Մյուսներին դա այլեւս հետաքրքիր չէ: Նրանք փորձելու են քո համակերպվածությունը ծառայեցնել իրենց շահերին, ինչպես որ կվարվեին, եթե դու չհամակերպվեիր:
Վահրամ Աթանեսյան
Ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական իշխող թիմի պատգամավորները, այլեւ հանրությանը հայտնի անձինք երբեմն-երբեմն հպարտությամբ արձանագրում են, որ Հայաստանն առանց աղմուկի հարյուր հազար կամ հարյուր տասը հազար փախստական ընդունեց: Անգամ ենթադրություններ են արվում, որ եթե դա տեղի ունենար այլ, Հայաստանից տնտեսապես ուժեղ երկրում, ապա խնդիրներ կառաջանային: Խնդիրներ, ընդ որում՝ բազմաթիվ եւ տարատեսակ, ունեն նաեւ Արցախից բռնատեղահանվածները: Դժգոհությունները եւ բողոքները պարզապես սոցիալական ցանցերում են արտահայտվում:
Բայց եկեք հարցին այլ կողմից մոտենանք. իսկ ճի՞շտ վարվեց Հայաստանի իշխանությունը՝ հարյուր կամ հարյուր տասը հազար, մինչ այդ էլ՝ քառասսունչորսօրյա պատերազմի քսան հազար բռնագաղթվածներին «կազմակերպված եւ լռելյայն ընդունելով»: Մարդկայնորեն՝ այո: Բայց քաղաքական առումով որքանո՞վ է ընկալելի, երբ բռնատեղահանվածներին անվանում են «Արցախի մեր քույրեր եւ եղբայրներ»: Բռնատեղահանվածներն էլ փոխադարձում են. «Մենք հո օտար երկրում չենք, եկել ենք մեր հայրենիք»:
Միջազգային հանրությունը տեսնում եւ արձանագրում է մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է «տեղահանվել» X թվով մարդ, Y –ը՝ լքել Հայաստանը, Z-ը մնում է: Մի մասն արդեն «ինտեգրվել է»: Մյուսն անձնագրային բաժանմունքներում հերթերի մեջ է, ոմանք Երեւանում, մարզկենտրոն քաղաքներում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնագետներն աշխատանք են գտել կամ որոնումների մեջ են: Եթե կեցության կամ փոխհատուցման հարցերն էլ մի լուծում ստանան՝ հարյուր հիսուն կամ հարյուր հազար մարդ կհամալրի Հայաստանի բնակչությունը:
Ի՞նչ իրավիճակ կունենայինք, եթե Հայաստանը հարյուր կամ հարյուր տասը հազար մարդու համար Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի սահմանամերձ մարզերում ,,վրանային ճամբարներ ստեղծեր,,: Հումանիտար առումով՝ շատ վատ, ներքաղաքական իմաստով՝ վատթար, բայց արտաքին քաղաքական առումով, թվում է, դա ուղերձ կլիներ, որ Հայաստանը չի ընդունում Արցախի հայաթափումը: Ի՞նչ էֆեկտ կտար այդ իրավիճակը՝ չափազանց դժվար է ասել: Արժե՞ր հարյուր կամ հարյուր տասը հազար մարդու մատնել կենցաղային եւ հոգեբանական փորձությունների: Մեր հանրությունը կհաղթահարե՞ր այդ շոկը:
Այս մտահոգությունները, երեւի, առաջին հերթին իշխանությունն է ունեցել: Այս պահի դրությամբ բռնագաղթվածների խնդրի «տեղայնացումը» որոշակիորեն մեղմում է հայ-ադրբեջանական բանակցությունների մթնոլորտը: Բայց փաստ է, կարծես, որ նույնիսկ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը շարունակում է «պահանջատեր» լինել: Անշուշտ, այլեւս հնարավոր չէ բռնատեղահանվածների «գետտո»-ներ ստեղծել: Ոչ ոք դա չի ընդունի, էֆեկտն էլ կլինի զրոյական: Բայց հետեւու՞մ է, արդյոք, որ խնդիրն առհասարակ օրակարգային չպետք է լինի: Չէ՞ որ չափազանց վտանգավոր է այն իրավիճակը, երբ դու ընդունում ես քեզ հետ կատարվածի ոչ միայն անխուսափելիությունը, այլեւ՝ անհաղթահարելիությունը: Դու ընդունում ես՝ վերջ:
Մյուսներին դա այլեւս հետաքրքիր չէ: Նրանք փորձելու են քո համակերպվածությունը ծառայեցնել իրենց շահերին, ինչպես որ կվարվեին, եթե դու չհամակերպվեիր: Խնդիրը, թերեւս, մեկն է՝ մեր համակերպվածությունն իրենց շահերին ծառայեցնելու իրավիճա՞կն է մեզ համար ընդունելի, թե՞՝ չհամակերպածության գործոնի քաղաքական կապիտալիզացիայի փորձը: Բայց կա՞ «զրոյական կետին»՝ 2023թ. հոկտեմբերի 4-ի դրությանը վերադառնալու հնարավորություն: Կարծես թե՝ ոչ: Որովհետեւ Արցախն իր քաղաքական էլիտայով առաջինն է ընդունել կատարվածի անխուսափելիությունը եւ քաղաքական ինքնության վերադարձի անհնարինությունը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։