Հայաստան

Զգուշացում Կարևորի Մասին

Մեր հանրությունն արդեն մոտ երեք տարի զբաղված է բանակցային «լավ» եւ «վատ» հարթակներ «ընտրելով», կամ «ռուսամետ» ու «արեւմտամետ» ընտրելով, ըստ այդ ճաշակների էլ «վերլուծելով» մեզ հետ եւ մեր շուրջ տեղի ունեցողը:

Հակոբ Բադալյան

Զգուշացում՝ երկար է, ու երկրպագուների համար անհետաքրքիր

Նախօրեին, երբ Վաշինգտոնում մեկնարկում էր հայ-ադրբեջանական բանակցության նոր ռաունդը, հարցազրույցում նշեցի (հղումը էջիս է նախորդ գրառումով), որ այդ բանակցությունից ավելի հավանական եմ տեսնում լարվածության, քան խաղաղության աճ:

Ցավոք, ընդամենը ժամեր անց եղավ Բաքվի մահաբեր սադրանքը Արցախում:

Ինչու՞ եմ ավելի հավանական տեսնում լարվածության աճը: Տեղի է ունեցել երկու հատկանշական հանգամանք, որոնք բավարար ուշադրության չեն արժանացել հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում՝ ինչ-ինչ պատճառներով:

Այդպես էլ հպանցիկ մնաց պետքարտուղարության ներկայացուցչի ողջույնը՝ «համաներման» մասին Ալիեւի ելույթի առնչությամբ: Ելույթ, որ հնչեց մայիսի 28-ին եւ որը ամբողջապես վերջնագիր ու շանտաժ էր Արցախի ու դրա ղեկավարության հասցեին. կընդունեք իմ պայմանները, կներեմ, չէ՞՝ ուրեմն պետք է հեռանաք: Ու այդ ելույթը արժանանում է «ողջույնի», ու հայ հանրությունն այդպես էլ չի գտնում հավաքական ուժ՝ ինչը զգալիորեն գտնում է ռուսների դեպքում եւ շատ լավ է անում, Վաշինգտոնին հարցնելու՝ «այդ ելույթի ի՞նչն եք ողջունել»:

Եվ երկրորդ հատկանշական հանգամանքը: Ռուսական մամուլում եղավ արտահոսք, որ Վաշինգտոնն ուզում է երրորդ երկրում կազմակերպել Արրցախի ու Բաքվի ներկայացուցիչների ոչ հրապարակային շփում, եվ սպառնում Արցախին, որ հրաժարվելու դեպքում Բաքուն կիրականացնի հակաահաբեկչական օպերացիա:

Եթե սխալվում եմ, ապա կխնդրեմ ներողություն, բայց կարծես թե Վաշինգտոնից չի եղել հերքում՝ Արցախին սպառնալու կապակցությամբ, չի հնչել հերքում, թե ոչ մի սպառնալիք էլ չի եղել Արցախում: Շատերը գուցե կասեն, որ՝ ինչու՞ պետք է պաշտոնաօես հերքվեր ռուսական մամուլի արտահոսքը: Այո, իհարկե, Վաշինգտոնն ինչու՞ պետք է հերքեր, եթե դա իրեն բացարձակապես պետք չէ: Այդ հերքումը պետք էր Հայաստանին, բայց Հայաստանում չգտնվեց նաեւ այդ հարցադրումը ուղղելու հանրային-քաղաքական ներուժ:

Ահա այդ երկու նշանային իրողությունները ինձ թույլ են տալիս տեսնել հավանականություն, որ վաշինգտոնյան բանակցությունը մեծ հավանականությամբ կբերի լարվածության, այլ ոչ թե խաղաղության:

Եվ երրորդ հանգամանքը, որի մասին գրառում էի արել օրեր առաջ՝ Բրիտանիայի եւ Բաքվի արտգործնախարարների հանդիպումից, եւ դրան հաջորդած թվիթերյան «սիրալիրություններից» հետո, ասելով, որ դա թերեւս հուշում է, որ Վաշինգտոնից առաջ Բաքուն ստանում է որոշակի «լիցքեր» եւ մեզ սպասելու է շատ բարդ բանակցություն:

Սա նշանակու՞մ է, որ պետք չէ գնալ Վաշինգտոն, կամ պետք էր թողնել ու վերադառնալ: Ըստ իս՝ ոչ: Որովհետեւ չգնալը, ընդ որում ոչ միայն Վաշինգտոն, այլ ռեգիոնալ ազդեցության իմաստով առանցքային մայրաքաղաքներ, այդ թվում Մոսկվա, թերեւս չի լուծում ոչ մի հարց: Որովհետեւ, եթե մենք ունակ չենք հարց լուծել գնալով, ապա չգնալով հաստատապես անկարող ենք լինելու լուծել որեւէ խնդիր:

Հայաստանի համար առանցքայինը, ինչպես ասել եմ բազմիցս, բոլոր ուղղություններով պաշտոնական աշխատանքին «ուղեկցող» հանրային-քաղաքական լրջմիտ հարցադրումներն են, որ պետք է ուղղված լինեն այդ աշխատանքային մայրաքաղաքներին, կապված ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային սկզբունքի պահպանության հարցում նրանց բոլորի պատասխանատվությանը:

Դրա փոխարեն, մեր հանրությունն արդեն մոտ երեք տարի զբաղված է բանակցային «լավ» եւ «վատ» հարթակներ «ընտրելով», կամ «ռուսամետ» ու «արեւմտամետ» ընտրելով, ըստ այդ ճաշակների էլ «վերլուծելով» մեզ հետ եւ մեր շուրջ տեղի ունեցողը:

Չկան բանակցային լավ եւ վատ հարթակներ, կա այդ հարթակներում լավ եւ վատ աշխատանք կատարելու ունակ հասարակական-քաղաքական, պետական օրգանիզմ, կամ այն չկա:

Եվ այս ամենը պետք է կարողանանք նախ սկսել քննարկել հանգիստ, հանդարտ, միմյանց լսելու կարողությամբ, որովհետեւ, եթե մենք ի վիճակի չենք լսել միմյանց՝ իհարկե խոսքը միմյանց ռացիոնալ խոսակցություն լսելու մասին է, այլ ոչ թե էպատաժային բացականչություններ կամ ռազմա-հայրենասիրական «միֆեր» լսելու մասին, ապա մեղմ ասած մոլորություն է կարծել, թե որեւէ մեկը դրսում բառի լայն իմաստով լսելու է մեզ:

Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *