16.6 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս Չորրորդ

Եթե եվրո­պա­ցի­նե­րը խաղա­ղության հասնե­լու համար մի կողմ էին դրել բարո­յա­կա­նության մասին իրենց պատկե­րա­ցումներն ու դրան հասել պրագմա­տիկ հաշվարկով, ապա դա կարո՞ղ է համա­հունչ լինել աշխարհի և խաղա­ղության մասին ԱՄՆ‑ի պատկե­րա­ցումնե­րին։

Սուրեն Սահակյան

Ատլանտյան խարտիա

Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմ ԱՄՆ‑ի մասնակցության սկզբից առաջ՝ 1941թ․ օգոստո­սի 14-ին, ԱՄՆ‑ն և Մեծ Բրի­տա­նիան կնքե­ցին «Ատլանտյան խարտիա» կոչվող համա­ձայնա­գի­րը։ Փաստաթղթի բովանդա­կությունը պատե­րազմից հետո ձևա­վորված աշխարհա­կարգի և դրա արդյունքնե­րի վերա­բերյալ սկզբունքներն էին։ Փաստա­թուղթը, ի վերջո, Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության հիմքը դարձավ։ Այն կազմված էր հետևյալ 8 կետե­րից․

Կողմե­րը հրա­ժարվում էին պատե­րազմի արդյունքնե­րով տարածքա­յին հավակնություննե­րից։

Կողմե­րը հրա­ժարվում էին ճանա­չել այն տարածքա­յին փոփո­խություննե­րը, որոնք դեմ էին շահագրգիռ ժողո­վուրդնե­րի ազատ կամարտա­հայտությա­նը։

Համա­ձայնվում էին պաշտպա­նել իրենց ճակա­տա­գի­րը և կառա­վարման ձևը որո­շե­լու այն երկրնե­րի իրա­վունքը, որոնք դրա­նից զրկվել էին բռնի ուժով։

Պարտա­վորվում էին միջազգա­յին ռեսուրսնե­րին և առևտրին ազատ հասա­նե­լիություն ապա­հո­վել մեծ ու փոքր բոլոր պետություննե­րի համար՝ հաջակցություն նրանց տնտե­սա­կան զարգացման հեռանկառնե­րին։

Պարտա­վորվում էին ապա­հո­վել գլո­բալ տնտե­սա­կան համա­գործակցություն և կենսա­մա­կարդա­կի համընդհա­նուր բարձրա­ցում։ Սա, ի վերջո, դարձավ այս աշխարհա­կարգը ապա­հո­վող միջազգա­յին ինստի­տուտի՝ ՄԱԿ‑ի ստեղծման կանո­նադրա­կան նպա­տակնե­րից մեկը։

Պարտա­վորվում էին ստեղծել վախից և կարի­քից զերծ հանրություն։ Սրա ապա­հովման համար կողմե­րը պետք է ստեղծեին պետություննե­րի միություն, որը յուրօ­րի­նակ մեխա­նիզմնե­րով կապա­հո­վեր առանց արտա­քին ֆիզի­կա­կան միջամտությունից վախի և տնտե­սա­կան պայմաննե­րից առա­ջա­ցած սովի վտանգից կախման յուրա­քանչյուրի գոյությունը։

Ապա­հո­վել ծովե­րի և օվկիա­նոսնե­րի օգտա­գործման ազա­տություն։ 

Ագրե­սոր երկրնե­րի զինա­թա­փում, որից հետո ամբողջա­կան զինա­թա­փում պատե­րազմից հետո։

Մեկ ամիս անց այս խարտիա­յին միա­ցան ԽՍՀՄ‑ը և հակա­գերմա­նա­կան կոա­լի­ցիա­յի մյուս անդամնե­րը։ Ինչպես տեսնում ենք, պայմա­նա­վորվող կողմե­րը արդեն հաշվի էին առել նախկին սխալնե­րը և որպես նոր աշխարհա­կարգի հիմք ընդունել նախկին պայմա­նա­վորվա­ծություննե­րից դրա­կան արդյունքներ գրանցած դրույթնե­րը։ Վեստֆալյան համա­կարգից փոխառվել էին դրա սկզբունքնե­րը՝ ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության, միմյանց գործե­րին չմի­ջամտե­լու դրույթնե­րը և վեճե­րը խաղաղ կարգա­վո­րե­լու հանձնա­ռությունը։ Վիեննա­յի համա­կարգից փոխառվել էր որո­շումնե­րը համա­կարծությամբ լուծե­լու կարգը՝ արդեն ՄԱԿ‑ի անվտանգության մշտա­կան խորհրդի կազմով։ Ի տարբե­րություն Վերսալյան պայմա­նագրի՝ Վեստֆալյան և Վիեննա­յի խաղա­ղության նմա­նությամբ Գերմա­նիան բաժանվեց երկու՝ արև­ելյան և արևմտյան մասե­րի։ Արևմտյան Գերմա­նիան՝ որպես ուժի աղբյուր, ոչ միայն չանտեսվեց, այլև ներառվեց նույն այն անվտանգա­յին դաշինքի մեջ, որն ի սկզբա­նե ստեղծվել էր որպես հակա­գերմա­նա­կան։ ՄԱԿ‑ի անվտանգության խորհրդի մշտա­կան անդամնե­րից յուրա­քանչյուրն այս կարգե­րը պահպա­նե­լու համար իր ազդե­ցության գոտին ստա­ցավ։

Ի թիվս նախկին կարգե­րի լավա­գույնս դրսև­ո­րած դրույթնե­րի, ներկա­յիս համա­կարգը անվտանգության մի նոր, կարև­որ բաղադրիչ ստա­ցավ՝ միջուկա­յին զենքի միջո­ցով ռազմա­կան հավա­սա­րակշռությունը։ Այս կամ այն կերպ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ որո­շումնե­րի նկատմամբ վետո կիրա­ռե­լու իրա­վունք ունե­ցող 5 մշտա­կան անդամնե­րից յուրա­քանչյուրը ստա­ցավ սեփա­կան անվտանգությունն ապա­հո­վե­լու և ուժա­յին հավա­սա­րակշռման այդ կարև­որ բաղադրի­չը։ Նորա­մուծություն էր նաև Չինաստա­նի ներգրա­վումը՝ որպես միջազգա­յին անվտանգա­յին համա­կարգի մաս․ նախորդ համա­կարգե­րից Չինաստա­նը դուրս էր մնա­ցել։ Յուրա­քանչյուր պայթյունավտանգ աշխարհա­մա­սում կամ տարա­ծաշրջա­նում ստեղծվե­ցին զսպումնե­րի և հակակշիռնե­րի յուրօ­րի­նակ համա­կարգեր՝ տարա­ծաշրջա­նին բնո­րոշ հակակշիռնե­րով։ Եվ այդ հավա­սա­րակշռությունը անընդհատ սնվում էր կարգին հետև­ող պետություննե­րի կողմից։

ԱՄՆ‑ն՝ որպես միջազգա­յին կարգե­րի պահա­պան

Մինչև ժամա­նա­կա­կից կարգե­րի փոփո­խության նկա­րագրությանն անցնե­լը ճիշտ կլի­ներ կանգ առնել ԱՄՆ‑ի՝ որպես պետության, քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության ասպեկտի վրա։ Դա կարև­որ է, քանի որ ԱՄՆ‑ն ժամա­նա­կի ընթացքում դարձավ մի պետություն, որը հիմնա­կան պաշտպանն էր լինե­լու այն կարգե­րի, որոնք ձևա­վորվել էին Եվրո­պա­յում։ Արդյո՞ք ԱՄՆ‑ն կարող էր և ճիշտ կգտներ այդ կարգե­րի պաշտպա­նության մեջ իր առա­քե­լությունը տեսնել։ Եթե եվրո­պա­ցի­նե­րը խաղա­ղության հասնե­լու համար մի կողմ էին դրել բարո­յա­կա­նության մասին իրենց պատկե­րա­ցումներն ու դրան հասել պրագմա­տիկ հաշվարկով, ապա դա կարո՞ղ է համա­հունչ լինել աշխարհի և խաղա­ղության մասին ԱՄՆ‑ի պատկե­րա­ցումնե­րին։ Եվրո­պա­կան գործե­րին ԱՄՆ‑ի առա­ջին իսկ մասնակցությունը անհա­ջո­ղությամբ պսակվեց, երբ Առա­ջին աշխարհա­մարտից հետո խաղա­ղության հասնե­լու գործում իսպառ անտեսվեց ուժի գործո­նը։ Նմա­նօ­րի­նակ խնդիր էր նաև Առա­ջին աշխարհա­մարտից հետո հայկա­կան հարցի կարգա­վո­րումը, որի պրակտիկ իրա­գործումը՝ հայկա­կան տարածքնե­րի սահմա­նա­զա­տումը հանձնվեց ԱՄՆ‑ի մանդա­տին։ Այստեղ կայացվեց Վուդրո Վիլսո­նի իրա­վա­րար վճի­ռը, որը նույնպես կենսունակ չէր, քանի որ այն պաշտպա­նե­լու ուժի գործո­նը հաշվարկված չէր։ Այսինքն՝ ո՛չ Վերսա­լի պայմա­նագրի, ո՛չ էլ հայկա­կան հարցի կարգա­վորման ձախո­ղումնե­րը պատա­հա­կա­նություն չէին, այլ ԱՄՆ‑ի՝ ժամա­նա­կի քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության բացե­րի հետև­անք։ Վերսալյան պայմա­նա­գի­րը, որ հիմնա­կա­նում անտե­սեց խաղա­ղության հաստատման գործում ուժի գործո­նը, փորձեց կարգա­վո­րել իրա­վա­կան դաշտը և կարև­ո­րեց պարտադրված արժեքնե­րը։ Միտքն այն էր, որ համա­պա­տասխան արժե­հա­մա­կարգ որդեգրած աշխարհի համար այլևս պատե­րազմնե­րը կդա­դա­րեն իմաստ ունե­նալ։ Սա հանգեցրեց նոր պատե­րազմի։

«Եթե ԱՄՆ‑ի դրո­շը տեղադրվել է օտար հողի վրա, ապա դա նոր տարածքներ գրա­վե­լու համար չէ, այլ մարդկության բարօ­րության համար»․ ԱՄՆ 25-րդ նախա­գահ Ուիլյամ Մակկինլիի այս խոսքե­րը բավա­րար են երկրի արտա­քին քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության առանձնա­հատկությունը նկա­րագրե­լու համար։ Դրա էությունն այն է, որ ԱՄՆ‑ի քաղա­քա­կան խավը երկրին վերագրում է աշխարհն իրենց օրի­նա­կով փոխա­կերպե­լու առա­քե­լություն։ Թվում է, թե ազա­տության, ժողովրդա­վա­րության և պետա­կան կառա­վարման նրանց մոդելն իդեա­լա­կան է ամբողջ աշխարհի և բոլոր ժողո­վուրդնե­րի համար ու նրանք ջանք չեն խնա­յում այն աշխարհի սեփա­կա­նությունը դարձնե­լու համար։ Ահա թե ԱՄՆ‑ի հիմնա­դիր հայրե­րից Թոմաս Ջեֆերսոնն ինչ է գրում այս կապակցությամբ․ «Մենք զգում ենք, որ գործում ենք համա­ձայն մեր պարտա­վո­րություննե­րի, որոնք ամենև­ին էլ սահմա­նա­փակված չեն մեր հասա­րա­կության սահմաննե­րով։ Անհնար է չգի­տակցել, որ մենք հանուն ողջ մարդկության ենք գործում, որ այլոց մերժված, բայց մեզ շնորհված հանգա­մանքնե­րը պարտա­վո­րում են ցուցա­նել, թե որն է ազա­տության ու ինքնա­կա­ռա­վարման այն աստի­ճա­նը, որով հասա­րա­կությունը պետք է ձգտի օժտել իր անդամնե­րին»։ 

Եվրո­պա­յում իրա­կա­նության հետ այս տեսության բախումից և ձախո­ղումից հետո ԱՄՆ‑ն մեկուսա­ցավ և փորձեց վերաի­մաստա­վո­րել իր քաղա­քա­կա­նությունը։ Ընդհանրա­պես, ԱՄՆ‑ի արտա­քին քաղա­քա­կա­նության վերաի­մաստա­վո­րումը անընդհատ գործընթաց է, որ արդիա­կա­նա­նում է ամեն հերթա­կան ձախո­ղումից հետո՝ Առա­ջին աշխարհա­մարտ, Կորեա, Վիետնամ, Աֆղանստան, Իրաք և այլն։ Այն հանգում է զուգա­հեռ գոյություն ունե­ցող երկու հայե­ցա­կարգե­րի բախման։ Առա­ջին մոտե­ցումն այն է, որ ԱՄՆ-ում ձևա­վորվել է մի ժողո­վուրդ, որի առա­քե­լությունն է աշխարհին տալ ազա­տության և պետա­կան կառա­վարման այն մոդե­լը, որը նրանց հաջո­ղության է հասցրել և դարձրել հզո­րությամբ առա­ջին պետությունը։ Առա­ջին աշխարհա­մարտից հետո վերաի­մաստա­վորման արդյունքնե­րը տեսա­նե­լի են։ Արդեն Երկրորդ աշխարհա­մարտից հետո ԱՄՆ‑ի նոր դերա­կա­տա­րությունը, բացի արժե­քա­յին և իրա­վա­կան բաղադրի­չի հիմքե­րից, ամրապնդված էր նաև ուժի աննա­խա­դեպ կենտրո­նացվա­ծությամբ և այն իր նպա­տա­կին ծառա­յեցնե­լու վճռա­կա­նությամբ։ Իզուր չէ, որ երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ԱՄՆ‑ի ռազմա­կան բյուջեն անշե­ղո­րեն աճում է և կազմում է ռազմա­կան ծախսե­րի մեծությամբ իրեն հաջորդող երկրնե­րի տասնյա­կի բյուջե­նե­րի հանրա­գումա­րին։

Մյուս հայե­ցա­կարգն, ըստ էության, վերա­դարձ է Մոնրո­յի դոկտրի­նին, ըստ որի՝ ԱՄՆ‑ն հանձնա­ռու էր չխառնվել եվրո­պա­կան [աշխարհի] գործե­րին, փոխա­րենն ակնկա­լում էր, որ որևէ պետություն չմի­ջամտի ԱՄՆ‑ի և արևմտյան կիսագնդի որևէ երկրի գործե­րին։ Այս հայե­ցա­կարգի վառ ներկա­յա­ցուցի­չը Դոնալդ Թրամփն էր, որի նախընտրա­կան կարգա­խոսնե­րից ամե­նանշա­նա­կա­լին «Ամե­րի­կան՝ առա­ջին հերթին» կարգա­խոսն էր։ Սակայն մենք տեսանք, թե ձևա­վորված աշխարհա­կարգում ԱՄՆ‑ի մեկուսա­ցումն ինչ աղե­տա­լի հետև­անքներ ունե­ցավ համաշխարհա­յին խաղա­ղության համար։ Նրա կառա­վարման ընդա­մե­նը 4 տարի­նե­րի ընթացքում գործնա­կա­նում բոլոր տարա­ծաշրջաննե­րում հարա­բե­րություննե­րը մոտե­ցան պատե­րազմա­կա­նին կամ պատե­րազմներ սկսե­ցին։ Ակնհայտո­րեն դա ուժա­յին հավա­սա­րակշռության խախտման հետև­անքն էր։ ԱՄՆ‑ի մեկ այլ նախա­գահ՝ Թեո­դոր Ռուզվելտը, այդպի­սի քաղա­քա­կա­նության հետև­անքնե­րը նկա­րագրում էր այսպես․ «Ազա­տա­կան հասա­րա­կություննե­րը միջազգա­յին հարցե­րում վեճե­րի ու կռիվնե­րի դերը թերագնա­հա­տում են։ Ցավա­լի փաստ է, որ առա­վել մարդա­սեր, ներքին կատա­րե­լության ձգտող երկրնե­րը, որպես կանոն, նվազ ալտրուիստա­կան քաղա­քա­կա­նություն ունե­ցող երկրնե­րի հանդեպ թուլա­նա­լու հակում ունեն։ Ես ատում ու արհա­մարհում եմ այն կեղծ մարդա­սի­րությունը, որ քաղա­քակրթության առա­ջընթա­ցը պայմա­նա­վո­րում է ռազմի ոգու թուլացմամբ ու դրա­նով թերզարգա­ցա­ծին հրա­վի­րում է ոչնչացնել զարգա­ցած քաղա­քակրթությունը»։ Պատմությունը հստա­կո­րեն ցույց տվեց, որ նրա այս մտքե­րը ճիշտ էին թե՛ վիլսոնյան, թե՛ Թրամփի վարած քաղա­քա­կա­նության հետև­անքնե­րը նկա­րագրե­լու համար։ Դրա վկա­յությունն են Էրդո­ղա­նի, Պուտի­նի ռեժիմնե­րի դրսև­ո­րած վարքը, երբ քաղա­քա­կիրթ աշխարհը հրա­ժարվում է ռազմա­կան ուժ կիրա­ռե­լու սպառնա­լի­քից կամ ռազմա­կան բալանսը պահպա­նե­լու գործե­լաո­ճից։

Այնուա­մե­նայնիվ, Բայդե­նի նախա­գա­հությամբ ԱՄՆ‑ն վերա­դարձավ իր հիմնա­կան դերա­կա­տա­րությա­նը և դա առա­ջին հերթին վառ արտա­հայտվեց ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի դեպքում։ Մենք ակա­նա­տես ենք լինում, որ Հարա­վա­յին Կովկա­սի հարցե­րում նրա միջամտությունը նույնպես վճռա­կան դառնա­լու միտում ունի։ Սակայն միջազգա­յին հարցե­րում ԱՄՆ‑ի հետա­գա դերա­կա­տա­րությա­նը պետք է ավե­լի լայն նայել։

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ