Հայաստան

Ադրբեջանի Գորշ Կարդինալը

Իսկ ինչու՞ Լոնդոնը կարող է ունենալ ապակայունացման գործիքի դիմելու շահագրգռություն:

Հակոբ Բադալյան

Ադրբեջանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող պետությունը գործնականում ոչ թե Թուրքիան է, այլ՝ Բրիտանիան: Բրիտանական օֆշորներում են Ալիեւների փողերը, Բրիտանիան է Ադրբեջանի նավթագազային խոշորագույն ներդրողը՝ տարբեր «կոմբինացիաներով»:

Ըստ այդմ, եթե Ադրբեջանը գնում է ռեգիոնում իրավիճակի որեւէ ապակայունացման, ապա միայն այն դեպքում, երբ կունենա բրիտանական «օրհնություն»:

Նախօրեին Սիվիլնեթում զրույցի ընթացքում արտահայտեցի, որ իմ գնահատմամբ, Կովկասում ապակայունացման զգալի մոտիվներ ներկայումս կարող է ունենալ Բրիտանիան՝ մերձավորարեւելյան գոտում ծավալվող պատերազմին զուգակցված: Առավել եւս, որ, ի տարբերություն օրինակ ներգրավված այլ խոշոր խաղացողների, Լոնդոնն ունի ոչ պակաս ներկայացվածություն ռեգիոնում, բայց ըստ էության չի ստանձնել որեւէ պատասխանատու հանձնառություն՝ այս կամ այն միջնորդության կամ նախաձեռնության տեսքով: Որքան քիչ է պատասխանատվության հրապարակային աստիճանը, այնքան մեծ է գործիքների եւ մեթոդների ընտրության անկաշկանդությունը:

Իսկ ինչու՞ Լոնդոնը կարող է ունենալ ապակայունացման գործիքի դիմելու շահագրգռություն:

Սա նշանակու՞մ է, որ Բրիտանիան վատն է մյուսներից: Իհարկե ոչ: Բոլոր խոշոր խաղացողներն էլ իրենց գործիքակազմում դիտարկում են որեւէ ռեգիոնում անկայունության հրահրումը՝ ըստ անհրաժեշտության: Սա որեւէ կերպ նորություն չէ:

Ավելին, օրինակ նույն Ռուսաստանի առնչությամբ, թեեւ Մոսկվային այսօր Կովկասում երկրորդ ճակատ պետք չէ, բայց, եթե այնտեղ դրա հնարավորությունը գնահատեն անկասելի, ապա կասկած չունեմ, որ կհարվածեն առաջինը հենց իրենք, Պուտինի բարձրաձայնած հայտնի «պետերբուրգյան փողոցի բանաձեւով»՝ если драка неизбежна, бить надо первым: Այդ մասին էլ խոսել եմ, որ Ռուսաստանը այստեղ ռազմավարական վտանգ տեսնելու պարագայում չի վարանի վա բանկ գնալու հարցում:

Վերադառննալով Բրիտանիային: Նկատենք, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը ե՞րբ հայտարարեց, որ իրենց համար անընդունելի կլինի Կենտրոնական Ասիայից Թուրքիա՝ Հայաստանի տարածքով ճանապարհի ուժով բացումը: Նա այդ մասին հայտարարեց, երբ այդ ճանապարհի կարեւորության մասին հայտարարություններ էր արել Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարար Դոգերթին՝ Բաքվում:

Դրա վրա ուշադրություն դարձրի դեռեւս այդ ժամանակ, նկատելով, որ բրիտանացի նախարարի հայտարարությունը նկատելիորեն անհանգստացրել է ԱՄՆ-ին, որին Կովկասի ապակայունացում ներկայումս որեւէ կերպ պետք չէ: Բայց, ամբողջ հարցն այն է, որ նախընտրական ԱՄՆ «խրվել» է մերձավորարեւելյան կոնֆլիկտում: Ընդ որում ի՞նչն է ուշագրավ, այն, որ բրիտանական հեղինակավոր Գարդիանն ու Տելեգրաֆը հոդվածներ են հրապարակում, որով կարծես թե «յուղ» են լցնում կրակին, գրելով, որ Մերձավոր Արեւելքում Իրանն է գերտերություն, ոչ թե ԱՄՆ, գրելով, որ ԱՄՆ «հանձնում» է ռեգիոնն Իրանին:

Իրավիճակի այդ գնահատականս քաղաքական մտածողության սահմանափակկության պարագայում կընկալվի իհարկե իբրեւ Բրիտանիայի «պախարակում», «վարկաբեկում», Հայաստանի հանդեպ «թշնամության» արձանագրում:

Իրականում սակայն, այդօրինակ ընկալումները չափազանց պարզունակ են, ինչը ցավոք լայն տարածում ունի Հայաստանում մի շարք պատճառներով: Գործնականում, վերը նկարագրածս իրադրությունը, որը բնականաբար իմ սուբյեկտիվ գնահատականն է, այլ ոչ նոտարական կնիքով հաստատված ինչ որ վավերագիր, հակառակի մասին է՝ Բրիտանիայի հետ առավելագույնս սերտ, հմուտ, բազմակողմ աշխատելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, Բրիտանիայի հետ այդ աշխատանքի աշխարհագրությունը, որքան էլ չհնչի տարօրինակ, կարող է չսահմանափակվել միայն Հայաստանի ու Բրիտանիայի սահմաններով:

Պարզապես, աշխատանքի արդյունավետության կարեւոր գրավականներից մեկը հենց ռեգիոնալ իրողություններն ու գոյություն ունեցող մոտիվացիաները որոշակի տեղեկատվա-քարոզչական նարատիվներից ու կարծրատիպերից դուրս դիտարկելն է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *