18.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մինչ այդ Խորհրդա­յին Ռուսաստա­նի ղեկա­վարներն ավե­լի ու ավե­լի էին հակվում այն մտքին, որ Հայաստա­նը պետք է խորհրդայնացնել, քանի որ թուրքա­կան բանակն անընդհատ առա­ջա­նում էր, եւ բացի այդ, Դաշնակցության իշխա­նությունը լրջա­գույն քաղա­քա­կան ճգնա­ժա­մի առջեւ էր։

Մեկ շաբա­թից ավե­լի տեւած բանակցություննե­րիարդյունքում 1920թ. դեկտեմբե­րի 2‑ի լույս 3‑ի գիշե­րը Ալեքսանդրա­պո­լում գտնվող հայկա­կան պատվի­րա­կությունը ստիպված ստո­րագրում է թուրքե­րի հետ հաշտության պայմա­նա­գի­րը։

Պայմաննե­րը շատ ծանր էին. Կարսի նահանգը եւ Սուրմա­լուն երեք տարի ժամկե­տով համարվում էին վիճե­լի տարածքներ։ Հայաստա­նը ոչ միայն հրա­ժարվում էր Սեւրի, այլեւ բոլոր պայմա­նագրե­րից, որոնք Թուրքիա­յի դեմ էին, պարտա­վորվում էր հետ կանչել Եվրո­պա­յում եղած բոլոր կոմի­տե­նե­րը, Հայաստա­նից հեռացնում էր եվրո­պա­կան երկրնե­րի բոլոր ներկա­յա­ցուցիչնե­րին, քանի դեռ Թուրքիան նրանց հետ առանձին պայմա­նագրեր չէր կնքել։ Հայաստա­նում կարող էր լինել ոչ ավե­լի, քան 1500 զինվոր, իսկ ամրոցնե­րը կարող էին ունե­նալ միայն պաշտպա­նա­կան թնդա­նոթներ։ Հայաստա­նի վրա ցանկա­ցած երկրի հարձակման դեպքում կառա­վա­րության պահանջով Թուրքիան պետք է պաշտպա­ներ եւ գործով աջակցեր Հայաստա­նին։ Գործե­լու էր երկա­թուղին, եւ առա­ջին հերթին վերա­դառնա­լու էին քաղա­քա­ցիա­կան գերի­ներն ու փախստա­կաննե­րը, իսկ հայ-թուրքա­կան սահմա­նը որո­շող հանձնա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րը սկսե­լու պահից վերա­դառնա­լու էին նաեւ ռազմա­գե­րի­նե­րը։ Տարի­ներ անց Մուստաֆա Քեմա­լը Թուրքիա­յի Ազգա­յին ժողո­վում հայտա­րա­րում է, որ Ալեքսանդրա­պո­լի դաշնա­գի­րը կարեւոր նշա­նա­կություն ունե­ցավ, քանի որ հետա­գա­յում փոխա­րինվեց 1921թ. մարտի 16‑ի Մոսկվա­յի եւ հոկտեմբե­րի 13‑ի Կարսի պայմա­նագրե­րով։

ՎՐԱՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՍԽԱԼԸ

Ալեքսանդրա­պո­լում հայկա­կան պատվի­րա­կության աշխա­տանքին զուգա­հեռ քաղա­քա­կան բուռն իրա­դարձություններ էին տեղի ունե­նում Երեւա­նում։ Հայաստա­նի իշխա­նությունը հասկա­ցել էր, որ ստեղծված պայմաննե­րում ստիպված է փոխել աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքո­րո­շումը, ինչի մասին 1920թ. նոյեմբե­րի 24-ին հայտա­րա­րում է Սիմոն Վրացյա­նը։ Նա նշում էր, որ Արեւմուտքի հետ գործընկե­րությունը հաջո­ղություններ չի բերել Հայաստա­նին, եւ հիմա անհրա­ժեշտ է այն վերա­նա­յել։ Վրացյանն ընդունում էր իրենց սխա­լը՝ ասե­լով, թե հավակնություննե­րը շատ մեծ էին, որոնք հնա­րա­վոր չի եղել իրա­կա­նացնել։

«Հառաջ», 28 նոյեմբե­րի, 1920թ., թիվ 262

«Մեր պատմա­կան սխա­լը եղել է այն, որ մենք չափա­վոր, համեստ ուժե­րով կամե­ցել ենք մեծ քաղա­քա­կան ծրա­գիրներ իրա­կա­նացնել, որի հետեւանքով եւ միշտ տուժել ենք ու ջախջախվել բոլոր ճակատնե­րում։ …Եթե Կիլի­կիա­յից մինչեւ Շուշի շատ-շատ էր մեր համեստ ուժե­րի համար, եթե այդ սահմաննե­րի համար մենք շատ քիչ էինք, ապա Նոր-Բայա­զե­տի եւ Երեւա­նի շրջաննե­րի մասե­րից կազմված մի փոքրիկ Հայաստա­նի համար շատ շատ ենք։ Եվ այժմ քննա­դա­տե­լով մեր անցյալ գործե­լա­կերպը, չպետք է ընկնենք չափա­զանցություննե­րի մեջ եւ մեր ձգտումնե­րը հարմա­րեցնենք մեր ուժե­րին»։

Քաղա­քա­կան կողմնո­րոշման փոփո­խությունն անմի­ջա­պես փորձ է արվում իրա­կա­նացնել. նոյեմբե­րին Հայաստա­նի իշխա­նություններն ակտի­վացնում են շփումնե­րը Ռուսաստա­նի հետ։ Խորհրդա­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ Բորիս Լեգրա­նը, որը հոկտեմբե­րի վերջին Երեւա­նից գնա­ցել էր Բաքու՝ Հայաստա­նի հետ կնքվող պայմա­նա­գի­րը վերջնա­կա­նա­պես համա­ձայնեցնե­լու, նոյեմբե­րի 19-ին կրկին գալիս է Երեւան։ Բանակցություննե­րը վերսկսվում են, որին հայկա­կան կողմից մասնակցում էր Սիմոն Վրացյա­նը։

Մինչ այդ Խորհրդա­յին Ռուսաստա­նի ղեկա­վարներն ավե­լի ու ավե­լի էին հակվում այն մտքին, որ Հայաստա­նը պետք է խորհրդայնացնել, քանի որ թուրքա­կան բանակն անընդհատ առա­ջա­նում էր, եւ բացի այդ, Դաշնակցության իշխա­նությունը լրջա­գույն քաղա­քա­կան ճգնա­ժա­մի առջեւ էր։

ԼԵԳՐԱՆԻ ՀԵՌԱԳԻՐԸ ՉԻՉԵՐԻՆԻՆ

Նոյեմբե­րի 28-ին Լեգրա­նը հեռագրում է Չիչե­րի­նին՝ հայտնե­լով, որ թուրքե­րի հետ պատե­րազմում հայկա­կան բանա­կը գրե­թե կորուստներ չի կրել, քանի որ անընդհատ նահանջել է։

«Աղե­տի պատճա­ռով դաշնակցա­կաննե­րի կուսակցությունում բեկում է նկատվում, նրանք հասկա­նում են թուրքա­կան Հայաստա­նը գրա­վե­լու իրենց քարոզչության սխալ լինե­լը եւ Սեւրի դաշնագրին կողմնո­րոշվե­լը։ …Նրանց շրջա­նում առա­ջա­ցել է երկու ուղղություն. մեկը, որին աջակցում է Օհանջանյա­նը, մերժում է Խորհրդա­յին Ռուսաստա­նի աջակցությունը, վախե­նա­լով, որ դա կլի­նի Հայաստա­նի խորհրդայնացման առա­ջին փուլը։ …Կուսակցության ներսում այս հոսանքը մերժվում է, եւ նոր կառա­վա­րությունը, որի փաստա­ցի ղեկա­վա­րը Դրոն է, ով իրեն համա­րում է ռուսոֆիլ, ցանկա­նում է հենվել Խորհրդա­յին Ռուսաստա­նի օգնության վրա։ Նա չի վախե­նում Հայաստա­նի ինքնուրույնության կորստից, հասկա­նում է, որ Հայաստա­նը կարող է գոյություն ունե­նալ միայն որպես Խորհրդա­յին Ռուսաստա­նի դաշնա­յին մաս։ Դժվար է ասել, թե որքա­նով անկեղծ են այս տրա­մադրություննե­րը։ Սակայն ակնհայտ է, որ դաշնակնե­րի կուսակցության ներսում խմո­րումներ են սկսվել»,- գրում էր Լեգրա­նը։

Խորհրդա­յին Ռուսաստա­նին մտա­հո­գում էր նաեւ թուրքե­րի գործե­լա­կերպը, ովքեր ամեն գնով ցանկա­նում էին դուրս մղել ռուսնե­րին հայե­րի հետ բանակցություննե­րից՝ պնդե­լով, թե խնդի­րը վերա­բե­րում է միայն Հայաստա­նին ու Թուրքիա­յին։ Բոլշեւիկնե­րին նաեւ անհանգստացնում էր համա­ռո­րեն տարածվող խոսակցություննե­րը, թե թուրքե­րին կարող են օգտա­գործել անգլիա­ցի­նե­րը՝ նրանց ուղղորդե­լով Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի դեմ։

ԽԱՏԻՍՅԱՆԸ ԴՐՈՅԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հայաստանն իր հերթին փորձում էր անվտանգության երաշխիքներ ստա­նալ Լեգրա­նից։ Բանակցություննե­րի ժամա­նակ Վրացյանն ասում էր, թե ինչպե՞ս են ռուսնե­րը պաշտպա­նե­լու Հայաստա­նը թուրքա­կան հնա­րա­վոր արշա­վանքից, եթե անգամ բանակցություննե­րից նրանք դուրս են թողել բոլշեւիկնե­րի ներկա­յա­ցուցչին։ Հայաստա­նի կառա­վա­րությա­նը մտա­հո­գում էր, որ Ալեքսանդրա­պո­լում թուրքե­րի հետ հաշտություն չկնքե­լու դեպքում նրանց արշա­վանքը կշա­րունակվեր դեպի Երեւան, եւ մինչ խորհրդա­յին զորքերն օգնության հասնեին, հայ ժողո­վուրդը անդառնա­լի կորուստներ կկրեր։ Սա էր պատճա­ռը, որ որոշվում է Ալեքսանդրա­պո­լում բանակցող պատվի­րակնե­րին թույլ տալ ինքնուրույն որո­շում կայացնել եւ հաշտություն կնքել թուրքե­րի հետ։ Երբ դեկտեմբե­րի 2‑ին Ալեքսանդր Խատիսյա­նը Դրո­յին հայտնում է թուրքե­րի պայմաննե­րը, վերջինս ասում է, որ պատվի­րա­կությունն ինքը պետք է որո­շում կայացնի։ «Երե­կո­յան ժամը 6‑ին ինձ հրա­վի­րեց ուղղա­կի հեռագրա­թե­լի մոտ Դրոն, ու ըսավ հետեւյա­լը՝ Դուք ազատ եք ստո­րագրե­լու դաշնա­գի­րը կամ ոչ։ Լավ գիտակցե­լով դաշնա­գի­րը ստո­րագրե­լու կամ մերժե­լու ողջ պատասխա­նատվությունը, ես երկրորդ անգամ հարցուցի. «Արդյոք կառա­վա­րությունը ստորագրելո՞ւ կողմն է, թե մերժե­լու։ Մենք սպա­սում ենք որոշ եւ պարզ հրա­հանգնե­րի»։ Դրոն պատասխա­նեց. «Ես ձեզ ասա­ցի արդեն։ Գործեցե՛ք համա­ձայն ձեր հասկա­ցո­ղության»,- գրում է Խատիսյա­նը։

Բոլշեւիկնե­րի հետ բանակցե­լիս Վրացյանն ընդդեմ խորհրդայնացման եւս մի քանի փաստարկ է բերում, համա­ձայն որի՝ Հայաստա­նը կկորցներ իր կապը Եվրո­պա­յի եւ Ամե­րի­կա­յի հետ, կզրկվեր օգնություն ուղարկվող պարե­նից, կհրա­ժարվեր ստանձնած բոլոր միջազգա­յին հանձնա­ռություննե­րից ու դաշնագրե­րից։ Լեգրա­նը պատասխա­նում է, որ «Հայե­րը ընդմիշտ պետք է հրա­ժարվեն Եվրո­պա­յից եւ Ամե­րի­կա­յից եւ խաչ քաշեն Սեւրի դաշնագրի վրա։ Հայե­րը իրենց հույսը պետք է կապեն միայն համաշխարհա­յին հեղա­փո­խության եւ բանվո­րագյուղա­ցիա­կան Ռուսաստա­նի հետ»։ Ինչ վերա­բե­րում է հացա­հա­տի­կին ու ալյուրին, ապա, ըստ Լեգրա­նի, Կուբա­նից մի քանի միլիոն փութ ալյուր ուղարկե­լը Ռուսաստա­նի համար որեւէ դժվա­րություն չէր ներկա­յացնի։ Լեգրա­նը նաեւ հայտնում է, որ Հայաստա­նի սահմաննե­րի մոտ զորքեր կենտրո­նացնե­լը չի կանգնեցնի թուրքե­րին. պետք էր կատարված փաստի առաջ կանգնեցնել նրանց եւ հասնել մինչեւ Ալեքսանդրա­պոլ։

ՀԱՅ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԻՋԵՎԱՆ

Մինչ հայե­րը երկու ճակա­տով բանակցում էին եւ փորձում հնա­րա­վո­րինս քիչ կորուստնե­րով դուրս գալ ստեղծված վիճա­կից, մի խումբ հայ բոլշեւիկներ գալիս են Իջեւան։ Նոյեմբե­րի 29-ին Օրջո­նի­կի­ձեն հեռագրում էր Լենի­նին ու Ստա­լի­նին, որ նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րի համար Ղազա­խից ուղարկված հայկա­կան հեղկո­մը հայտնում է, թե տեղում իշխա­նություն չկա։ «Բանակ չկա, իշխա­նություն չկա, անցել են սահմա­նը եւ շարժվում են Դիլի­ջան, որտեղ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, խորհրդա­յին իշխա­նություն են հռչա­կե­լու»,- հայտնում էր Օրջո­նի­կի­ձեն։

Նույն օրը Օրջո­նի­կի­ձեին հեռագրում է Ավիս Նուրի­ջանյա­նը եւ հայտնում, որ առանց մի կրա­կո­ցի մտել են Քարվանսա­րա (Իջեւան), եւ գյուղա­ցի­ներն իրենց մեծ խանդա­վա­ռությամբ են ընդունել։ «Մեր ունե­ցած տեղե­կություննե­րով ամբողջ Հայաստա­նում դիմադրություն չի լինի, թեեւ Դիլի­ջա­նում մաուզե­րիստնե­րի զորա­մաս կա։ Այդ գունդը մեր կողմից է, որը ղեկա­վա­րում է կոմունիստա­կան բջի­ջը։ Նախօ­րեին այնտեղ միտինգ է եղել, որը բաժանվել է երկու մասի՝ մեր դեմ եւ կողմ։ Մի խոսքով, եթե դաշնակնե­րը դիմադրեն, ապա դա կլի­նի միայն Դիլի­ջա­նում։ Ես մտա­ծում եմ, եւ դուք էլ կհա­մա­ձայնեք, այստեղ հեղկոմ ստեղծել։ Ամեն ինչ հաշվա­ռում եմ, ամեն ինչի համար՝ վճա­րում, փող չեմ խնա­յում»։

Համբարձում Տերտերյա­նը, որը նույնպես Լեգրա­նի հետ բանակցություններ էր վարում, գրում է. «Հայաստա­նի Հանրա­պե­տության այդ ծանր ու բախտո­րոշ օրե­րին հայ բոլշեւիկնե­րը Բաքվի Կարմիր զորա­մա­սե­րի օգնությամբ խփել էին մեր թիկունքից եւ նոյեմբե­րի 29-ին մտել Ղազա­խի շրջա­նի Իջեւան գյուղը։ Հետեւյալ օրը Լեգրա­նը Հայաստա­նի կառա­վա­րությա­նը ներկա­յացրեց մի վերջնա­գիր, որով պահանջում էր Հայաստա­նի խորհրդայնա­ցումը»։

ԵՐԿՈՒ ՎԵՐՋՆԱԳԻՐ

Այսպի­սով, հայկա­կան երկու պատվի­րա­կությանն էլ ներկա­յացնում են վերջնա­գիր. թուրքե­րը՝ Ալեքսանդրա­պո­լում, բոլշեւիկնե­րը՝ Երեւա­նում։ Նոյեմբե­րի 30-ին բոլշեւիկնե­րի հետ բանակցություննե­րը շարունա­կում են արդեն Դրոն եւ Տերտերյա­նը։ Դեկտեմբե­րի 1‑ին արդեն փաստա­թուղթը պատրաստ էր: Այն ներկա­յացվում է Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության նիստում, որին ներկա էին նաեւ Համո Օհանջանյա­նը եւ Ռուբեն Տեր-Մինասյա­նը։ Դա անկախ Հայաստա­նի կառա­վա­րության վերջին նիստն էր։

Բոլշեւիկնե­րի կողմից պայմա­նա­գի­րը ստո­րագրում է Լեգրա­նը, իսկ հայկա­կան կողմից՝ Դրոն եւ Համբարձում Տերտերյա­նը։ Պայմա­նագրով Հայաստա­նը հայտա­րարվում է Սոցիա­լիստա­կան Խորհրդա­յին Հանրա­պե­տություն։ Մինչեւ խորհուրդնե­րի համա­գումա­րի հրա­վի­րումը կազմվում է ռազմա­հե­ղա­փո­խա­կան կոմի­տե, որը ստանձնե­լու էր երկրի ամբողջա­կան կառա­վա­րումը։ Փաստաթղթի թերեւս ամե­նա­կա­րեւոր կետե­րը 3‑րդն ու 4‑րդն էին.

3. Ռուսաստա­նի Խորհրդա­յին կառա­վա­րությունն ընդունում է, որ Հայաստա­նի Սոցիա­լիստա­կան Խորհրդա­յին հանրա­պե­տության հողե­րի մեջ անվի­ճե­լի կերպով մտնում են Երեւա­նի նահանգը իր բոլոր գավառնե­րով, Կարսի նահանգի մի մասը, Գանձա­կի նահանգի Զանգե­զուր գավա­ռը եւ Ղազա­խի գավա­ռի մի մասը, օգոստո­սի 10‑ի համա­ձայնության սահմաննե­րում եւ Թիֆլի­սի նահանգի այն մասե­րը, որոնք Հայաստա­նի տիրա­պե­տության տակ էին գտնվում մինչեւ 1920թ. սեպտեմբե­րի 28‑ը։

4. Հայկա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րա­կան կազմը չի ենթարկվում պատասխա­նատվության այն գործե­րի համար, որ կատա­րել է բանա­կի շարքե­րում մինչեւ Հայաստա­նում Խորհրդա­յին իշխա­նության հաստա­տումը։

Համբարձում Տերտերյա­նը գրում է, որ 3‑րդ հոդվա­ծը գրվել էր, որպեսզի մինչեւ ռուսա­կան զորքե­րի Հայաստան գալը, Մոսկվան պարտա­վորված լինի դուրս հանել թուրքե­րին իրենց գրա­ված տարածքնե­րից։ Այս կետը վերա­բե­րում էր նաեւ Վրաստա­նին, որը, օգտվե­լով պատե­րազմա­կան դրությունից, 1920թ. օգոստո­սի 28-ին զորք էր մտցրել չեզոք գոտի եւ գրա­վել Սանա­հին կայա­րա­նը։ Մեկ այլ կետով Դաշնակցությունը եւ սոցիա­լիստա­կան այլ կուսակցություններ բոլշեւիկնե­րի դեմ պայքար ծավա­լե­լու համար հալա­ծանքնե­րի չպետք է ենթարկվեին։

Դեկտեմբե­րի 2‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը պատրաստում է իշխա­նությունը հանձնե­լու ակտ, որը հեռագրում են գավառնե­րի ու զորա­մա­սե­րի ղեկա­վարնե­րին եւ փակցնում Երեւա­նի շենքե­րի պատե­րին։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ