20.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Խորհրդա­րա­նի նախա­գահ Ավե­տիք Սահակյա­նը նշում է, որ սա ամե­նա­մեծ տոնն է հայության համար, որը ձեռք է բերվել մեծա­գույն զոհո­ղություննե­րի գնով։ Սահակյա­նը նաեւ ընդգծում է, որ հայ ժողովրդի երա­զանքն իրա­կա­նություն է դարձել եւ «այժմ մնում է վերա­շի­նել, վերաստեղծել պետա­կան հաստա­տուն իրա­վա­կարգ, հենված Հայաստա­նի բոլոր ժողո­վուրդնե­րի վրա, պաշտպա­նել արյամբ գնած մեր հայրե­նի­քը։

1919թ. մայի­սին լրա­նում է անկա­խության հռչակման եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության հիմնադրման մեկ տարին, որը ներքին հակա­սություննե­րով, պատե­րազմով ու կորուստնե­րով հագե­ցած տարի էր։

Հայ ժողո­վուրդը սակայն կարո­ղա­ցել էր դիմա­կա­յել դժվա­րություննե­րին, եւ հույսի որոշ նշույլներ էին ի հայտ եկել։ Փարի­զից հուսադրող լուրեր էին ստացվում, որ դաշնա­կից պետություններն արդա­րա­ցի լուծում են տալու հայկա­կան հարցին։

Փորձ էր արվել նաեւ լուծումներ գտնել ներհայկա­կան տարա­ձայնություննե­րը հարթե­լու հարցում. փետրվա­րին արեւմտա­հա­յե­րի երկրորդ համա­գումա­րը Երեւա­նում ողջունել էր Հայաստա­նի անկա­խությունը եւ խոստա­ցել մասնակցել Միացյալ Ազատ Հայաստա­նի կերտմա­նը։ Միացյալ Հայաստա­նի գաղա­փա­րը միջազգա­յին ասպա­րե­զում ներկա­յացնե­լը նույնպես կարեւոր էր, քանի որ թույլ էր տալիս առա­վել հստակ եւ միասնա­կան ներկա­յացնել հայ ժողովրդի տարածքա­յին պահանջնե­րը։

Հաշվի առնե­լով ներքին եւ արտա­քին այս խնդիրնե­րը՝ Հայաստա­նի կառա­վա­րությունը 1919թ. որո­շում է մայի­սի 28-ին մեծ շուքով տոնել Հայաստա­նի անկա­խության տարե­դարձը։ Այդ նպա­տա­կով կառա­վա­րության մայի­սի 7‑ի նիստում որոշվում է վարչա­պե­տի գլխա­վո­րությամբ հատուկ հանձնա­ժո­ղով ստեղծել։

Դիմե­լով Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին՝ կառա­վա­րությունը կոչ էր անում բարձր մակարդա­կով նշել անկա­խության տոնը, զարդա­րել բնա­կե­լի տներն ու կառա­վա­րա­կան շենքե­րը։ Թեեւ կարգ ու կանո­նին հետեւե­լու էին պետա­կան մարմիննե­րը պարետ Շահխա­թունու գլխա­վո­րությամբ, սակայն հանրա­յին կրթության նախա­րար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյա­նը հույս էր հայտնել, որ կարգա­պա­հությամբ աչքի կընկնեն հատկա­պես դպրոցնե­րի ուսուցիչներն ու աշա­կերտնե­րը։

Անկա­խության տոնին ընդա­ռաջ որոշվում է Երեւա­նում կառուցել ազա­տության համար պայքա­րում զոհված հերոսնե­րի հուշարձան, ինչպես նաեւ հրա­տա­րա­կել «Հայ ազա­տագրության վերջին էջը» վերնագրով գիրքը։ Այս առա­ջարկնե­րը քննարկվում են Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության նիստում։

26 մայի­սի, 1919թ

.…Որո­շե­ցին.

ա) հայ ազա­տության հերոսնե­րի հիշա­տա­կին, Հայաստա­նի մայրա­քա­ղա­քում հուշարձան կանգնեցնե­լու համար ֆոնդ հիմնել եւ հատկացնել այդ ֆոնդին 125 000 ռ.,

բ) բանալ հանրա­յին կրթության մինիստրությա­նը 285 000 ռ. հայ ազա­տագրության վերջին էջը հրա­տա­րա­կե­լու համար,

գ) հայրե­նի­քին արած ծառա­յության համար մակագրությամբ շքանշաններ հրա­տա­րա­կե­լուհամար բանալ զինվո­րա­կան մինիստրությա­նը 20 000 ռ.։

Կառա­վա­րության հաջորդ նիստում համա­նե­րում է հայտա­րարվում վարչա­կան պատասխա­նատվության ենթարկված անձանց, իսկ քրեա­կան պատիժնե­րը կիսով չափ կրճատվում են։ Մայի­սի 28-ին կառա­վա­րությունը վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նի առա­ջարկով գենե­րալ-մայոր Սիլիկյա­նին շնորհում է գենե­րալ-լեյտե­նանտի զինվո­րա­կան կոչում։

Տոնը

Անկա­խության տոնա­կա­տա­րության հանձնա­ժո­ղո­վը Երեւա­նում միջո­ցա­ռումնե­րի անցկացման համար նախա­պատրաստա­կան մեծ աշխա­տանք էր տարել. հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րին ու բնակչությանն իրա­զե­կե­լու նպա­տա­կով տպագրվել էին թռուցիկներ ու պաստառներ, իսկ քաղա­քը զարդարվել էր գորգե­րով ու դրոշնե­րով։ Մայի­սի 28-ին՝ առա­վոտյան ժամը 10։30-ին, գենե­րալ Նազարբեկյա­նի եւ ներքին գործե­րի նախա­րար Մանասյա­նի ուղեկցությամբ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գեւորգ V‑ը ժամա­նում է քաղա­քա­յին տուն։ Միջո­ցառմա­նը ներկա էին նաեւ գենե­րալ Դեւին, Պարսկաստա­նի, Ադրբե­ջա­նի, Վրաստա­նի ներկա­յա­ցուցիչներ, կառա­վա­րության ու խորհրդա­րա­նի անդամներ, այլ պաշտո­նա­տար անձինք։

Զորա­հանդե­սից առաջ վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նը դիմում է զինվորնե­րին ու սպա­նե­րին.

«Հայաստա­նի փառա­պանծ ու արի զինվորներ, ձեր կամքի, ձեր հայրե­նա­սի­րության ու արյան գնով է, որ հնա­րա­վո­րություն ունինք այսօր տոնե­լու Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստա­նի տարե­դարձը։ Այսօրվա տոնը պատրաստել են եւ այն բոլոր հեղա­փո­խա­կան բանվո­րությունն ու արհեստա­վո­րությունը, հեղա­փո­խա­կան մտա­վո­րա­կա­նությունն ու Հայաստա­նի աշխա­տա­վոր գյուղա­ցիությունը ձեռք-ձեռքի տված քաղա­քա­ցի­նե­րի հետ։

Այսօր ձեր բոլո­րի հաղթա­նա­կի տոնն է։ Կառա­վա­րության անունից շնորհա­վո­րում եմ ձեր հաղթա­նա­կը, շնորհա­վո­րում եմ ձեր հայրե­նի­քի՝ Հայաստա­նի անկա­խությունը, ազա­տությունն ու միա­ցումը»։

Զորա­հանդե­սից հետո շարքե­րով անցնում են Երեւա­նի տարբեր դպրոցնե­րի աշա­կերտնե­րը եւ որբա­նոցնե­րի սանե­րը։ Ամե­րիկյան որբա­նո­ցի սաներն անցնում են միանման համազգեստով եւ փայտե հրա­ցաննե­րով, որն արժա­նա­նում է բուռն ծափա­հա­րություննե­րի։

«Հայաստա­նի աշխա­տա­վոր», 1 հունի­սի, 1919թ., թիվ 60

«Ապա բեռնա­կիր օթո­մո­բի­լը՝ կորած ծաղիկնե­րի եւ դրոշնե­րի մեջ գնդա­ցիրնե­րով ու թնդա­նոթնե­րով անցավ վեհո­րեն, ապա մի ուրիշ բեռնա­կիր օթո­մո­բիլ ծաղիկնե­րի ու կանաչնե­րի մեջ սեւազգեստ ու սեւա­քող կանգնած մի կին՝ որպես սիմվո­լը Հայաստա­նի անցյա­լի, եւ որի գլխին ծածանվում էին բազմա­թիվ դրո­շակներ, որոնց վրա մակագրված էին մեր բոլոր պատմա­կան վայրե­րի անուննե­րը՝ Մուշ, Սասուն, Տիգրա­նա­կերտ, Սիս եւ այլն։ Այդ օթո­մո­բի­լին հետեւում էր մեկ ուրի­շը, որը նույնպես զարդարված էր դրո­շակնե­րով եւ որի մեջ կանգնած էր մի սպի­տա­կազգեստ ու սպի­տա­կա­քող կին, նրա առաջ մի տղա­մարդ տաճկա­հայ զգեստով, մյուսը՝ ռուսա­հայ, ձեռք-ձեռքի տված։ Սիմվոլն էր ազա­տագրված ու միացյալ Հայաստա­նի։ Ապա եզա­լուծ ծաղկե­զարդ գութան, ապա կառքեր ու օթո­մո­բիլներ, որոնց հետեւից խառն հասա­րա­կությունը եւ թափո­րը շարժվեց դեպի պառլա­մենտի շենքը»։

Խորհրդա­րա­նում

Խորհրդա­րա­նում ելույթ են ունե­նում տարբեր երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, պատգա­մա­վորնե­րը, հայրե­նակցա­կան միություննե­րի ղեկա­վարնե­րը։ Խորհրդա­րա­նի նախա­գահ Ավե­տիք Սահակյա­նը նշում է, որ սա ամե­նա­մեծ տոնն է հայության համար, որը ձեռք է բերվել մեծա­գույն զոհո­ղություննե­րի գնով։ Սահակյա­նը նաեւ ընդգծում է, որ հայ ժողովրդի երա­զանքն իրա­կա­նություն է դարձել եւ «այժմ մնում է վերա­շի­նել, վերաստեղծել պետա­կան հաստա­տուն իրա­վա­կարգ, հենված Հայաստա­նի բոլոր ժողո­վուրդնե­րի վրա, պաշտպա­նել արյամբ գնած մեր հայրե­նի­քը»։

Հանդի­սա­վոր արա­րո­ղության բոլոր մասնա­կիցնե­րը հոտնկայս հարգում են Արա­մի հիշա­տա­կը, մեծա­րանքի խոսքեր ձոնում հայ զինվո­րա­կա­նությա­նը՝ Դրո­յին, Նազարբեկյա­նին, Փիրումյա­նին։ Հայաստա­նի հիմնի՝ «Մեր հայրե­նի­քի» հնչյուննե­րով փակվում է հանդի­սա­վոր նիստը։ Վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նը դուրս է գալիս խորհրդա­րա­նի պատշգամբ եւ հազա­րա­վոր մարդկանց համար  ընթերցում Միացյալ Հայաստա­նի անկա­խության հայտա­րա­րությունը, որին հաջորդում է թնդա­նոթնե­րի 30 համա­զարկը։

Մայի­սի 28‑ի հանդի­սա­վոր արա­րո­ղության ժամա­նակ արեւմտա­հա­յե­րի ու արեւե­լա­հա­յե­րի միասնությունը խորհրդանշող երթը պատա­հա­կան չէր։ Բացի տոնա­կան ելույթնե­րից ու շնորհա­վո­րանքնե­րից, խորհրդա­րա­նում ընթերցվում է Միացյալ Հայաստա­նի անկա­խության հայտա­րարման ակտը, որն ամրագրում էր հայ ժողովրդի տարբեր հատվածնե­րի միա­վո­րումը մեկ անկախ պետության կազմում եւ սահմա­նում Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վարման հիմնա­կան ուղե­նի­շը։

«Ուղիղ մի տարի առաջ ռուսա­հա­յե­րի համա­գումա­րից ընտրված Հայոց Ազգա­յին խորհուրդը հայտա­րա­րեց իրեն Անդրկովկասյան հայկա­կան գավառնե­րի բարձրա­գույն իշխա­նություն։ Ազգա­յին խորհրդի կազմած կառա­վա­րությունն այդ քաղա­քա­կան ակտի մասին պաշտո­նա­պես Պետությանց ներկա­յա­ցուցիչնե­րին հայտնե­լուց հետո՝ այս մի տարվա մեջ փաստո­րեն հաստա­տել է իր իշխա­նությունն Անդրկովկա­սի հայկա­կան գավառնե­րում։

1919թ. փետրվար ամսին Երեւան քաղա­քում կայա­ցած Արեւմտա­հայ երկրորդ համա­գումա­րը հանդի­սա­վոր կերպով հայտա­րա­րեց, որ նա Հայաստա­նը միացյալ եւ անկախ է ճանա­չում։

Այժմ, Անդրկովկա­սում եւ Օսմանյան կայսրության սահմաննե­րում գտնված պապե­նա­կան հայկա­կան երկրնե­րի միացման եւ անկա­խության այս ակտը կատա­րե­լով՝ Հայաստա­նի կառա­վա­րությունը հայտա­րա­րում է, որ միացյալ Հայաստա­նի պետա­կան ձեւն է Ռամկա­վար Հանրա­պե­տություն եւ որ ինքը հանդի­սա­նում է միացյալ Հայաստա­նի Հանրա­պե­տության Կառա­վա­րությունը։

Այսպի­սով՝ ներկա­յումս Հայաստա­նի ժողո­վուրդն է իր ամբողջա­ցած հայրե­նի­քի գերա­գույն տերն ու տնօ­րե­նը, եւ Հայաստա­նի Պառլա­մենտն ու Կառա­վա­րությունը հանդի­սա­նում են միացյալ Հայաստա­նի ազատ ժողո­վուրդը շաղկա­պող բարձրա­գույն օրենսդիր եւ գործա­դիր իշխա­նությունը»։

Հայ ժողովրդի երկու մասի՝ արեւմտա­հա­յության եւ արեւե­լա­հա­յության միա­վորման դրսեւո­րումն էր նաեւ արեւմտա­հայ 12 պատգա­մա­վո­րի՝ Հայաստա­նի խորհրդա­րա­նի կազմում ընդգրկե­լու նախա­ձեռնությունը։

Տոնա­կա­տա­րությունից հետո

Անկա­խության տոնի հենց հաջորդ օրվա­նից ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը կրկին զգացնել է տալիս. որոշ կուսակցություննե­րի ու հոսանքնե­րի ներկա­յա­ցուցիչներ իրենց դժգո­հությունն են հայտնում մայի­սի 28‑ի ակտի վերա­բերյալ։ Հայաստա­նի Ժողովրդա­կան կուսակցությունը, որը մինչ այդ կոա­լի­ցիոն կառա­վա­րություն էր կազմել Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության հետ, հայտա­րա­րում է, որ Միացյալ Հայաստա­նի հռչա­կումը չի արտա­հայտում ողջ հայ ժողովրդի դիրքո­րո­շումը, եւ այն որա­կում է որպես «պետա­կան հեղաշրջում»։ Գրե­թե նույն կարծիքն են բարձրա­ձայնում սոցիալ-դեմոկրատնե­րը։

1919թ. հունի­սի 4‑ի խորհրդա­րա­նի նիստում սոցիալ-դեմոկրատնե­րի խմբակցությունը հայտա­րա­րում է, որ Հայաստա­նի կառա­վա­րությունն իրա­վունք չուներ հռչա­կե­լու Միացյալ Հայաստա­նի անկա­խությունը։ Նրանց հիմնա­վո­րումն այն էր, որ ապրի­լի 27-ին Հայաստա­նի խորհրդա­րա­նը մեկ ամսով դադա­րեցրել էր իր աշխա­տանքը եւ լիա­զո­րություննե­րը հանձնել կառա­վա­րությա­նը։ Հետեւա­բար, մայի­սի 28-ին այդ լիա­զո­րության ժամկետն ավարտված էր։ Բացի այդ, սոցիալ-դեմոկրատնե­րը հակաօ­րի­նա­կան էին համա­րում արեւմտա­հայ 12 պատգա­մա­վո­րի ընդգրկումը խորհրդա­րա­նի կազմում։ Արդյունքում սոցիալ-դեմոկրատնե­րը հայտա­րա­րում են, որ «կառա­վա­րությունը, հենված դաշնակցության վրա, բռնա­կալ է, օրենքնե­րից չի ակնա­ծում, գործում է սահմա­նադրա­կան ոգու դեմ։ Ուստի սոցիալ-դեմոկրա­տա­կան ֆրակցիան հրա­ժարվում է խորհրդա­րա­նի աշխա­տանքնե­րին մասնակցե­լուց»։ «Բարի ճանա­պարհ» հեգնա­կան բացա­կանչություննե­րի ներքո սոցիալ-դեմոկրատնե­րը հեռա­նում են խորհրդա­րա­նի դահլի­ճից։

Սակայն միայն նրանք չէին դժգոհ մայի­սի 28‑ի որո­շումնե­րից. շուտով ամբիո­նին է մոտե­նում ՀԺԿ ներկա­յա­ցուցի­չը եւ նույնպես հայտա­րա­րում, որ մայի­սի 28‑ի ակտը եւ 12 արեւմտա­հայ պատգա­մա­վո­րի մուտքը խորհրդա­րան «պետա­կան հեղաշրջում է եւ մեծ հարված սահմա­նադրությա­նը»։ ՀԺԿ‑ն ասում էր, որ միայն Փարի­զի համա­ժո­ղո­վի եւ Հայաստա­նի խորհրդա­րա­նի համա­տեղ նիստը կարող էր հրա­պա­րա­կել Միացյալ Հայաստա­նի անկա­խության ակտը։ «Այդ ապօ­րի­նության հետեւանքով կուսակցությունը չի ճանա­չում Հայաստա­նի Խորհուրդն ու կառա­վա­րությանն՝ իբրեւ օրի­նա­վոր մարմիններ։ Հետ է կանչում ժողովրդա­կան նախա­րարնե­րին»,- հայտա­րա­րում է ՀԺԿ խմբակցությունը, եւ նրանք նույնպես լքում են խորհրդա­րա­նի դահլի­ճը։

Սիմոն Վրացյանն իր հուշե­րում գրում է, որ ՀԺԿ‑ի այս որո­շումը թելադրված էր Փարի­զից՝ նկա­տի ունե­նա­լով այնտեղ գործող Ազգա­յին պատվի­րա­կության եւ Հայաստա­նի իշխա­նություննե­րի միջեւ առկա անհա­մա­ձայնություննե­րը։ 

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են լուսանկարներ եւ փաստաթղթեր Հայաստա­նի Ազգա­յին արխի­վից:

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ