Ինչքան հնարավոր է փորձելու է ձգձգել, բայց այս պարագայում չունենք երաշխիքներ, որ ժամանակը Հայաստանի օգտին է աշխատելու։
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման, վստահ չեմ, որ ժամանակ ձգձգելը Հայաստանի օգտին է աշխատելու
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
–Պարոն Սուրենյանց, ի՞նչ դիտարկումներ ունեք Բրյուսելում անցկացված հանդիպման հետ կապված։ Շառլ Միշելը հայտարարել է, որ դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանի միջոցով երկաթգծի վերագործարկման հարցում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ բացառել է միջանցքի տրամադրման հարցը։ Ամփոփելով՝ ի՞նչ արդյունքներ գրանցվեցին այս հանդիպման ժամանակ։
-Միշելի ձևակերպման մեջ արտատարածքային միջանցքի մասին խոսք չկա, նույնիսկ երկաթգծի պարամետրերը չեն նշվում։ Ինֆորմացիայի պակասի պատճառով այժմ վաղաժամ եմ համարում պնդումներ անել։
Այնտեղ այլ կետերի հետ կապված շատ հստակ պնդումներ կան՝ օրինակ տարածքային ամբողջականության, որը մի շարք հարցեր է առաջ բերելու Լեռնային Ղարաբաղի, անկլավների հետ կապված։ Երկաթուղու հետ կապված հարցը գուցե այդ հանդիպման ամենադրական կետն էր, որովհետև այստեղ ես սուվերենության խախտման ակնարկ չեմ տեսնում։Համենայնդեպս այն, ինչ լսել ենք Միշելից, նման պնդումներ անելու հիմքեր չի ստեղծում։
-Միշելը խոսեց նաև միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին, ինչը լայն քննարկման առարկա է դարձել։ Կարծում եք այստեղ որևէ նոր բան կա՞։
-Սա 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարության շարունակությունն է։ Պարզապես այս անգամ Միշելը շատ հստակ նշեց Հայաստանի տարածքի և Ադրբեջանի տարածքի չափը։ Սա արվեց՝ թերևս հատուկ ընդգծելու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ներառվում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Սա էր նորությունը։Կարող է լեգիտիմ հարց առաջանալ՝ Հայաստանը կարո՞ղ էր չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իմ կարծիքով՝ 44 օրյա պատերազմից հետո մենք դրա հնարավորությունը չունենք։ Մենք պարտվել ենք պատերազմում, կորսվել է Լեռնային Ղարաբաղի անկախության օրակարգը։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ Ղարաբաղի անկախության օրակարգը տապալելով հանդերձ, Հայաստանը նույնիսկ պատերազմից հետո հնարավորություն ուներ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության հարցը բարձրացնել։ Խոսքը քաղաքական ինքնավարության մասին է։ Ե՛վ անցած տարվա հոկտեմբերին և՛ առավել ևս Բրյուսելում, պարզ է դառնում, որ Հայաստանն այդ հարցը չի բարձրացրել։ Սա ես դիվանագիտական ձախողում եմ համարում։ Կրկնում եմ՝ խոսքն անկախության օրակարգի մասին չէ։ Խոսքն այն բանի մասին է, որ Լեռնային Ղարաբաղը վարչատարածքային ինքնավարություն ունենար Ադրբեջանի կազմում։ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ այժմ խոսքն ընդամենը իրավունքների ու անվտանգության մասին է։ Նույնիսկ միջազգային մեխանիզմի մասին նա չի հիշատակում, խոսում է շատ ընդհանուր Բաքվի ջանքերի , այդ շրջանակներում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին, որը միանգամայն այլ բան է, քան միջազգային մեխանիզմով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։
Վտանգավոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ ընդհանրապես անդրադարձ չեղավ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը։ Սա ևս մեկ լրացուցիչ արգումանետ է, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության հարց։ Ցավոք սրտի սա խոսում է դիվանագիտական հետընթացի մասին, որովհետև եթե Ադրբեջանի կազմում Ղարաբաղը շատ կոնկրետ սուբյետություն չունենա, երաշխավորված չէ այնտեղ հայերի անվտանգությունն ու իրավունքները։
Խիստ կարևոր է նաև անկալվների հարցը, որն Ալմա Աթայի հռչակագրով անպայման առաջ է գալու։ Այսպես կոչված անկլավները Հայաստանի համար ստրատեգիական տարածքում են գտնվում՝ թե՛ Տիգրանաշենը և թե՛ Տավուշի անկլավները։ Վերջապես Միշելի հայտարարության մեջ որևէ բառ գրված չէր այն մասին, որ Ադրբեջանի զորքերը պետք է լքեն Հայաստանից օկուպացված տարածքները, այսինքն նրանք, որ զբաղեցրել են 2021-2022 թվականներին։
Ամփոփելով նշեմ, որ Բրյուսելում, նոր բաներ չկային, բայց Հայաստանի համար մտահոգիչ տենդենցներ առաջացան։
-Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը պատրա՞ստ է իրադարձությունների զարգացման այս սցենարին։
-Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանը չի գնա փաստաթուղթ ստորագրելու։ Ինքը ներքաղաքական համատեքստից վախենում է։ Իր բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում է ձեր ասած թեզը։ Մի քանի անգամ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ համոզված չէ, որ հայ ժողովւրդը կարող է համաձայն լինել խաղաղության պայմանագրի այն պարամետրերի հետ, որ հիմա քննարկվում է։ Որպես իշխանության ղեկավար ինքը մի քանի անգամ ապացուցել է, որ իր իշխանության հնարավոր կորստի գնով չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչքան հնարավոր է փորձելու է ձգձգել, բայց այս պարագայում չունենք երաշխիքներ, որ ժամանակը Հայաստանի օգտին է աշխատելու։
-Այսինքն՝ հասարակության հնարավոր վերաբերմունքը որպես պատճառաբանություն ներկայացնել ու չստորագրել։
-Այո՛։ Ես մի շարք մտահոգություններ բարձրաձայնեցի, վստահ եմ, որ ինքը վախենալու է այդ նույն անկեղծությամբ հասարակության հետ կիսվել։
Հոդվածը` 1in.am կայքից։