Աշխարհում ոչ ոք կարծես չէր ուզում հիշել Հայոց Ցեղասպանությունը և չէր ուզում լսել հայերի աղաղակը՝ մարդկային դաժանության և մի ողջ ժողովրդի սառնասրտորեն մահվան դատարպարտելու, նրան սպանելու, տարագիր դարձնելու մասին: Եվ այդ ժամանակ զինյալ ելույթն ընտրվեց որպես տարբերակ ձայնը լսելի դարձնելու համար:
Անդրանիկ Պողոսյան
CIVILNET-ի եթերում 2017թ. Թաթուլ Հակոբյանը հյուրընկալել էր Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների անդամ Անդրանիկ Պողոսյանին, ով 1983թ. մարտի 9-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ահաբեկել էր Թուրքիայի դեսպանին:
Ելնելով Հայաստանում այսօր առկա վհատ և հոգեպես թուլացնող տրամադրություններից, մենք ներկայացնում ենք այդ հարցազրույցը, որում Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների անդամը ներկայացնում է, թե ինչպես է պետք գործել ծայրահեղ պահերին, երբ վտանգը վերահաս է ու ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է պետք պայքարի ուղի տանել: Հարցազրույցն ավելի քան այժմեական է հատկապես այն առումով, որ չթուլանալու, պայքարը ողջամիտ տրամաբանությամբ շարունակելու և գիտակցված մոտեցում ու հավաքական կամք ցուցաբերելու մասին է:
Զրույցի սկզբում Անդրանիկ Պողոսյանն ասաց, որ ինքը եղել է Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների անդամ և հենց այդ կազմակերպության միջոցով էլ մասնակցել է Թուրքիայի դեսպանի դեմ կատարված ահաբեկմանը:
Անդրանիկ Պողոսյանը նախ շեշտեց, որ թուրքերի նկատմամբ զինյալ ելույթները միանգամից չսկսվեցին: Ինչպես հայտնի է Ցեղասպանությունից հետո, ընդհուպ մինչև 1960-ականներ, հայկական սփյուռքի ավագները հիմնականում մտահոգված էին հայապահպանման գաղափարներով և գործունեությամբ: Դա անշուշտ շատ կարևոր գործունեություն էր, որի շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն հայերին զերծ պահել ինքնության կորստի ռեալ վտանգից, այլև պահպանել ինքնությունը և նույնիսկ ավելին, հասնել գաղափարական նոր մակարդակի՝ պահանջատիրություն թուրքերից՝ 1915թ. գործված անմարդկային ոճրի դիմաց:
Իր խոսքում Անդրանիկ Պողոսյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ պահանջատիրությունը միանգամից զինյալ տրամաբանություն չուներ, առաջին հերթին թուրքերին պատասխանատվության կանչելու սկզբունքն էր, բայց դա անխուսափելիորեն պիտի հանգեցներ նաև զինյալ ելույթների, քանի որ աշխարհում ոչ ոք կարծես չէր ուզում հիշել Հայոց Ցեղասպանությունը և չէր ուզում լսել հայերի աղաղակը՝ մարդկային դաժանության և մի ողջ ժողովրդի սառնասրտորեն մահվան դատարպարտելու, նրան սպանելու, տարագիր դարձնելու մասին: Եվ այդ ժամանակ զինյալ ելույթն ընտրվեց որպես տարբերակ ձայնը լսելի դարձնելու համար:
1983թ. մարտի 9-ին, Բելգրադում՝ Սերբիայի մայրաքաղաքում ՀՑԱՄ երկու անդամներ, որոնցից մեկը այն ժամանակ երիտասարդ 27- ամյա Անդրանիկ Պողոսյանն էր, ահաբեկեցին Թուրքիայի դեսպանին: Ցավոք այդ դեպքի ժամանակ եղան նաև չնախատեսված զոհ և վիրավոր, ինչը հավանական է կարծել, որ ոստիկանության կողմից ձեռնարկված պատասխան կրակոցներից էին, քանի որ հայերը նպատակ չունեին անգամ թուրք դեսպանի վարորդին սպանել, ուր մնաց պատահական անմեղ անցորդներին: Կարևոր է ընդգծել նաև այն, որ այդ սպանությունը ոչ թե վրեժ էր ու վերջ, այլ պատասխանատվության կանչելու միջոց, պահանջատիրության սկզբունք:
Անդրանիկ Պողոսյանն ասաց, որ դրանից հետո շուրջ երեք և կես ամիս տևած դատավարության ընթացքում հնարավորություն եղավ լուսաբանելու այդ դեպքը և միաժամանակ բարձրացնելու պահանջատիրության հարցը:
Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք կարող էր այդ ամենը չլինել, քանի որ գործողությունը ծանր հետք թողեց նաև Անդրանիկ Պողոսյանի վրա անձամբ, քանի որ նա հիմա գամված է անվասայլակին, մարտիկը պատասխանեց, որ այդ ամենը կարող էր չլինել, եթե չլիներ Հայոց Ցեղասպանությունը: Եթե հայերին չկոտորեին, տարագիր չդարձնեին, չճնշեին, ապա հայերը կծվեին ուրիշ պայմաններում, կապրեին ու կստեղծագործին նորմալ առողջ միջավայրում և աշխարհում շատ ավելի մեծ ու հրաշալի գործեր կանեին, բայց հայերը ստիպված եղան զբաղվել նաև նման պատասխանատու հարցով՝ պահանջատիրության և պատասխանատվության: Անդրանիկ Պողոսյանն այն միտքը զարգացրեց, որ իրեն պատահած ֆիզիկական հետևանքը պարզապես վիրավորում չէր, և չէր էլ կարող այդ լինել ամենակարևորը, քանի որ մի ողջ ժողովուրդ իր կյանքից էր զրկվել և իր գործողություններն ու իր հետ պատահածը դրա հետևանքն էին: Եվ որ ինքը մինչև օրս էլ ամենայն մանրամասնությամբ է հիշում դեպքը և չի ափսոսում ոչնչի համար: Ինքը 27 տարեկան էր, արդեն կայացած և հասուն երիտասարդ ու դա եղել էր իր ընտրությունը, որը գիտակցված էր ու ամենայն լրջությամբ հաշվարկված:
Այնուհետև Անդրանիկ Պողոսյանն անդրադարձավ ևս մի կարևոր խնդրի՝ ՀՀ-ում առկա խոշոր արտագաղթին, որն անվանեց արյունահոսություն, որը չորացնում ու քայքայում է Հայաստանը: Մինչդեռ Հայաստանը հարուստ և հզոր պիտի լինի ու կլիյնի, եթե մեր խոսքն ու գործը բռնի իրար հետ ու մենք անենք այն, ինչի մասին խոսում ենք, այլ ոչ թե պարզապես խոսենք և շարունակենք դատարկել մեր երկիրը: Մենք պիտի գործենք ու ոչ թե ողբանք, այլ դասեր քաղել, և այդ դասերը պիտի գործուն ազդեցություն ունենան մեր կենսակերպի վրա և՛ սկզբունքորեն, և՛ հոգեբանորեն:
Տեսանյութն ամբողջությամբ՝