Հայաստան

Ազատել Մշակույթը Կոչումային Կապանքներից

Պետական աստիճանավորը չէ, որ պիտի որոշի, թե ով է վաստակավոր, իսկ ով ոչ: Հակառակ պարագայում ի՞նչ է ստացվում, իրենք իրենց ուզածին դարձնում են «վաստակավոր» և շոյում գլուխը, իսկ «ոչ վաստակավորին» նեղացնում: Այդ կոչումները անցյալի ուրվականներից են և դրանցից վաղուց էր պետք ազատվել:

Ռուբեն Բաբայան

Պետրոս Ղազարյանի հյուրն էր Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԺ-ում ընդունված օրենքն առ այն, որ Հայաստանում վերացավում են մի քանի կոչումներ, այնպիսիք, ինչպես օրինակ «վաստակավոր արտիստ», «ժողովրդական արտիստ», «վաստակավոր լրագրող» և այլն: Եղածներից պահպանվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ այդ որոշումը վաղուց պետք է ընդունված լիներ, քանի որ անհասկանալի ու անիմաստ բան է: Նա նշեց, որ «վաստակավոր կոլեկտիվ»-ը ևս իմաստ չունի: Ռեժիսորի խոսքերով այդ կոչումները, որ ստեղծվել էին ԽՍՀՄ ժամանաշրջանում՝ միայն մի նպատակ էր հետապնդում՝ ստեղծել սեփական ներքին պարգևատրման համակարգ, քան որ ԽՍՀՄ-ը փակ երկիր էր, ոչ ոք չէր գալիս այնտեղ որևէ փառատոնի կամ մրցման և ԽՍՀՄ-ում մշակեցին գնահատման սեփական չափանիշները, որոնք դժբախտաբար շարունակեցին գործել նաև անկախության շրջանում:

Ի՞նչ է նշանակում վաստակավոր կամ ժողովրդական: Ո՞վ պիտի դա որոշի և ինչպե՞ս: Վաստակավոր ո՞ւմ կարծիքով: Ռեժիսոր Ռուբեն Բաբայանւի կարծիքով նման կոչումներ տալը պետության լիազորությունների մեջ չի մտնում և իմաստ չունի: Եթե աշխարհում անուն չունեցող ինչ որ գործիչներ դրանցով փորձում են բավարարել սեփական փառասիրությունը, դա էլ ավելի վտանգավոր է, որովհետև նման պարգևատրումներով պետությունը ոչ միայն փչացնում է մշակույթի և արվեստի միջև եղած տարբերությունը, անլրջացնում է դրանց նշանակությունը, նաև փորձում է «մտավորականների» լոյալ հատված ապահովել: Մինչդեռ մշակույթը և արվեստը ամեն մարդ իր  ձևով է հասկանում, ընդունում և կոչումները չէ, որ պիտի գնահատեն մշակույթի և արվեստի գործունեությունը: Եթե պետությունն անպայման ցանկանում է իր մասնակցությունն ունենալ մշակությի և արվեստի գործիչների գնահատման գործում, ապա անիմաստ ու անհասկանալի կոչումների փոխարեն կարող է նորմալ թոշակ նշանակել, որովհետև թոշակները խայտառակ ցածր են: Կոչումների փոխարեն կարելի է շքանշան շնորհել, որով կպարգևատրվի կոնկրետ որոշակի գործունեութան համար: Այդ կոչումները իրոք տաղանդավոր գործչին ու միջակ կամակատարին հավասարեցնում են իրար: Արվեստը ազատ է ու ենթակա չէ որևէ բյուրոկրատական կատեգորիայի: Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա ու չի եղել բացի ԽՍՀՄ-ից ու նախկին ԽՍՀՄ որոշ երկրներից, ինչպես օրինակ Ադրբեջանում է:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ արվեստը անհատին է ուղղված, ոչ թե մասսային: Արվեստը չի կարող մասսայական լինել, արվեստը անձն է գնահատում: Եվ այդ գնահատականի մեջ «վաստակավոր» խցկելն անիմաստ է: Արամ Խաչատրյանը, որի երաժշտությունն ամբողջ աշխարհում է հայտնի, ուներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: Ինչ է, եթե նրան այդ կոչումը չտային, դրանից նրա տաղանդը ավելի պակա՞ս կլիներ: Ողջ աշխարհում  Արամ Խաչատրյանին ճանաչում են որպես հանճարեղ կոմպոզիտոր, ոչ թե «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»: Արամ Խաչատրյանը ժողովրդական չէ, նա համաշխարհային մեծություն է ու նրան պետական աստիճանավորը չէ, որ պիտի գնահատի:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ իրենց ներքին լսարանի համար ստեղծված այդ անհասկանալի կոչումների վերաբերյալ խորհրդային շրջանից մնացած նեխած տրամաբանություն կար, երբ մշակույթի ու արվեստի գործիչն ասում էր. «եթե փող չեք տալիս, գոնե կոչում տվեք»: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդ կոչումների վերացումն ընկալվում է իբրև թե ավանդույթների վերացում, ապա դա միանշանակ այդպես չէ: Ավանդույթը ազգային բնույթ է ունենում, իսկ մենք, ղրղզները, ռուսները, տաջիկներն ու ուզբեկները, ադրբեջանցիները միասնական ազգային ավանդույթ չունենք և չենք էլ կարող ունենալ: Ինչպես նշում էր կոմպոզիտոր Գյուստավ Մալերը. «ավանդույթը կրակ փոխանցելն է, ոչ թե մոխիր պաշտելը»:

Ռեժիսորի գնահատմամբ՝ մշակույթի ու արվեստի գործիչը հետագիծ թողնում է իր գործունեությամբ, ոչ թե անհատներից ստացած անհասկանալի կոչումներով: Փարաջանովը 1990թ. ստացավ ՀԽՍՀ և ՈւԽՍՀ(Ուկրաինայի) ժողովրդական արտիստի կոչում: Ընդ որում մահվան շեմին: Եվ ի՞նչ: Մի՞թե Փարաջանովը Փարաջանով չէր առանց այդ կոչումների: Ծիծաղելի է նույնիսկ կարծել, որ այդ կոչումը ինչ որ բան էր ավելացնում Փարաջանովի տաղանդին: Ընդհակառակը նրան կոչում էր շնորհում մի ռեժիմ, որը նույն Փարաջանովին բանտարկում էր, որովհետև նա ազատ մարդ էր: Պետական աստիճանավորը չէ, որ պիտի որոշի, թե ով է վաստակավոր, իսկ ով ոչ: Հակառակ պարագայում ի՞նչ է ստացվում, իրենք իրենց ուզածին դարձնում են «վաստակավոր» և շոյում գլուխը, իսկ «ոչ վաստակավորին» նեղացնում: Այդ կոչումները անցյալի ուրվականներից են և դրանցից վաղուց էր պետք ազատվել:

Բաբայանը նաև այսօրվա Ռուսաստանը համեմատեց 1930-ականների Ռուսաստանի հետ, ասելով, որ ինչպես այն ժամանակ, հիմա էլ Ռուսաստանը մեկուսացել է, ոչ ոք այնտեղ չի գնում, ինքը որևէ տեղ չի այցելու: Ռուսական թատերական ներակայացումները, որ շքեղ էին իրենց բնույթով, ողջ աշխարհի հիացմունքն էին շարժում, հիմա միայն ղազախները և ուզբեկներն են մասնակցում:

Ամբողջական հարցազրույցը՝

facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *