Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Բաքուն և Երևանը վերադառնան եռակողմ հայտարարության դրույթներին։ Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը՝ սկզբունքորեն այլ։
Գելա Վասաձե
Վրաստանը չի կարող լիարժեք միջնորդ լինել, դրա ռեսուրսները չունի
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն
Պարոն Վասաձե, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը գործնականում ցույց է տվել, որ կարող է արդյունավետ միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ նշելով 2021 թվականի հունիսին Թբիլիսիի միջնորդությամբ տեղի ունեցավ 15 հայ գերիների վերադարձը: Գործնականում Վրաստանը որքանո՞վ կարող է այդ դերը ստանձնել:
Անկեղծ ասած, Վրաստանի դերն այս գործում զուտ տեխնիկական էր։ ԱՄՆ-ն իրական միջնորդն էր: Վրաստանը իդեալական աշխարհագրական դիրք է երկկողմ հանդիպումների համար, մենք կարող ենք քննարկել եռակողմ համագործակցությունը, միանալ փորձագիտական մակարդակով, լուսաբանել լրատվամիջոցներով և իրականացնել համատեղ տարածաշրջանային նախագծեր։ Բայց Վրաստանը չի կարող լիարժեք միջնորդ լինել, դրա ռեսուրսները չունի, չունի ռեսուրսներ երաշխիքների համար: Ուստի ԱՄՆ-ի հետ միասին գործընթացին մասնակցելը ճիշտ և օգտակար է։ Աջակցել երկկողմ շփումներին, ստեղծել համապատասխան պայմաններ, այո՛, իհարկե։ Վրաստանի խնդիրն է ընդունել հյուրերին, թեյ ու սուրճ պատրաստել, հանգիստ փակել դուռը նրանց հետևից և չմիջամտել, քանի դեռ չեն կանչել քննարկելու եռակողմ ձևաչափը։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի:
Տեսակետ կա, որ բարեկամ Վրաստանը թերևս չի կարող անել ավելին, քան առավել զորեղ հնարավորությունների տեր միջնորդները: Համամի՞տ չեք:Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ի՞նչ կարող է անել Վրաստանն այս փուլում։
Գուցե Ղարիբաշվիլին ավելին գիտի, քան ես, ի վերջո վարչապետ է։ Ես իմ կարծիքն արտահայտեցի:
Պարոն Վասաձե, Արցախում օղակը գնալով սեղմվում է, շրջափակումը խստանում է, Լաչինի միջանցքը՝ փակ է: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
Սա կանխատեսել էր, ինչ-որ մեկը մտածել է, որ կարող էր այլ կերպ լինե՞լ: Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Բաքուն և Երևանը վերադառնան եռակողմ հայտարարության դրույթներին։ Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը սկզբունքորեն այլ է, և ես կրկին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգները մեծ ջանքեր է գործադրում հակամարտությունը կարգավորելու և խաղաղության հասնելու համար։ Չսառեցնելու, այլ հենց լուծելու հարցը: Եվ դա, անշուշտ, որոշակի լավատեսություն է ներշնչում։
Հարցազրույցը՝ 1in.am կայքից։