Վախենում ենք, որ ռուսը գազը կթանկացնի՞: Հետո՞ ինչ: Անկախությունը բացարձակ արժեք է ու եթե մենք պատրաստ չենք անգամ նման անհարմարություն հանդուրժելու, ապա էլ ի՞նչ անկախություն պաշտպանելու մասին ենք խոսում: Պետք է պաշտպանել անկախությունը, մնացածը կարելի է գտնել:
Արթուր Մեսչյան
Նվեր Մնացականյանի հյուրն էր ճարտարապետ, երգիչ Արթուր Մեսչյանը: Տաղանդավոր մտավորականը, ով դեռևս 1960-ականներին աչքի էր ընկնում իր երաժշտական կատարումներով և հեղինակած երգերով, դարձավ հայերի և մասնավորապես երևանցիների սիրված հեղինակներից մեկը: Մեսչյանին, հիրավի կարելի է համարել Երևանի մի մասը, երևանյան միջավայրի ամենավառ և ազդեցիկ երանգներից մեկը: Ընդ որում ոչ միայն որպես հեղինակ-կատարող երգիչ, այլև փիլիսոփա և ճարտարապետ: Մեսչյանի նախագծով են կառուցվել Մատենադարանի նոր մասնաշենքը, Կոմիտասի անվան պանթեոնը և այլն: Լինելով իր դարի ու ժամանակի իսկական ծնունդ Մեսչյանը կարողացել է պատռել խորհրդային ծանր ցենզուրային կապանքները և իր խոսքն ու միտքը հասցրել լայն զանգվածներին: Նա համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում՝ մասնավորապես Լեհաստանում,Միացյալ Նահանգներում՝ ունենալով լայն ժողովրդականություն Արթուր Մեսչյանը աշխատել է նաև որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:
Մեսչյանն արդեն երկար ժամանակ է, ինչ հանրային դաշտում չի երևում: 2009թ. տեղի է ունեցել նրա վերջին համերգը:
Արթուր Մեսչյանի այս հարցազրույցը հաճելի զարմանք պարգևեց հանրային դաշտին, քանի որ մաեստրոն երկար տարիներ է, ինչ հարցազրույցներ ևս չի տալիս: Նվեր Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ զրույցն ընթացել է Հայաստանի հետ կատարվող իրադարձությունների մասին:
Մաեստրոն հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը քաղաքագետ չէ և բազմաթիվ բաներ կան, որ չգիտե դիվանագիտության ու քաղաքականության հետ կապված և չի կարող խոսել այն բաների մասին, ինչի մասին լիարժեք տեղեկատվություն չունի, այլ խոսում է որպես սովորական երևանցի: Նա նշեց, որ թեև այսքան տարի լուռ է եղել, բայց հետևել է իրադարձություններին և տեղյակ է այն ամենից, ինչը բաց է հանրության համար: Պարոն Մեսչյանն անդրադարձավ Արցախի կորուստին՝ ասելով, որ խոշոր հաշվով դա զարմանալի չէր, ինքը ևս կանխագուշակել էր մոտեցող աղետը, որն արտահայտվեց Արցախի հայաթափումով ու կորստով, բայց իր նախազգուշացումները, տագնապները ոչ մի կաթիլ անգամ տեղ չեն հասել, չեն հասկացվել: Իր համերգներից մեկի ժամանակ, երբ կատարվեց «Ահա և վերջ» երգը, բոլորը ծափահարեցին և միայն մի կին նստած տեղից գոռաց՝ ոչ; Մեսչյանը դառնացած նշեց, որ մարդիկ ծափահարում էին, փոխանակ հասկանալու և պատրաստվելու:
Մեսչյանն ափսոսանքով խոսեց Արցախի մասին, ցավով նշելով, որ Գանձասարում իրենք իրականացրել են նաև Մատենադարանի մասնաճյուղի կառուցում և հիմա դա մնաց ադրբեջանցիներին; Նա ասաց, որ չի կարծում, թե ադրբեջանցիները կքանդեն շենքը, կօգտագործեն իրենց նպատակների համար:
Մեսչյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին, այն ամբողջ խայտառակությանը, որ տեղի ունեցավ, նշելով, որ երևանցիների բոյկոտն ընտրություններին ոչ թե նշանակում է, որ երևանցիները թքած ունեն, թե ով կդառնա իրենց քաղաքապետը, այլ պարզապես այլևս չեն հավատում ոչ ոքի: Կարելի է ունենալ տասնյակներով կուսակցություններ, բայց այդ կուսակցությունները գոնե իրար հետ հարաբերվելու նորմալ ձև ունենան: Մեսչյանը նշեց, որ ինքը լավ գիտե, թե քաղաքապետարանն ինչ սկզբունքով է աշխատում և վախենում է պատկերացնել, թե ավագանունիստերն ինչպես են անցնելու: Այդ ատելության մթնոլորտու ինչպե՞ս են աշխատելու:
Պարոն Մեսչյանը խոսեց նաև Հայաստանի անկախությունից, նշելով, որ ռուսները ցանկանում են Հայաստանը վերածել ռուսական մի նահանգի, բացեիբաց դրա մասին խոսում են և ռուսներից գուցե օր առաջ ազատվել է պետք: Նա վրդոված նշեց, որ իր համար ստորացուցիչ է տեսնել, թե ինչպես են ռուսները օդանավակայանում ստուգում ՀՀ քաղաքացու անձնագիրը և որոշում թույլ տան թե ոչ: Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա այնպես չէ, որ դրանից առաջ ռոսւների հետ ամեն ինչ լավ էր և ստատուտից հետո ինչ որ բան փոխվեց: Եթե մենք վախենում ենք, որ ռուսները մեզ հետ կվատացնեն հարաբերությունները, առանց այդ էլ վատ են, մեզ վնասել են ինչքան հնարավոր է: Էլ ի՞նչ անեն, որ մենք հասկանանք դա: Երբ խոսում ենք, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից պիտի հեռանա և վախենում ենք, որ ռուսները եթե ոտքները քաշեն, ապա թուրքերը մեզ կուտեն, ապա առանց դրա էլ մեզ ուտում են: Ո՞ւր էր ռուսը, երբ Արցախում տեղի ունեցավ այդ ամենը: Վախենում ենք, որ ռուսը գազը կթանկացնի՞: Հետո՞ ինչ: Անկախությունը բացարձակ արժեք է ու եթե մենք պատրաստ չենք անգամ նման անհարմարություն հանդուրժելու, ապա էլ ի՞նչ անկախություն պաշտպանելու մասին ենք խոսում: Պետք է պաշտպանել անկախությունը, մնացածը կարելի է գտնել:
Մաեստրոն նաև խոսեց ՄԱԿ առաքելության մասին և անդրադառնալով նրանց հայտարարությանը, որ ամեն մեկն իր շահն ունի և պետք չէ ուրիշից սպասել այն, ինչ մենք պիտի անենք:
Արթուր Մեսչյանն ասաց, որ ինչպես տարիներ առաջ որոշեց, որ երաժշտության էջն իր կյանքում փակում է և այլևս դադարեց ստեղծագործել, այնպես էլ հիմա է ասում, որ իր տարիների լռությունից հետո այս հարցազրույցը վերջինն է: Ինքը փակում է նաև այդ էջը և ցանկանում է իր կյանքի մնացյալ հատվածն անցկացնել հասկանալու փորձով, թե վերջապես ինչ տեղի ունեցավ և եթե կարող է, ապա իր ուժերի ներածին չափով ինչ որ մի բան անել: Հուսով ենք, որ մաեստրոն դեռ երկար ու առողջ տարիների կյանք կունենա, որ նրա ստեղծագործական ջիղն ավելի հզոր կգտնվի քան հիասթափությունն ու ցավը և մենք դեռ ապագայում հնարավորություն կունենանք լսելու նրա նոր կատարումներն ու երգերը և տեսնելու նրա ճարտարապետական նոր նվաճումները:
Ամբողջական տեսանյութը՝