դռան հետևում, երբ Հայաստանը շրխկացնի այն

Հայաստանում ՀԱՊԿ Վեհաժողովին ընդառաջ, դարձյալ աշխուժացել է կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ խոսակցությունը: Երևանում պատրաստվում են նաև բողոքի ակցիայի կամ հանրահավաքի՝ Վեհաժողովի օրը, ըստ կազմակերպիչների՝ Հայաստանի հանրության վերաբերմունքը ցույց տալու համար: Այդ առնչությամբ իհարկե հարց է, թե ՀԱՊԿ երկրների, դրանց ղեկավարների համար արդյո՞ք անհայտ է կազմակերպության և իրենց քաղաքականության հանդեպ Հայաստանի հանրության վերաբերմունքը: Եթե նրանց այդ հարցը հետաքրքրում է, կամ հետաքրքրել է, ապա նրանք անկասկած ունեին դրա վերաբերյալ տեղեկություն ստանալու, պատկերը հասկանալու բազմաթիվ հնարավորություններ: Ըստ այդմ, հազիվ թե այդօրինակ ակցիաները հնարավոր է դիտարկել որպես Հայաստանում հանրային կամ քաղաքական գործունակ և կենսունակ անելիք, մեթոդաբանություն:

Իսկ ի՞նչն է կենսունակն ու գործունակը, առաջանում է այսպես ասած հակընդդեմ հարցը: Այստեղ իհարկե հաճախ ակնկալվում է պարզունակ պատասխան՝ այո կամ ոչի տրամաբանությամբ, միանգամյա, կարճաժամկետ տրամաբանությամբ, ինչպես դուրս գալն ու չգալը: Իրականում խնդիրը և հարցը շատ բազմաշերտ ու լայն է, քան այդօրինակ «մոդելավորումը»: Ցավոք, այդ հարցը Հայաստանում ինչպես չի դիտարկվել՝ տասնամյակ շարունակ, այդպես էլ չի դիտարկվում այդ լայն համատեքստում: Դրան նպաստող միջավայր ձևավորելու մի փորձ արվեց կամ հնարավորություն նշմարվեց 2016–ի ապրիլյան քառօրյայից հետո, հատկապես երբ առաջացավ ՀԱՊԿ ԳՔ Հայաստանի քվոտայի և նշանակման թնջուկը, և 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, երբ այդ հարցը հայտնի իրողությունների բերումով առաջացավ «հակառակ ծայրից»: Բայց, հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը չեղավ այդ իրողություններին համարժեք, կամ ցանկության, կամ պարզապես հնարավորության բացակայության հետևանքով: Հարցը միշտ մնաց կամ-կամ-ի պարզունակ մակարդակում, որտեղ ոչ թե Հայաստանի սուբյեկտությունն է ձևավորվում, այլ ձևավորվում է սուբյեկտություն Հայաստանի հանդեպ, Հայաստանի նկատմամբ: Եվ պարբերաբար, տարբեր առիթներով, ինչպես ՀԱՊԿ Վեհաժողովի առիթով, արտահայտվում է այդ երևույթը: Այդ համատեքստում է, օրինակ, որ քննարկվում է Հայաստանի դուրս գալու կամ չգալու, ոչ թե Հայաստանի անելիքի, մշակելիք օրակարգերի հարցը: Իսկ դուրս գալ-չգալու համատեքստում էլ հարցը դիտարկվում է առավելապես այն տրամաբանությամբ, թե արդյո՞ք պատիժը կլինի «վախենալու», թե՞ ոչ այդքան: 

Ասել կուզի, քննարկվում է պատժից վախենալ-չվախենալու հարց, որպես հետևանք այդ կամ-կամ մտածողությանը, որը ինքնին կամ սահմանափակ պատկերացման, և միաժամանակ պատկերացումն ու մտածողությունը սահմանափակող հիբրիդ է: Իսկ ՀԱՊԿ հարցը թերևս չպետք է դիտարկել հնարավոր պատժի սարսափելիության աստիճանի շրջանակում: Խնդիրը այն չէ, թե Ռուսաստանը որքան խիստ «կպատժի» Հայաստանին: Իսկ գուցե Ռուսաստանն այսօր չունի որևէ «պատժի» ուժ, եթե առաջնորդվենք թեկուզ զուտ տեսական դիտարկմամբ: Խնդիրը ներկայիս համաշխարհային իրողություններում այն է, որ ՀԱՊԿ այդուհանդերձ եվրասիական անվտանգության միջավայրում ճարտարապետական մի դետալ է, որն ինքնին լինելով խիստ հարաբերական և հատկապես Հայաստանի հանդեպ մեղմ ասած հակասական, այդուհանդերձ այսօր գոնե պետք է դիտարկվի այդ լայն ճարտարապետության կամ մեխանիզմի համատեքստում: Իսկ Հայաստանը այդ մեխանիզմի շրրջանակում է, այդ ճարտարապետության կառուցվածքում՝ ուզենք, թե ոչ, ու կա աշխարհագրություն, ներառյալ քաղաքական ուժերի և օրակարգերի հարաբերակցություն: Դա մի պարագա է, որից փախչել հնարավոր չէ, հետևաբար ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում հարցը իր խորքային բովանդակությամբ ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալն է, այլ այդ միջավայրից, այդ աշխարհագրությունից դուրս գալ-չգալը: Իսկ այստեղ արդեն պատասխանների տրամաբանությունն ու շրջանակը ստանում են չափումների բոլորովին այլ համակարգ, պահանջելով լուծումների այլ տրամաբանություն: Սենյակում, որտեղ լուծվում են հարցեր, որոնք էապես առնչվում են մեզ, հազիվ թե լուծման արդյունավետ ճանապարհ լինի սենյակը լքելը, որտեղ այդ քննարկումները շարունակվելու են, բայց արդեն առանց մեզ: Հետևաբար պետք է միտքն ու էներգիան կենտրոնացնել սենյակում գտնվելով լուծումներ գտնելու վրա, գոնե առայժմ, քանի դեռ միջազգային կյանքը գտնվում է անվտանգության համակարգերի փլուզման ռեժիմում, որը գործնականում համատարած է, պարզապես տարբեր համակարգերում դրսևորվում է տարբեր ինտենսիվությամբ և տեսանելիությամբ: Դուռը հնարավոր է շրխկացնել միշտ, բայց այն, ինչ կատարվում է դռան հետևում, դրանից ոչ թե դադարելու է, այլ շարունակվելու, արդեն պարզապես առանց դրա վրա ազդելու՝ Հայաստանի ներկայությունից բխող թեկուզ փոքր հնարավորության: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *