Փետրվարի 6-15-ը համագումարն անցկացնում է 7 նիստ, որոնց մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից ընտրված թվով 55 ներկայացուցիչ, ինչպես նաեւ մի քանի համահայկական կազմակերպության ներկայացուցիչներ։
1919թ. փետրվարին հուսադրող լուրեր էին հասնում Փարիզից՝ Խաղաղության վեհաժողովը սկսել էր աշխատանքը եւ ի թիվս այլ խնդիրների` քննարկելու էր նաեւ Հայկական հարցը։ Տեղեկություններ կային, որ Հայաստանի սահմաններն ընդլայնվելու եւ ձգվելու էին մինչեւ Միջերկրական ծով։
Սակայն բուն Հայաստանում տարաձայնություններ կային հայության երկու մասի՝ արեւմտահայերի ու արեւելահայերի միջեւ, որոնք ձեւավորվել էին ճակատագրի բերումով։ Արեւմտահայերը կամ թուրքահայերը, որոնք Արաքս գետի այս ափին էին հաստատվել 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով, անվստահությամբ էին լցված նորաստեղ Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ հաճախ այն կոչում էին Արարատյան հանրապետություն։ Բացի այդ, հայ ժողովրդի արեւելյան եւ արեւմտյան հատվածների պատկերացումները Հայաստան պետության մասին տարբեր էին, երբեմն նաեւ՝ հակոտնյա։
Այս խնդիրները քննարկելու, լուծումներ գտնելու եւ Եվրոպայում միասնական դիրքերով հանդես գալու նպատակով 1919թ. փետրվարին Երեւանում գումարվում է Արեւմտահայերի երկրորդ համագումարը։
Համագումարի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 1919թ. սկզբին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության` 1918թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ համագումարի կազմկոմիտեն ֆինանսական աջակցություն էր ստանալու պետությունից։
Հունվարի սկզբին համագումարի կազմակերպչական կոմիտեն, որի կազմում էին Վարազդատ Տերոյանը, Բուլղարացի Գրիգորը եւ Արսեն Կիտուրը, հայտարարություններ է հրապարակում մամուլում՝ արեւմտահայերի հարցերով զբաղվող կազմակերպություններին ու անհատներին համագումարին մասնակցելու հրավերով։ Փետրվարին հրավեր է ուղարկվում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որն էլ հանձնարարում է մինիստր-նախագահին մասնակցել համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։
«Հյուրի» կարգավիճակը
Արեւմտահայերը, կամ ինչպես այն ժամանակ ցավալիորեն հաճախ ասում էին ՝ գաղթականները, հաճախ արժանանում էին տեղի բնակչության՝ արեւելահայերի ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքին։ Ծանր տնտեսական պայմաններում գտնվող Հայաստանի համար գաղթականների հոծ զանգվածներին տեղավորելն ու կերակրելը ուժերից վեր էր։ Արեւմտահայությունն իր հերթին համարում էր, որ ժամանակավոր է հաստատվել երկրում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է վերադառնա իր բնօրրանը։ Ինչպես նշում էր Ռուբեն Տեր-Մինասյանը, «հյուրի» այս կարգավիճակը վիրավորում էր արեւմտահայերին։
«Եթե չասենք թշնամական, պիտի ասել անվստահություն կար հայ ժողովրդի այդ երկու հատվածների միջեւ։ …Պիտի նկատել, որ ռուսահայ մասսան տաճկահայերին կհամարեր եկվոր, գաղթական։ Նա կկարծեր, թե այդ մասսան՝ մոտ 200 հազար՝ միայն հյուր է իրենց երկրում։ Մի քանի վայրերում տաճկահայությունը բեռ կհամարվեր իրենց համար։ Այդ հոգեբանությունը աննշմար չէր մնում տաճկահայերից, որոնց ինքնասիրությունը կվիրավորվեր։ Բացի այդ, տաճկահայը … այն գիտակցությունն ուներ, որ ձեռք բերված ազատությունն ու անկախությունը յուր արյունի գնով եւ յուր աշխատանքով է վաստակված։ Նա նախանձով կդիտեր Նոր Բայազետի կամ Շիրակի ժողովուրդը, որի մեջ դեռ ազատության եւ անկախության գաղափարները չէին ամրապնդված, ապահով եւ ազատ է, իսկ ինքը թափառական եւ արհամարհված գաղթական կհամարվի» (Ռուբէն, Հայ Յեղափոխականի մը հիշատակները, հ. 7, Երեւան, 1990թ.)։
«Մարսելի՞ բան էր այդ»
Սիմոն Վրացյանը նույնպես անդրադառնում է հայության երկու հատվածի հակասություններին եւ 1919թ. փետրվարի համագումարը համարում Հայաստանի կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը։ Վրացյանը գրում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում էր վերացնել «հատվածական խնդիրը», սակայն հասկանալի է, որ մի քանի ամսում անհնար էր լուծել խնդիրը, որն առաջացել էր դարերի ընթացքում.
«Տասնյակ տարիներ հայ քաղաքական միտքը դաստիարակվել էր այն ուղղությամբ, որ Հայաստանը այնտեղ էր, Բարթողյան լեռնաշղթայի մյուս կողմը, հայկական հարց, Հայաստանի ինքնավարություն, հայ պետություն կարող էր լինել միայն Թուրքահայաստանում, եւ հանկարծ, բոլորովին չսպասված տեղից՝ մեջտեղը բսնում է ինչ-որ մի Հայաստանի Հանրապետություն՝ մարսելի՞ բան էր այդ։ Հետո, այդ «Հանրապետության» մեջ դեռ շատ բաներ՝ օրենքներից ու լեզվից սկսած մինչեւ ներքին կարգերը, մինչեւ հանրային կենցաղն ու բարքերը՝ ռուսի հոտ էր բուրում»,- գրում է Վրացյանը։
«Արարատյան Հանրապետություն»
Հայ ժողովրդի երկու հատվածի հակասությունը հատկապես զգացնել էր տալիս 1919-ին, քանի որ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պետք է աշխարհին ներկայացներ միացյալ, ընդհանուր հայկական պահանջները։ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ Բուլղարացի Գրիգորը մի առիթով ասել էր, թե «կմնա այն տեսակետին վրա, թե այս Հայաստանը «Արարատյան Հանրապետություն» է, եւ ավելի վստահություն ցույց կուտային Պողոս Նուբար փաշայի պատվիրակության եւ նրա ձգտումներին, քան Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դաշնակցության»։
«Արեւմտահայոց համար Պողոս Նուբար փաշա ա՛յն մարդն էր դիվանագիտական գետնի վրա, ինչ որ Զոր. Անդրանիկն էր պատերազմի դաշտին մեջ։ …1919թ. սկիզբները, Պոլսո գրավման շրջանին, քաղաքի հայ աշակերտներու գլխարկներուն վրա ոսկի թելերով կփայլեր Պողոս Նուբարի անունը։ Ան գերագույն հույսն ու ապավենն էր թրքահայոց քաղաքական ըղձանքներուն եւ երազներուն»,- գրում է Անդրանիկ Չելեբյանը (Զորավար Անդրանիկ եւ Հայ հեղափոխական շարժումը. Կենսագրական ակնարկ, Երեւան, 1990):
7 նիստ, 55 ներկայացուցիչ
Արեւմտահայերի երկրորդ համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում 1919թ. փետրվարի 6-ին խորհրդարանի դահլիճում։
Կառավարության կողմից ներկա էր Հովհաննես Քաջազնունին, իսկ խորհրդարանից՝ Սիմոն Վրացյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակն ընթերցում է Գեւորգ եպիսկոպոս Չորեքչյանը։
Հովհաննես Քաջազնունին իր ելույթում ասում է.
«Կառավարության եւ իմ կողմից ողջունում եմ համագումարը, որ վերջինն է լինելու, որովհետեւ հասել է այն օրը, երբ արեւմտահայ ու արեւելահայ հարցը պիտի վերանա, միացյալ եւ մեծ Հայաստանի հիմնումով: Մենք մեր իղձերը չենք բաժանել տաճկահայերից: Այն սերունդը, որին ես եմ պատկանում, միշտ էլ երազել է մի հայրենիքի գաղափարը: Այդ է ցույց տալիս պատմությունը: Դեռ երեկ էր, որ հողին հանձնեցինք Ռոստոմին եւ Արամին, որոնք տաճկահայ դատի պաշտպանն էին: Նրանց նման շատերն են զոհվել այդ ճանապարհին եւ այժմ, երբ իրականանում է այդ երազը, մերի եւ ձերի խնդիր չի կարող լինել: Ի սրտե համագումարին հաջողություն եմ մաղթում»:
Փետրվարի 6-15-ը համագումարն անցկացնում է 7 նիստ, որոնց մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից ընտրված թվով 55 ներկայացուցիչ, ինչպես նաեւ մի քանի համահայկական կազմակերպության ներկայացուցիչներ։ Ըստ նախնական ծրագրի՝ քննարկման հիմնական հարցը պետք է լիներ արեւմտահայ գաղթականների սոցիալական վիճակն ու ներգաղթի կազմակերպչական հարցերը։ Երրորդ նիստում՝ փետրվարի 8-ին, հատուկ ստեղծված Հաշվեհարդար հանձնաժողովն անդրադառնում է Արեւմտահայ խորհրդի եւ Հայաստանի ապահովության մարմնի գործունեությանը, որոնք խիստ քննադատության են արժանանում, քանի որ չէին կարողանում ապահովել գաղթականների անգամ նվազագույն պահանջները։ Հնչում են նույնիսկ նրանց պատասխանատվության կանչելու կոչեր։ Համագումարը որոշում է լուծարել նախկին խորհուրդները՝ «պահանջելով բարոյական եւ նյութական հաշվետվություն իրենց ամբողջ գործունեության վերաբերյալ»։
Անդրանիկի մերժումը
Համագումարի կազմակերպիչները հրավիրել էին նաեւ զորավար Անդրանիկին, որն այդ օրերին Զանգեզուրում էր։ Անդրանիկը հրաժարվում է մասնակցել համագումարին.
«Մտածելով, որ չեմ կրնար այդ Համագումարին մասնակցելովս օգտակար դառնալ եւ թեթեւացնել Ձեր աշխատանքները, ուստի հրաժարվում եմ ներկա լինել այդ համագումարին։ Ձեզ կատարյալ հաջողություն կցանկանամ»։
Չնայած Անդրանիկի նամակին՝ նրա մերժումը Վրացյանն ավելի խիստ է մեկնաբանում՝ գրելով, որ «Անդրանիկի մոտ ուղարկվել էր հատուկ մարդ՝ խնդրելով, որ անպատճառ ներկա գտնվի համագումարին, բայց նա չէր համաձայնվել մասնակցել մի ժողովում, որը գումարվելու էր «թուրքերի ձեռքով ստեղծած Հայաստանի մայրաքաղաքում» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993):
Ներգաղթի խնդիրը նույնպես դժվարին էր, քանի որ արդեն կային մի շարք ցավալի դեպքեր։ Սարդարապատից եւ հատկապես Սուրմալուից գաղթած հայերը շտապել էին առանց նախապատրաստական աշխատանքների վերադառնալ, ինչի հետեւանքով ենթարկվել էին հարձակումների եւ սովից ու հիվանդություններից կորուստներ ունեցել։ Թուրքական բանակի նահանջից հետո վերադարձող հայերի համար մեծ վտանգ էին տեղի քրդերը, որոնք միաժամանակ փորձում էին հաստատվել հայկական գյուղերում եւ թույլ չտալ հայերի վերադարձը։ Համագումարը որոշում է դիմում հղել միջազգային հանրությանը՝ հայերի վերադարձն ապահովելու խնդրանքով. «Համագումարը կհրահանգե ընտրվելիք մարմնին այժմեն անհրաժեշտ միջոցները ձեռնարկել պատմական Միացյալ Հայաստանի կառավարության մոտ եւ դաշնակիցներու ներգործուն միջամտությամբ եւ աջակցությամբ պետականորեն ապահովել ներգաղթող ժողովրդի ֆիզիկական գոյությունը եւ պարենավորման անհրաժեշտ պայմանները»։
«Միացյալ Ազատ Հայաստան»
Ամենավիճահարույցն ու հակասականը, այսպես կոչված, քաղաքական մասն էր։ Համագումարը հատուկ հայտարարություն է ընդունում, որտեղ ամրագրում է արեւմտահայերի ձգտումները, այն է՝ ողջունում է ազատ եւ միացյալ Հայաստանի անկախությունը, իր վճռական որոշումն ու կամքն է հայտարարում՝ ունենալու քաղաքական եւ պետական մեկ միություն։ Միաժամանակ համագումարը հանձնարարում էր գաղտնի քվեարկությամբ ընտրված Գործադիր մարմնին «գործնական քայլեր առնել Արարատյան Հանրապետության նախարարության եւ Խորհրդարանի հետ Միացյալ Ազատ Հայաստանի անկախությունը հայտարարելու եւ իր մասնակցությունը բերելու գոյություն ունեցող պետական եւ օրենսդրական հաստատությունների մեջ համազգային միությունը իրականացնելու համար»։
Առաջին հայացքից գուցե եւ տարօրինակ թվացող այս դրույթը 1919թ. խիստ արդիական էր. ինչպես նշում էին տարբեր աղբյուրներ, արեւմտահայերը պետական կառավարման համակարգին գրեթե մասնակցություն չէին ունենում։
«Տաճկահայը անվստահ էր դեպի կառավարությունը եւ նրա ձեռնարկները եւ կամ ձեռնպահ էր պետական աշխատանքներին եւ մեծ մասամբ կզլանար թե՛ զորք եւ թե՛ պաշտոնյա տալու»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյանը։ Գրեթե նույն պատկերն է ներկայացնում նաեւ Սիմոն Վրացյանը։
Համագումարը ուղերձ է հղում «Հայկական պատվիրակության նախագահ Նորին Վսեմափայլություն Պողոս Նուբար Փաշային»՝ նշելով, որ տեսնում է «Ձեր մեջ իր իղձերի եւ ցանկությունների լավագույն արտահայտիչը, եւ հույս ունի, որ իր քաղաքական եւ ազգային ձգտումները կջանաք լուծել հայ ժողովրդի արհեստականորեն անջատված հատվածների միավորությամբ եւ մեկ պետական-քաղաքական իրավակարգի ստեղծմամբ»։
Թեեւ արտաքուստ հայության երկու հատվածը միավորվում էր եւ նույն դիրքերից հանդես գալիս, սակայն հակասությունները վերացած չէին։ Արեւմտահայերի երկրորդ համագումարից մի քանի շաբաթ անց՝ 1919-ի ապրիլին, Երեւանում լույս տեսնող «Վան-Տոսպ» թերթը գրում էր, որ թուրքահայի ու ռուսահայի վիհը հնարավոր չէ վերացնել.
«Վան-Տոսպ», 7 ապրիլ, 1919թ., թիվ 3
«Նախ չպիտի մոռացության տալ մի կետ, որ մենք՝ թուրքահայերս, ունինք հայրենիք եւ անհամբեր վերադարձի կսպասենք, ուրեմն համենայն դեպս, մեր այստեղ մնալը, կարճ կամ երկար ժամանակամիջոցով, հյուրի բնույթ կկրե եւ պարզ է, որ ամեն երկրի մեջ ալ հյուրերը միշտ կհյուրընկալվին հյուրերու սովորություններով, այլ խնդիր էր, իհարկե, եթե վերջնականապես բաժանված ըլլայինք մեր հայրենիքեն, այն ատեն մենք պիտի պահանջեինք այս հանրապետությունեն մեր քաղաքացիական իրավունքը: Զուր է միամտորեն կարծել, որ թուրքահայի եւ ռուսահայի խնդիր չկա, այդ վիհը, որ ստեղծված է երկու հատվածներու միջեւ, հակառակ մեր բարի ցանկությանց, դարերու ընթացքին ավելի խորացեր է եւ ապրելով տարբեր պայմաններու մեջ, քաղաքական, ընկերային ազդեցությանց տարբեր շրջանակներու շնորհիվ, երկուստեք ժառանգած ենք բարեմասնություններ կամ հոռի կողմեր, որոնք կարելի է վերացնել ոչ թե այս քանի մը ամիսներու երերուն շրջանին, այլ վերջեն եւ ավելի հիմնական միջոցներով, երբ երկու հատվածներու բախտը ի մի կձուլվի»։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան