Հայաստան

Թուրքական Զորավարժությունն Ու Հայկական Դիվանագիտությունը

Հայաստանը կարող է նմանատիպ զորավարժություններ անցկացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ.«Երկուսի դեպքում էլ խնդիրն այն է, որ հստակ չէ, թե այս իրավիճակում իրենք ինչքանով կգնան ուժի ցուցադրությանը, որովհետև Ռուսաստանի դեպքում իրենք և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի հետ չեն ուզում հարաբերությունները վատացնել։

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուժի ցուցադրում են, Հայաստանը կարող է նույնն անել՝ ՌԴ-ի ու Իրանի հետ, բայց հարց է` կցանկանա՞ն

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։ Ըստ Ադրբեջանի ՊՆ  հաղորդագրության՝ «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգումը, հրամանատարության և հսկողության կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։ Ադրբեջանցի զինվորականներն արդեն մեկնել են Թուրքիա։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ դատելով այն տեղեկատվություից, որը տարածվել է, հիշյալ զորավարժությունները նախապես պլանավորված են եղել. «Այսինքն՝ կոնկրետ իրադարձություններին չի համապատասխանեցվում, թեպետ նախկինում մենք տեսել ենք, որ էսկալացիաներից առաջ զորավարժություններ են անցկացվում։ Ընդհանուր առմամբ՝ նմանատիպ միջոցառումները Հայաստանի համար վտանգներ պարունակում են, որովհետև նախևառաջ ցանկացած զորավարժություն ուժի ցուցադրություն է, երկրորդ՝ նման զորավարժությունները քայլ են երկու բանակների ինտեգրման ու համատեղ գործողություններին պատրաստվելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարությունովի խոսքերով՝ հնարավոր է  թիրախը հենց Հայաստանը լինի.«Պարզապես մենք  չունենք հստակ տեղեկատվություն կոնկրետ ծավալների մասին, բայց այն ինֆորմացիան, որն իրենք տվել են՝ նման է նրան, որ զորավարժությունները լայնածավալ չեն լինելու։ Նորից ասեմ՝ ցանկացած նման միջոցառում Հայաստանի համար ինչ-որ վտանգ պարունակում է, որովհետև հասկանալի է, որ իրենք պատրաստվում են համատեղ գործողությունների՝ այդ թվում և նախևառաջ ընդդեմ Հայաստանի»։

Մեր զրուցակիցը նշեց՝ նույնիսկ եթե խոսք չի գնում համատեղ գործողությունների մասին, թուրքական բանակն իր մակարդակով  ադրբեջանականից ավելի բարձր է գտնվում, ինչն Ադրբեջանի համար էֆեկտիվության փորձ կարող է լինել, որն էլ իր հերթին ի վնաս Հայաստանի է. «Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, ապա իհարկե ամենաարդյունավետ հակազդեցությունը համատեղ  զորավարժություններն են մեր գործընկերների հետ։ Դա կլինի պատասխան ուժի ցուցադրություն, ինչպես նաև Հայաստանն էլ՝ Ադրբեջանի նման ավելի բարձր մակարդակի ԶՈՒ-երից օրինակ կվերցնի»։

Հարությունովի դիտարկմամբ՝   Հայաստանը կարող է նմանատիպ զորավարժություններ անցկացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ.«Երկուսի դեպքում էլ խնդիրն այն է,  որ հստակ չէ, թե այս իրավիճակում իրենք ինչքանով կգնան ուժի ցուցադրությանը, որովհետև Ռուսաստանի դեպքում իրենք  և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի հետ չեն ուզում հարաբերությունները վատացնել։ Իսկ Իրանի դեպքում այնքան լարված են Ադրբեջանի հետ հարաբերությունները, որ  հնարավոր է  դրան հաջորդի էսկալացիան, որն իրենք չէին ցանկանա։Իրանը մի կողմից Ադրբեջանին ցույց է տալիս, որ ինքը դեմ է տարածաշրջանում փոփոխությունների, բայց նաև հստակ երևում է, որ ռեալ ընդհարում կողմերը չեն ուզում։ Դա կարող է անվերահսկելի իրավիճակ ստեղծել։ Այստեղ առաջանում են հարցեր՝ կողմերն ինչքանով են դրան պատրաստ են, ինչպիսին է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, բայց եթե տեսականորեն վերցնենք  հիմնականում այդ երկու գործընկերներն են, որոնք պոտենցիալ կարող են նեյտրալիզացնել թուրք-ադրբեջանական զորավարժությունների էֆեկտը։ Եթե վերցնենք արևմուտքին, ապա  իրենց հետ նույնպես այդպիսի էֆեկտ կլիներ, բայց չկան փաստեր, որ իրենք դրան պատրաստ են կամ ունեն նման ցանկություն»։

Դիտարկմանը, որ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի համար այն դաշնակիցները չեն, ինչ Թուրքիան է Ադրբեջանի համար, Հարությունովն արձագանքեց.«Իհարկե։ Նրանց մոտ հիմա կապն ավելի լուրջ է՝ և՛ անվտանգային երաշխիքների առումով և նաև 2020 թվականից ի վեր, նրանք գնում են բանակների ինտեգրման։ Մենք Ռուսաստանի հետ այդ մակարդակի չենք հասել նույնիսկ 2000-ականներին, երբ բավականին շատ էին համատեղ զորավարժությունները։ Իսկ Իրանի հետ հիմա  կա ակտիվ համագործակցության հնարավորություն՝ նաև ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց այստեղ էլ կան մի շարք հանգամանքներ»։

Ըստ մեր զրուցակցի՝ նկատելի է, որ ՀՀ իշխանությունները Իրանի հետ որոշակի հեռավորություն են պահում՝ արևմուտքի բացասական արձագանքին չարժանանալու համար։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *