ՄԵՐ ՈՒՂԻՆ

Դաշնակցության Առաջացման Պատմական Պայմանները Եւ Նրա Բնութագիրը. Գարեգին Նժդեհ

Վերջին Մաս

Անկում են ապրում բոլոր այն ժողովուրդներն ու կուսակցությունները, որոնք թեթեւամտորեն են վերաբերվում սեփական հերոսականությանն ու հերոսներին: Այդ հոգեւոր վայրագությունը մեր երիտասարդ սերնդի վրա թողեց առավել քայքայիչ ազդեցություն:

Դաշնակցությունը, ինչպես նաեւ նրա քաղաքական հակառակորդները` հնչակներն ու ռամկավարները, անուղղակիորեն խթանում են հայերի, մասնավորապես, նրա երիտասարդ սերնդի ուծացումը: Իր մեջ պառակտված ժողովուրդն ավելի շատ ցուցաբերում է սեփական բնավորության բացասական գծերը, այդ պատճառով էլ դառնում ավելի վանող այն ժողովրդի աչքում, որի երկրում նա ժամանակավորապես ապաստանել է: Երբ օտարերկրացիների նկատմամբ ատելությունը դառնում է գերիշխող երեւույթ, տարրական իմաստությունը եւ ազգային արժանապատվությունը հայ քաղաքական կուսակցություններից պահանջում են լինել առավել շրջահայաց:

Մեր ժողովուրդը ոչ միայն քաղաքականապես խաբված է, այլեւ բարոյապես զրպարտված Եվրոպայում եւ Ամերիկայում: Այդ պատճառով հայը պարտավոր պիտի լինի հանդես գալ որպես «ցեղորեն գիտակից էակ», այսինքն, ինչպես ասում է Մարքսը, «էակ, որը ցեղին (ժողովրդին) վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական անձին»: Դա է պահանջվում կենսաբանորեն բարոյական ժողովրդից: Սեփական ինքնապաշտպանությունը դժվարեցնող ժողովուրդն արժանի է արհամարհանքի, արժանի է իր ճակատագրին` ինչքան էլ որ այն ծանր լինի: Այս տեսանկյունից` Դաշնակցությունը, որպես հզոր գաղութային կազմակերպություն, ունի ամենամեծ մեղքը: Այն, ինչն արտասահմանում կոչում են հայկական քարոզչություն, ոչ այլ ինչ է, քան գթասրտություն աղերսող լալկան նվնվոց, որն արտասահմանցիների մոտ առաջացնում է լոկ խղճահարություն եւ շարունակ աճող արհամարհանք: Դաշնակցական ղեկավարությունն իսկական քարոզչության մասին հասկացողություն չունի: Նա ցուցադրում է իր այժմյան հոգեւոր ցնցոտիքը` անվանելով այն քարոզչություն:

Նա չկարողացավ օգտագործել հայ ժողովրդի պոտենցիալ ուժը հեղափոխության շրջանում, քանզի չէր ճանաչում սեփական ժողովրդին, եւ այժմ ի վիճակի չէ տանել ազգային իրական արժեքների քարոզչությունը, որովհետեւ հիմնավոր չգիտի հայոց պատմությունը, այդ պատմության փիլիսոփայությունը:

Եթե նույնիսկ, վերջին քառորդ դարում, որեւէ եվրոպական լեզվով լույս է տեսել այս կամ այն հայամետ գիրքը, ապա հեղինակը արտասահմանցի է եղել:

Այսպես կոչված հայասեր քարոզչության համար Դաշնակցությունը ոչինչ չի արել: Ժամանակ չուներ: Նա զբաղված էր Անդրանիկին սեւացնելու անշնորհակալ գործով: Անդրանիկին վարկաբեկելու համար, Դաշնակցության պատվերով հրատարակվեց նրա դեմ ուղղված մոտ 1000 էջանոց երկհատոր աշխատություն: Ամբողջովին Անդրանիկին նվիրված Սեպուհի հուշերը հանդիսանում են այդ ազգային հերոսին իր փառքի բարձունքից տապալելու դատապարտելի փորձ: Հենց որ Անդրանիկը հեռացավ Դաշնակցությունից, միանգամից դարձվեց «հարբեցող», «անկիրթ», «վախկոտ», «այս կամ այն ճակատում իր մասնակցության համար նախօրոք սակարկող», «աննշան գործողությունների ճանապարհով մեծ դափնիներ քաղող» եւ այլն:

Բոլոր ջանքերը ներդրվեցին Անդրանիկին «զարդարելու» քաջնազարյան (դոնքիշոտյան) որակումներով, չգիտակցելով, որ դրանով իրականում ծիծաղում են հայ ազատագրական շարժման վրա, քանզի ժողովուրդն Անդրանիկին համարում է հայ ազատագրական պայքարի խորհրդանիշ:

Անկում են ապրում բոլոր այն ժողովուրդներն ու կուսակցությունները, որոնք թեթեւամտորեն են վերաբերվում սեփական հերոսականությանն ու հերոսներին: Այդ հոգեւոր վայրագությունը մեր երիտասարդ սերնդի վրա թողեց առավել քայքայիչ ազդեցություն:

1921թ., Զանգեզուրից իմ հեռանալու հաջորդ օրը, Արաքսի պարսկական ափին ես թույլ տվեցի «անտակտություն»` պատժելով երկու դաշնակցական նախարարների` Հակոբ Տեր-Հակոբյանին ու Եփրեմ Սարգսյանին, միաժամանակ եւ` Բյուրոյին փոխարինած Գերագույն մարմնի անդամներին: Այդ դեպքից մի քանի օր անց ես Ս. Վրացյանից ստացա նամակ, որում ասվում էր.

«Դու թո՛ղ քո այդ անդրանիկյան արարքները: Անդրանիկը պահում էր իրեն այնպես, ինչպես դու, իսկ այժմ անօգնական թափառում է Եվրոպայում: Կուսակցությունը որոշ հույսեր էր կապում քո անվան հետ: Լսիր քո հին ընկերներին, չլսես` քեզ համար վատ: Միայն գիտեմ, որ մարդիկ բարձրանում են մեծ դժվարությամբ, շատ տարիների ընթացքում, բայց ընկնում են մեկ վայրկյանում»:

Այսպիսով, ինձ հետ արդեն անշնորհակալ էին վերաբերվում, սպառնում սեւացնել մեկ ակնթարթում, գահընկեց անել, որովհետեւ ես մտրակով ծեծել էի երկու վախկոտի: Այո, ես հաշվի չէի առել, որ դաշնակցական ղեկավարները օգտվում են մի տեսակ արտոնյալ դիրքից եւ ազատ են ամեն կարգի պատասխանատվությունից:

Ինձ սպառնում էին Անդրանիկի ճակատագրով:

Վերը նշված նամակի ստացման օրը ես խորապես ափսոսացի, որ մտրակելու փոխարեն չգնդակահարեցի Դաշնակցության Գերագույն մարմնի այդ երկու անդամներին: Նույն օրը ես զգացի ինձ հոգեպես հեռացած, կտրված Դաշնակցությունից:

8. «Դաշնակցությունը` Դաշնակցության համար»: Հայաստանից դուրս` Բյուրոն հավատարիմ մնաց այս լոզունգին: Էմիգրացիայում նա չուներ որոշակի հետեւողական քաղաքական գիծ կամ, ավելի ճիշտ, այն հետեւողական էր միայն ինքնապահպանման գործում` գաղափարապես մնալով ռուս նարոդնիկների հին «ճանապարհներին»: Դաշնակցությունն իր քաղաքական գիծը չէր պայմանավորում հայ ժողովրդի բացառիկ դրությամբ: Իր հանցագործ անփութությամբ Դաշնակցությունն արհամարհեց մեր ժողովրդին սպառնացող թուրքական (Երկրի հայերի համար) եւ ուծացման (արտասահմանի հայերի համար) վտանգները:

Նրա շատ անդամներ համոզված են, որ Հայաստանի ցուցադրական անկախացման գաղափարը կարող է դառնալ նրա գերեզմանափորը: Նրանք դա գիտեն, բայց մինչ այժմ ինքնանպատակ կուսակցականությունը եւ կուսակցական եսապաշտությունը չեն թույլատրել դաշնակցական ղեկավարությանը խելամիտ հարաբերությունների մեջ մտնել սովետական իշխանության հետ:

Ճշմարիտ չէ այն հայրենասերը, ով իր հայրենասիրությունը բոլոր դեպքերում կապում է հայրենիքում այս կամ այն վարչակարգի հետ:

Անձամբ ես քարոզել եմ սովետների դեմ, բայց իմ անբարյացակամ վերաբերմունքը սովետական իշխանության հանդեպ պայմանավորված էր ոչ թե Հայաստանում գոյություն ունեցող վարչակարգով, այլ բացառապես այն բարեհաճությամբ, որ սովետները ցուցաբերում էին Թուրքիայի նկատմամբ:

Բացի այդ, իմ քարոզչությունը ոչ մի անգամ չի կրել հակահայաստանյան բնույթ, ընդհակառակը` ես արտասահմանի հայերին համարել եմ Հայաստանի հպատակներ ու մարտիկներ` անկախ նրանց սոցիալական, քաղաքական եւ կրոնական պատկանելությունից: Այս ճշմարտության վկան է հանդիսանում Ցեղակրոն ուսմունքը: Մեր ազգային բարոյականության նշված հայեցակարգն ինձ էմիգրացիայում թույլ չի տվել երբեւէ թեկուզ մեկին այս կամ այն առաքելությամբ Հայաստան ուղարկել:

Դաշնակցությունը պաշտոնապես չմտավ «Պրոմեթեւս»-ի մեջ (դրան խոչընդոտեցին կուսակցության շարքային անդամները), բայց, վերջին պատերազմի նախօրեին, դաշնակցական բյուրոյի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերանայման հարցի շուտափույթ քննարկումը հաստատեց, որ նրան տրված չէ սեփական սխալներից դասեր քաղելու կարողություն: Նա այժմ թուրքերի հետ մերձենալու փորձեր է անում` հաշվի չառնելով, որ ներկայիս պայմաններում թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնելու փորձերը նշանակում են բարոյապես տանուլ տալ հայկական հարցը: Սեփական թուլությամբ թելադրված այս քաղաքական ակտը արտասահմանի հայերի մոտ առաջացնում է խորը բարոյազրկում, իսկ քաղաքակիրթ մարդկության մոտ` նողկանք: Այն հանգամանքը, որ Անգլիան այժմ հանդիսանում է Թուրքիայի բարեկամը, ամենեւին էլ չի արդարացնում Դաշնակցության ուխտադրժությունը (ուրացությունը): Որպես առաջնակարգ իմպերիալիստական տերություն, Անգլիան շարունակում է վարել իր ավանդական գաղութային քաղաքականությունը. ընդ որում, նա թուրքերին հովանավորելու ոչ քիչ հիմքեր ունի` ի հաշիվ հայերի արյան: Ավելի քան 100 տարի Անգլիան պարբերաբար հայտարարում է, որ իր դրոշը ծածանվում է Միջին Արեւելքի ծովերի վրա, որպեսզի ապահովի եւ պաշտպանի իր հին դաշնակցի` Թուրքիայի անկախությունը: «Որտեղ հասնում են մեր թնդանոթները, այնտեղ մեր դաշնակիցները պիտի վայելեն հարգանք», — գրում էին անգլիական թերթերը Ղրիմի ռուս-թուրքական պատերազմի օրերին:

Եթե հայերը ցանկանային, որ անգլիական թնդանոթները հասնեն մինչեւ Արաքսի ափերը, ապա իրենք, որպես թույլ կողմ, ստիպված պիտի լինեն հարգել Թուրքիայի` Անգլիայի դաշնակցի կամքը:

Այժմ Դաշնակցությունը գտնվում է «ո՞ւմ հետ լինելու» երկընտրանքի առջեւ` թուրքերի՞, թե՞ ռուս մեծ ժողովրդի: Նա դավաճան կլիներ, եթե վճռականորեն չպատասխաներ. «Ռուսների հետ` Թուրքիայի դեմ»:

Հենց այս քաղաքական կողմնորոշումն են պահանջում մեր ազգային եւ մարդկային արժանապատվությունն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովման շահը:

9. Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակցական բյուրոն հանդես եկավ պառակտված ճակատով: Ինչո՞վ էր դա պայմանավորված` արկածախնդրությա՞մբ, թե՞ կանխամտածված երկերեսանի քաղաքականությամբ: Այս հարցում ես հակված եմ երկրորդ տարբերակին. դաշնակցական ղեկավարությանը հատուկ է թեթեւամտությունը:

Այն հանգամանքը, որ Դրոն Բալկաններում, Փարիզում, Բեռլինում բազմիցս ժողովներ գումարեց եւ ստեղծեց քաղաքական կոմիտե, ապացուցում է, որ նրան չհաջողվեց ապահովել Բյուրոյի պաշտոնական հավանությունն իր արկածախնդրական նախաձեռնություններին: Մինչ Սարգիս Արարատյանի հետ ընդհարումը եւ դրանից հետո, Դրոն չդադարեց ջանալ ապահովել իր թիկունքն անհաջողության դեպքում: Նա կանգ չառավ նույնիսկ Հայաստանի ժողովրդին սադրելու փորձի դեմ: Արդյունքում` նա հասավ մինչեւ հայրենադավության:

10. Մեր ժողովրդին բաժին ընկած աննախընթաց դժբախտությունների պատճառը, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում, հանդիսանում է հայկական տխրահռչակ, անհաղթելի անհատապաշտությունը` պայմանավորված մեր պատմական կյանքի ու տեղագրական առանձնահատկություններով, դարերով ապրած ստրկությամբ: Այս հոգեւոր հատկանիշը, հատկապես այնպիսի փոքր ազգերի մոտ, որպեսզին մենք ենք, դառնում է չարիքների աղբյուր` անհատին վերածելով անարխիստի` բառիս առավել բացասական իմաստով: Վերջին շրջանի դաշնակցական մտավորականությունը, լինելով եվրոպականության գերին, փոխարեն հաղթահարի իր մեջ անհատապաշտությունը, հռչակեց այն որպես հոգեւոր դրական հատկանիշ եւ ջանում էր իր մեջ ավելի զարգացնել այդ անհատական-անիշխանական տարերքը:

Ժողովրդի համար չկա ավելի մեծ չարիք, քան անհատապաշտություն դավանող ղեկավարը: Նա հեշտությամբ է դառնում կոլեկտիվ ջանքերի ու շահերի թշնամին: Այդպիսի ղեկավարն ավելի շուտ ընկնում է սեփական իրավունքների, քան պարտականությունների հետեւից: Նրա իդեալը մեկուսի անձնական երջանկությունն է:

Այսօր այդպիսին են նրանք, որոնք կոչված են ղեկավարելու Քրիստափորի ու Ռոստոմի կուսակցությունը:

11. ա) Աշխարհայացքի անորոշություն,

բ) քաղաքական անկարողություն,

գ) ոչ բավարար պատասխանատվության զգացում. ահա այն երեք չարիքները, որոնցից աղետալի կերպով տուժել է մեր ժողովուրդը եւ ինքը` Դաշնակցությունը:

Դաշնակցությունն այժմ հանդիսանում է որպես մեռնող երեւույթ: Նրա գոյությունն այսուհետ անօգուտ է, անտրամաբանական, ոչ անհրաժեշտ: Նա գտնվում է հակասության մեջ ներկա ժամանակաշրջանի հետ: Նա պե՛տք է հեռանա:

Այս գիտակցումով էլ ես հեռացա Դաշնակցությունից:

Աղբյուրը՝ Տեր-Հարությունյան Գ., թարգմանություն ռուսերենից, հունվար, 1947թ, Հայկական ՍՍՀ ՊԱն ներքին բանտ

ՀԱՐՔ

Հոդվածն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *