ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայրենադարձման Համակարգման Ուղիով

Մաս 3-րդ՝ հարցազրույց ճարտարագետ Նվարդ Մանասյանի հետ

Կա ակնհայտ լարվածություն տարբեր համայնքներում, որտեղ հին ու նոր նորմերի կրողները մի կողմից կարևորում են հայի հետ ամուսնանալը, մյուս կողմից այդ սպասումը թուլանում է ու այն հասել է պարիտետային արտահայտման: Ուծացման օրինաչափությունը շատ ավելի լուրջ փաստացի լարում է քան խոսակցությունները Սփյուռքի ու ՀՀ-ի միջև, մեդիաներով ուռճացրած փսեվդոիրադարձությունները:

Նվարդ Մանասյան

Ինքնության խնդիրների մասին հաճախ է պետք խոսել

  1. Հայաստանում գոյություն  ունեցող խնդիրներից մեկը երբեք չդադարող արտագաղթն է եղել։ Ինչո՞վ կբացատրեք այդ երևույթը։

Տարբեր մասնագետներ կարող են տարբեր բացատրություններ տալ կախված նաև իրենց գիտական ոլորտի ուսումնասիրության առարկայից, բայց մինչ այդ արժի նայել թվերին և արձանագրել, որ արտագաղթը չդադարող չի եղել: ՄԱԿ-ի բնակչության վիճակագրությունը, որը հիմնված է ազգային վիճակագրության վրա, 1950-ականներից հետո հիմնականում արձանագրել է ներգաղթ մինչև 1968 թիվը ներառյալ: Իմ կյանքի ընթացքում՝ 80-ականներին, երբ դպրոցահասակ երեխա էի, Հայաստանից հեռանում էին նախկին ներգաղթյալներն ու իրենց ժառանգները, հիմնականում ուղևորվելով օվկիանոսից այն կողմ: 1989 թվականից ի վեր մինչև հրադադարի կնքումը Հայաստան էին ներգաղթում հիմնականում Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները, որոնց մի ստվար մասը հրադադարից հետո հեռացավ Հայաստանից: 2000-ականներին, մինչև 2008-ը էլի նկատվում էր ներգաղթի համեստ միտում: Դրանից հետո արտագաղթը շարունակվեց, սակայն որքան էլ տարօրինակ հնչի անգամ համավարակը ու 44-օրյա պատերազմը ու դրան հաջորդած երկու տարիները չահագնացրին այդ միտումը՝ այն 50-ականներից ի վեր արձանագրված ամենափոքր ցուցանիշն ունի: Ես չեմ ուզում խորանալ քաղաքական կամ սոցիալ-տնտեսական պատճառահետևանքային կապերի կամ այս կամ այն կուսակցության կառավարման տարիներին դափնիներ վերագրելու մակերեսային վերլուծությունների մեջ: Ինձ համար մեկ բան ակնհայտ է, որ ինքնության վտանգի դեպքում՝ պատերազմից հետո Հայաստանում ամենափոքր թվերն են արձանագրվել: Պատկերացրեք, եթե մենք որպես պետություն կարողանայինք, ոչ թե վտանգի դեպքում, ղողանջների ներքո մոբիլիզացվել, որպես հակազդում մեր ինքնությանը նետած մարտահրավերին, այլ այս երկար ու ձիգ անկախության տարիների ընթացքում մշակութային, կրթական գործընթացների միջոցով ձևավորեինք գրավիչ հայկականություն, որպես ինքնություն: Ես վստահ եմ, որ հիմա ոչ թե կխոսեինք արտագաղթի ամենափոքր միտումների մասին, այլ հաճույքով կհետևեինք կայուն աճող թվերին: Հայ լինելը և Հայաստանում ապրելը կլիներ գրավիչ ոչ թե հիմնականում սոցիալ տնտեսական հիմանվորմամբ, այլ մշակութային՝ պատկանելության առանձնահատկությամբ, որից հնամենի հնամաշության հոտ չէր գա: 

  1. 2020թ պատերազմից հետո ՀՀ-ում շատերի մոտ ուժեղացել է երկրից հեռանալու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատերազմում իրոք անվտանգային ծայրահեղ խնդիրներ է առաջացրել ՀՀ բնակիչների համար, թե այդ տրամադրությունները առավելապես հետպատերազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնացած ընկճվածություն է։

Թվերն այլ բան են փաստում: Ես միգրացիայով չեմ զբաղվում ու խորքային հարցազրույցների մասին վերլուծությունների չեմ հանդիպել: Քանակական տվյալներն ասում են, որ հիմա մենք ավելի քիչ ենք հակված հեռանալ Հայաստանից: Դա ենթադրում եմ, հակազդում է նետված մարտահրավերին: Մենք կարծում եմ ավելի շատ սովորել ենք դիմակայել ու ադապտացվել քան հարմարեցնել ու փոխվել: Մեր ինքնությունն ըստ իս կարծր է, բայց ուժեղ չէ: 

  1. Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկայական վնասներ է հասցրել արտագաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնական խնդիրները։

Սփյուռքը մեկը չէ, թե իր արտագաղթի ժամանակագրությամբ, թե տեղի հիշողությամբ ու ինքնությամբ, թե նոր տեղում ադապտացիայի իր մեխանիզմներով: Իհարկե խոսակցությունները շատ են, բայց լուրջ ուսումնասիրությունները՝ քիչ: Այդ իմաստով շատ կարևոր է ծանոթանալ 2018-ին մի շարք երկրներում հայկական համայնքներում հանրային կարծիքի գնահատմանը, որը ֆինանսավորվել է Գյուլբեկյան հիմնադրամի և համակարգվել Օքսֆորդի համալսարանի արևելագիտության դպրոցի դասախոս Հրաչ Չիլինգիրյանի կողմից: Հետաքրքրական է, որ հարցվածների մեծ մասը մտահոգիչ է համարում Մերձավոր Արևելքում հայկական համայնքների վտանգվածությունը և ըստ այդմ կարծես թե, ըստ վերլուծության եզրահանգումների կա ցանկություն ուշադրությունը սևեռելու դեպի այդ համայնքները: Այս վերաիմաստավորումը կարևոր է և կարծում եմ պիտի նաև արժանանա հայկական պետության ուշադրությանը: Մեկ այլ խնդիր է հավանաբար մեր հնացած քարտեզը: Հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ հարցվածների երկու-երրորդը որևէ հայկական քաղաքական կուսակցության չի հարում: Շաբաթական կամ ամսական հաճախականությամբ հայկական եկեղեցի էին այցելում քսան տոկոսից պակաս հատվածը, չնայած մեծամասնության համար ամուսնության ծիսակատարությունը հայկական եկեղեցում կարևորվել էր: Սա էլ խոսում է թուլացած կապերի մասին: Հայկական ցանցը ու դրա մասին մեր պատկերացումները /որն ավելի վտանգավոր է/ հնացել են, դրանք պիտի նորոգվեն, իսկ դա ահռելի աշխատանք ու ջանք է պահանջում՝ այդ թվում հայկական պետության անաչառ աջակցությամբ:

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայերը լեզվամտածողությամբ արդեն իսկ տարբեր մշակութային խմբեր չեն ներկայացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգեբանություն և մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ ընդհանուր համաձայնության գալ միմյանց հետ ցանկացած հարցում։

Իսկ ինչու՞ պիտի համաձայնության գան ցանկացած հարցում: Այդ տարբերությունը գիտակցել ու դրա ուժը կարևորել է պետք: Նախորդիվ նշել էի, որ մենք կարծր, բայց թույլ ինքնության կրողներ ենք, որովհետև չափից ավելի ենք հակված սոցիալական նորմավորմանը, փոխարենը հարմարեցնելուն ու փոխվելուն: Հարցվածների մեծ մասը նշել էր, որ կարևորում է Հայաստան իր այցելությունը: Սա հնարավորություն է պետական քաղաքականության միջոցով համատեքստից համատեքստ ապահովել հաղորդակցությունների հնարավորություններ, որոնք այլապես անհնար կլինեին կամ սեփական համատեքստում՝ միայն կոնֆլիկտային դրսևորում կունենային, իսկ այստեղ կարող են դառնալ տարբերությունը որպես նոմերի կակոֆոնիա օգտագործող ու դրանց կոշտուկներից՝ կարծրատիպերից ու ինքնության կարծրացումից ազատվելու միջոց: 

  1. ՀՀ և Սփյուռքի հայերը շատ հարցերում փոխվստահություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնական պատճառը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Ես չգիտեմ, անձամբ ես վստահում եմ: Ինձ համար վստահության այլ ցուցիչներ են գործում: Դրանք սկսում են մանրուքներից, օրինակ՝ եթե ուշացավ, վստահել չարժի: Հետո մեկս մյուսի մասին բազում մտածածին պատումներ ենք լսել, հավանաբար ժամանակն է դրանք քանդել: Առաջին քայլը, հավանաբար, կսկսեի լեզվից: Հաճախ լեզվի առանձնահատկությունների նկատմամբ ունենք կանխակալ պատկերացումներ, ինչը նաև զուգորդվում է լեզվի՝ մեր լեզուների վատ իմացությամբ: 

  1. ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող լարվածությունը ի՞նչ պատճառներով է առաջացել և ի՞նչ հետևանքներ է թողնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վրա։

Ես կխուսափեի այդքան մոնոլիտ պատկերացումից: Ինձ համար չկա սփյուռք, կան ամերիկահայեր, եգիպտահայեր, ֆրանսահայեր, լիբանանահայեր, կանադահայեր և այլն: Իրենց հավանաբար որոշ վերացական բնութագրիչներ միավորում են, օրինակ՝ Հայաստանում չեն ապրում, կրում են առնվազն երկու ինքնություն՝ հայկականն ու տվյալ երկրինը և այլն: Ես կխուսափեմ Հայաստանից դուրս ապրող հայերին համահարթեցնել: Օրինակ, պարզվում է, որ մարսելցի հայերը ավելի սերտ կապեր ունեն միմյանց հետ, իսկ բոստոնիք՝ ոչ: Ենթադրում եմ մենք ծուռ հայելիների աշխարհում ենք դիտարկումներ ու եզրահանգումներ անում: Այդ ո՞ր սուբյեկտների միջև եղած հարաբերություններում են նկատվել լարվածություններ: Ի տարբերություն կա ակնհայտ լարվածություն տարբեր համայնքներում, որտեղ հին ու նոր նորմերի կրողները մի կողմից կարևորում են հայի հետ ամուսնանալը, մյուս կողմից այդ սպասումը թուլանում է ու այն հասել է պարիտետային արտահայտման: Ուծացման օրինաչափությունը շատ ավելի լուրջ փաստացի լարում է քան խոսակցությունները Սփյուռքի ու ՀՀ-ի միջև, մեդիաներով ուռճացրած փսեվդոիրադարձությունները՝ օրինակ դեսպանին հետապնդող երիտասարդի տեսքով դեռևս լարվածություն չէ: Մենք ավելի լուրջ մարտահրավերների հետ ենք առերեսվել, բայց հրաժարվում ենք նայել դրանց աչքերին: 

  1. Շատերն այն կարծիքին են, որ արտագաղթն ավերում է Հայաստանը և մեզ հիմա կազմակերպված ու զանգվածային հայրենադարձություն է պետք։ ՀՀ-ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվածային հայրենադարձության։

Նորից հղվելով հարցումներից կարելի է ասել, որ շատերն են այցելել կամ այցելելու Հայաստան, բայց դա դեռ չի ենթադրում հայրենադարձություն: Արտագաղթի վրա սևեռումը համարում եմ ուռճացված, քանի որ այն ածանցյալ փոփոխական է, որի դրդապատճառները ունեն սոցիալ տնտեսական, քաղաքական, բայց ամենակարևորը ինքնության՝ մշակութային նորմատիվ բաղադրիչ: Արժի ավելի հաճախ խոսել ինքնության խնդիրների մասին, թե Հայաստանում, թե հայկական տարբեր համայնքներում, որտեղ ուշացման վտանգն արդեն շատ արդիական է, իսկ լեզուն դեռևս վերջին մնացած ամրանն է, որից հրվելով կարելի է մտածել ինքնության արդիականացման մասին:

  1. Որո՞նք են  հայրենադարձությանը խանգարող հիմնական պատճառները։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրենադարձություն։

Չգիտեմ:

  1. ՀՀ-ից արտագաղթող և ՀՀ վերադարձող հայերը սովորաբար ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավելի բարդ նոր միջավայրին հարմարվելը։

Այդ հայերը տարբեր են, ունեն տարբեր նպատակադրումներ, սոցիալական հմտություններ, կապիտալ ու կապեր, հետևաբար և մարտահրավերներն են տարբեր, ընդհանրացնելը բավականին դժվար կլինի: 

  1. Եթե զանգվածային հայրենադարձություն տեղի ունենա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվազելու է ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ ֆինանսական և նյութական առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առաջացնի, քանի որ հայկական Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրներում ապրող հայերի խումբ է, այլև քաղաքական, ֆինանսական, նյութական հզոր խաղաթուղթ։

Հայկական համայնքներում հայկական ինքնության կարողները /քանի որ արմատներով հայկական ընտանիքից լինելը նշվել էր որպես հայկականության առաջին բնւթագրիչ/ շուտով կկանգնեն ուծացման լուրջ խնդրի առջև, երբ խառը ամուսնությունների կարևորությունը թուլանա կեսից ավելիի մոտ: Մոտավորապես, վեցից տասը տարիների ընթացքում այդ թվերը կարող են փոխվել այնքան, որ դառնան անշրջելի: Սա է սփյուռքի՝ հայկական համայնքների նվազելու հիմնական օրինաչափ վտանգը, եթե չհաշվենք հայերի հեռացումը Մերձավոր Արևելքից: 

  1. Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած համահայկական խորհրդաժողովը։

Չեմ հետևել, չգիտեմ:

  1. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները շատերի համար ամփոփվում են Հայաստան Համահայկական Հիմնադրամին ամեն տարի կատարվող նվիրատվությունների սահմաններում։ Արդյո՞ք միայն ֆինանսական աջակցությունը բավական է, թե իրականում դա էլ իր տեսակի խնդիր է։

Սա մի լավ օրինակ է, թե ինչպես կարող են տեսլական ունեցող անձինք նախաձեռնել Համահայկական նման կառույցի հիմնադրումն ու շարունակական գործառնությունը, որը շատ հայերի համար ինքնության հավաստման դրևորումներից մեկն է դարձել, եթե ոչ՝ միակը: Քննադատելու փոխարեն արժի մտածել նմանատիպ կազմակերպական կառույցների ու խմբերի մասին, որոնք այս կամ այն կերպ կարող են գրավիչ մնալ, լինել այս կամ այն ինքնությունն ունեցող հայի կամ հայկական արմատներով անձի կամ հայերենը, հայկական մշակույթը սիրող անձի համար: 

  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ-ը և Սփյուռքը միմյանց համար։

Ես ՀՀ-ի սուբյեկտին աղոտ նույնականացնում եմ, ՀՀ քաղաքացին է իր բազմաբնույթ հետաքրքրություններով ու նպատակներով, բայց Սփյուռքի դեպքում սուբյեկտը պարզ չէ: Փոխարենը կան տարբեր սուբյեկտներ, թե ՀՀում, թե հայկական տարբեր համայնքներում կամ այդ երկրներում, որոնք կարող են միավորվել միևնույն հետաքրքրությունների շուրջ և նոր ցանցեր կամ կառույցներ ձևավորվել: 

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համահայկական մասշտաբով ունեն մեկ ընդհանուր գաղափարախոսություն և նպատակ։

Ոչ, և Փառք Տիրոջը:

  1. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ձեր իդեալական մոդելը։

Եթե կարճ, և որպեսզի չհոգնեցնեմ, բազմամշակութայնության հարմարեցումն է ու ինքնազարգացումը թարգմանչաց ավանդույթի միջոցով: 

Նվարդ Մանասյան՝ Քաղաքային Ծրագրավորման Ճարտարագետ/Կանանց Իրավունքների Պաշտպան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *