Հայաստան

Ով Ումից Ինչ Է Ուզում

Ի՞նչ կարող է անել Արցախը, եթե չի ստանում բավարար պատասխան Մոսկվայից: Մտածել, թե որևէ այլ մայրաքաղաքում կա Արցախի այսօրվա հարցերի պատասխանները բավարարելու պատրաստակամություն և մոտիվացիա, քաղաքական միամտություն է, ինչի մասին վկայում են այլ մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները: Բացառություն է գուցե Փարիզը, որը սակայն չունի իր «բացառության» քաղաքական շոշափելի կապիտալիզացիայի բավարար ներուժ:

Հակոբ Բադալյան

Պուտինից Արցախի ակնկալիքն ու Բաքվի «չինական» հարցը

Արցախի նախագահի խնդրանքով Հայաստանի վարչապետը հուլիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ինչպես հայտնի է, դրանից առաջ տարածվել է տեղեկություն, որ ԱՀ նախագահ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի միջոցով նամակ էր փոխանցել Պուտինին, դրանում խնդրելով իրազեկել արցախցիներին Արցախում ՌԴ պլանների մասին: Արցախի արտգործնախարարը հուլիսի 6-ին հայտարարել է, որ Ստեփանակերտն ակնկալիք ունի Պուտինից: Իհարկե պարզ է, թե որն է ակնկալիքը՝ ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Արցախի պաշարումը, մարդասիրական տեռորի քաղաքականությունը, միաժամանակ զերծ մնալով նաև ռազմական սադրանքներից:

Ի վիճակի՞ է Ռուսաստանը բավարարել այդ ակնկալիքները: Եվ, եթե ի վիճակի է, միթե՞ սպասում էր, որ Արցախի իշխանությունը դիմի նամակով, Հայաստանի վարչապետը ունենա հեռախոսազրույց՝ ԱՀ նախագահի խնդրանքով: Եթե Մոսկվան ի վիճակի լինի ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների լիարժեք իրականացումը, ապա ինչու՞ պետք է իրավիճակը հասներ այսօրվան՝ Արցախի լիակատար պաշարման: Հետևաբար, որքանո՞վ է արդարացված ու ռացիոնալ Ռուսաստանի նախագահից որևէ սպասում: Թե՞ Արցախի իշխանությունը համարում է, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանի կարողությունը, այլ այսպես ասած կառավարման ուղղահայացն է, և, եթե ամեն ինչ հանգամանալից ներկայացվի Պուտինին, ապա «բարի ցարը» կլուծի կառավարման խնդիրները և իրավիճակը կսկսի փոխվել: Բայց, միթե՞ Պուտինը մեկուսացված է այնքան, որ իրազեկված չէ Արցախում առկա վիճակի մասին: Չէ՞ որ այս ամիսների ընթացքում նա մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետին: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը նրան չի հայտնել Արցախում և դրա շուրջ իրադրության մասին: Այս բոլոր հարցադրումները իրականում թվում են ավելորդ, սակայն, եթե դրանք ավելորդ են, ապա առավել առարկայական են դառնում այլ հարցեր: Մասնավորապես, ի՞նչ ժամկետում է Արցախը ակնկալում Պուտինի գործողություններ, քայլեր, արդյունք: Եթե դրանք չեն տեղավորվում ողջախոհ ժամկետում, ո՞րն է լինելու Արցախի քայլը: Որովհետև, եթե չի փոխվում ոչինչ, և չի հետևում Արցախի որևէ քայլ, ապա կնշանակի, որ կրակվում է այսպես ասած «դատարկ փամփուշտ», ինչը կարող է ավելի լկտիացնել Ադրբեջանին:

Մյուս կողմից, իսկ ի՞նչ կարող է անել Արցախը, եթե չի ստանում բավարար պատասխան Մոսկվայից: Մտածել, թե որևէ այլ մայրաքաղաքում կա Արցախի այսօրվա հարցերի պատասխանները բավարարելու պատրաստակամություն և մոտիվացիա, քաղաքական միամտություն է, ինչի մասին վկայում են այլ մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները: Բացառություն է գուցե Փարիզը, որը սակայն չունի իր «բացառության» քաղաքական շոշափելի կապիտալիզացիայի բավարար ներուժ: Այդ դեպքում ստացվում է, որ Արցախին կմնա պարզապես գնալ ճեղքման՝ եթե չի ստացվում Ռուսաստանից եղած ակնկալիքը: Ընդ որում, հարկ է նկատել իհարկե, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանն իր վճռով, փաստացի տվել է ճեղքման լեգիտիմ իրավունք: Այդ իրավունքը տվել են նաև բազմաթիվ միջազգային հորդորներն ու դատապարտումները, ու դրանց հանդեպ Բաքվի արհամարհանքը:

Ամբողջ հարցն այն է, կա՞ ճեղքման ռեսուրս, թե՞ ոչ: Չէ՞ որ Արցախի պաշտպանական բանակն առավել ևս այսօր ի վիճակի չէ ռազմական բախում ունենալ ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ: Հետևաբար, «ճեղքման» գործողությունը թվում է բավականին հուսահատ և արկածախնդիր, անհաշվենկատ: Այդ դեպքում սակայն անհաշվենկատ է ստացվում ընդհանրապես «նամակագրային» այդ պատմությունը, եթե պարզ չէ հաջորդ շոշափելի, տեսանելի քայլը: Ավելի շուտ, պատմության հանրայնացումը, որովհետև ինքնին հաղորդակցությունը Մոսկվայի հետ, այդ թվում Պուտինին ուղղված նամակով, միանգամայն նորմալ է առկա իրավիճակում: Բայց, հանրայնացնելով դրա առկայությունը, արդեն ձևավորվում է բոլորովին այլ «պատասխանատվության» դաշտ: Այստեղ է, որ առկա է նաև մյուս հարցը՝ իսկ կարո՞ղ էր Արցախի ղեկավարությունը հանրայնացնել Հարությունյանի նամակը Պուտինին, առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման: Չէ՞ որ հանրայնացումը պատասխանատվությունը սրում է նաև Ռուսաստանի համար, հետևաբար, գնալ դրանց առանց փոխհամաձայնության, թերևս դարձյալ կարող էր դիտվել անհաշվենկատ և որոշակի, թեկուզ հարաբերականորեն արկածախնդիր քայլ: Կամ, հակառակ դեպքում կնշանակի, որ Ստեփանակերտն ու Մոսկվան ձևավորում են որոշակի «մուգ ձիուկ», Բաքվի համար առնվազն առաջացնելով «չինական» հարց՝ «փնտրե՞լ, թե՞ չփնտրել սև կատու մութ սենյակում»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *