Արդյունքում՝ վերստին հաստատվեց այն, որ Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ‑ը ոչինչ չի ձեռնարկելու: Ո՛չ կանխարգելիչ, և ո՛չ էլ պատժիչ գործողությունների ականատեսը չենք դառնալու:
Դավիթ Կարապետյան
ՀԱՊԿ‑ն իր ողջ «հմայքով»…Լիդերներն էլ իրենց «շարմով»…Այն, որ Հայաստանն այսօր չհամաձայնելու դեպքում կարող է մի շարք երկրների լիդերների ճակատներին ուղիղ ասել НЕТ՝ բոլորս ենք նկատել:Այն, որ այդուհանդերձ «դաշնակիցներն» էլ անդրդվելի են իրենց որոշումներում՝ դա ևս փաստ է: Այն, որ «դաշնակիցների» նման պահվածքը յուրովի կանաչ լույս է Ադրբեջանին, և որի «հովանու ներքո» հաջորդում է ալիևյան հոխորտանքը՝ դա ևս փաստ է:Այն, որ այս բարձիթողի վիճակի ու իրենց վրայից պատասխանատվությունը գցելու արդյունքում ադրբեջանական սպառնալիքը վերստին կախված է մեր գլխին՝ դա էլ է փաստ:Այսպիսով՝ Երևանում ականատես դարձանք ՀԱՊԿ‑ի վերակենդանացման, վերարժևորման, վերաիմաստավորման «առաքելությանը»…Որոշ «մելամաղձոտ ու սենտիմենտալ» դրվագներով հանդերձ՝ հանձնում-ընդունումը տեղի ունեցավ:Ինչպես միշտ, Բատյան իր ամպլուայի մեջ էր, իսկ Պուտինը՝ նեյտրալ: Բատյան խոսում էր Պուտինի շուրթերով, Պուտինի սրտից՝ կնճռոտ հարցերի լղոզված պատասխանները վերցնելով իր վրա:Դե իսկ Լավրովն էլ որդեգրած ուղեգծի «դամն էր պահում»…Արդյունքում՝ վերստին հաստատվեց այն, որ Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ‑ը ոչինչ չի ձեռնարկելու: Ո՛չ կանխարգելիչ, և ո՛չ էլ պատժիչ գործողությունների ականատեսը չենք դառնալու: Վերստին համոզվում ենք, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը կրում է ֆիկտիվ ու սիմվոլիկ բնույթ: Որ մեր անվտանգային ու պաշտպանական հարցերը բացառապես մեր ուսերին է: Որ միակ հույսն ու ապավենը մեր զինված ուժերն են:Որ օր առաջ պետք է զինվել, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին:Որ կաշկանդված չենք ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել ինչպես հարևան, այնպես էլ մեր հանդեպ բարյացակամ տրամադրված ու օգնության տրամադրման պատրաստ երկրների հետ:Եվ այս ամենը՝ օր առաջ, մանավանդ, երբ Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության, Արցախի զինաթափման պահանջը, «Զանգեզուրի միջանցքի» մասով այսուհետ ՌԴ‑ի հետ բանակցելու նոր որոշումը, վերջինիս անհագ ցանկությունները, ծավալապաշտական նկրտումները ոչ միայն շարունակվում են, այլ նաև նոր թափ են ստանում:Վերջինիս կողմից չեղարկվեց նաև դեկտեմբերի 7‑ին Բրյուսելում պլանավորած Փաշինյանի հետ հանդիպումը: Փաստ է, որ Ալիևն իր և Պուտինի առջև այս պահին դրել է մի խնդիր.Միջանցք՝ առանց վերահսկողության, առանց մաքսային-հարկային անցակետերի:Իսկ այստեղ նրա ցանկությունը ՌԴ‑ի հետ համընկնում է:Ուստի Ադրբեջանը պարզապես սպասում է Ռուսաստանի «դաբրոյին», որպեսզի մի քանի ժամում ռազմական ուժով վերցնի այդ «միջանցքը»։ Կամ այն կտրվի առանց պատերազմի՝ ռուսական ճնշման / համոզման պարագայում:Հետևաբար՝ Մակրոնի հայամետ դիրքորոշման և նրա ներկայությամբ պայմանավորված բրյուսելյան հանդիպման մերժումը Ալիևի համար զուտ պատրվակ է:Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին դիմավորելը՝ զուտ քաղաքավարություն… Այս պահին նրան ձեռնտու է աշխատել ՌԴ‑ի հետ, որն իր համար ավելի բարենպաստ դիրքորոշմամբ է հանդես գալիս: Նույնը վերաբերում է ՀԱՊԿ‑ի անդամ երկրներին, որոնք ևս իրենց վարքագծով քաջալերում են Ալիևին: Այս իրավիճակում մնում է պատրաստ լինել ցանկացած սցենարի, բայց և ջանք ու եռանդ չխնայել հնարավոր արհավիրքը կանխելու, այն չեզոքացնելու համար:Շահերի բախման կիզակետն այսօր Սյունիքն է:Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ‑ի, Ֆրանսիայի հետ զուգահեռ աշխատանքներ պետք է տարվեն:Հուսամ՝ արտաքին քաղաքական ողջ գործիքակազմը կգործադրվի: Իրավիճակը բարդ է, բայց ելքեր միանշանակ կան:
Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:
