ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայրենադարձման Համակարգման Ուղիով

Սփիւռքի իւրաքանչիւր գաղութ կրողն է իր միջավայրի մշակութային եւ քաղաքակրթական ազդեցութեան։ Անկարելի է պատկերացնել որ վրացահայն ու ֆրանսահայը ունենան նոյն մտածելակերպն ու աշխարհահայեացքը։

Գէորգ Թորոյեան

Մաս իներորդ՝ «Մեր Ուղինի» հարցազրույցը Asbarez.am-ի թղթակից Գեորգ Թորոյանի հետ

Կազմակերպուած հայրենադարձութիւնը կրնայ տասնամեակներ տեւել

  1. Հայաստանում գոյություն  ունեցող խնդիրներից մեկը երբեք չդադարող արտագաղթն է եղել։ Ինչո՞վ կբացատրեք այդ երևույթը։

Արտագաղթը հայութեան մասնայատուկ երեւոյթ չէ։ Դարեր շարունակ մարդկութիւնը միշտ ալ արտագաղթած է իր հայրենիքէն կամ բնակավայրէն, աւելի ապահով եւ բարեկեցիկ կեանքի ակնկալութիւնով։ Նոյնը կարելի է ըսել Հայաստանէն արտագաղթի պարագային։

  1. 2020թ պատերազմից հետո ՀՀ-ում շատերի մոտ ուժեղացել է երկրից հեռանալու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատերազմում իրոք անվտանգային ծայրահեղ խնդիրներ է առաջացրել ՀՀ բնակիչների համար, թե այդ տրամադրությունները առավելապես հետպատերազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնացած ընկճվածություն է։

Անկախացումէն ետք երբեք ալ արտագաղթը չէ դադրած։ Թիւր կարծիք է թէ պարտութիւնը կամ անոր յաջորդած հոգեբանական ընկճուածութիւնը արտագաղթի ալիքը զօրացուց։ Արցախեան առաջին պատերազմին, նոյնիսկ յաղթանակի օրերուն եւ անոր յաջորդող տարիներուն արտագաղթը շարունակուեցաւ նոյն թափով։ Հետեւաբար այն կապ չունի այդ երեւոյթին հետ։ Պարզապէս զուռ տնտեսական գործօնը նկատի պէտք  է ունենալ։ 

  1. Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկայական վնասներ է հասցրել արտագաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնական խնդիրները։

Բնական է որ արտագաղթը Հայաստանին մեծ վնասներ պատճառած է, մասնաւորաբար ժողովրդագրական պատկերի առումով, ինչ որ երկիրի ներքին դիմադրողականութեան թուլացման պատճառ է։ Իսկ սփիւռքը բազմաթիւ խնդիրներ ունի, որոնցմէ հիմնականը կարելի է մէկ բառով ձեւակերպել՝ անկազմակերպուածութիւն։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայերը լեզվամտածողությամբ արդեն իսկ տարբեր մշակութային խմբեր չեն ներկայացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգեբանություն և մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ ընդհանուր համաձայնության գալ միմյանց հետ ցանկացած հարցում։

Սփիւռքի իւրաքանչիւր գաղութ կրողն է իր միջավայրի մշակութային եւ քաղաքակրթական ազդեցութեան։ Անկարելի է պատկերացնել որ վրացահայն ու ֆրանսահայը ունենան նոյն մտածելակերպն ու աշխարհահայեացքը։ Այստեղ հիմնական գործօնը ազգային դաստիարակութիւնն ու գիտակցութիւնն է որ կը համախմբէ բոլորին։

  1. ՀՀ և Սփյուռքի հայերը շատ հարցերում փոխվստահություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնական պատճառը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Սփիւռքի եօթանասունամեայ պատմութիւնը յատկանշուած է 

հատուածականութեամբ։ Գաղութները բոլորուած եղած են կամ կուսակցութիւններու կամ եկեղեցիներու շուրջ եւ իրենց ազգային պատկանելիութիւնը տեսած են անոնց ընդմէջէն։ Ընդհանուր շահի գիտակցումը եւ այդ իմաստով կազմակերպուիլը անհրաժեշտ է որպէսզի հաւաքական մտածողութիւն զարգանայ։ 

  1. Շատերն այն կարծիքին են, որ արտագաղթն ավերում է Հայաստանը և մեզ հիմա կազմակերպված ու զանգվածային հայրենադարձություն է պետք։ ՀՀ-ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվածային հայրենադարձության։

Հայրենադարձութիւնը միշտ ալ ցանկալի է եւ հայութեան ինքնուրոյնութիւնը կարելի չէ պատկերացնել Հայաստանէն դուրս։ Անկախութեան առաջին օրէն հայրենադարձութիւնը սկսաւ, սակայն անհատական նախաձեռնութիւններ էին անոնք եւ մինչեւ այսօր ալ նոյն ձեւով կը շարունակուի։ Դժբախտաբար ոչ Հայաստանի իշխանութիւնները, ոչ ալ սփիւռքեան կազմակերպութիւնները հայրենադարձութեան յստակ ծրագիր-ուղեցոյց չպատրաստեցին եւ չաշխատեցան այդ ուղղութեամբ։ Ցաւով պէտք է արձանագրել որ նոյնիսկ այստեղ գերակշռող եղաւ հատուածական շահը։

  1. Որո՞նք են  հայրենադարձությանը խանգարող հիմնական պատճառները։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրենադարձություն։

Հայրենադարձութեան խանգարող հիմնական պատճառները սփիւռքի եւ Հայաստանի իշխանութիւններն են։ Եթէ յստակ եւ երկարաժամկէտ ծրագիր գոյութիւն ունենայ, իհարկէ ցանկութիւն կրնայ ըլլալ։

  1. ՀՀ-ից արտագաղթող և ՀՀ վերադարձող հայերը սովորաբար ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավելի բարդ նոր միջավայրին հարմարվելը։

Այս հարցումին պատասխան չունիմ։

  1. Եթե զանգվածային հայրենադարձություն տեղի ունենա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվազելու է ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ ֆինանսական և նյութական առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առաջացնի, քանի որ հայկական Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրներում ապրող հայերի խումբ է, այլև քաղաքական, ֆինանսական, նյութական հզոր խաղաթուղթ։

Պէտք չէ ունենալ այն պատրանքը որ հայրենադարձութիւնը կարելի է իրագործել մէկ, երկու կամ հինգ տարուայ ընթացքին։ Կազմակերպուած հայրենադարձութիւնը կրնայ տասնամեակներ տեւել։ Իսրայէլը իր հիմնումէն ի վեր, արդէն 75 տարի է, եւ տակաւին հայրենադարձութիւն կը կազմակերպէ։ Ինչ կը վերաբերի հայրենադարձութեան պատճառով սփիւռքի ներուժի ջլատման, ապա սփիւռքը արդէն ուծացման գործընթացի մը մէջ է, եւ պէտք է մտածել փրկել այն ինչ կարելի է։ 

  1. Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած համահայկական խորհրդաժողովը։

Իւրաքանչիւր խորհրդաժողով անպայման որ կրնայ ունենալ իր դրական ազդեցութիւնը Հայաստանի եւ սփիւռքի խնդիրներու լուծման առումով։ Այս գծով կարեւորը խորհրդաժողովի կազմակերպիչներուն նպատակաուղղուածութիւնն է եւ այդ խորհրդաժողովի արդիւնքներուն գործնականացումը, որ կրնայ անմիջապէս չերեւի, բայց երկար ժամանակի վրայ կրնանք տեսնել անոր արդիւնքները։

  1. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները շատերի համար ամփոփվում են Հայաստան Համահայկական Հիմնադրամին ամեն տարի կատարվող նվիրատվությունների սահմաններում։ Արդյո՞ք միայն ֆինանսական աջակցությունը բավական է, թե իրականում դա էլ իր տեսակի խնդիր է։

Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններուն նոր որակ պէտք է հաղորդել։ Այս երկու գործօններու գոյութիւնն իսկ պայմանաւորուած է միմիանցով։ Ամէն խօսակցութիւն որ սփիւոքը կը տեսնէ իբրեւ միմիայն նիւթական աղբիւր, հարուած է թէ Հայաստանին եւ թէ սփիւռքին։

  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ-ը և Սփյուռքը միմյանց համար։

Առաջին հերթին Հայաստանի կառավարութիւնը պիտի ընդունի որ համայն հայութեան կառավարութիւնն է եւ իր խնդիրներուն լուծումը այդ պարունակին մէջ տեղադրէ։ Սփիւռքը անկախ իշխանութեան տեսակէն, պիտի ընդունի Հայաստանի իշխանութիւններու փաստը եւ բոլոր մակարդակներու վրայ։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համահայկական մասշտաբով ունեն մեկ ընդհանուր գաղափարախոսություն և նպատակ։

Այդպէս չէ դժբախտաբար։ Այլապէս Հայաստան-սփիւոք կապերը դարձած կ՛ըլլային իտէալական։

  1. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ձեր իդեալական մոդելը։

Հայաստանի իշխանութիւնները թէ դեսպանատուներու եւ թէ սփիւռքի նախարարութեան միջոցաւ կը համակարգէ սփիւռքի հետ յարաբերութիւնները։ Արդ հարց է թէ սփիւռքի ներկայացուցիչները ովքե՞ր են։ Այստեղ խնդիրը սփիւռքի ներկայացուցչութիւնը ճշղելու մէջ կը կայանայ, որ իր հերթին կ՛ենթադրէ սփիւռքի կազմակերպում։

Գէորգ Թորոյեան՝ Asbarez.am-ի թղթակից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *