Հայաստան

Լավրովը «Վերջնագի՞ր Է» Ներկայացնում Բաքվին

Ռուսաստանը պատրաստվում է Իրանի հետ սկզբունքորեն նոր՝ ռազմավարական համագործակցության մասին, պայմանագիր ստորագրել: Արդեն իսկ ստորագրված է Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համապարփակ համաձայնությունը։

Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն անցած տարվա արդյունքների ամփոփման ասուլիսին հայտարարել է, որ «Ադրբեջանը պատրաստ է (Հայաստանի հետ) խաղաղության պայմանագիր ստորագրել ռուսաստանյան հարթակում, դա փաստ է»: Նրա գնահատմամբ՝ «առայժմ հստակ չէ, թե որքանով է պատրաստ Երեւանը»: Տեղական հեռուստատեսություններին հարցազրույցում Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական պայմանագրին երրորդ կողմի մասնակցությունը ցանկալի չէ, Ադրբեջանը երաշխավորության եւ երաշխավորի կարիք չունի, իսկ բանակցությունները կարող են ընթանալ երկկողմ ձեւաչափում:

Ակնկալվում էր, որ Մոսկվան քաղաքական կամ փորձագիտական մակարդակով կանդրադառնա Ալիեւի «հունվարյան թեզիսներին»: Լավրովի հայտարարությունը, կարծես, շատ ավելի խորքային է: Նա փաստացի ասում է, որ Ալիեւը Պուտինին խոստացել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիրը կստորագրվի Մոսկվայում, ՌԴ նախագահի ներկայությամբ, բացառված չէ՝ իրավական առումով մասնակցությամբ: Ըստ էության, Ռուսաստանը անցած երեք տարիներին այլ բան չի ասել, քան՝ որ հայ-ադրբեջանական պայմանագրի հիմքը Պուտին-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափում ձեռք բերված «համալիր համաձայնություններն են»:

Բայց ինչու՞ Լավրովը շատ որոշակիորեն բացահայտում է, որ Ալիեւը դա ընդունել է: Ավելի ճիշտ՝ նա բացահայտու՞մ է անում, թե՞ դիվանագիտական «վերջնագիր ներկայացնում»: Ըստ երեւույթին, տարեսկզբից Մոսկվան Ալիեւի վարքում ,,օպորտունիզմ,, է արձանագրել: Բաքուն ակնհայտորեն ցուցադրում է, որ ռուսական զորախմբի ներկայությունը «այլեւս պահանջված չէ»: Զինված ուժերը բերվում են թուրքական չափանիշների, իսկ դրանք ոչ թե սուլթան Սելիմից են ժառանգված, այլ մշակված են ՆԱՏՕ-ի ուղեղային կենտրոններում:

Ռուսաստանը պատրաստվում է Իրանի հետ սկզբունքորեն նոր՝ ռազմավարական համագործակցության մասին, պայմանագիր ստորագրել: Արդեն իսկ ստորագրված է Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համապարփակ համաձայնությունը: Փաստացի դա ռուս-իրանական առեւտրա-տնտեսական պայմանգիր է: Հյուսիս-հարավ՝ Ռուսաստանը Պարսից ծոցին կապող տրանսպորտային միջանցքը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով: Իսկ Ալիեւը, երեւում է, զգուշացած է Ռուսաստանին դեպի Իրան տրանզիտ տրամադրելու հարցում ԱՄՆ-ի «տարակուսանքից»:

Լավրովը, կարծես, Ալիեւին հասկացնում է, որ պայմանավորվածություններից շեղումը խնդիրներ կհարուցի: Հավանական է՝ Մոսկվան այսպես կոչված՝ «դիվանագիտական զոնդաժ» է կիրառում՝ սպասելով, թե Լավրովի այդ բոլոր առումներով սենսացիոն հայտարարությանը Բաքուն ինչպես կարձագանքի: Այն, ինչ Երեւանի «անորոշ կեցվածքի» եւ Հայաստանում եվրոպական դիտորդների մասին ասում է Լավրովը, հայտնի է վաղուց: Մոսկվայի մտահոգությունը դա չէ: Որքան էլ մեծ լինի Հայաստանի ցանկությունը՝ Արեւմուտքը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դիրք կգրավի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն ընդունի «խաղի կանոնները»:

Նույնը՝ Ռուսաստանի դեպքում է: Այլ բան է, եթե Ռուսաստանը հասնի Ադրբեջանում կոմունիկացիոն տրանզիտի եւ ռազմական ներկայության: Ըստ երեւույթին, դրա գինը Մոսկվան վճարել է Արցախի պետականության ոչնչացմամբ եւ հայ բնակչության բռնատեղահանությամբ: Ալիեւը փորձում է «պարտամուրհակը չմարել»: Լավրովը հիշեցնում է: Սա արտաքին ընկալումն է: Խորքում, բացառված չէ, կարող է լինել Մոսկվա-Բաքու պայմանավորվածություն, որպեսզի հակասությունների «ցուցադրմամբ» Երեւանին մղեն այ-ադրբեջանական պայմանագիրը Ռուսաստանի միջնորդությամբ եւ երաշխավորությամբ ստորագրելու կամ առհասարակ չստորագրելու այլընտրանքի միջեւ շատ անձուկ վիճակի: Պետք է սպասել Ալիեւի արձագանքին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *