⚙️

Թուրքիան Եւ Հայաստանը, Հունաստանը, Ֆրանսիան

Սա նշանակու՞մ է արդյոք, որ Անկարան այդ հարցերի կապակցությամբ ինչ որ պայմանավորվածությունների է հանգել Աթենքում, թե՞ պարզապես Հունաստանին չի գերագնահատում, իսկ ահա Ֆրանսիան համարում է այլ տրամաչափի խաղացող:

Հակոբ Բադալյան

Հայ-ադրբեջանական «բարի կամքն» ու Էրդողանի «դիտողությունը» Ֆրանսիային

Էրդողանը Հունաստանից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում սադրանք է որակել Հայաստանին ֆրանսիական զինտեխնիկայի մատակարարումը: Ըստ նրա, դա ոչ թե Հայաստանին օգնող, այլ վնասող հանգամանք է, իսկ Հայաստանի համար օգտակարը Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելն է: Էրդողանի հայտարարությունը բովանդակային իմաստով կրկնում է այն, ինչ ավելի վաղ ասել է նրա «կրտսեր եղբայրը» կամ ռազմա-քաղաքական հոգեզավակը՝ Իլհամ Ալիեւը: Սակայն ուշագրավ է այն, թե որտեղ եւ երբ է խոսում Էրդողանն այդ թեմայով: Նա խոսում է Հունաստանից վերադարձի ճանապարհին, ուր մեկնել էր պաշտոնական այցով եւ հանդիպել Հունաստանի վարչապետի, նախագահի հետ: 

Միջերկրծովյան ռեգիոնում Հունաստան-Թուրքիան սուր հակադրության շրջանում Ֆրանսիան կանգնած էր Հունաստանի միարժեք աջակցության դիրքում, այդ թվում ռազմական աջակցության: Իհարկե այստեղ պատճառն այն է, որ Փարիզը Աթենքի միջոցով դիտարկում էր միջերկրծովյան ռեգիոնում իր ազդեցության հնարավորությունը, կապված թե հնարավոր խողովակաշարերի եւ ծովային երթուղիների, թե ընդհանրապես եվրոպական անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի իմաստով: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, Կովկասում իր աշխուժությունը Ֆրանսիան, ինչպես իհարկե բոլոր ուժային կենտրոնները, դիտարկում է հենց այդ «շղթայական» տրամաբանության մեջ՝ Կովկասը դիտելով Եվրոպայի «փորոտիքի»՝ միջերկծովյան ռեգիոնի հանդեպ թուրքական հավակնության հակազդեցության գոտի: Ի դեպ, այդ իմաստով ուշադրության արժանի է Հունաստան-Հայաստան-Կիպրոս եռակողմ գործակցության ձեւաչափը, որի մասին հայտարարվեց դեռեւս 2019 թվականին: 

Այդ ձեւաչափի շրջանակում անցկացվում են նաեւ ռազմական վարժանքներ, մասնավորապես հատուկջոկատայինների: Թուրքիայի նախագահը կարծես թե այդ առնչությամբ չի խոսել ոչինչ, իսկ ահա Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունը որակում է սադրանք: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Անկարան այդ հարցերի կապակցությամբ ինչ որ պայմանավորվածությունների է հանգել Աթենքում, թե՞ պարզապես Հունաստանին չի գերագնահատում, իսկ ահա Ֆրանսիան համարում է այլ տրամաչափի խաղացող: Այստեղ թերեւս պետք է նկատի ունենալ եւ այն, որ Ֆրանսիան այդ իմաստով էական նպատակներ է դնում նաեւ Վրաստանի հարցում, առանց որի Հայաստանի հետ հարաբերությունը կլինի զգալիորեն թերի եւ անկայուն: Իսկ Վրաստանն արդեն նաեւ սեւծովյան ավազան է, ոչ միայն Կովկաս: 

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *