Հայաստան

Իմիտացիա Ալիևյան Ձևով

 Ալիեւը մեծ նվեր է մատուցում Մոսկվային, որ շարունակաբար Արեւմուտքին մեղադրում է հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխություններ ծրագրելու եւ իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Վահրամ Աթանեսյան

Ալիեւի «Ы Օպերացիան»

Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել, ապա եւ կալանավորվել է չորս լրագրող: Բայց, ըստ երեւույթին, առանցքային դեմքը Abzas-Media առցանց հարթակի տնօրեն Ուլվի Հաջիլին է, որ ձերբակալվել է օդանավակայանում՝ արտերկիր թռիչքից կես ժամ առաջ: Նույն օրը, դարձյալ օդանավակայանում, ձերբակալվել է նրա աշխատակցուհի Սեւինջ Վագիֆկըզին, որ Բաքու էր վերադառնում արտերկրից: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները խուզարկել են Abzas-Media-ի խմբագրատունը եւ հայտնաբերել 40 կամ 50 հազար եվրո: Հասանլիին առաջադրվել է «օտարերկրյա արժույթի մաքսանենգության մեղադրանք»: Նրա փաստաբանը հայտարարել է, որ հիշյալ գումարների հետ Հասնալին եւ Վագիֆկըզին ոչ մի առչություն չունեն:

Ուշագրավ է, որ նույն օրը Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, որի ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել է 120 հազար ֆունտ-ստեռլինգ: Բաքվի լրատվամիջոցները գրել են, որ նա պատրաստվում էր Մոսկվայից թռչել Ադրբեջան: Երեւում է, գործ ունենք հատուկ ծառայությունների կողմից մշակված գործողության հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ առանձին-առանձին հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններին եւ բողոք հայտնել, որ այդ երկրների ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Abzas-Media առցանց հարթակին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեսպանների եւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել է ազգային օրենսդրության այն պահանջի վրա, որ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից ստացված դրամաշնորհները պետք է պարտադիր հայտարարագրվեն եւ հարկվեն, ինչը տեղի չի ունեցել Abzas-Media-ին ֆինանսական աջակցության դեպքում: Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից Ադրբեջանում գրանցված կազմակերպությունները շրջանցում են ադրբեջանական օրենսդրության պահանջները եւ զգուշացրել, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում դիմել հետագա քայլերի:

Բաքուն, այսպիսով, սպառնացել է արգելել ամերիկյան, ֆրանսիական եւ գերմանական կազմակերպությունների գործունեությունը, միաժամանակ այդ երկրներին մեղադրել է ապօրինի ֆինանսական գործունեություն ծավալելու մեջ: Abzas-Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել, որ ենթարկվում է քաղաքական հետապնդումների եւ հիմնավորել, որ վերջին երկու ամիսներին լրագրողական հետաքննություն էր սկսել՝ բացահայտելու իշխանության եւ բիզնես-էլիտայի կոռուպցիոն կապերը: Ըստ փաստաբանի՝ խմբագրատանն անցկացված խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է համակարգիչները, էլեկտրոնային կրիչները, ձերբակալության պահին առգրավել են նաեւ Հասանլիի եւ Վագիֆկըզիի հեռախոսները:

Դա ակնհայտ վկայություն է, որ ուժային կառույցներին հետաքրքրել է ձեռք բերված տեղեկատվությունը, լրագրողների նամակագրությունը: Հնարավոր է՝ հետեւեն բացահայտումներ, բայց Ալիեւը ձեռնարկել է կանխարգելիչ քայլեր՝ երեք երկրի մեղադրելով Ադրբեջանում ապօրինի ֆինանսական գործունեություն ծավալելու եւ այդ կերպ քաղաքական շահեր հետապնդելու մեջ: Նպատակն ակնհայտ է՝ կանխել Ադրբեջանի իշխանության կոռումպացվածության բացահայտումը, տեղեկատվական արտահոսքը, որ արեւմտյան քաղաքական շրջանակները եւ իրավապաշտպան կառույցները կարող են օգտագործել իր դեմ: Միաժամանակ Ալիեւը մեծ նվեր է մատուցում Մոսկվային, որ շարունակաբար Արեւմուտքին մեղադրում է հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխություններ ծրագրելու եւ իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Նման եւ այլ հարցերում Արեւմուտքի դեմ կանխատրամադրված է նաեւ Թուրքիան: Հայտնի չէ, թե Բաքվում ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներն ինչպես են արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ի դեմարշին, բայց մեղադրանքը, որ ներկայացվել է այդ երկրներին, բավական լուրջ է, որպեսզի Վաշինգտոնը, Փարիզը եւ Բեռլինը Ալիեւի կազմակերպած «Ы օպերացիան» անուշադրության մատնեն:

Հոդվածը՝ 1in.am կայքից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *