Հայաստան

Հայաստանն Ուկրաինայի Վերածում Են Ռուսներն Ու Ադրբեջանցիները

Ռուսաստանը կարծում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն իսկ ամբողջապես ջարդել է Հայաստանին ու կարող է անել ինչ ցանկանա, բայց ժողովրդի աջակցության վրա հենված իշխանությունները դիմադրում են ռուսներին և այդ է պատճառը, որ նույնիսկ ինքնուրույնության մասին վկայող ամենափոքր քայլն անգամ ռուսների վրդովմունքն է առաջացնում: Ռուսները մեզ նայում են որպես ենթակայի, մեզնից պահանջում են լիակատար հնազանդություն:

Հովսեփ Խուրշուդյան

FreeNews-ը զրուցել է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հակարգող և «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 4-ին Սոչիում տեղի ունեցած Էրդողան-Պուտին հանդիպումը, դրանից բխող հավանական հետևանքները, ինչպես նաև իրավիճակը Կովկասում և Հայաստանի ունեցած հնարավորություններն ու ռիսկերը:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ հանդիպումն ավելի շատ անհամաձայնությունների հանդիպում էր, քան թե համաձայնությունների: Ամենից ակնառուն իհարկե հացահատիկի համաձայնագիրն էր, որը խզվել էր Ռուսաստանի կողմից միակողմանիորեն և հիմա Թուրքիան ցանկանում է վերականգնել այն: Խուրշուդյանի կարծիքով այդ համաձայնագրի վերագործարկումն ավելի շատ անհրաժեշտ է Թուրքիային ու Ռուսաստանին և նրանք ամեն գնով կփորձեն պայմանավորվել դրա շուրջ: Այդ իսկ պատճառով էլ Թուրքիան եկել էր բավական առատաձեռն առաջարկություններով և Ռուսաստանը սակարկում է դրա գինը: Ամեն դեպքում Թուրքիան այս հարցում ևս հանդես է գալիս որպես միջնորդ, նա իր կողմից տրված պարտավորվածություններ ունի և՛ ՆԱՏՕ-ին, և ՄԱԿ-ին, ուստի չի կարող խոստանալ ավելի, քան պատրաստ է անել, քանի որ Արևմուտքը հստակորեն Թուրքիային բացատրել է այն կարմիր գծերը, որոնք անցնել չի կարելի: Դա է պատճառը, որ Ռուսաստանը փորձում է հարմարվել նաև այս նոր իրավիճակին: Ասել, թե Սոչիի հանդիպումն անպտուղ էր՝ իմաստ չունի: Շատ հավանական է, որ պաշտոնական հայտարարություններից բացի Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ստվերային պայմանավորվածություններն ունեն և որ ավել իվատ է, այդ պայմանավորվածությունները կարող են ուղղակիորեն վերաբերվել Հայաստանին: 

Հովսեփ Խուրշուդյանը բացառեց այն տեսակետը, որ Թուրքիան ռուսների նկատմամբ կարող է կիրառել «բլիթի ու մտրակի» քաղաքականություն, քանի որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները ավելի քան մոտ են ու այստեղ ինչ որ խոշոր իրադարձություն տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքը ցանկանա այդ: ԱՎելին՝ ռուս-թուրքական առևտրատնտեսական պայմանագրերը նախապատերազմական թուլը գերազանցել են մոտ երեք անգամ:

Ինչ վերաբերվում է Կովկասին ու Հայաստանին մասնավորապես, Խուրշուդյանն այն կարծիքը հայտնեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ուժերով են փորձելու Հայաստանից ստանալ իրենց պետք եկածը: Թուրքիան, որի համար դեռ շատ կարևոր է «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, իր պրոքսի պետություն Ադրբեջանի, իսկ Ռուսաստանն իր գործակալների, 5-րդ շարասյան միջոցով է փորձում ու փորձելու ստանալ: Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի ու նոր իշխանություն կոչվածը, որ հույս ունեն կազմել ներկայիս ընդդիմության շարքերից, Ռուսաստանին կտան ինչ որ նրանք ուզեն, իսկ Հայաստանն էլ կվերածեն ռուսական նահանգի, միայն թե իրենք հանգիստ շարունակեն իրենց թալանը:

Խոսելով ադրբեջանցիների կողմից մարդկային ուժի կուտակման մասին, Հովսեփ Խուրշուդյանը չբացառեց, որ պատերազմ կարող է սկսվել, բայց ասաց, որ ավելի հակված է այն կարծիքին, որ ԱԴրբեջանը գուցե փորձի կարճաժամկետ ինչ որ ճնշումներով ստանալ այն, ինչ ռուսները նրանց խոստացել են՝ միջանցքը: Ռուսները մինչև հիմա էլ ադրբեջանցիներից պահանջում են կատարել իրենց խոստումը՝ ռուսական օգնության դիմաց 44-օրյա պատերազմում՝ այսինքն մտնել ՀԱՊԿ, անդամակցել ԵԱՏՄ-ին, իսկ ադրբեջանցիներն էլ պատասխանում են, որ ռուսներն իրենց խոստումը մինչև վերջ չեն կատարել, միջանցքը դեռևս բացված չէ: Բայց լայնածավալ պատերազմի վտանգը ավելի քիչ հավանական է, քանի որ ՀՀ սահմանին կանգնած են եվրադիտորդները, ովքեր արձագանքում են ամեն ինչ ու արդեն արձագանքել են ադրբեջանցիների այն հայտարարությանը, թե հայերը զորք են կուտակում սահմանին, ասելով, որ նման բան չկա: Ադրբեջանը դժվար թե առանց այդ ամենը հասկանալու մտնի այն պատժամիջոցների տակ, որը նրան սպասվում է: Իսկ պատժամիջոցները կլինեն ու շատ ծանր: Եթե ինչ որ բան էլ անի, ապա միայն ռուսական աջակցությամբ:

Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ Ռուսաստանը կարծում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն իսկ ամբողջապես ջարդել է Հայաստանին ու կարող է անել ինչ ցանկանա, բայց ժողովրդի աջակցության վրա հենված իշխանությունները դիմադրում են նրանց և այդ է պատճառը, որ նույնիսկ ինքնուրույնության մասին վկայող ամենափոքր քայլն անգամ ռուսների վրդովմունքն է առաջացնում: Ռուսները մեզ նայում են որպես ենթակայի, մեզնից պահանջում են լիակատար հնազանդություն: Իսկ դա այդպես չէ, Հայաստանն անկախ պետություն է, որն ունի իր շահերը: Այն ընդդիմադիրները,  որ մեղադրում են, թե ներկաները հակառուս են, թող չմոռանան, որ ներկայիս իշխանությունը արել է բաներ, որ նույնիսկ նախկինները չեն արել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կողմ է, որպեսզի ռուսները շատ երկար մնան այստեղ: Ռուսներին տարածաշրջանից հանողը հայերը չեն, այլ ադրբեջանցիներն են՝ թուրքերի պատվերով: Ադրբեջանցիներն ամեն կերպ օգնում են ուկրաինացիներին, դեմ են կանգնում ռուսներին, ամեն ինչ անում են ու հեղինակազրկում ռուս խաղաղպահներին, բայց Մոսկվան նեղանում է հայերից:

Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձավ իր և մի շարք հասարակական գործիչների կողմից ստորագրված հայտարարության  առ այն, որ օր առաջ պետք է հեռանալ ռուսական ամեն ինչից: Ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք Հայաստանը ուզում են վերածել Ուկրանինայի, բայց Հայաստանն Ուկրաինայի վերածում են Ռուսաստանն ու Ադրբեջանը և պետք չէ սպասել մինչև ճգնաժամային պահի, երբ թուրք-ռուսական դաշինքը վերջանանապես փորձի կործանել Հայաստանը: 

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *