Հայաստան

Պահանջկոտ Լինենք Մեր Որակների Հանդեպ

Ինչպես իրենք են ուզում, որ մենք դադարենք սերտ կապ ունենալ իրենց թշնամու հետ, այդպես էլ նույնը ուզում ենք մենք, որպեսզի նրանք էլ դադարեն սերտ աշխատել մեր թշնամու հետ:

Հակոբ Բադալյան

Հաճախ է հնարավոր լսել այդ արտահայտությունը՝ «եթե բռնել ենք ռուսից ու պոկ չենք գալիս, աշխարհից ինչ ենք ուզում»:

Նախ, աշխարհից, որպես այդպիսին, չենք ուզում ոչինչ, որովհետեւ աշխարհ, որպես այդպիսին, բնականաբար վերացական հասկացություն է:

Եթե աշխարհ ասելով նկատի ունենք միջազգային կառույցները, դրանց առանցքային դերակատարներին, ապա մենք նրանցից ուզում ենք հավասարապես այն, ինչ իրենք են ուզում մեզանից:

Օրինակ, իրենք մեզանից ուզում են ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, այսպես ասած եվրոպական արժեքներ եւ ա՞յլն: Իսկ մենք նրանցից ուզում ենք ա՞յլ բան: Մենք նրանց ասում ենք, որ կա մի պետություն՝ Ադրբեջան, որը ոտնահարում է այդ ամենը, թե Հայաստանի, թե Արցախի, այնտեղ ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքի համար պայքարող 120 հազար մեր հայրենակիցների, պարզապես մարդկանց նկատմամբ: Այնպիսի մարդկանց, ինչպիսի մարդկանց նկատմամբ գործնականում նույն վարվելակերպի համար դուք ոչնչացրեցիք մի քանի այլ «մարդկանց» եւ ձեռքի հետ էլ նրանց ղեկավարած պետություններ: Չթվարկեմ: Հետեւաբար, ընդամենն ուզում ենք իրենց իսկ սահմանած արժեքների հանդեպ համարժեք պատասխանատվություն, իրենց իսկ սահմանած նախադեպերով:

Ախ, հա, դուք ուզում եք, որ մենք ձեզանից ակնկալելով կամ ուզելով այդ ամենը, դադարենք Ռուսաստանի՞ հետ դաշնակցելուց կամ սերտ հարաբերվելուց, այդ թվում ինտեգրացիոն ձեւաչափերում:

Շատ լավ: Բայց, նախ, օրինակ Ուկրաինա ներխուժելուց անմիջապես առաջ այսպես ասած միջազգային վերջին դաշնագիրը, որ ստորագրել է ՌԴ նախագահ Պուտինը, ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Թե՞ դա հեչ, եթե Ալիեւը Արցախը պաշարում է ու այդ կերպ վարկաբեկում ռուսական խաղաղապահ ներկայությունն ու ընդհանրապես հայ հանրությանը տալիս ռուսներին քննադատելու առիթ:

Իհարկե, հայ հանրության մի ստվար մաս համոզված է, որ Ալիեւն այդ ամենը կատարում է հենց ռուսների հետ: Շատ լավ, հնարավոր է իհարկե, բայց չէ՞ որ դա առավել եւս պետք է ստիպեր այդ «աշխարհին», որ նախատեին իրենց իրենց իսկ գնահատականով հանցագործ Պուտինի հետ սերտ աշխատող Ալիեւին, առնվազն սպառնալով նրան եթե ոչ նույն, ապա գոնե շոշափելի պատժամիջոցներով, եթե շարունակի Պուտինի հետ ճնշել մեզ: Բայց, դրա փոխարեն նրանք աշխատում են Ալիեւի հետ, իսկ մեզ էլ կոչ անում բանակցել նրա հետ ու պայմանավորվել, այդ կերպ փաստացի պարզ հավանության արժանացնելով այն շանտաժը, որ մեր՝ թե Հայաստանի, թե Արցախի հանդեպ կիրառում է նա:

Եվ մի բան էլ: Ինչպես իրենք են ուզում, որ մենք դադարենք սերտ կապ ունենալ իրենց թշնամու հետ, այդպես էլ նույնը ուզում ենք մենք, որպեսզի նրանք էլ դադարեն սերտ աշխատել մեր թշնամու հետ: Իսկ այստեղ, կա մի նրբություն: Ի տարբերություն մեր ու Ռուսաստանի հարաբերակցության, իրենց ու Ադրբեջանի հարաբերակցությունը մեղմ ասած բազմակի անգամ իրենց օգտին է եւ իրենք չունեն այն ռիսկերը, որ կա Հայաստանի դեպքում՝ Ռուսաստանի դեմ քաղաքականության պարագայում:

Ամփոփեմ: Վերը նկարագրվածը պարզապես անդրադարձն էր այն արտահայտություններին, որ հնչում են, երբ Ռուսաստանից բացի, բարձրաձայնվում է որեւէ այլ մեկի, այսպես ասած «աշխարհի» պատասխանատվության մասին՝ «եթե չեք պոկվում ռուսներից, աշխարհից էլ ի՞նչ եք ուզում»:

Փորձեցի մատնացույց անել, որ չենք ուզում ոչ մի ավելի բան, քան այն, ինչ իրենք են ուզում մեզանից: Եվ ավելին, մեզանից իրենց ուզածը բազմակի անգամ ավելի ծանր ու ռիսկային է, քան իրենց համար այն, ինչ մենք ենք ակնկալում իրենցից: Ընդ որում ակնկալում ենք միջազգային հարաբերություններում մեր մասնակցության իրավունքների եւ պարտավորությունների հանրագումարից բխող փաստական ակնկալիքով, այլ ոչ թե քմահաճույքով:

Հետեւաբար, արժե վերջ տալ այդ՝ «աշխարհից ինչ ենք ուզում» ինքնախարազանմանը, որովհետեւ դրա հիմքում գործնականում նույն անարժանապատվությունն է, ինչ կարող է լինել օրինակ մեր հանդեպ Ռուսաստանի մեծապետական հավակնությունների հանդեպ գլխահակության պարագայում:

Առավել եւս, որ գործնական դաշտում, արտաքին դերակատարների հետ փոխհարաբերությունների խնդիրը շատ ավելի բարդ ու անընդհատ մի գործընթաց է, որտեղ լավագույն բանաձեւն իհարկե այն է, որ մենք առավելագույնս պահանջկոտ լինենք մեր որակների հանդեպ, մենք մեզանից «ուզենք» ամենաշատը:

Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *