Հայաստան

Պատերազմի Անտեսանելի Կողմը

Հնարավո՞ր էր արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից, կային քայլեր, որ Երևանը արել է դրա համար, սակայն չի ստացել բավարար արդյունք, և կայի՞ն քայլեր, որոնք պատրաստվում էին, սակայն ուշացել են տարբեր պատճառներով, այդ թվում գուցե օբյեկտիվ: Արդյոք ո՞ր պահին է Հայաստանը ունեցել արդեն համոզվածություն, որ պատերազմն անխուսափելի է և Հայաստանից այլևս կախված չէ ոչինչ:

Հակոբ Բադալյան

44-օրյա պատերազմի սև շրջանակում և այսօրվա ընթացքի համար հույժ կարևոր, բայց որոշակի ստվերում մնացած բաղադրիչը

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովը հարցաքննել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը հրաժարական ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո: Հարցաքննության մանրամասները բնականաբար փակ են, բայց անկասկած ամենևին ոչ պակաս կարևոր, քան ռազմական գործողություններին և անմիջականորեն ռազմական բաղադրիչին վերաբերող հանգամանքները: Հնարավո՞ր էր արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից, կային քայլեր, որ Երևանը արել է դրա համար, սակայն չի ստացել բավարար արդյունք, և կայի՞ն քայլեր, որոնք պատրաստվում էին, սակայն ուշացել են տարբեր պատճառներով, այդ թվում գուցե օբյեկտիվ: Արդյոք ո՞ր պահին է Հայաստանը ունեցել արդեն համոզվածություն, որ պատերազմն անխուսափելի է և Հայաստանից այլևս կախված չէ ոչինչ: Արդյո՞ք եղել են տարբեր մոտեցումներ արտաքին գործերի նախարարի և վարչապետի միջև, կապված արտաքին քաղաքական-դիվանագիտական գործողությունների, անելիքների և ընդհանրապես իրավիճակի գնահատման հետ:

Իրավիճակի լարվածության աճին զուգահեռ եղե՞լ է նախկին նախագահների կամ արտգործնախարարների հետ որևէ հաղորդակցության փորձ, նախաձեռնություն, մտադրություն: Եղե՞լ է Թուրքիայի հետ անմիջական շփման փորձ կամ գաղափար: Այդ ամենը հարցերի թերևս փոքր շրջանակն է միայն: Բազմաթիվ են հարցերը անմիջականորեն պատերազմի ընթացքում տեղի ունեցած քննարկումների առնչությամբ, որոնցից ամենածավալունն ու տարողունակը ըստ ամենայնի հնարավոր է համարել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած եռակողմ՝ Լավրով-Մնացականյան-Բայյրամով քննարկումը, Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հետ ժամանակ առ ժամանակ հաղորդակցությամբ: 11 ժամ քննարկումից հետո հայտարարվեց հրադադարի համաձայնության մասին, ինչը սակայն չիրականացավ: Ինչու՞, ո՞վ չհամաձայնեց, կամ ո՞վ խանգարեց: Ի՞նչ եղավ հետո, երբ ևս երկու անգամ հայտարարվեց հրադադարի պայմանավորվածության մասին՝ հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 25-ին, համապատասխանաբար ֆրանսիական և ամերիկյան միջնորդությամբ: Իհարկե դրանք բոլորովին երկարատև չէին, ինչպես հոկտեմբերի 9-ին Մոսկվայի քննարկումը, ինչը թերևս վկայում է, որ հենց 11 ժամ տևած գործընթացն է եղել առանցքային, գուցե նաև հետագա իրողությունների վրա ազդեցության իմաստով:

Ի՞նչ է տեղի ունեցել ի վերջո ՄԱԿ ԱԽ հայտնի նիստում, որի մասին հնչեց այդ ժամանակ Զոհրաբ Մնացականյանի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտնի հայտարարությունը, որն առ այսօր հայ հանրությանը պարբերաբար գցում է ինչ որ գուշակությունների կամ ենթադրությունների դաշտ, որոնք ըստ էության բավականին հեռու են իրականությունից: Ի՞նչ սկանդինավյան խաղաղապահների մասին էր խոսում Դոնալդ Թրամփը, որից՝ համենայն դեպս ըստ իրենց հայտարարության տեղյակ չէին անգամ սկանդինավյան երկրները:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Զոհրաբ Մնացականյանի հետ ավելի քան չորս ժամ տևած զրույցում տվել են բոլոր հարցերը և ստացել իրենց այս պահի համար անհրաժեշտ պատասխանները, որոնք համադրելու են մնացյալ պաշտոնյաների ասածների հետ, հասկանալու համար, թե արդյո՞ք առաջանալու են նոր հարցեր: Կրկնեմ, միանգամայն հասկանալի է, որ տեղեկությունների մի զգալի մասը, եթե ոչ ամբողջապես, ենթակա են գաղտնիության և չեն կարող առնվազն «հում» տեսքով հասանելի լինել հանրությանը, բայց 44-օրյա պատերազմի ցավագին շրջանակում դիվանագիտական-քաղաքական բաղադրիչը առնվազն ներկայիս դրությամբ թերևս առավել քան կարևոր է ընթացիկ հրամայականների տեսանկյունից, քան ռազմականը: Իսկ բանն այն է, որ Հայաստանը ներկայումս կանգնած է որևէ նոր էսկալացիա թույլ չտալու, որևէ նոր էսկալացիայի հարցում իրենից կախվածն անելու օպերատիվ-մարտավարական հրամայականի առաջ և այդ իմաստով է, որ հույժ կարևոր է դառնում քաղաքական-դիվանագիտական բաղադրիչը, որովհետև այսօր գերազանցապես այդ գործիքի գերարդյունավետությունն ու սխալներից առավելագույնս զերծ լինելն է էսկալացիոն տարբեր տրամաչափի մարտահրավերները կանխարգելելու և չեզոքացնելու առանցքային նախադրյալը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *