22.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Եթե 6 ամսվա ընթացքում մեր երկի­րը չմտցնենք 3.600.000 փ. հաց սննդի համար, անխուսա­փե­լի կլի­նի մի համա­ճա­րակ սով, որի նմա­նը դեռ չի տեսել մեր երկի­րը, որի սկիզբը արդեն նկա­տե­լի է, եւ որը հօդս կցնդեցնի ամե­նայն ինչ։ Իսկ եթե ցանքսի ժամա­նակ չբերվի 4.200.000 փ. հացա­հա­տիկ սերմա­ցու, նույն տեսա­կի սով առաջ կգա հետա­գա տարին, նույն հետեւանքնե­րով։

1919թ. սկզբին Հայաստա­նի Հանրա­պե­տության առջեւ ծառա­ցած ամե­նա­մեծ խնդի­րը շարունա­կում էր մնալ սովի հաղթա­հա­րումը։ Թեեւ 1918‑ը բերքա­ռատ տարի էր, սակայն պատե­րազմի, թալա­նի ու բնակչության մշտա­կան տեղա­շարժի պատճա­ռով հողը չէր մշակվել, գյուղատնտե­սա­կան աշխա­տանքներ չէին իրա­կա­նացվել, եւ սովի մահա­ցու վտանգը կախված էր երկրի վրա։

Գյուղա­ցի­նե­րը հաճախ հրա­ժարվում էին հողը մշա­կե­լուց, քանի որ պետությունը հացա­հա­տի­կի եւ մի շարք այլ մթերքնե­րի մենաշնորհ էր հայտա­րա­րել, իսկ բռնա­գանձման հսկիչնե­րը, խմբա­պետներն ու զինվորնե­րը հաճախ ուժով խլում էին հացա­հա­տի­կը։

Հայաստա­նի կառա­վա­րության ջանքերն ուղղված էին տարբեր շրջաննե­րից թեկուզ քիչ՝ 1–2 վագո­նով, հացա­հա­տիկ հայթայթե­լուն։ Այս առումով հատկա­պես կարեւոր էր գաղթա­կաննե­րի տեղա­վո­րումը նոր ազա­տագրված շրջաննե­րում։ Սակայն 1919‑ի սկզբին ակնհայտ էր, որ միայն կառա­վա­րության ջանքե­րը չեն կարող փոխել իրա­վի­ճա­կը։

Մեկ շնչին՝ մեկ ֆունտ ալյուր

Հայաստա­նը պետք է ոչ միայն կարո­ղա­նար կերակրել հարյուրհա­զա­րա­վոր մարդկանց, այլեւ ապա­հո­վել գարնա­նա­ցա­նը։ Հակա­ռակ դեպքում 1919թ. ամռա­նը բերքա­հա­վաք չէր լինի, եւ սովը կշա­րունակվեր։ 1919թ. սկզբին մամուլը փորձում էր վերլուծել Հայաստա­նի պարե­նա­յին նվա­զա­գույն պաշա­րի չափը։

Երկրում կար 800 հազար մարդ, որոնց պետք էր ապա­հո­վել հացի նվա­զա­գույն չափա­բաժնով՝ մեկ մարդուն օրա­կան գոնե 1 ֆունտ (450 գրամ) ալյուր։ Այս նվա­զա­գույն չափը Հայաստա­նի կառա­վա­րությունը պետք է կարո­ղա­նար ապա­հո­վել մինչեւ օգոստոս, երբ սկսվում էր հացա­հա­տի­կի բերքա­հա­վա­քը։

«Սննդի քանա­կը ընդունե­լով ստո­րին չափը, միջին թվով շնչին 1 ֆունտ ալյուր, 800.000 հոգուն հարկա­վոր կլի­նի փետրվա­րի 1‑ից սկսած օրա­կան 20.000 փութ, ամի­սը՝ 600.000 փութ, իսկ 6 ամսվա ընթացքում — 3.600.000 փ., — միայն սննդի համար»,- գրում էր «Զանգ» թերթը 1919թ. հունվա­րին։

Բացի այդ, հարկա­վոր էր հայթայթել սերմա­ցու։ Հայաստա­նի բնակչության մեծա­գույն մասը գյուղաբնակներ էին, եւ հաշվարկն արվում էր 700 հազար մարդու համար, որը մոտա­վո­րա­պես կազմում էր 140 հազար ընտա­նիք։

«Զանգ», 12 հունվա­րի, 1919թ., թիվ 5

«Եթե 6 ամսվա ընթացքում մեր երկի­րը չմտցնենք 3.600.000 փ. հաց սննդի համար, անխուսա­փե­լի կլի­նի մի համա­ճա­րակ սով, որի նմա­նը դեռ չի տեսել մեր երկի­րը, որի սկիզբը արդեն նկա­տե­լի է, եւ որը հօդս կցնդեցնի ամե­նայն ինչ։ Իսկ եթե ցանքսի ժամա­նակ չբերվի 4.200.000 փ. հացա­հա­տիկ սերմա­ցու, նույն տեսա­կի սով առաջ կգա հետա­գա տարին, նույն հետեւանքնե­րով։ 

Կարիքնե­րը գերա­զանցում են մեր ուժե­րը, եւ երա­զել անգամ չենք կարող, որ մեր միջոցնե­րով կարող ենք դուրս գալ մեզ արդեն պաշա­րած կատաստրոֆա­յից։ 7800000 փ. հացը, փութի գինը 70 ռ., պահանջում է 546 միլիոն, իսկ եթե այս գումա­րին ավե­լացնենք յուրա­քանչյուր ընտա­նի­քին գոնե մի հազա­րա­կան ռուբլի լծկան անա­սուններ եւ գործիքներ գնե­լու համար — 140.000 ընտա­նի­քին — 140.000.000, սովից ազատվե­լու եւ տնտե­սա­կան կողմից ոտի կանգնե­լու համար մեզ հարկա­վոր կլի­նի մոտ 700.000.000 ռ.»։

Կուբա­նի հացը

Այս հսկա­յա­կան գումա­րը Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չուներ։ Եվ եթե անգամ ունե­նար, կար գրե­թե անհաղթա­հա­րե­լի դժվա­րություն՝ որտեղի՞ց գնել այդքան ցորեն եւ ինչպե՞ս հասցնել Հայաստան։ Նախկի­նում Հայաստա­նին անհրա­ժեշտ ցորե­նը բերվում էր գլխա­վո­րա­պես Ռուսաստա­նից։ Սակայն նույն Ռուսաստա­նի երբեմնի հացա­ռատ հարա­վա­յին շրջաննե­րը քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի թատե­րա­բե­մի էին վերածվել եւ հսկա­յա­կան վնասներ կրել։ 1919‑ի սկզբին Հայաստա­նի իշխա­նություննե­րը դիմում են Կուբա­նի հանրա­պե­տության ղեկա­վա­րությա­նը՝ խնդրե­լով հաց վաճա­ռել, սակայն տեղե­կություն են ստա­նում, որ Կուբա­նը արտա­հանման համար ուներ ընդա­մե­նը 5–6 միլիոն փութ հացա­հա­տիկ, որի զգա­լի մասը տանում էին Ռուսաստան, որտեղ նույնպես սով էր։

Օգնություն խնդրել Ամե­րի­կա­յից

Հայաստա­նի կառա­վա­րությունը որո­շում է օգնություն խնդրել Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րից: Հույս կար, որ Փարի­զի խորհրդա­ժո­ղո­վի որո­շումնե­րի հիման վրա Ամե­րի­կան կստանձնի Հայաստա­նի մանդա­տը։ Բացի այդ, ԱՄՆ նախա­գահ Վիլսո­նը ջերմ վերա­բերմունք ուներ հայե­րի հանդեպ, եւ ընդհանրա­պես նրա աջակցությունը ինքնո­րոշվող ժողո­վուրդնե­րին օգնության հույս էր տալիս։ Իսկա­պես, Միացյալ Նահանգնե­րը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստա­նին ու հայ գաղթա­կաննե­րին օգնե­լու համար։

1919թ. հունվա­րի 18-ին պարե­նի հարցը քննարկվում է կառա­վա­րության նիստում, որտեղ որոշվում է դիմել «Համա­ձայնության պետություննե­րի (մասնա­վո­րա­պես՝ Միացյալ Նահանգնե­րի) կառա­վա­րություննե­րին եւ հայանպաստ կոմի­տե­նե­րին, պարե­նա­վորման մեր վիճա­կը պարզել եւ օգնություն խնդրել»։ Որպեսզի օգնության տրա­մադրումն ավե­լի արդյունա­վետ կազմա­կերպվեր, որոշվում է նաեւ, որ եվրո­պա­կան երկրնե­րին ու Ամե­րի­կա­յին դիմումը պետք է ներկա­յացնի կառա­վա­րության ղեկա­վա­րը։ Այս մասին կառա­վա­րության նիստում զեկուցում է հենց վարչա­պետ Քաջազնունին։

Կառա­վա­րությունն ընդունում է Քաջազնունու առա­ջարկության կարեւո­րությունը եւ հանձնա­րա­րում նրան կարճ ժամկե­տում կազմել զեկուցում, նախա­հա­շիվ եւ խորհրդա­րա­նին ներկա­յացնե­լու օրի­նա­գիծ։

1919թ. փետրվա­րի սկզբին խորհրդա­րա­նի նախա­գահ Ավե­տիք Սահակյա­նը Երեւա­նում հանդի­պում է ամե­րիկյան միսիա­յի անդամներ Թեո­դոր Էլմե­նի, Հարի­սոն Հոյնարդի եւ մայոր Արնո­լի հետ։ Սահակյա­նը նրանց ներկա­յացնում է գաղթա­կաննե­րի սարսա­փե­լի վիճա­կը եւ խնդրում հնա­րա­վո­րինս արագ Հայաստան ուղարկել հացա­հա­տիկ, սերմա­ցու եւ գյուղատնտե­սա­կան գործիքներ։ Մինչ այդ, ամե­րիկյան միսիան հայ գաղթա­կաննե­րին օգնություն էր տրա­մադրել Պարսկաստա­նում, Բաղդա­դում եւ Բաքվում։

«Մշակ», 7 փետրվա­րի, 1919թ., թիվ 29

«Թիֆլի­սի ամե­րիկյան միսիա­յում միստր Ջեյմս Արնո­լը հայտնել է Արշակ-խան Գորո­յա­նին, որ արդեն գնված է Հայաստա­նի համար 150 000 փութ բրինձ, 3000 փութ շաքար եւ 500 տոննա ցորեն եւ մոտ օրերս կփո­խադրվի Երեւան։ Միսիա­յում Արշակ խանին հայտնել են նաեւ, որ միսիա­յից մի հոգի ուղարկվե­լու է Կ. Պոլիս՝ հայ փախստա­կա­նա­կան գործե­րի շուրջը խորհրդակցե­լու այնտե­ղի ամե­րիկյան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ»։

«Գաղտնիքնե­րի ժամա­նակներն անցել են»

Հայաստա­նի վարչա­պե­տի Ամե­րի­կա մեկնե­լու հարցը խորհրդա­րա­նը քննարկում է փետրվա­րի 4‑ի նիստում։ Նախ լսում են ֆինանսա­կան հանձնա­ժո­ղո­վի զեկույցը, որն առա­ջարկում էր ավե­լացնել ճանա­պարհորդության ծախսե­րը՝ հատկացնե­լով 500 հազար ռուբլի, որից 220 հազա­րը տրվում էր անձամբ վարչա­պե­տին առանց հաշվետվության։ Այս առա­ջարկին դեմ է արտա­հայտվում Հնչակյան կուսակցության անդամ Վահան Մինա­խորյա­նը։ Նա հայտա­րա­րում է, որ «գաղտնիքնե­րի ժամա­նակներն անցել են», եւ առանց հաշվետվության ծախսեր չպետք է լինեն։ Բացի այդ, Մինա­խորյա­նին հետաքրքրում էր, թե ինչ լիա­զո­րություններ է ունե­նա­լու պատվի­րա­կությունը՝ միայն օգնությո՞ւն է հայցե­լու, թե՞ կարող է նաեւ քաղա­քա­կան խնդիրնե­րի անդրա­դառնալ։ Մինա­խորյա­նին մտա­հո­գում էր նաեւ վարչա­պե­տի՝ մի քանի ամիս բացա­կա­յե­լու հեռանկա­րը.

«Մինիստր-նախա­գա­հի գնալն ունի եւ մի այլ անհարմա­րություն։ Դրա­նով նախ եւ առաջ քայքայվում է մեր կառա­վա­րությունը։ Նախա­գա­հը երեք ամիս պիտի բացա­կա­յի, մի քանի մինիստրներ Թիֆլի­սում են, որոնց վերա­դարձը կասկա­ծե­լի է։ Ապա՝ ինչպես հայտնի է, որոշ շրջաննե­րում մտադրություն կա փոխել այժմյան կառա­վա­րությունը, սկսած նրա նախա­գա­հից»։

Հովհաննես Քաջազնունին խորհրդա­րա­նին պարզա­բա­նում է, որ իրենք զբաղվե­լու են բացա­ռա­պես օգնության հարցե­րով, իսկ քաղա­քա­կան խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու է Փարի­զի խորհրդա­ժո­ղով գործուղված պատվի­րա­կությունը։ Վարչա­պե­տը համա­ձայնում է, որ գուցե թե առեւտրա­կան մասնա­գետներ գործուղելն ավե­լի ճիշտ կլի­ներ, սակայն իրենց նպա­տակներն ուրիշ են:

«Հայտնի է, որ մենք Ամե­րի­կա­յին դիմում ենք ոչ որպես առեւտրա­կան կապ հաստա­տող մի կողմ, այլ որպես օգնություն խնդրող։ Ամե­րի­կա­յի օգնե­լը այն չափով կկա­տարվի, ինչ չափով որ նա համոզված լինի մեր երկրի անե­լա­նե­լի կացության մեջ։ Դրա համար է, որ պիտի մեր դժվա­րությունը ապա­ցուցե­լու համար ուղարկենք մեր հանրա­պե­տության գլխին՝ մինիստր-նախա­գա­հին»։

Թեեւ սոցիալ-հեղա­փո­խա­կաննե­րը պնդում էին նոր օրի­նա­գիծ ընդունե­լու անհրա­ժեշտությունը, սակայն խորհրդա­րա­նը քվեարկությամբ մերժում է ներկա­յացրած բոլոր տարբե­րակնե­րը եւ հաստա­տում Քաջազնունու թեկնա­ծությունը։

Փետրվա­րի 13-ին խորհրդա­րա­նը կրկին անդրա­դառնում է Ամե­րի­կա մեկնող պատվի­րա­կության լիա­զո­րություննե­րին, եւ որոշվում է դրանք սահմա­նել հատուկ կետով, որն ավե­լացվում է նախորդ նիստի ժամա­նակ ընդունված օրենքին.

Մի քանի օր անց խորհրդա­րա­նին է ներկա­յացվում Հովհաննես Քաջազնունու հայտա­րա­րությունը, թե «Ամե­րի­կա գնա­լու պատճա­ռով պաշտո­նա­կա­տար է նշա­նա­կում ներքին գործոց մինիստր Ալեքսանդր Խատիսյա­նին»։

«Յո՞ երթաք»

Քաջազնունու Ամե­րի­կա մեկնե­լը միանշա­նակ չի ընդունվում Հայաստա­նի կառա­վա­րության ընդդի­մա­դիր ուժե­րի կողմից։ «Մշա­կը», վարչա­պե­տի նախա­ձեռնությունը դիտարկե­լով քաղա­քա­կան կողմնո­րոշման տեսանկյունից, գրում է. «…Քաջազնունին գնում է ծովով ու ցամա­քով, ոտով ու ձիով, երկա­թուղով ու ավտո­մո­բի­լով, երկրե-երկիր, աշխարհե-աշխարհ՝ Հայաստա­նի գաղթա­կա­նա­կան հանրա­պե­տության համար օրիենտա­ցիա փնտրե­լու… Անցյա­լի դասից խրատ չառած՝ նորից գնում են։ Գնա­ցել է Նուբար փաշան, գնաց Ավե­տիս Ահա­րոնյա­նը, գնում է եւ Քաջազնունին։ Յո՞ երթաք… Այստեղ է օրիենտա­ցիան, այստեղ, ձեր տան շեմին, ձեր կողքին, ձեր քթի առաջ։ Բավա­կան է։ Յո՞ երթաս, Քաջազնունի»։

1919թ. փետրվա­րի 15-ին Քաջազնունին մեկնում է Թիֆլիս, սակայն բրի­տա­նա­կան պաշտոնյա­ներն անհրա­ժեշտ փաստաթղթե­րը չեն տալիս։ Ռիչարդ Հովհաննիսյանն իր «Հայաստա­նի Հանրա­պե­տությունը» գրքում գրում է, որ մերժման պատճա­ռը պատվի­րա­կության կազմում ընդգրկված Սիմոն Վրացյանն էր։ «Շուտով պարզվեց, որ բարդություննե­րը վերագրվում են Սիմոն Վրացյա­նի հանդեպ եղած կասկածնե­րին։ Նա, Քաջազնունու առա­քե­լության եւ կուսակցության Բյուրո­յի անդամ, թվում է, անցանկա­լի էր իբրեւ ձախ համոզմունքնե­րի տեր դաշնակցա­կան։ Չուզե­նա­լով նավարկել առանց Վրացյա­նի, ապրի­լի 2‑ին Քաջազնունին վերա­դարձավ Երեւան»։

1919թ. ապրի­լի 16-ին Քաջազնունին կրկին մեկնում է Թիֆլիս, ստա­նում անհրա­ժեշտ փաստաթղթե­րը եւ պատվի­րա­կության այլ կազմով մեկնում։ Իսկ ամե­րիկյան օգնությունը հսկա­յա­կան նշա­նա­կություն է ունե­նում Հայաստա­նի համար։

Ալեքսանդր Խատիսյա­նը գրում է. «…Հետզհե­տե Հայաստան սկսան գալ Ամե­րի­կա­ցիք, իսկ անոնց ետեւեն ալ ալյուրի գնացքնե­րը։ Առանց չափա­զանցության կարե­լի է ըսել, որ ամե­րիկյան օգնությունը փրկեց հայ ժողո­վուրդը ամբողջա­կան սովա­մա­հութե­նե»։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ