Հայաստան

ՀԱՊԿ-յան Ակնարկներն Ու Ֆրանսիան

Արդյո՞ք Ղազախստանի հրավերի օրակարգային առաջնահերթություններում շոշափվում է նաեւ ֆրանսիական ուղղությունը, իհարկե ոչ ինքնին, այլ ավելի լայն զարգացումների համատեքստում:

Հակոբ Բադալյան

ՀԱՊԿ նախադեպն ու Ղազախստանի հրավերի «ֆրանսիական» տողատակը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ղազախստանի պաշտպանության նախարարի հրավերով հունվարի 23-ին պաշտոնական այց է կատարել Ղազախստան: Ղազախստանը Հայաստանի այսպես ասած դաշնակիցն է ՀԱՊԿ բլոկում, սակայն մեծ հավանականությամբ Ղազախստան այցի շրջանակում այդ հանգամանքը առաջին տեղերում չէ: Այդ դեպքում ի՞նչն է առաջին տեղում: Այստեղ իհարկե ավելի շուտ հարցի պատասխանը թերեւս պետք է փնտրել ղազախական կողմում, որից եկել է այցի հրավերը: Իհարկե այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարը չի մերժել՝ ընդ որում հաշվի առնելով թե հանգամանքը, որ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է՝ բլոկ, որից դժգոհություն է հայտնում Երեւանը, եւ թե հաշվի առնելով Ղազախստանի սերտ հարաբերությունը Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ անդամակցությունը Թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը: 

Այդ ամենով հանդերձ, Երեւանը ընդունել է Աստանայի հրավերը եւ պաշտպանության նախարարի այցը հուշում է, որ այն, ինչի օրակարգային նշանակալիության համար եղել է հրավերը, ընդհանուր ընկալման է արժանացել նաեւ Երեւանում: Ղազախստանի առնչությամբ դիտարկումներում թերեւս չարժե մոռանալ նաեւ մի նրբերանգ: Երոկւ տարի առաջ հենց հունվարյան օրերին էր, որ ՀԱՊԿ Հայաստանի նախագահությամբ կայացվեց փոթորկվող Ղազախստանում ՀԱՊԿ կոնտինգենտ տեղակայելու մասին որոշումը՝ իրավիճակի հանդարտեցնելու համար: Մի քանի օր անց կոնտինգենտը դուրս բերվեց, ազդարարելով, որ խնդիրները լուծվել են: Թե հատկապես ինչ այլ խնդիրներ էր լուծվել դրանով՝ բացի իրավիճակի կայունացումը, թերեւս մնում է կռահել: 

Ընդ որում ուշագրավ էր այն, որ Ղազախստանում 2022-ի հունվարին իրավիճակը այսպես ասած էապես ճոճվեց փաստորեն փետրվարին Ուկրաինա ներխուժման ՌԴ որոշման շեմին, եւ ըստ էության, մինչեւ Ուկրաինան, տեղի ունեցավ ՀԱՊԿ կոնտինգենտով «շնորքով ներխուժում» Ղազախստան: Իսկ Երեւանը հայտարարեց, որ իր նախագահությամբ եւ նախաձեռնությամբ փաստորեն աշխատեցվել է ՀԱՊԿ մեխանիզմը, որը կարեւոր նախադեպ է նաեւ Հայաստանի անվտանգային միջավայրի համար: Իհարկե մի քանի ամիս անց Երեւանը արձանագրեց, որ իր անվտանգային միջավայրի եւ կարիքների առումով ՀԱՊԿ մեխանիզմը չի աշխատել: Իհարկե չշեղվենք Սուրեն Պապիկյանի Ղազախստան այցից, հաշվի առնելով նաեւ այն, որ երկամյա վաղեմության իրադարձություններից հետո հոսել են շատ ջրեր եւ ավելացել են նոր հանգամանքներ: 

Իսկ դրանց թվում գուցե արժե հիշատակել այն, որ ավելացել է Ֆրանսիայի ուշադրությունը թե կովկասյան, թե կենտրոնասիական ուղղությամբ, եւ մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր ուշագրավ այց կատարել Կենըրոնական Ասիա, մասնավորապես Ղազախստան եւ Ուզբեկստան: Մակրոնի այցի առանցքային հարցերից մեկն անշուշտ Ֆրանսիայի համար կենսական նշանակություն ունեցող ուրանի մատակարարումների հեռանկարներն ապահովագրելն էր, հաշվի առնելով, որ Ֆրանսիան կորցնում է այդ հեռանկարները Աֆրիկայում: Միաժամանակ, հենց Ղազախստանում էլ Ֆրանսիայի նախագահն իր ելույթում խոսել էր տրանսպորտային ուղիների մասին՝ Կենտրոնական Ասիայից Եվրոպա: Ուստի, հաշվի առնելով նաեւ Երեւան-Փարիզ կոմունիկացիան, ու հատկապես հանգամանքը, որ դրանում վերջին շրջանում նկատելի աշխույժ է պաշտպանության նախարար Պապիկյանի ներգրավվածությունը, հարց է առաջանում, թե արդյո՞ք Ղազախստանի հրավերի օրակարգային առաջնահերթություններում շոշափվում է նաեւ ֆրանսիական ուղղությունը, իհարկե ոչ ինքնին, այլ ավելի լայն զարգացումների համատեքստում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *