Հայաստան

Հանրապետություն

«Բանակը ինքը ժողովուրդն է, ժողովրդից է կազմված եւ գործում է միայն ժողովրդի համար։ Նոր ժողովրդական զորքի մարմնացումն է մեր բանակը եւ սրանով է բացատրվում, որ մենք՝ հեղափոխականներս ու սոցիալիստներս, որ այնքան համառ պայքարել ենք միշտ մնայուն զորքի դեմ, այսօր այնպես գուրգուրանքով ենք վերաբերվում դեպի Հայաստանի զորքը»,- եզրափակում էր Վրացյանը։

Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց ծանր ու անհավասար մարտերում, եւ գոյության ողջ ընթացքում պատերազմը նրա անբաժան ուղեկիցն էր։

1918-ի մայիսյան հերոսամարտերից մինչեւ 1920թ. դեկտեմբերը հայ ժողովուրդը պայքարում էր հայրենիքը ներքին ու արտաքին թշնամիներից պաշտպանելու համար։ Այս պայքարում էլ ձեւավորվում էր Հայկական բանակը։ Արդեն 1919թ. աշնանն ակնհայտ էր, որ երկրի պաշտպանության միակ երաշխավորը հայ զինվորն է։ Չնայած դիվանագիտական մեծ աշխատանքին ու աներեւակայելի ջանքերին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունները լուծում չէին գտնում. դրանք լուծվելու էին ռազմի դաշտում։ Պատերազմն այն ճանապարհն էր, որ երկիրը պետք է անցներ ցանկացած գնով: Առանց պատերազմի հնարավոր չէր գծել նորանկախ հանրապետության սահմանները, հնազանդեցնել ներքին անկայունություն ու ապստամբություն հրահրող թաթարներին, Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանել հայկական բնակավայրերը։ Բանակի կարեւորությունը գիտակցում էին բոլորը, եւ զարմանալի չէր, որ առաջին անգամ 1919թ. դեկտեմբերի վերջին Հայաստանում որոշում են տոնել Բանակի օրը։

Խորհրդարանի հատուկ նիստում

1919թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանի նախագահությունը հատուկ նիստ է հրավիրում, որտեղ որոշվում է Ամանորին ընդառաջ նվիրատվություն կազմակերպել հայկական բանակի համար։ Նիստին մասնակցել էին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բացի էսէռներից։ Խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի գլխավորությամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում, մասնավորապես, ընդգրկվում են հրապարակախոս Դավիթ Անանունը, Երեւանի պարետ Արշավիր Շահխաթունին։ Հենց նիստի ընթացքում Դավիթ Անանունը հայտնում է, որ Հայկոոպը, որի ներկայացուցիչն ինքն էր, 30 000 ռուբլի կնվիրաբերի բանակին։ Որոշվում է, որ Բանակի տոնը պետք է նշվի երեք օր՝ դեկտեմբերի 19-ին, 20-ին եւ 21-ին։ Բանակի օրը նշելու որոշմանը հաջորդել էր եւս մեկ տոնական իրադարձություն. դեկտեմբերի 6-ին լրացել էր Հայաստանից թուրքական բանակի հեռանալու մեկ տարին։

Հանգանակություններ բանակի համար

Կառավարության որոշմամբ Բանակի օրվա միջոցառումների ամենակարեւոր առանցքը հանգանակություններն էին եւ տարբեր խորհրդանիշների բարեգործական վաճառքը, որի ամբողջ հասույթը տրամադրվելու էր բանակին։ Մամուլում տպագրվում էին գովազդային հայտարարություններ, որտեղ կոչ էին անում քաղաքացիներին միջոցներ հանգանակել բանակի համար։

«Ընկերներ եւ քաղաքացիներ, բոլորդ օգնության եկեք, ովքեր ինչով կարող եք, մասամբ թեթեւացնելու հայ զինվորի ծով կարիքները»,- գրում էր «Հառաջ» թերթը 1919թ. դեկտեմբերի 20-ին։

Բանակի կարիքների համար գումար էին հատկացնում առեւտրական եւ արտադրական կազմակերպությունները: Օրինակ՝ «Արմատ» կոոպերատիվը հատկացրել էր 3 000 ռուբլի, իսկ նրա աշխատողները հանգանակել էին մոտ 3 600 ռուբլի։ Պետական ծառայողների արհմիության «Աշխատավոր» կոոպերատիվը դեկտեմբերի 19-21-ի իր ողջ հասույթը տրամադրել էր բանակին։ Բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ բանակի համար գումար էին թողնում «Հառաջ» թերթի խմբագրությունում, որի հաշվետվությունները խնամքով հրապարակվում էին։

Առանձին կարեւորություն ունեին նաեւ ուսումնական հաստատությունները. նախապես որոշվել էր, որ Երեւանի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները պետք է հավաքվեին Հռիփսիմյան գիմնազիայի մոտ, ապա շքերթով անցնեին Քարվանսարյան-Դոկտորսկի եւ Աստաֆյան փողոցներով դեպի Անգլիական այգի, որտեղ նախատեսված էին մարզական միջոցառումներ, երգ ու պար։ «Սակայն եթե եղանակը վատ լինի, հազիվ թե շքերթը կատարվի, մանավանդ որ մասնակցելու են աշակերտները, որոնց մեծ մասը չունեն ձմեռային շորեր ու կոշիկներ»,- գրում էր «Հառաջը»։ Դեկտեմբերի 19-ին Երեւանում ձյունախառն անձրեւ էր, ինչի պատճառով տոնական միջոցառումներն ու շքերթները տեղի են ունենում հաջորդ օրերին։

«Հառաջ», 25 դեկտեմբերի, 1919թ., թիվ 73

«Մեր ապագա հույս մատաղ սերունդը անմասն չի ուզում մնալ հայրենիքի պաշտպան մեր զինվորների համար հայտարարված Բանակի օրվա երեքօրյա տոնախմբությանը։ Երեւանի դպրոցների աշակերտությունը ցածր դասարաններից մինչեւ վեր նվիրաբերում են իրենց ծնողների կարողության չափով՝ մրգեղեն, լուցկիներ, ծխախոտ, շորեղեն, սապոն, գուլպաներ եւ ուրիշ անհրաժեշտ իրեր»։

«Կեցցե հայ զինվորը եւ նրան ծնունդ տվող հայ ժողովուրդը»

Բանակի օրվա տոնակատարությունների շրջանակում դեկտեմբերի 20-ին եւ 21-ին տեղի են ունենում երթեր, երաժշտական միջոցառումներ, հավաքույթներ։ Չնայած մամուլը գրում էր, որ այս միջոցառումները լավ չէին կազմակերպված, սակայն նկատվում է, որ հիմնական շեշտը դրված էր հայ զինվորին մեծարելու, նրա սխրանքը գնահատելու, արժեւորելու վրա:

«Ողջույն դաժան պայմաններում, բայց հերոսաբար կռվող հայ բանակին», «Կեցցե հայ զինվորը եւ նրան ծնունդ տվող հայ ժողովուրդը», «Զորքը ժողովրդի զինված բազուկն է» եւ այլ լոզունգներ հանդիպում էին մամուլի էջերում։

Հայ զինվորի տոնի առիթով որոշվում է հրատարակել «Բանակի օր» անունով թերթի մեկ համար, որի տպաքանակը վաճառվում է եւ եկամուտը տրամադրվում բանակին։ Այս թերթի խմբագրական ողջ աշխատանքն անում են Սիմոն Վրացյանն ու Դավիթ Անանունը։ Թերթում տպագրված են հայ զինվորին ձոնված բանաստեղծություններ, վերլուծություններ, հայ մարտիկների հերոսական կռիվների դրվագներ եւ այլ նյութեր։

«Բանակի օր»-ի հենց առաջին էջին Հովհաննես Հովհաննիսյանի «Հայ զինվորին» բանաստեղծությունն էր.

Թառլանի պես թառել ես
Էդ սեւ մռայլ քարափին,
Աչքըդ հեռու հառել ես,
Որ մոտ չգա հարամին։

Սարերը բուք ու բորան,
Կուրծքդ մի սար անառիկ,
Հայրենիքիդ պահապան
Կանգնած ես լուռ, հայ մարտիկ։

Ուշ չես դնում թշնամու
Գնդակների տարափին,
Պարտքիդ ձայնին դու հլու
Մընում ես էդ քարափին։

Աստված թեւիդ հովանի,
Սարի թառլան անվեհեր,
Քեզ հետ, կտրիճ, թող լինի
Մեր օրհնությունն ու մեր սեր։

Թերթի էջերում փորձ էր արվում վերլուծել հարյուրամյակների ընթացքում մեր պարտության, պետականության կորստի պատճառները, եւ բարձրացված հարցերը ինչ-որ առումով չէին կորցրել արդիականությունը։ «Հայը պարտվեց շնորհիվ նրան, որ հարազատություն չկար ժողովրդի եւ պետական կառուցվածքի մեջ։ Հայկական պետության տերը նախարարներն ու ազնվականներն էին։ Շինականը խորթ մարդ էր պետական սեղանին։

Ինչո՞ւ բնավեր դարձանք։ Որովհետեւ հարազատություն չկար մեր ազգի զանազան խավերի եւ նրա պետական մարմնի միջեւ»,- գրում էր Դավիթ Անանունը։

Անդրադարձ կար ավելի մեծ ու ընդգրկուն հարցի՝ բանակը իշխանությա՞ն պաշտպանն է, թե՞ ժողովրդի։ «Զորքն անցյալում եւ այսօր, ընդհանրապես, զենք է այն դասակարգերի համար, որոնց ձեռքին է գտնվում իշխանությունը,- գրում էր Սիմոն Վրացյանը «Բանակի օր» թերթում։- Բանակը ծառայել է ցեղապետներին, նախարարներին, քահանայապետներին, թագավորներին ու կայսրերին, այսօր նա, սակայն, բացառությամբ, սպասարկում է բուրժուազիային։ …Այդ փոքրամասնությունը ճարպկորեն կարողացել է իր իշխանությանը ենթարկել զորքը եւ նրա ուժն ուղղել աշխատավոր բազմության դեմ»,- շարունակում էր նա՝ հիմնավորելով, թե ինչու իրենք՝ հեղափոխականները, նախկինում բացասաբար էին վերաբերվում բանակին։ Ի տարբերություն նախկինի՝ նորաստեղծ հայկական բանակը ծառայում է միայն ժողովրդին։

«Բանակը ինքը ժողովուրդն է, ժողովրդից է կազմված եւ գործում է միայն ժողովրդի համար։ Նոր ժողովրդական զորքի մարմնացումն է մեր բանակը եւ սրանով է բացատրվում, որ մենք՝ հեղափոխականներս ու սոցիալիստներս, որ այնքան համառ պայքարել ենք միշտ մնայուն զորքի դեմ, այսօր այնպես գուրգուրանքով ենք վերաբերվում դեպի Հայաստանի զորքը»,- եզրափակում էր Վրացյանը։

«Հաղթել կարենալուց շատ հեռու ենք»

Ավարտվում էր 1919 թվականը՝ ծանր, արյունահեղ կռիվներով, ձեռքբերումներով ու կորուստներով հագեցած տարին, եւ իրադրությունը Հայաստանի սահմաններում հեռու էր կայուն լինելուց. հայկական բանակը, թեեւ ուներ անթիվ չլուծված խնդիրներ, հերոսական մարտեր էր մղում բոլոր ճակատներում։ Դեկտեմբերյան տոնական օրերին հայ մարտիկները դժվարին մարտերով կարողացել էին վերցնել Զարիշատը եւ ապահովել Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղու քիչ թե շատ անվտանգ երթեւեկությունը, իսկ ամսի 25-ին մտել էին նաեւ Օլթի։ Ոգեւորությունը եւ հաղթական հարձակումը շարունակելու ցանկությունը մեծ էր, սակայն ուժերը դեռ բավարար չէին, եւ գեներալ Հախվերդյանը հայ պատգամավորներին տեղեկացնում էր.

«Զորքն ու բոլորը ներշնչված են հանդգնությամբ, բայց իրոք, դեռ հաղթել կարենալուց շատ հեռու ենք։ Ավելի լավ է այս տպավորության տակ պահենք զորքին ու բոլորին, շարունակելուց կարող ենք հուսախաբվել։ Իմ հաշվով դեռ պատրաստ չենք. պիտի սպասենք մինչեւ պատրաստվինք»։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *