Հայաստան

Բաքվին Խաղաղություն Պետք Չէ

Ալիևին խաղաղություն պետք չէ, որովհետև այդ պարագայում նա ստիպված է լինելու հրաժարվել Հայաստանի դեմ հռետորաբանությունից, հակահայկականությունից, որը նրա իշխանության և այդ իշխանության ձևավորած ադրբեջանական հանրային ու պետական «ինքնության» առանցքն է:

Հակոբ Բադալյան

Գնդակ Ադրբեջանի դաշտում, որը պետք չէ Բաքվին

Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն է խուսափում խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքից, իսկ Հայաստանը հայտարարում է, որ խուսափողն Ադրբեջանն է, որի դաշտում է այսօօր գտնվում գնդակը: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Եվ սա թերևս չի հարուցում կասկած: Խաղաղությունը ձախողում է Ադրբեջանը, կամ ավելի շուտ՝ խաղաղությունը ձախողվում է համաշխարհային իրավիճակի, հիբրիդային համաշխարհային պատերազմի հետևանքով, իսկ Ադրբեջանն օգտվում է դրանից, քանի որ Բաքվին պետք չէ խաղաղություն:

Խաղաղությունը պետք է Հայաստանին, որպեսզի հնարավորություն և ժամանակ լինի կանգնել ոտքի, վերականգնվել պատերազմի պարտությունից հետո, ամրանալ տնտեսապես, իսկ դրա շնորհիվ նաև պաշտպանական և դիվանագիտական կարողությունների առումով, ըստ այդմ ունենալ առավել մեծ սուբյեկտային ներուժ և այդ կերպ առավել կենսունակ լինել սեփական շահերի քաղաքական պաշտպանության գործում, ներառյալ նաև Արցախի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի իրավունքները: Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, առնվազն քանի դեռ կա ռազմական ու տնտեսա-քաղաքական բալանսի այն մեծ խախտվածությունը՝ հօգուտ Բաքվի, որը ձևավորվել է թե վերջին երկու տասնամյակի, թե նաև 44-օրյա պատերազմի հետևանքով: Ադրբեջանն իրեն զգում է ուժեղ, հետևաբար չի զգում խաղաղության կարիք, քանի որ չի տեսնում իր հանդուգն քաղաքականության որևէ սպառնալիք Հայաստանից: Չի տեսնում այդ սպառնալիքը նաև այլ տեղերից՝ թե Ռուսաստանից, թե այսպես ասած միջազգային հանրությունից:

Միևնույն ժամանակ, Ալիևին խաղաղություն պետք չէ, որովհետև այդ պարագայում նա ստիպված է լինելու հրաժարվել Հայաստանի դեմ հռետորաբանությունից, հակահայկականությունից, որը նրա իշխանության և այդ իշխանության ձևավորած ադրբեջանական հանրային ու պետական «ինքնության» առանցքն է: Ալլիևը չունի այլ «առանցք», ու առնվազն քանի դեռ չունի այն, չի հրաժարվելու Հայաստանի ու Արցախի հետ դիմակայության ռեժիմից: Միաժամանակ, չի էլ նշմարվում, թե նա ունի Ադրբեջանում իր իշխանության այլ առանցք ձևավորելու մտադրություն: 

Իսկ խաղաղության դեպքում, ադրբեջանական հանրության շրջանակում արդեն հասունանալու և ուժգնանալու են Ալիևի իշխանության հանդեպ այլ որակի և բնույթի հարցեր, որոնք այսօր զսպվում են այսպես ասած «հաղթականության» «ուռա-հայրենասիրական» և արդեն նաև «պատմական հավակնությունների» պաթետիզմով: Բաքուն կամովին խաղաղության կգնա մի դեպքում՝ եթե Հայաստանը կատարի բոլոր պահանջները, լիարժեք, դեռ մի բան էլ ավելի, քանի որ կասկած չկա՝ ամեն ընդոււնվող պահանջին հաջորդելու է նորը, առնվազն քանի դեռ դա թույլ է տալիս համաշխարհային քաոսը: Կամովին խաղաղության չգնալու դեպքում ինչ որ մեկը կամ որևէ խումբ, միջազգային կառույց՝ Բաքվին պետք է ստիպի գնալ խաղաղության, բայց այսօր կա քաոս, ոչ թե միջազգային որևէ կարգ, որը կստիպեր Բաքվին գնալ խաղաղության, խաղաղ կարգավորման գործնական քայլերի: Այդ ամենը չի նշանակում, թե Ադրբեջանին պետք է պատերազմ: Բաքուն իհարկե ունի այդպիսի սցենար, սակայն մեծ հաշվվով Բաքվին պետք չէ նաև պատերազմ, այլ պետք է այնպիսի անկայուն ու անկանխատեսելի միջավայր, որտեղ նրա համար շատ ավելի հարմարավետ կլինի հանդուգն շանտաժի քաղաքականությունը: Ավելին պետք չէ: Հայաստանին է, որ պետք է ավելին, սակայն չկա դրան հասնելու մեծ հնարավորություն: Ի՞նչ պետք է անի հայկական կողմն այդ դեպքում: Նվազագույնը, որ այսօր փորձում են լուծել Երևանն ու Ստեփանակերտը՝ կայունությունը առանց իրավա-քաղաքական նոր գին վճարելու պահելն է, առավել ևս, որ չկա ոչ մի հետագա քաղաքական «ինֆլյացիայից» և անվտանգության նոր մարտահրավերից ապահովագրող երաշխիք: Դա շատ բարդ է ու ծանր, ինչը արտահայտվում է նաև Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամով և Արցախի շրջափակումով: 

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *